Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-ՐԴ, 125-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԵԷԴ/0002/11/10

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԷԴ/0002/11/10

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի         

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

    տուժողի իրավահաջորդ                       Գ. Մկրտչյանի

 

    2010 թվականի դեկտեմբերի 23-ին             ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Գեորգի Էդիկի Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ Հ. Տիգրանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 2009 թվականի մայիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12117809 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Կ. Փափազյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոհիշյալ որոշման բողոքարկման արդյունքում Երևան քաղաքի դատախազի տեղակալ Ա. Զաքարյանը 2010 թվականի փետրվարի 5-ին գրությամբ տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանին հայտնել է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական է, հիմնավորված, և այն վերացնելու հիմքեր չկան:

2. Տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2009 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2010 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանի բողոքը մերժվել է:

3. Տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ Հ. Տիգրանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 15-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանը և նրա ներկայացուցիչ Հ. Տիգրանյանը, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. 2008 թվականի սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Լև Տոլստոյ փողոցի 40 տան բնակչուհի Սուսաննա Ալեքսանի Փափազյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արմեն Մուրադյանի սխալ ախտորոշման և սխալ դեղորայքի ներարկման պատճառով 2008 թվականի օգոստոսի 2-ին մահացել է իր դուստրը` Կարինե Ռազմիկի Փափազյանը (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 2):

6. «Էրեբունի» ԲԿ-ի ախտաբանական բաժնում կատարված` Կ. Փափազյանի դիակի պաթոլոգիական հետազոտության թիվ 314 եզրակացության մեջ նշված է հետևյալ ախտորոշումը` «Երկկողմանի աբսցեսով թոքաբորբ` թոքային հյուսվածքի գերարյունություն ֆոնի վրա, թոքային զարկերակի մանր ճյուղերի խցանումով և զույգ թոքերի բազմաթիվ հեմոռագիկ ինֆարկտներով», «Քրոնիկական հեպատիտ», «Հեպատոմեգալիա» և «Ներքին օրգանների ծանր սպիտակուցային հիստրոֆիա, գերարյունություն և օջախային արյունազեղումներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 129):

7. Նախաքննության մարմնի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ Դատական Բժշկության Գիտագործնական Կենտրոնի փորձագետներին (տե՛ս, քրեական գործ հատոր 1-ին, էջեր 106-107):

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքում 2008 թվականի նոյեմբերի 28-ին կազմված թիվ 106 եզրակացության համաձայն` Կ. Փափազյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից երկկողմանի կրուպոզ թոքաբորբի հետևանքով (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 132):

8. Նախաքննության մարմնի` 2008 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 137):

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքում 2009 թվականի մարտի 30-ին կազմված թիվ 08-1657 եզրակացության համաձայն` «Կ. Փափազյանը «երկկողմանի կրուպոզ թոքաբորբով» չի տառապել: Այդ իսկ պատճառով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 106 եզրակացության մի շարք հետևություններ, կապված Կ.Փափազյանի մահվան պատճառի ճիշտ պարզաբանման հետ, բավականաչափ հիմնավորված չեն: Կ.Փափազյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացել է թոքային զարկերակի միջին և մանր ճյուղերի թրոմբոէմբոլիան» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 161):

9. 2009 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Փորձաքննության արդյունքում 2009 թվականի մայիսի 8-ին կազմվել է թիվ 09-0653 եզրակացությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 193 և 201-205):

10. Նկատի ունենալով, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի թիվ 106 եզրակացության և կրկնակի ու լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 08-1657 և 09-0653 եզրակացությունների մեջ առկա են էական հակասություններ` 2009 թվականի սեպտեմբերի 30-ին նախաքննության մարմնի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 307):

Վերոնշյալ հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացության համաձայն` «Կ. Փափազյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որը պայմանավորված է սուր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբով, սուր թթվածնային քաղցով, շճային տրախեիտով, լյարդի մուսկատային ֆիբրոզով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 359):

11. Գործի նյութերում առկա է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովի եզրակացությանը տուժողի իրավահաջորդին ծանոթացնելու մասին 2009 թվականի նոյեմբերի 27-ի արձանագրությունը, որում նշված է, որ տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանը, ծանոթանալով վերոնշյալ եզրակացության 4 էջերին, հրաժարվեց հետագա ծանոթացումից և հեռացավ քննիչի աշխատասենյակից (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 360):

12. 2009 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Կ. Փափազյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 375-388):

13. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի խախտել տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանի իրավունքներն և ազատությունները, վերջինիս չի զրկել ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, իսկ վերջինիս կողմից դատարան ներկայացված բողոքն անհիմն է, բողոքում չկան համապատասխան ապացույցներ, որոնք կարող են հիմնավորել, որ իրոք, խախտվել են վերջինիս պատկանող իրավունքներն ու ազատությունները, իսկ բողոքում նշված այն պնդումը, որ քննիչը կայացրել է անհիմն որոշումներ, որով խախտվել են իր իրավունքները, չի բխում քրեական դատավարության նորմերից, և այդ որոշումները հիմնավոր են կայացվել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 118):

14. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ թույլ չի տվել, իսկ բողոք բերողների կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջների խախտումների վերաբերյալ փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և Գ. Մկրտչյանի իրավունքները և ազատությունները խախտված չեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 46):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

15. Բողոք բերած անձանց պնդմամբ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 125-րդ և 127-րդ հոդվածները:

Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում անտեսել և չի հետազոտել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքում կազմված եզրակացություններում և հարցաքննված վկաների ցուցմունքներում, ինչպես նաև կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 08-1657 եզրակացության, թիվ 4318/1268 բժշկական քարտի տվյալների և Ա.Մուրադյանի բացատրության միջև առկա հակասությունները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի չի հետազոտել սույն գործով նշանակված դատաբժշկական չորս փորձաքննությունների արդյունքում կազմված եզրակացություններում առկա հակասությունները, որտեղ մահվան պատճառի վերաբերյալ տրվել են իրար հակասող և ոչ միանշանակ եզրահանգումներ:

16. Ըստ բողոք բերած անձանց` Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ նախաքննության մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված` տուժողի իրավահաջորդի իրավունքը և նրան չի ծանոթացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը:

Բողոքաբերների պնդմամբ նախաքննության մարմինը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 262-րդ հոդվածով սահմանված` նախաքննության ավարտման պահից գործի բոլոր նյութերին ծանոթանալու` տուժողի իրավահաջորդի իրավունքը, քանի որ տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանը գործի նյութերին ծանոթացել է Առաջին ատյանի դատարանում` միջնորդության բավարարման արդյունքում:

17. Բողոքաբերները նշել են նաև, որ նախաքննության մարմնի կողմից որպես վկա չեն հարցաքննվել անձինք, ովքեր կարող էին գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:

18. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը և վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2009 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Կ. Փափազյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Կ. Փափազյանի մահվան փաստի առթիվ իրականացվե՞լ է արդյոք արդյունավետ քրեադատավարական քննություն:

20. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: (...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` այն դեպքում, երբ անհրաժեշտ է եղել հավաստել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ոչ թե տեսական կամ պատրանքային են, այլ գործնական են և արդյունավետ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածների համատեքստերում սահմանվել են դատավարական պարտականություններ (տե՛ս, օրինակ` B. v. tհe United Kingdօm, 1987 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 9840/82, կետ 63, M.C. v. Bսlgaria, 2003 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 39272/98, 148-153 կետերը և Cyprսs v. Tսrkey, 2001 թվականի մայիսի 10-ի Մեծ պալատի վճիռը, գանգատ թիվ 25781/94, կետ 147):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և հոդվածը մեկնաբանել է որպես այդ դրույթների նյութաիրավական կողմերի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմեր` հաշվի առնելով այս իրավունքների հիմնարար բնույթը (տե՛ս McCann and Otհers v. Tհe United Kingdօm, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, 157-164 կետերը, Ergi v. Tսrkey, 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82 և Assenօv and Otհers v. Bսlgaria, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, 101-106 կետերը):

21. Մասնավորապես, սույն գործին վերաբերելի մասով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի շրջանակներում արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը (կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչը) բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված այն իրավական դիրքորոշմամբ, որ Դատարանի կողմից 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտականությունը պահանջում է պետությունից ձևավորել արդյունավետ, անկախ դատական համակարգ, որպեսզի հնարավոր լինի պարզել պետական կամ մասնավոր ոլորտում աշխատող բժշկի հսկողության տակ գտնվող հիվանդի մահվան պատճառը, և պատժվեն դրա համար պատասխանատու անձինք: Դատարանը կրկնում է, որ այս դատավարական պարտականությունը վերաբերում է ոչ միայն արդյունքներին, այլ նաև միջոցներին (տե՛ս Siliհ v. Slօvenia, 2009 թվականի ապրիլի 9, գանգատ թիվ 71463/01, 183-184 կետերը):

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Գործի նախաքննության ընթացքում նշանակվել են չորս դատաբժշկական փորձաքննություններ: Դրանք են` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ Դատական Բժշկության Գիտագործնական Կենտրոնի փորձագետներին, կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին, դատաբժշկական լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին և դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովին:

Վերոնշյալ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով կազմվել է չորս եզրակացություն, որոնցով Կ.Փափազյանի մահվան պատճառի վերաբերյալ տրվել են տարբեր, իրար հակասող եզրահանգումներ (տե՛ս սույն որոշման 7-10-րդ կետերը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Կ. Փափազյանի մահվան պատճառի վերաբերյալ տարբեր, իրար հակասող եզրահանգումների առկայության պարագայում վարույթն իրականացնող մարմինը 2009 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ կարճել է քրեական գործի վարույթը, և Կ. Փափազյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Ստուգելով սույն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի խախտել տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանի իրավունքներն և ազատությունները, վերջինիս չի զրկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը): Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին արձանագրել է, որ սույն գործով որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ թույլ չի տվել (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

23. Սույն որոշման 22-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սույն որոշման 20-21-րդ կետերում մեջբերված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ. Փափազյանի մահվան փաստի առթիվ արդյունավետ քրեադատավարական քննություն չի իրականացվել:

24. Քննության արդյունավետության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի գնահատականը հիմնավորվում է նրանով, որ սույն գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների միջև առկա հակասությունները պայմանավորված են նախկին փորձաքննությունը կատարած փորձագետների կրկնակի փորձաքննությանը ներկա չգտնվելու և պարզաբանումներ չտալու հանգամանքով:

Նախկին փորձաքննությունը կատարած փորձագետների` կրկնակի փորձաքննությանը ներկա գտնվելու և պարզաբանումներ տալու հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն` «(...) Նախկին փորձաքննությունը կատարած փորձագետները կարող են ներկա գտնվել կրկնակի փորձաքննությանը, տալ պարզաբանումներ, սակայն հետազոտմանը և եզրակացություն կազմելիս նրանք չեն մասնակցում»:

25. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված` մարդու իրավունքների գերակայության ու անմիջական գործողության սկզբունքներով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նշանակված չորս դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում կազմված եզրակացություններում առկա հակասությունների պայմաններում մարդու իրավունքների գերակայության և անմիջական գործողության սահմանադրական արժեքները թելադրում են միջոցներ ձեռնարկել վերջին` դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննությանը ներգրավելու և մասնակից դարձնելու նախորդ փորձագետներին և նրանց հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ:

26. ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարույթը կարճելու մասին որոշման դատական ստուգման ընթացքում անհրաժեշտ էր պարզաբանել գործի քննության համար ուղղորդող նշանակություն ունեցող հետևյալ հարցերը.

ա) սույն գործով իրականացված վերջին դատաբժշկական փորձաքննությանն արդյո՞ք անհրաժեշտ էր նախկին փորձաքննություններն իրականացրած փորձագետների մասնակցությունը,

բ) արդյո՞ք նպատակահարմար էր սույն գործով վերջին դատաբժշկական փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հարցերի պարզաբանումից հետո միայն Առաջին ատյանի դատարանը հնարավորություն կունենար հիմնավոր եզրակացություն անել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ:

 

II. Նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումը.

 

27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և դրա կատարումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովին հանձնարարելու վերաբերյալ որոշմանը տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանին չծանոթացնելը չի՞ հանգեցրել արդյոք վերջինիս իրավունքների խախտմանը:

i

28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած (...) տուժողի իրավունքները և պարտականությունները»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն` «Քրեական հետապնդման մարմինը փորձաքննություն նշանակելու մասին կայացնում է որոշում, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն`

1. մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում. այդ մասին կազմվում է արձանագրություն.

2. բացարկ հայտնել փորձագետին

3. միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից

4. փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն

5. փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր

6. քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը

7. բացատրություններ տալ փորձագետին

8. քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը

9. մասնակցել իր միջնորդությամբ կատարվող` փորձագետի հարցաքննությանը»:

29. Վերը շարադրված քրեադատավարական նորմերի վերլուծությունից երևում է, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը փորձաքննության կատարման միակ դատավարական հիմքն է: ՈՒստի, փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով` նաև տուժողի իրավահաջորդին ծանոթացնելն անհրաժեշտ է վերջիններիս կողմից իրենց իրավունքներն արդյունավետ կերպով իրականացնելու համար: Մասնավորապես, փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը ծանոթանալուց հետո կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, տուժողի իրավահաջորդը կարող են բացարկ հայտնել փորձագետներին, միջնորդել նոր փորձագետ նշանակել, փորձագետներին առաջադրել լրացուցիչ հարցեր, քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը և այլն:

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և դրա կատարումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովին հանձնարարելու վերաբերյալ որոշմանը տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանը չի ծանոթացվել, այլ դրանցում խնդրո առարկայի վերաբերյալ առկա է միայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովի եզրակացությանը տուժողի իրավահաջորդին ծանոթացնելու մասին 2009 թվականի նոյեմբերի 27-ի արձանագրություն, որի համաձայն` տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանը, ծանոթանալով վերոնշյալ եզրակացության չորս էջերին, հրաժարվեց հետագա ծանոթացումից և հեռացավ քննիչի աշխատասենյակից (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

31. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալների նկատմամբ կիրառելով սույն որոշման 29-րդ կետում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և դրա կատարումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովին հանձնարարելու վերաբերյալ որոշմանը տուժողի իրավահաջորդ Գ. Մկրտչյանին չծանոթացնելը հանգեցրել է վերջինիս` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված իրավունքների խախտմանը:

32. Հիմք ընդունելով սույն որոշման 19-31-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 15-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումները և գործն ուղարկել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժողի իրավահաջորդ Գեորգի Էդիկի Մկրտչյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հուլիսի 15-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2010
N ԵԷԴ/0002/11/10
Որոշում