Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 1058...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1284/02/09  

    դատարանի որոշում                                             2011 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1284/02/09

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի       

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի        

                                              Վ. Աբելյանի         

                                              Ս. Անտոնյանի        

                                              Վ. Ավանեսյանի       

                                              Ա. Բարսեղյանի       

                                              Մ. Դրմեյանի         

                                              Է. Հայրիյանի           

                                              Տ. Պետրոսյանի       

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Եվրովագեն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարշամ Ղարիբյանի` պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վարշամ Ղարիբյանից բռնագանձել 3.600.000 ՀՀ դրամ` որպես 18.10.2009 թվականի դրությամբ պատճառված վնասի հատուցում, բռնագանձումը շարունակել 19.10.2009 թվականից մինչև «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN-1.9 TDI» մակնիշի 050 ՏԼ 05 պետական համարանիշի ավտոմեքենան Ընկերությանը հանձնելու պահը` ամսական 180.000 ՀՀ դրամ հաշվարկով:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 31.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2010 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարշամ Ղարիբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ ավտոմեքենան Ընկերությանը վերադարձնել պարտավորեցնելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել միայն 14.06.2009 թվականին, հաստատված է համարել, որ Վարշամ Ղարիբյանը հակաօրինական գործողություն է դրսևորել 18.02.2008 թվականից, այսինքն` այն պահից սկսած, երբ Ընկերությունը ետ է պահանջել ավտոմեքենան:

Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ վեճի առարկա ավտոմեքենան ի սկզբանե Վարշամ Ղարիբյանին տրված էր անհատույց օգտագործման, ուստի ոչ միայն չի կարող խոսք լինել 18.02.2008 թվականի դրությամբ Ընկերության քաղաքացիական իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի խախտման մասին, այլև 18.02.2008 թվականի դրությամբ Ընկերության կողմից բաց թողնված օգուտի մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված «բաց թողնված օգուտ» հասկացությունն իրենից ներկայացնում է չստացված եկամուտները, որոնք տուժող կողմը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: Տուժողը պետք է հիմնավորի բաց թողնված օգուտի չափը համապատասխան հաշվարկներով, որոնցում արտացոլված են ողջամիտ ծախսերը, ձեռնարկված միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները: Մասնավորապես, տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման կամ վարձակալության հանձնելու անհնարինության կապակցությամբ «բաց թողնված օգուտ»-ի տեսքով առաջացած վնասների չափը կարող է որոշվել կամ հաշվարկվել մինչև ենթադրյալ իրավախախտումը կատարելը տրանսպորտային միջոցի իրական վարձակալի հետ կնքված և հաստատված վարձակալության պայմանագրերի վարձավճարի չափով, որից պետք է նվազեցվեն տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման կապակցությամբ առաջացած ծախսերը` ներառյալ վառելիքի և շահագործման ընթացքում օգտագործվող մյուս նյութերի ծախսերը, ինչպես նաև տուրքերը, եթե այլ բան նախատեսված չէ անձնակազմով կամ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով: «Տիգրիս» ՍՊԸ-ի գնահատման ակտը, որի համաձայն` վեճի առարկա ավտոմեքենայի վարձակալության արժեքը կազմում է 180.000 ՀՀ դրամ, անհիմն է, քանի որ այն կազմվել է զուտ Ընկերության պատվերով, չի բխում օբյեկտիվ իրականությունից, դրանում հաշվի չեն առնվել տվյալ տրանսպորտային միջոցի իրական վարձակալի հետ կնքված և հաստատված վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը, որից նաև պետք է նվազեցվեին տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման կամ վարձակալության կապակցությամբ առաջացած ծախսերը:

Ընկերությունը Դատարան չի ներկայացրել որոշակի ապացույցներ, որոնցից կարելի է հանգել հետևության, որ Վարշամ Ղարիբյանի կողմից թույլ է տրվել ոչ իրավաչափ այնպիսի վարքագիծ, որով խախտվել են իրավունքի իմպերատիվ նորմերի պահանջները կամ օրենքով թույլատրված պայմանագրերի պայմանները: Նշված հիմնավորումների բացակայությունը ներկայացված հայցային պահանջները դարձնում է անհիմն:

Ավելին, Ընկերությունն ինքն է հայցադիմումում նշել, որ ավտոմեքենան տրամադրվել է Վարշամ Ղարիբյանի անհատույց օգտագործմանը:

Բաց թողնված օգուտի առկայությունը սույն գործի շրջանակներում որոշելու և այն պահանջելու համար Ընկերությունը պետք է ապացուցեր մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում վեճի առարկա ավտոմեքենայի ունեցած կարգավիճակը, ավտոմեքենայի սարքին և շահագործման համար պիտանի լինելու հանգամանքը, ավտոմեքենան հետ պահանջելու պահին այլ անձի հետ ավտոմեքենայի վարձակալության պայմանագիր կնքված լինելը կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունն այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ, որպիսին կարող էր լինել, օրինակ` Ընկերության կողմից երրորդ անձանց ուղարկված համապատասխան օֆերտան: Այսինքն` Ընկերությունը պարտավոր էր ապացուցել ավտոմեքենան վարձակալությամբ հանձնելու իր մտադրությունը և ներկայացնել դրանք հիմնավորող բավարար ապացույցներ, ինչպես նաև բաց թողնված օգուտը հիմնավորող հաշվարկներ: Դրա փոխարեն Ընկերությունը ներկայացրել է գովազդային գրքույկ, որը ընդամենը գովազդային հայտարարություն է, որով Ընկերությունն առաջարկում է իր ծառայությունները: Գովազդային հայտարարությունը համարվում է օֆերտա անելու հրավեր, այլ ոչ թե օֆերտա և դրանից չի կարելի ենթադրել, որ Ընկերությունն ունեցել է կոնկրետ մտադրություն սույն գործով վեճի առարկա ավտոմեքենան 180.000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով վարձակալության հանձնելու մասին: Այդ տրամաբանությունից ելնելով` ցանկացած գովազդատու կարող է բաց թողնված օգուտի հայցով դիմել դատարան` իր գովազդած ծառայությունից չօգտվելու և դրանով իսկ նրան վնաս պատճառելու հիմքով: Նույնը վերաբերում է նաև «Ինֆինիտի Թրեվլ» և «Արեգ Էլեկտրիկ» ՍՊԸ-ների գրություններին, որոնցով նրանք հայտնել են միայն իրենց իրազեկվածությունն Ընկերության գոյության վերաբերյալ, և այդ գրություններն իրենց մեջ որևէ կոնկրետ առաջարկ վեճի առարկա ավտոմեքենան Ընկերության նշած ամսական 180.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալելու վերաբերյալ որևէ տեղեկություն չեն պարունակում:

Ընկերությունը չի հիմնավորել Վարշամ Ղարիբյանի ոչ իրավաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և Վարշամ Ղարիբյանի մեղքի միաժամանակյա առկայությունը, իրավունքի ենթադրյալ խախտման պահին Ընկերության իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը` վիճելի գույքի տնօրինման եղանակների առնչությամբ:

Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել և պատշաճ գնահատական չի տվել Ընկերության գործողություններին ու հաստատված է համարել միայն Վարշամ Ղարիբյանի մեղքը:

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, պարտադիր չի համարել ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2007 թվականի թիվ 3-691 (ՎԴ), 13.02.2009 թվականի թիվ ՀՔԴ3/0016/02/08 և 26.06.2009 թվականի թիվ ԵՔԴ/0086/02/08 որոշումները` գտնելով, որ դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ նույնանման և կիրառելի չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 19.07.2005 թվականին տրված տրանսպորտային միջոցի գրանցման թիվ SD033886 վկայագրի համաձայն` «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN-1.9 TDI» մակնիշի 050 ՏԼ 05 պետական համարանիշի ավտոմեքենայի սեփականատերն է Ընկերությունը /հատոր 1, գ. թ. 16/.

2) թիվ ԵԱԴԴ/0891/02/08 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.02.2009 թվականի վճռով բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ Վարշամ Ղարիբյանի և վճռվել է Վարշամ Ղարիբյանին պարտավորեցնել առանց օրինական հիմքերի իր տիրապետման ներքո գտնվող «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN-1.9 TDI» մակնիշի 050 ՏԼ 05 պետական համարանիշի ավտոմեքենան վերադարձնել սեփականատիրոջը` Ընկերությանը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2009 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժվել է, և նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ նշված ավտոմեքենան առանց օրինական հիմքերի գտնվում է Վարշամ Ղարիբյանի տիրապետման ներքո.

3) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետի 14.12.2009 թվականի ԵԳ 8899/06 գրությամբ փաստաբան Բագրատ Վարդանյանին հայտնվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN-1.9 TDI» մակնիշի 050 ՏԼ 05 պետական համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել և չի հանձնվել Ընկերությանը, ու միջոցներ են ձեռնարկում ավտոմեքենայի հայտնաբերման ուղղությամբ.

4) Ընկերության գովազդային գրքույկի համաձայն` Ընկերությունը հանդիսանում է «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» բաժնետիրական ընկերության ապրանքանիշը կրող արտադրանքների բացառիկ և պաշտոնական ներկրող-իրացնողը Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի տարածքում, իրականացնում է «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի ավտոմեքենաների և պահեստամասերի ներկրում, իրացում, երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև մատուցում է մեքենաների վարձակալական ծառայություններ /հատոր 1, գ. թ. 72/.

5) «Ինֆինիտի Թրեվլ» ՍՊԸ-ի տնօրենի 07.04.2010 թվականի գրությամբ հայտնվել է, որ ծանոթ է Ընկերությանը դեռևս 2006 թվականից, միասին կազմակերպել են գովազդային ակցիաներ, որտեղ Ընկերությունը, բացի ավտոմեքենաների վաճառքի, տեխնիկական սպասարկման ծառայություններից, սպառողներին առաջարկել է նաև դրանք վարձակալության հանձնելու ծառայություններ (հատոր 2, գ. թ. 7).

6) «Արեգ Էլեկտրիկ» ՍՊԸ-ի տնօրենի 07.04.2010 թվականի գրությամբ հայտնվել է, որ Ընկերության հետ համագործակցում են 2005 թվականից, Ընկերությունից մշտապես ստացել են գովազդային բուկլետներ, որտեղ, ի թիվս այլ ծառայությունների, առաջարկվել են նաև ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ /հատոր 2, գ. թ. 8/:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է պատասխանող կողմը (տես «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵՔԴ/0086/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ բաց թողնված օգուտի առկայությունը, այսինքն` անձի իրավունքի չխախտման պարագայում եկամուտի ստացման իրական հնարավորությունը որոշելը յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները:

Ընդ որում, բաց թողնված օգուտի առկայությունը որոշելու համար նախևառաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունն այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (տես` Ջուլիետա Պետրոսյանը, Կարեն Դավթյանը և Արման Դավթյանն ընդդեմ Թևոս Սաֆարյանի` պատճառված վնասների հատուցման պահանջի մասին, թիվ 3-691(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 30.07.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, սույն գործով այդպիսիք կարող են համարվել Ընկերության և վարձակալների միջև «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN-1.9 TDI» մակնիշի 050 ՏԼ 05 պետական համարանիշի ավտոմեքենայի վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագրերը, Ընկերության և երրորդ անձանց միջև կնքված նախնական պայմանագրերը, մտադրությունների վերաբերյալ արձանագրությունները, գրագրությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ և այլ պայմանավորվածություններ:

Սույն գործով Ընկերությունն իր հայցի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վարշամ Ղարիբյանի կողմից թիվ ԵԱԴԴ/0891/02/08 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.02.2009 թվականի վերը նշված վճռից հետո «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN-1.9 TDI» մակնիշի 050 ՏԼ 05 պետական համարանիշի ավտոմեքենան չվերադարձնելու հետևանքով Ընկերությունը բաց թողնված օգուտի տեսքով 18.10.2009 թվականի դրությամբ կրել է 3.600.000 ՀՀ դրամի չափով վնաս, որի հաշվարկը կատարել է 20 ամսվա համար` հիմք ընդունելով այդ ավտոմեքենան վարձակալության հանձնելու ամսական վարձավճարի չափը:

Վերաքննիչ դատարանը Վարշամ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Ընկերությունն իրականացնում է «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի ավտոմեքենաների և պահեստամասերի ներկրում, իրացում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև ավտոմեքենաների վարձակալական ծառայությունների մատուցում, ընկերությունն ունի գովազդային գրքույկ, որտեղ ներկայացված է նաև վիճելի «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ-TOURAN» մակնիշի ավտոմեքենան և դրա նկարագիրը, ու հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Ինֆինիտի Թրեվլ» ՍՊԸ-ի և «Արեգ Էլեկտրիկ»ՍՊԸ-ի տնօրենների 07.04.2010 թվականի գրությունները` գտել է, որ տվյալ դեպքում առկա է սեփականատիրոջ իրական մտադրությունն ավտոմեքենան վարձակալության հանձնելու վերաբերյալ, սակայն պատասխանողի անօրինական գործողությունների հետևանքով բացակայել է դրա հնարավորությունը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով Վարշամ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, առանց բավարար ապացույցների առկայության է հաստատված է համարել օգուտ բաց թողնելու փաստը, քանի որ գործում առկա և դատարանի կողմից հետազոտված ապացույցներով կարող են միայն հաստատվել Վարշամ Ղարիբյանի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու և Ընկերության կողմից որպես կանոն «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ» մակնիշի մեքենաների վարձակալական ծառայություններ մատուցելու հանգամանքները, որոնք բավարար չեն վնասի առկայությունը հաստատված համարելու համար: Մասնավորապես, սույն գործով չի հիմնավորվել մինչև իրավունքի խախտումը վեճի առարկա ավտոմեքենայի համապատասխան կարգավիճակը (վարձակալության հանձնված լինելը) կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունն այդ ավտոմեքենան վարձակալության հանձնելու առնչությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ԵԱԴԴ/1284/02/09
Որոշում