Սեղմել Esc փակելու համար:
ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄ ...

 

 

040.0529.050511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 529-Ն

 

i

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քլորի արտադրության, օգտագործման, պահման և փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 529-Ն որոշման

 

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն` քլորի արտադրության, օգտագործման, պահման և փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոններ) մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի կիրարկումն ապահովելու համար և սահմանում է տեխնիկական անվտանգության պահանջներ քլորի հետ կապված արտադրական վտանգավոր օբյեկտների արտադրական անվտանգության ու անվտանգ շահագործման համար` նպատակաուղղված տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացմանը և կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:

2. Անվտանգության կանոնները տարածվում են նոր նախագծվող և կառուցվող, վերակառուցվող և գործող արտադրական վտանգավոր օբյեկտներ ունեցող կազմակերպությունների վրա, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևերից, որոնք իրենց կազմում ունեն`

1) քլորի արտադրության, օգտագործման, պահման, հեղուկ քլորի լցման և դատարկման, քլորի համար բոլոր տեսակի տարողությունների կիրառման հետ կապված օբյեկտներ.

2) խողովակաշարերով քլորի տեղափոխման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով հեղուկ քլորի փոխադրում իրականացնող ստորաբաժանումներ.

3) օբյեկտներ, որտեղ մեկ օրվա ընթացքում արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում է 20 կգ և ավելի քլոր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու մասին» N 182-Ն որոշման:

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կանոններում կիրառված հասկացություններն ու տերմիններն ունեն հետևյալ իմաստը`

1) աբգազեր` գազ քլորի հեղուկացման ժամանակ գոյացած գազեր.

2) ապրանքատրանսպորտային բեռնագիր` տրանսպորտային միջոցով փոխադրվող բեռի (ապրանքանյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման վրա բեռնառաքողը դուրս է գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է այն.

3) ապրանքափաթեթավորված քլոր` ապրանքամաններում (հեղուկ քլորի համար նախատեսված ցիստեռն, տակառ, բալոն) լցավորման համապատասխան չափաքանակներով լցավորված, կշռված, արմատուրների վրա տեղակայված հերմետիկացնող թասակով պատրաստ և առաքման համար փաստաթղթերով ձևակերպված ապրանքային քլոր.

4) արծնաներկ (արծն)` ներկ, որը գունանյութերի կամ դրանց հետ լցանյութերի խառնուրդի կախույթն է լաքի մեջ.

5) բալոն` հերմետիկ տարողություն (անոթ), որն ունի փակիչ ամրանի տեղակայման համար մեկ կամ երկու պարուրակային անցք և նախատեսված է ճնշման տակ սեղմված, հեղուկացված կամ լուծված գազերի փոխադրման, պահման և օգտագործման համար.

6) տակառ` հերմետիկ տարողություն (անոթ), որն ունի փակիչ ամրանի տեղակայման համար երկու պարուրակային անցք, մեքենայացված բեռնման-բեռնաթափման համար հատուկ կոնստրուկցիայի եզրաշրջիչներ և նախատեսված է ճնշման տակ սեղմված, հեղուկացված կամ լուծված գազերի փոխադրման, պահման և օգտագործման համար.

7) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ.

8) հատիչ-կափույր` կրիտիկական և նախակրիտիկական պարամետրերով պրոցեսի ժամանակ խողովակաշարերով նյութական միջավայրի տեղափոխման հոսքն արագ, հուսալի և անվտանգ ավտոմատ փակող սարքվածք.

9) սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ,մգ/մ3)` նյութերի այն առավելագույն թույլատրելի խտություններն են, որոնց դեպքում նյութերն ուղղակիորեն կամ միջնորդված ձևով ներգործելիս բացասական ազդեցություն չեն գործում մարդու առողջության (ամբողջ կյանքի ընթացքում ազդելու դեպքում) և շրջակա միջավայրի վրա.

10) ցիստեռն` շարժական անոթ, մշտապես ամրացված երկաթուղային վագոնի հենոցին, ավտոմեքենայի հենասարքին կամ կցանքին, կամ փոխադրման այլ միջոցներին, նախատեսված գազային, հեղուկ և այլ նյութերի փոխադրման և պահման համար.

11) ուղեկցող մասնագետներ` բեռն առաքողի (բեռն ստացողի) կողմից լիազորված աշխատողներ, որոնք ուղեկցում են վտանգավոր բեռները` երկաթուղային (ավտոմոբիլային) տրանսպորտով փոխադրելու ընթացքում:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Քլորի արտադրության, օգտագործման, պահման և փոխադրման (այսուհետ` քլորի հետ կապված) ժամանակ կիրառվող տեխնոլոգիական մեքենասարքավորումների, տեխնիկական սարքերի ու միջոցների պահպանման, զննման, վերանորոգման և մաքրման, տեխնոլոգիական գործընթացների վարման և աշխատանքների կատարման կարգն ու անվտանգ շահագործման պայմանները սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխան` կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված համապատասխան հրահանգներով: Հրահանգների ցուցակը, կարգագիր-թույլտվությամբ և աշխատանքների կատարման նախագծի մշակմամբ վտանգավոր աշխատանքների, վերանորոգման և զննման ենթակա տեխնիկական սարքավորումների ցանկերը և կատարման ժամկետների գրաֆիկները պետք է հաստատված լինեն կազմակերպության ղեկավարության կողմից:

5. Սույն կանոնների 2-րդ կետի պահանջներին համապատասխանող քլորի հետ կապված արտադրական վտանգավոր օբյեկտների սեփականատերերը կամ շահագործող կազմակերպության ղեկավարներն արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի, տեխնածին վթարների կանխարգելման և ռիսկերի նվազեցման, օբյեկտների շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար պետք է կազմակերպեն տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտների շենքերի և շինությունների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների մշակեն և իրականացնեն հետևյալ միջոցառումները`

1) մշակեն և հաստատեն արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գերատեսչական ակտով սահմանված պահանջներին համապատասխան.

2) քլորի հետ կապված օբյեկտները գրանցեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և ենթարկեն տեխնիկական անվտանգության փորձաքննության` համաձայն օրենքին համապատասխան հոդվածների պահանջների.

3) կազմակերպության անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն օբյեկտների անվտանգ շահագործման և հսկողության համար պատասխանատու անձ (անձեր) կամ ստեղծեն հատուկ պատասխանատու կառույց (տեխնիկական անվտանգության ծառայություն), որոնց համար կազմակերպության ղեկավարությունը պետք է կազմակերպի և անցկացնի առնվազն երեք տարին մեկ անգամ մասնագիտական որակավորման ստուգում և ուսուցում.

4) կազմակերպության անձնակազմի աշխատողներից նշանակեն տեխնոլոգիական սարքավորումների սպասարկման համար մասնագետներ, որոնք ունեն համապատասխան որակավորում, ունակ են իրականացնել քլորի հետ կապված տեխնոլոգիական սարքավորումների, ագրեգատների, անոթների (տարողությունների), տրանսպորտային միջոցների, ամբարձիչ սարքավորումների և շահագործվող այլ ապարատների ստուգում, զննում և դրանց արդյունքների գրանցում համապատասխան գրանցամատյաններում, ինչպես նաև կազմակերպեն դրանք սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգումներ առնվազն 12 ամիսը մեկ անգամ.

5) սարքավորումների տեխնիկական անձնագրերով և համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված ժամկետներում անցկացնեն դրանց տեխնիկական զննում-վկայագրում, տեխնիկական արատորոշում (դիագնոստիկա), փորձարկումներ, ընթացիկ և պլանային վերանորոգումներ.

6) սահմանեն և հաստատեն տեխնիկական պատասխանատու անձերի, մասնագետ կադրերի և սպասարկող անձնակազմի ուսուցման ուսումնամեթոդական ծրագրեր և թեմատիկ պլաններ, գիտելիքների գնահատման կարգ և պարբերականություն.

7) մասնագետներին և սպասարկող անձնակազմին ապահովեն համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, անվտանգ շահագործման ու հրդեհային անվտանգության ցուցումներով և հրահանգներով.

8) սպասարկող անձնակազմին և մասնագետներին ապահովեն քլորի վտանգավոր ներգործությունից պաշտպանվելու համար հատուկ անհատական պաշտպանության միջոցներով, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1631-Ն որոշմամբ հաստատված «Անհատական պաշտպանության միջոցներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

6. Բոլոր արտադրությունները և օբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն կանոնների պահանջները, պետք է ունենան դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտի փաստաթղթեր, այդ թվում`

1) հաստատված նախագծային փաստաթղթեր և դրանց վերաբերյալ շրջակա միջավայրի ազդեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության, քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ, ինչպես նաև օդափոխության, հակավթարային, հակահրդեհային, հատուկ սարքերի և պարագաների ստուգման ու փորձարկման ակտեր և կատարողական այլ փաստաթղթեր.

2) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և հաշվառման մասին վկայական.

3) տեխնոլոգիական փաստաթղթեր և անձնագրեր` բոլոր տեսակի տեխնոլոգիական սարքավորումների, անոթների (տարողությունների), ապահովիչ սարքերի, հսկիչ-չափիչ սարքերի, խողովակաշարերի, արմատուրների, անվտանգության միջոցների և սարքերի, անհատական պաշտպանության միջոցների, որոնք օգտագործվում են քլորի արտադրության, օգտագործման, պահման և փոխադրման ժամանակ.

4) կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված`

ա. տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգեր,

բ. վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլան,

գ. համապատասխան հրահանգներ (աշխատանքային, արտադրական, շահագործման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության, քլորի լցավորման-դատարկման, փոխադրման, էվակուացման և այլն)` կազմված տեխնոլոգիական գործելակարգի և սույն կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացների և վերանորոգման աշխատանքների անվտանգ կատարման տեխնիկական պայմաններին համապատասխան,

դ. կարգագիր-թույլտվությամբ և աշխատանքների կատարման նախագծի մշակմամբ վտանգավոր աշխատանքների, վերանորոգման և զննման ենթակա տեխնիկական սարքավորումների ցանկեր և կատարման ժամկետների գրաֆիկներ,

ե. տեխնիկական անվտանգության վկայագիր (փորձագիտական եզրակացությամբ հաստատված):

7. Քլորի հետ կապված պայթյունահրդեհավտանգ արտադրությունների և օբյեկտների նախագծման, կառուցման, վերակառուցման, տեխնոլոգիական սարքավորումների և սարքերի պատրաստման, հավաքակցման, կարգաբերման, վերանորոգման, փորձարկման և շահագործման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել տվյալ ոլորտի համար գործող նորմատիվային իրավական ակտերով, ստանդարտներով, սանիտարական, շինարարական նորմերով և կանոններով, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության կանոններով և այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտի և սույն կանոնների պահանջներով:

8. Քլորի արտադրության, օգտագործման, պահման, խողովակաշարերով փոխադրման հետ կապված նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները պետք է համապատասխանեն`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ հաստատված «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգ»-ի պահանջներին.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական իրավական ակտերի, այդ թվում` շինարարական նորմերի, սանիտարական նորմերի և սույն կանոնների պահանջներին:

9. Քլորի արտադրության, օգտագործման, պահման, խողովակաշարերով փոխադրման հետ կապված նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու շինությունների ավարտված շինարարության փաստագրումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ հաստատված «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգ»-ին համապատասխան:

10. Քլոր հետ կապված օբյեկտներում արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար գործոնների ազդեցության ներքո աշխատողները ենթակա են պարտադիր բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության, ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

11. Քլորի հետ կապված օբյեկտների արտադրական շենքերի աշխատատեղերում աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական իրավական ակտերի, այդ թվում` սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջներին:

12. Քլորի արտադրություններում հնարավոր վթարային իրավիճակների, աշխատողների և բնակչության առողջությանն ու կյանքին սպառնալիքի առաջացման դեպքերում, ինչպես նաև դրանց կանխարգելման, փրկարարական, փրկարարական վթարային և փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների սպասարկման ու ծառայությունների մատուցման համար, սույն կանոնների 2-րդ կետում թվարկված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մասնագիտացված փրկարարական կազմավորումների հետ կնքում են պայմանագրեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով կարող են ստեղծել սեփական համապատասխան մասնագիտացված փրկարարական ծառայություններ, որոնք`

1) պետք է համապատասխանեն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և սահմանված կարգով որակավորում անցնեն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1391-Ն որոշմամբ հաստատված կարգի:

13. Քլորի հետ կապված օբյեկտներում հնարավոր վթարների առաջացման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտացված փրկարարական ծառայությունների ժամանելը, կազմակերպության վթարային իրավիճակների տեղայնացման և վերացման պլանով նախատեսված գործարարական աշխատանքների ապահովման և արտադրական անձնակազմի տարահանման միջոցառումները սեփական ուժերով իրականացնելու համար պետք է կազմակերպության օբյեկտներում (արտադրական և պահեստային շինություններում, հատուկ պահարաններում, դյուրամատչելի տեղերում) նախատեսված լինի սույն կանոնների N 1 ձևին համապատասխան օգտագործման համար պիտանի տեխնիկական և անհատական պաշտպանության միջոցների անհրաժեշտ պաշար:

14. Քլոր արտադրող, օգտագործող կամ պահող կազմակերպություններում, կազմակերպության ղեկավարության կողմից մշակված և հաստատված տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգերում և հրահանգներում, վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլանում պետք է ներառված լինեն հնարավոր ռիսկերի կանխարգելումը կամ նվազեցումն ապահովող հետևյալ միջոցառումները`

1) վերահսկողություն սահմանված լինի քլորի, ալկալիների, թթուների, այլ կծու և թունավոր նյութերի հետ կապված աշխատանքները կատարելու ժամանակ սպասարկող անձնակազմին մաշկի, աչքերի և շնչառական օրգանների պաշտպանության միջոցներով ապահովելու նկատմամբ, ինչպես նաև արգելված լինի առանց արտահագուստի և անհատական պաշտպանության միջոցների այդ աշխատանքները կատարելը.

2) քլորի մատուցման և ապարատների միացման, տարողունակ սարքավորումներից և խողովակաշարերից խցափակիչների հանման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվեն աշխատողների մոտ շնչառական օրգանների պաշտպանության անհատական միջոցների առկայության «Պատրաստ է օգտագործման» վիճակում.

3) արտադրական շինություններում, հեղուկ քլորի պահոցներում, այն տեղերում, որտեղ աշխատանք է կատարվում ապրանքափաթեթավորված հեղուկ քլորի հետ, նախատեսված լինի անհատական պաշտպանության միջոցների վթարային պաշար.

4) կազմակերպված լինի արտադրական շինություններում և տարածքում օդային միջավայրի վիճակի վրա մշտական ներքին մոնիթորինգ (ինքնահսկում կամ արտադրական հսկում).

5) յուրաքանչյուր արտադրամաս ապահոված լինի բժշկական դեղարկղիկով.

6) քլորի հետ աշխատողներն ապահոված լիեն արտահագուստով, հատուկ կոշիկներով ու անհատական պաշտպանության այլ միջոցներով և ապահովիչ հարմարանքներով, այդ թվում` վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլանին համապատասխան`

ա. քլորից շնչառական օրգանների պաշտպանության համար նախատեսել (նախընտրելի է) «Վ» տեսականիշի տուփերով զտող հակագազեր, այն պայմանով, որ օդում քլորի խտությունը չգերազանցի 0,5%-ը ըստ ծավալի, թթվածնի 18%-ից (ծավալային) ոչ պակաս խտության դեպքում, իսկ քլորի ավելի բարձր խտության դեպքում` մեկուսացնող շնչառական ապարատներ, ՊՇ-1 ճկափողային հակագազեր, ինքնափրկիչներ և մեկուսացնող զգեստներ,

բ. վթարային իրավիճակների ժամանակ, մինչև մասնագիտացված փրկարարական ծառայությունների ժամանելը, սեփական ուժերով վթարային աշխատանքների (վթարից անմիջապես հետո) կատարման դեպքում քիմիական հետախուզության և այդ աշխատանքի ղեկավարի համար նախատեսել ՊԴՈՒ-3 հակագազ (օգտագործման ոչ պակաս 20 րոպե տևողությամբ), վթարային բրիգադների համար` ԻՊ-4Մ մեկուսացնող հակագազեր և արտահագուստներ, իսկ հրդեհի բռնկման դեպքում` տաքությունից և կրակից պաշտպանվելու համար ՍՊԻ-20 ինքնափրկիչով արտահագուստի լրակազմով անհատական պաշտպանության միջոցներ կամ թվարկածների հետ համադրելի այլ տեսականիշի միջոցներ.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետք է սահմանվեն և իրականացվեն խիստ վերահսկողություն և հաշվառում քլորի և նրա մի շարք բարձր վտանգավոր միացությունների արտադրման քանակների, առաքումների և շրջանառության վրա, ինչպիսիք են` անզգայացնող քլորմեթան (CHCl3) և քլորէթիլ (C2H5Cl) նյութերը, բժշկության մեջ որպես թմրանյութ կիրառվող քլորալը (CCl3CHO), մարտական թունավոր նյութերը` խեղդող գազ ֆոսգենը (COCl2), մաշկաթարախահարույց հեղուկ իպրիտը [(C2H4Cl)2S], արցունքաբեր գազ քլորպիկրինը (CCl3NO2), չափազանց պայթուցիկ ազոտի քլորիդը (NCl3), քլորտոլուոլը և մի շարք պերքլորատները, որոնք օգտագործվում են թունավոր և պայթուցիկ նյութերի արտադրություններում և այլ նպատակներով.

8) հսկողություն սահմանված լինի շրջակա միջավայրի վրա քլորի վնասակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելու և հետևանքները վերացնելու նպատակով ներքին մոնիթորինգ անցկացնելու ու տվյալները գրանցելու նկատմամբ, ինչպես նաև իրականացվեն մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների սարքին վիճակի ապահովման միջոցառումներ:

15. Արտադրական շինություններում գործարկուների աշխատանքային տեղերում պետք է փակցված լինի խողովակաշարերի, միջբլոկային և ներբլոկային արմատուրների և գործառնական սխեմաներով հսկիչ-չափիչ սարքերի ու ավտոմատիկայի նշանակումներով արտադրության տեխնոլոգիական սխեման: Ապարատների (անոթների) համարակալումն արտադրամասի տեխնոլոգիական սխեմայում, նախագծում և գործելակարգում պետք է միասնական լինի և համապատասխանի սարքավորումների վրա կատարված համարներին: Արտադրամասերի, տեղամասերի և արտաքին կայանքների վտանգավոր մասերում, սպասարկող անձնակազմի համար տեսանելի տեղերում պետք է փակցված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերին համապատասխան կատարմամբ անվտանգության նշաններ:

16. Քլոր օգտագործող կամ պահող կազմակերպության անձնակազմը պետք է իմանա`

1) քլորի տարբերիչ հատկանիշները (հիմնական ֆիզիկաքիմիական և այլ հատկությունները բերված են սույն կանոնների N 5 ձևում) և պոտենցիալային վտանգավորությունը.

2) տարահանման ուղիները, հնարավոր վթարային իրավիճակների կամ քլորային ալիքի առաջացման ժամանակ.

3) քլորով ախտահարումից անհատական պաշտպանության եղանակները և միջոցները.

4) տուժածներին առաջին օգնություն ցույց տալու կանոնները:

17. Հրդեհային անվտանգությունն ապահովելու համար, քլոր օգտագործող, պահող և փոխադրող կազմակերպությունների ղեկավարները, այդ օբյեկտների շահագործման հետ կապված անձնակազմը, քլորի փոխադրմամբ և փոխադրվող քլորի ուղեկցմամբ զբաղված անձնակազմը (ուղեկցող մասնագետները) պետք է ղեկավարվեն «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գերատեսչական ակտերով, այդ թվում` հրդեհային անվտանգության կանոններով ու այլ չափորոշիչ փաստաթղթերով և տվյալ օբյեկտների համար հրդեհային անվտանգության պահանջներով:

18. Քլորի արտադրման, օգտագործման, պահման, փոխադրման, լցման, դատարկման և այլ աշխատանքների կատարման ժամանակ օբյեկտներում տեղի ունեցած յուրաքանչյուր արտադրական պատահարի, վթարի և դժբախտ դեպքի հետ կապված պատճառների բացահայտման, վերլուծության և հաշվառման համար գործողությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 488-Ն որոշմամբ հաստատված «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգ»-ի պահանջներին համապատասխան:

19. Քլորի արտադրական կազմակերպություններից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-Ն որոշմամբ հաստատված «Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

 

IV. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԷԼԵԿՏՐԱՏԱՐՐԱԼՈՒԾՄԱՆ (ԷԼԵԿՏՐՈԼԻԶԻ) ԵՂԱՆԱԿՈՎ ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

20. Քլորի բոլոր նոր նախագծվող և վերակառուցվող արտադրությունները պետք է հանդերձված լինեն սնդիկի օգտագործումը բացառող մեմբրանային կամ դիաֆրագմային էլեկտրատարրալուծիչներով (էլեկտրոլիզարարներով): Քլորի ստացման տեխնոլոգիան, աշխատանքի կանոնակարգված գործելակարգի դեպքում, պետք է բացառի պայթյունավտանգ քլորաջրածնային խառնուրդների առաջացման հնարավորությունը տեխնոլոգիական սարքավորումներում և հաղորդակցուղիներում:

21. Էլեկտրատարրալուծման (էլեկտրաքիմիական եղանակով այդ գործընթացը նկարագրվում է (NaCl) ջրային լուծույթի (2NaCl+2H2O=(Cl2+2NaOH+H2) կամ ավելի քիչ (KCl) ջրային լուծույթի (2KCl+2H2O=(Cl2+2KOH+H2) հավասարումներով) եղանակով քլորի արտադրությունը պետք է ապահովված լինի անհրաժեշտ պարամետրեր ունեցող ջրի, գոլորշու, սեղմված օդի (ազոտի) անընդմեջ մատակարարումով:

22. Հիմնական արտադրության շենքերում, բացի ընդհանուր լուսավորության ցանցից, պետք է նախատեսվի ընդհանուր լուսավորության ցանցից բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով սնվող տեղական լուսավորության մնայուն ցանց մինչև 50 Վ լարումով: Էլեկտրագործիքները (էլեկտրագայլիկոններ, էլեկտրահորատներ, էլեկտրափոշեկուլներ և այլն), որոնք օգտագործվում են էլեկտրատարրալուծման սրահներում (մասնաշենքերում), պետք է ունենան կրկնակի մեկուսացում և պետք է սնման ցանցին միացվեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

23. Էլեկտրատարրալուծման եղանակով քլորի արտադրությունը պետք է ընդունել որպես էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանի առաջին կարգի սպառող: Ըստ էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանի առաջին կարգի սպառողներին են դասվում`

1) էլեկտրատարրալուծիչների սերիաները.

2) քլորի և ջրածնի վերամղման ճնշակների էլեկրաշարժիչները.

3) պոմպերը`

ա. քլորի չորացման աշտարակի մեջ ծծմբաթթվի շրջանառության համար,

բ. քլորի կլանման համակարգով (սանիտարական աշտարակով) լուծույթի շրջանառության համար,

գ. մեմբրանային էլեկտրակատարրալուծիչի մեջ աղաջրի շրջանառության համար,

դ. էլեկտրահիմքի համար,

ե. էլեկտրատարրալուծման համար աղաջրի մատուցման,

զ. դեպի էլետրատարրալուծիչ մղվող աղաթթվի,

է. հեղուկ քլորի համար,

ը. քլորային ալիքի տեղայնացման ցանցում ճնշման բարձրացման համար.

4) սեղմված օդի համար ճնշակները.

5) հեղուկ քլորի արտադրման սառնարանային կայանքների էլեկտրաշարժիչները.

6) վթարային օդափոխության համակարգի օդափոխիչները.

7) էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանի առաջին կարգի հատուկ խմբի սպառողներին է պատկանում հիմնական արտադրական շենքերի ու շինությունների վթարային լուսավորության համակարգն, ինչպես նաև հսկողության, կառավարման և հակավթարային ավտոմատ պաշտպանության (ՀԱՊ) համակարգերը:

24. Քլորի արտադրության էներգատնտեսության, այդ թվում` էլեկտրատարրալուծման սրահներում էլեկտրատարրալուծիչների և սարքավորումների տեղադրման ու դրանց շահագործման ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն, 2009 թվականի հունվարի 15-ի N 75-Ն որոշումներով հաստատված, համապատասխանաբար «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ», «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ», «Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի և սույն կանոնների պահանջները:

25. Քլորի արտադրության էլեկտրատարրալուծման կայանքների, արտադրամասերի (կայանների, մասնաշենքերի, բաժանմունքների) շենքերը և շինությունները, մարդկանց էլեկտրահարման վտանգավորության առումով, դասվում են բարձր վտանգավորության շենքերին:

26. Բոլոր էլեկտրատարրալուծիչների և դրանց միացված խողովակաշարերի համար պետք է ապահովված լինի էլեկտրամեկուսացումը հողից:

27. Էլեկտրատարրալուծման սրահում քլորային, ջրածնային, աղաջրային և այլ հավաքիչներն, ինչպես նաև դրանց հետ կապված ապարատները պետք է հողից էլեկտրամեկուսացված լինեն: Մետաղե խողովակաշարերի օգտագործման դեպքում հարկավոր է կիրառել էլեկտրամեկուսացնող ներդիրներ, կախոցներ կամ մեկուսիչներ:

28. Էլեկտրատարրալուծիչների բոլոր խողովակապտուկները պետք է հավաքիչներին միացվեն ոչ էլեկտրահաղորդիչ նյութերի կատարմամբ միացումների օգնությամբ:

29. Էլեկտրատարրալուծիչների և հավաքիչների սպասարկման համար սանդուղքները, ձեռնասանդուղքները, հարթակները և տախտակամածները պետք է էլեկտրամեկուսացված լինեն հողից և մետաղական կոնստրուկցիաններից կամ պատրաստված լինեն դիէլեկտրիկ նյութերից:

30. Էլեկտրատարրալուծման սրահում էլեկտրական բեռնամբարձ սարքավորումներն անհրաժեշտ է հողից մեկուսացնել: Կռունկի կեռի հողից մեկուսացման հաջորդական աստիճանների թիվը պետք է լինի երեքից ոչ պակաս (կեռը բազմաճախարակից, սայլակի ռելսերը կամրջակից, կռունկի ռելսերը ենթառելսային կոնստրուկցիաներից):

31. Էլեկտրամեկուսացնող սարքվածքները (ներդիրներ, մեկուսիչներ, կախոցներ և այլն) պետք է հետևողականորեն էլեկտրահաղորդիչ նյութերով մաքրվեն աղտոտվածությունից և պարբերաբար, եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս, ստուգվեն դրանց մեկուսացման դիմադրությունը, որը պետք է լինի 0.5 ՄՕմ-ից ոչ պակաս:

32. Էլեկտրատարրալուծիչների զուգահոսագծի միացումը (շունտավորումը) պետք է իրականացվի մնայուն կամ բաց կատարմամբ շարժական անջատիչներով (կարճամիակցիչներով):

33. Շարժական զուգահոսագիծը միացնող սարքվածքը պետք է հողից էլեկտրամեկուսացված լինի: Շարժական զուգահոսագիծը միացնող սարքվածքների հպման մակերեսների սառեցման համար հարկավոր է կիրառել աղազրկված ջուր (խտուցք): Միացնող ճկափողերը պետք է պատրաստված ինեն ճկուն, ոչ էլեկտրահաղորդիչ նյութից:

34. Էլեկտրատարրալուծման սրահում պետք է սարքավորումների, խողովակաշարերի էլեկտրաքիմիական քայքայումից (հոսանքի կորուստներից) պաշտպանություն նախատեսված լինի: Հոսանքի կորուստները պակասեցնելու համար հավաքիչների մետաղե տեղամասերը պետք է պաշտպանված լինեն ճկուն կամ կոշտ հոսանահաղորդիչներով: Հոսանահաղորդիչների տեղակայման տեղերը (կետերը) պետք է հիմնավորված լինեն նախագծով: Էլեկտրատարրալուծիչներից էլեկտրահիմքի դատարկումը հավաքիչների մեջ, ինչպես նաև էլեկտրատարրալուծիչներին էլեկտրոլիտի (հագեցած աղաջրի) տրման ժամանակ պետք է այն իրականացվի շիթի ընդհատումներով:

35. Ջրածնային հավաքիչները, էլեկտրատարրալուծիչների գործարկումից առաջ պետք է փչամաքրվեն ազոտով, մինչև թթվածնի մնացորդային պարունակությունը հեռացվող գազերի մեջ կազմի ծավալայինի 2%-ից ոչ ավելի:

36. Մոմի մեջ ջրածնի արտանետման ժամանակ, օդի հետ ջրածնի պայթունավտանգ խառնուրդների առաջացումը կանխելու համար, նրա մեջ անընդհատ պետք է մղվի ազոտ կամ գոլորշի: Ազոտի (գոլորշու) մղվող քանակը հիմնավորվում է նախագծով:

37. Տեխնոլոգիական նպատակների համար (քլորի վերաճնշում, փչամաքրում, նոսրացում խտացման դեպքում և այլն) օգտագործվող օդը (ազոտը) պետք է պարտադիր նախապես չորացված և մաքրված լինի մեխանիկական խառնուրդներից: Չորացված գազի մեջ խոնավության պարունակությունը պետք է համապատասխանի մինուս 40 oC-ից ոչ բարձր ցողի կետի ջերմաստիճանին:

38. Քլորի վերամղման բաժանմունքներում պետք է տեղակայված լինի առնվազն երկու պահուստային ճնշակ (մեկը` գործարկման պատրաստ, երկրորդը` պահուստում): Ջրածնի վերամղման բաժանմունքում թույլատրվում է տեղակայել մեկ պահուստային ճնշակ (ճնշակի խափանման դեպքում ջրածնի արտանետումն իրականացվում է մոմի մեջ):

39. Քլորի սառեցման համար խառնման սառնարարներին մատուցվող ջրի և սնող աղաջրի մեջ ամոնիումի աղերի խտությունը չպետք է գերազանցի 10 մգ/դմ3 (վերահաշվարկած ամոնիակի):

40. Քլորի չորացման բաժանմունքի խառնման սառնարանները և չորացնող աշտարակները պետք է սարքավորված լինեն մեմբրանային ապահովիչ սարքերով:

41. Էլեկտրատարրալուծման սրահի ընդհանուր քլորային հավաքիչները պետք է ունենան ճնշման և վակուումի ապահովիչ հիդրոփականներ:

42. Ընդհանուր կամ շարքային ջրածնային հավաքիչների վրա պետք է տեղակայված լինի, կանոնակարգված ճնշման գերազանցման դեպքում, ջրածինը մոմի մեջ արտանետելու համար` հիդրոփական: Հիդրավլիկ փականները հարկավոր է շահագործել դրանց սառեցումը կամ խցանումը բացառող պայմաններում: Հիդրավլիկ փականի և ճնշման աղբյուրի միջև չի թույլատրվում տեղակայել փակիչ սարք:

43. Քլորային ճնշակների կիրառման ժամանակ, որոնցում որպես աշխատանքային հեղուկ կիրառվում է ծծմբաթթու, անհրաժեշտ է մղման խողովակաշարի վրա նախատեսել ծծմբաթթվի կաթիլները որսալու համար սարք:

44. Չչորացված ջրածնի խողովակաշարերը պետք է խտուցքի հեռացման համար սարքեր ունենան: Չորացված ջրածնի խողովակաշարերը և սարքավորումները պետք է ստատիկ էլետրականությունից պաշտպանություն ունենան: Էլեկտրատարրալուծման սրահում ջրածնի մաքրման, չորացման և ջրածնային ճնշակների շինությունների մեջ վերին գոտիներում պետք է նախատեսված լինի բնական օդափոխություն: Շինությունների մեջ պետք է բացառված լինի չօդափոխվող գոտիների առաջացման հնարավորությունը:

45. Քլորային ճնշակներից դուրս եկող խողովակաշարերի վրա պետք է տեղակայված լինեն ճնշակի էլեկտրաշարժիչի գործարկման և կանգնեցման համակարգի հետ արգելափակված հետադարձ կամ հատիչ կափույրներ:

46. Քլորի հեղուկացման և վերաճնշման աբգազերը, քլորային անոթների փչամաքրման գազերը պետք է ուղարկվեն օգտագործման կամ կլանման համակարգ` քլորից մաքրման համար: Ապահովիչ կափույրներից, մեմբրանային ապահովիչ սարքերից (բացի էլեկտրատարրալուծիչների խզվող մեմբրաններից) և հիդրոփականներից քլոր պարունակող արտանետվածքները պետք է առանձին խողովակաշարերով ուղարկվեն կլանման համակարգ` մաքրման:

47. Էլեկտրատարրալուծման բաժանմունքներում պետք է նախատեսված լինի 10-20% ալկալի զանգվածային բաժին պարունակող ալկալիի (հիմքի) ջրային լուծույթով էլեկտրատարրալուծման համակարգերից քլորի վթարային կլանման համակարգ: Ալկալիի վթարային պաշարը պետք է բավարար լինի 10-15 րոպեի ընթացքում բոլոր էլեկտրատարրալուծիչներով նախագծային առավելագույն հոսանքային բեռնվածության դեպքում` արտադրվող քլորի կլանման համար:

48. Ագրեսիվ և կծու նյութերի վերամղման համար պոմպերը պետք է սարքավորված լինեն կերամաշմանը դիմակայող նյութերից ընդկալներով կամ վաքերով (ճոռերով):

49. Քլորի արտադրությունում արտադրական կեղտաջրերը վարնետող յուրաքանչյուր արտադրամասում պետք է վերահսկողություն իրականացվի կեղտաջրերի որակի նկատմամբ, կոյուղու և կեղտաջրերի մաքրման նախագծման աշխատանքների կատարման նորմատիվային փաստաթղթերի և տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան: Արգելվում է խտացրած հիմնային հոսքերի արտանետումը կոյուղու մայրուղային ցանց` առանց նախնական մաքրման կամ այլ տեսակի մշակման չենթարկելով:

 

II. ԷԼԵԿՏՐԱՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ ԴԻԱՖՐԱԳՄԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

50. Քլորի դիաֆրագմային եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ էլետրատարրալուծիչներում երկու էլեկտրոդներն էլ կարծր են, անոդային և կատոդային տարածություններն իրարից բաժանված են զտող թաղանթներով (դիաֆրագմաներով), որոնք պատրաստված են թաղանթի ուռչելը նախազգուշացնող պոլիմերային կապակցանյութերով ասբեստից կամ ծակոտկեն պերֆտորացված թաղանթից կամ թելքից և ունեն 500 օրից ավելի ծառայության ժամկետ: Էլեկտրատարրալուծման այս եղանակի ժամանակ էլեկտրատարրալուծիչում անմիջականորեն ձևավորվում են 1:1 մոլային հարաբերությամբ (NaOH) և (NaCl) լուծույթներ: Քլոր ստանալուց բացի, այդ «Էլեկտրոլիտային մոխրաջրի» եռաթանձրացմամբ ստանում են նաև (1 տ Cl2 հետ 1,13 տ NaOH) 2-3,5% NaCl-ի (վերահաշվարկած NaOH-ի) պարունակությամբ ապրանքային (NaOH): Այս եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ ընդհանուր քլորային հավաքիչում քլորի մեջ ջրածնի ծավալային մասը չպետք է գերազանցի 0,5%-ը:

51. Խմբային ջրածնային հավաքիչում նոսրացման ճնշումն անհրաժեշտ է պահպանել 50-150 Պա (5-15 մմ ջր. ս.) ավելի բարձր, քան` քլորի խմբային հավաքիչում:

52. Ընդհանուր հավաքիչում թթվածնի ծավալային մասը ջրածնի մեջ չպետք է գերազանցի 0,5%-ը:

53. Արգելվում է դիաֆրագմային էլեկտրատարրալուծիչների ամբողջական շարքի անջատումը` բացառությամբ տեխնոլոգիական գործելակարգով և վթարային իրավիճակների տեղայնացման և վերացման պլանով նախատեսված դեպքերի:

54. Էլետրատարրալուծիչները պետք է ապահովված լինեն կատոլիտի, ինչպես նաև դիաֆրագմայի վերին եզրի վրա անոլիտի մակարդակի կարգավորմամբ և եթե այն իջնում է իր սահմանային թույլատրելի արժեքից ավելի ցածր մակարդակի, ապա նաև` ազդանշանմամբ: Արտադրամասում անվտանգության ապահովման համար ջրածնի հավաքիչ խողովակաշարերը պետք է ավելի բարձր տեղակայվեն քլորի հավաքիչ խողովակաշարերից, ինչպես նաև խոնավ քլորի հետ շփվող տեխնոլոգիական բոլոր օղակները պետք է պատրաստված լինեն ջրածնի և քլորի նկատմամբ քիմիապես կայուն նյութից:

55. Դիաֆրագմային էլեկտրատարրալուծման սրահում, հաստատուն հոսանքի անջատման դեպքում, խմբակային ջրածնային հավաքիչներից և կատոդային տարածությունից ջրածինն անհրաժեշտ է ազոտով դուրս մղել մոմի մեջ:

 

III. ԷԼԵԿՏՐԱՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ ՄԵՄԲՐԱՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

56. Քլորի մեմբրանային եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ էլետրատարրալուծիչներում անոդային և կատոդային տարածություններն իրարից բաժանված են կատիոնափոխանակող մեմբրաններով (թաղանթներով), որոնք հեղուկի և գազի համար անթափանց են, բաց են թողնում միայն (Na+) և (K+) իոնները, ունեն 2x2 մ չափեր և 0,1-0,25 մմ հաստություն, մեմբրանի նյութը պատրաստված է սուլֆանիլացված կամ կարբօքսիլացված պերֆտորվինիլային եթերներով քառաֆտորէթիլենային համապոլիմերներից և ունեն մոտավորապես 2 տարի ծառայության ժամկետ: Այս եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ ընդհանուր քլորային հավաքիչում ջրածնի ծավալային մասը քլորում չպետք է գերազանցի 0,2%-ը:

57. Էլեկտրատարրալուծիչի անոդային տարածությունում լիցքաթափման համար անհրաժեշտ է պահպանել 200-100 Պա (20-10 մմ ջր.ս.) ճնշում: Անոդային տարածությունում էլեկտրատարրալուծիչի աշխատանքը ճնշման տակ թույլատրվում է անվտանգության լրացուցիչ միջոցառումների մշակման դեպքում:

58. Էլեկտրոտարրալուծիչի կատոդային տարածությունում անհրաժեշտ է պահպանել 6000-100 Պա (600-10 մմ ջր.ս.) ճնշում:

59. Ընդհանուր ջրածնային հավաքիչում թթվածնի ծավալային մասը ջրածնում չպետք է գերազանցի 0,3%-ը:

60. Էլեկտրատարրալուծիչների գործարկումից առաջ պետք է ստուգվի մեմբրանների ամբողջականությունը և էլեկտրատարրալուծիչների հերմետիկությունը:

61. Էլեկտրատարրալուծիչներում պետք է ավտոմատ ապահովված լինի անոլիտի (անոդային լուծույթ) մեջ նատրիումի քլորիդի խտության և կաթոլիտի մեջ նատրիումի հիդրոքսիդի խտության պահպանումը:

62. Էլեկտրատարրալուծումը 1 ժամից ավելի ժամանակով դադարեցնելու դեպքում քլորային և ջրածնային հավաքիչները պետք է ազոտով փչամաքրվեն: Արտադրամասում անվտանգության ապահովման համար ջրածնի հավաքիչ խողովակաշարերը պետք է ավելի բարձր տեղակայվեն քլորի հավաքիչ խողովակաշարերից, ինչպես նաև խոնավ քլորի հետ շփվող տեխնոլոգիական բոլոր օղակները պետք է պատրաստված լինեն ջրածնի և քլորի նկատմամբ քիմիապես կայուն նյութից:

 

IV. ԷԼԵԿՏՐԱՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ ՍՆԴԻԿԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

63. Քլորի սնդիկային եղանակով (աստիճանաբար փոխարինվում է դիաֆրագմային և մեմբրանային եղանակներով) էլեկտրատարրալուծման ժամանակ էլեկտրոդային տարածությունն էլետրատարրալուծիչներում իրարից բաժանված չեն, որպես կատոդ կիրառվում է սնդիկը (Hg), քլորն առանձնանում է (Ti) և (Ru) օքսիդներից ակտիվ զանգվածով պատված (Ti), (Ti - Ru - Ir), (Ti -Ir), (Ti - Pt - Ir) հիման վրա, մետաղական կարծր անոդի վրա: Էլեկտրատարրալուծման այս եղանակով ստանում են (մինչև մեմբրանային եղանակի հայտնագործումը) նաև ալկալիական մետաղների ամալգամը, որի ջրային տարրալուծման դեպքում ձևավորվում են (NaOH) կամ (KOH) մաքուր ալկալիների խտացված լուծույթներ: Օքսիդառութենիումատիտանային անոդները շատ մեծ կոռոզիակայունություն ունեն (Ru մոտավոր ծախսը 1տ (Cl2) համար կազմում է 0,1 գ) և անոդային տարածությունում նույնիսկ (NaCl) բարձր փոխարկման դեպքում ապահովում են ըստ հոսանքի քլորի լավ ելք: Այս եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ ընդհանուր քլորային հավաքիչում ջրածնի ծավալային մասը քլորում չպետք է գերազանցի 1,5%-ը:

64. Ամալգամի տարրալուծիչներում պետք է պահպանվի ջրածնի ճնշումը 100-150 Պա (10-15 մմ ջր.ս.)-ից ոչ պակաս: Ճնշումը հարկավոր է վերահսկել ջրածնի ընդհանուր հավաքիչի և յուրաքանչյուր տարրալուծիչի վրա տեղակայված սարքերով:

65. Սնդիկի շրջանառության ընդհատման և մեկ էլեկտրատարրալուծիչի սնդիկային պոմպի կանգի դեպքում վերջինս պետք է ավտոմատ շունտավորվի (տեղի ունենա զուգահոսագծի միացում): 50 կԱ-ից պակաս բռնվածքի դեպքում թույլատրվում է էլեկտրատարրալուծիչի զուգահոսագծի միացումն իրականացնել ձեռքով: Հաստատուն հոսանքի անջատման դեպքում անհրաժեշտ է ազոտ մղել ամալգամի տարրալուծիչների մեջ, ջրածինը նետել մաքրման և էլեկտրատարրալուծիչների վրա բացել խցանները:

66. Սնդիկը և սնդիկապարունակող շլամները հարկավոր է պահել հերմետիկ փակվող տարողություններում: Մետաղական սնդիկի մակերևույթը պետք է ծածկված լինի ջրով:

67. Էլեկտրատարրալուծման սրահում և սնդիկի վերականգնման բաժանմունքում պետք է նախատեսված լինեն վակուում-խողովակաշարերի տարանջատում և թափված սնդիկի հավաքման համար թափամեղմիչ տարողություններ:

68. Արտադրությունը պետք է հանդերձված լինի սնդիկից հոսային ջրերի տեղային մաքրմամբ: Սնդիկով աղտոտված շլամն անհրաժեշտ է ուղարկել վերամշակման:

69. Քլորով և սնդիկի գոլորշիներով օդի աղտոտումը շինություններում կանխելու համար պետք է ապահովել նոսրացման պահպանումն էլեկտրատարրալուծիչների գրպաններում: Էլեկտրատարրալուծիչների գրպաններից աբգազերը, ինչպես նաև անոլիտի քլորազրկման աշտարակների փչամաքրումից հետո օդը պետք է մաքրվեն քլորից և սնդիկից:

70. Այն շինությունները, որտեղ աշխատանք է կատարվում սնդիկի, դրա միացումների և սնդիկով լցված սարքերի հետ պետք է լինեն սնդիկի հետ աշխատանքի ժամանակ անվտանգության միջոցառումների մասին կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված տեղային հրահանգներ, որոնք մշակված են` հաշվի առնելով սույն կանոնների, սանիտարական կանոնների պահանջներն և տվյալ կազմակերպության աշխատանքի պայմանների յուրահատկությունը:

71. Սարքերն ու սարքավորումներն սնդիկով լցնելն ու դատարկելն, ինչպես նաև սնդիկի կշռելը, մաքրելն և զտելը պետք է իրականացնել միայն սնդիկային շինությունում, սև մետաղից պատրաստված արծնապատ ընդկալի վրա, օդաքաշ գլխանոցի տակ` միացված արտածող օդափոխության պայմաններում: Սնդիկային սարքերն ու սարքավորումները պետք է քանդել սնդիկային շինությունում, ընդկալի կամ հատուկ սարքավորված սեղանի վրա: Արտադրական շինություններում սնդիկային սարքերի ու սարքավորումների քանդելը կտրականապես արգելվում է: Վթարային դեպքերում (սարքերի կամ սարքավորումների վնասվելու դեպքում) թույլատրվում է սնդիկի դատարկումն անմիջապես իրականացնել արտադրական շինությունում, միայն ջրով լցված անոթներում:

72. Այն շինություններում, որտեղ աշխատում են սնդիկի հետ, յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ պետք է իրականացվի աշխատանքային գոտու` օդում սնդիկի գոլորշիների պարունակության վերլուծություն:

 

V. ԱՂԱԹԹՎԻ ԷԼԵԿՏՐԱՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ

 

73. Աղաթթվի էլեկտրատարրալուծման ժամանակ ընդհանուր քլորային հավաքիչում ջրածնի ծավալային մասը քլորում չպետք է գերազանցի 1%-ը:

74. Ընդհանուր հավաքիչում քլորի ծավալային մասը ջրածնում չպետք է գերազանցի 2,5%-ը: Լվացումից հետո ջրածնի ծավալային մասը, քլորի 1 մգ/մ3-ից ոչ ավելի պարունակության դեպքում, պետք է լինի 99,5%-ից ոչ պակաս:

75. Էլեկտրատարրալուծիչի տակ պետք է լինի ագրեսիվ միջավայրի նկատմամբ կայուն ընդկալ: Էլեկտրատարրալուծիչների խմբի համար թույլատրվում է տեղադրել ընդհանուր ընդկալ:

 

VI. ՀԵՂՈՒԿ ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒՄ

 

76. Հեղուկ քլորի արտադրման ժամանակ ջրածնի ծավալային մասը խտացման աբգազերում չպետք է 4%-ից ավելի լինի:

77. Քլորգազի նոսրացման և խտացման աբգազերում ջրածնի ծավալային բաժնի 4%-ից ոչ ավելի պահպանման համար օդի (ազոտի) քանակությունն անհրաժեշտ է որոշել հաշվարկներով` ելնելով հեղուկացման ջերմային պարամետրերից և հեղուկացման ընդհանուր գործակցից: Հեղուկացման համակարգին մատուցվող օդի ճնշումը պետք է գերազանցի մատուցվող քլորգազի ճնշմանը ոչ պակաս, քան 0,1 ՄՊա-ն:

78. Քլորի հեղուկացման երկրորդ փուլում, աբգազերի նոսրացման համար, մատուցվող օդն (ազոտն) անհրաժեշտ է չորացնել: Չորացված օդի ցողի կետի ջերմաստիճանը պետք է ցածր լինի երկրորդ փուլում քլորի խտացման համապատասխան ջերմաստիճանից:

79. Գազահեղուկային խառնուրդների բաժանման համակարգը պետք է հանդերձված լինի հեղուկի մեջ գազային ֆազի թափանցելը և շոգեգազային ֆազով հեղուկի տանելը կանխարգելող փուլաբաժանիչներով: Չի թույլատրվում խտացման աբգազերի թափանցելը հեղուկ քլորի ընդունիչների մեջ:

80. Հեղուկ քլորի որակն և նրա մեջ կողմնակի խառնուկների պարունակությունը պետք է համապատասխանի հեղուկ քլորի ստանդարտների պահանջներին:

 

V. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐ, ԱՐՄԱՏՈՒՐՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

81. Տարողունակ (ծավալային) սարքավորումները, որոնք աշխատում են քլորի գոլորշիների 0,07 ՄՊա (0,7 կգուժ/սմ2)-ից բարձր ավելցուկային ճնշման տակ, պետք է նախագծված և պատրաստված լինեն ճնշման տակ աշխատող անոթների կառուցվածքին ներկայացվող միջազգային (ԻՍՕ), եվրոպական (Են), միջպետական կամ տարածաշրջանային (ԳՕՍՏ) նորմերի և Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների ազատ ընտրության և պարտադիր կիրառման պահանջներին համապատասխան, հաշվի առնելով նաև հեղուկ քլորի պահման համար տարողությունների նախագծման և պատրաստման ժամանակ հետևյալ լրացումները (լրացուցիչ պահանջները)`

1) հեղուկ քլոր պարունակող անոթների հաշվարկային ճնշումը պետք է ընդունվի 1,6 ՄՊա (16 կգուժ/սմ2)-ին հավասար.

2) անոթի պատրաստման նյութերը, կոնստրուկցիան, պետք է ապահովեն նրա ամրությունն և հուսալի շահագործումն անոթի աշխատանքային ջերմաստիճանների տիրույթում շահագործման պայմաններին համապատասխանող հնարավոր նվազագույն ջերմաստիճանից մինչև առավելագույնը: Բաց հարթակի վրա կամ չջեռուցվող շինություններում տեղակայման համար նախատեսված անոթների նյութի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն արտաքին օդի բացարձակ նվազագույն և առավելագույն ջերմաստիճանները.

3) անոթի պատի հաշվարկային հաստությունը հարկավոր է որոշել` հաշվի առնելով շահագործման հաշվարկային ժամկետը, հաշվարկային ճնշումը և 1 մմ-ից ոչ պակաս հավելում կերամաշման (կոռոզիայի) փոխհատուցման համար շահագործման հաշվարկային 10 տարվա ժամկետի համար (անոթների խողովակապտուկների վրա կերամաշման համար թողվածքը պետք է կազմի 2 մմ-ից ոչ պակաս):

82. Հեղուկ քլորի տեխնոլոգիական սարքավորումները և հաղորդակցուղիները, որոնցում ըստ շահագործման պայմանների կարող է առաջանալ թույլատրելի մեծությունից բարձր ճնշում, պետք է հանդերձվեն ապահովիչ սարքերով:

83. Ապահովիչ կափույրը քլորի կերամաշման ներգործությունից պաշտպանելու համար, նրա առջևում պետք է տեղակայվի մեմբրանային ապահովիչ սարքվածք, ընդ որում պետք է նախատեսված լինեն մեմբրանի ամբողջականությունը վերահսկելու միջոցներ:

84. Մեմբրանի գործարկման և ապահովիչ կափույրի բացման, նրա թողունակության, այդ թվում և վագոն-ցիստեռների համար ճնշումը որոշվում է սարքավորումը կամ նախագիծը մշակողի կողմից:

85. Հեղուկ քլորով անոթի ներքևի մասի վրա խողովակապտուկների տեղակայումը հեղուկ քլոր վերցնելու համար չի թույլատրվում:

86. Հեղուկ քլոր պահման համար տարողունակ (ծավալային) սարքավորումների (պահեստարաններ, հավաքարաններ, քլորամբարներ և այլն) վրա հեղուկ քլորի լցման և դատարկման գծերն, աբգազերով քլորի գծերը, վերաճնշման համար սեղմված գազի գծերը պետք է հանդերձված լինեն անմիջականորեն մեկը մյուսի հետևից տեղադրված երկու փակիչ փականներով, որոնցից մեկը հեռակառավարմամբ, իսկ մյուսն անոթի խողովակապտուկին անմիջականորեն միացված ձեռքի շարժաբերով:

87. Սարքավորումների և խողովակաշարերի ջերմամեկուսացումը և դրա սարքավորման անհրաժեշտությունը որոշվում է նախագծով, գործող օրենսդրությանը համապատասխան, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական իրավական ակտերի, այդ թվում` շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:

88. Քլորի միջավայրում աշխատող ջերմափոխանակիչների, գոլորշիարարների խտարարների խողովակային մասը պետք է պատրաստված լինի անկարան խողովակներից: Իրանի և խողովակային մասի նյութը պետք համապատասխանի շահագործման ջերմաստիճանային պայմաններին և ճնշմանը:

89. Հեղուկ և գազակերպ քլորի խողովակաշարերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական իրավական ակտերի, այդ թվում` շինարարական նորմերի ու կանոնների և սույն կանոնների պահանջներին` հաշվի առնելով նաև հետևյալ լրացուցիչ պահանջները`

1) հեղուկ քլորի խողովակաշարերի համար հաշվարկային ճնշումը պետք է ընդունվի 1,6 ՄՊա (16 կգուժ/սմ2)-ից ոչ պակաս.

2) քլորի խողովակաշարը պետք է պատրաստված լինի քլորի նկատմամբ կայուն նյութերից և ապահովի հուսալի շահագործումը ջերմաստիճանի և ճնշման աշխատանքային միջակայքում.

3) քլորի խողովակաշարի խողովակների պատի հաստությունը պետք է ընտրվի և հաշվարկվի` հաշվի առնելով հաշվարկային ճնշումը և կերամաշման դեմ հավելումը, որի մեծությունը պետք է լինի 1 մմ-ից ոչ պակաս` շահագործման հաշվարկային 10 տարվա ժամկետի համար.

4) քլորի խողովակաշարերը, որոնցում կանոնակարգված ճնշումը մթնոլորտայինից ցածր է, թույլատրվում է պատրաստել գազակերպ քլորի միջավայրում կայուն ապակե կամ պոլիմերային նյութերից` պայմանով, որ ապահովված լինի ճնշման մինչև մթնոլորտայինի (կանոնակարգվածից բարձր) բարձրացման դեպքերում քլորատարի ավտոմատ անջատումը քլորի մատուցման աղբյուրից:

90. Հեղուկ քլորի խողովակաշարերի տեղադրման (հավաքակցման) ժամանակ հարկավոր է օգտագործել նվազագույն քանակությամբ կցաշուրթային միացումներով եռակցման կիրառմամբ միացված պողպատե անկարան խողովակներ: Կցաշուրթային միացումները թույլատրվում են արմատուրի տեղակայման և սարքավորման հետ միացման տեղերում, ինչպես նաև այն տեղամասերում, որտեղ ըստ շահագործման պայմանների պահանջվում է խողովակաշարերի մաքրման և նորոգման համար պարբերական կազմատում: Կցաշուրթերի եռակցվածքների պատրաստման ժամանակ օգտագործվող պողպատը պետք է խողովակի նյութի հետ համատեղելի լինի:

91. Քլորի խողովակաշարի սեփական ծռվածքների կորության շառավիղը պետք է խողովակի տրամագծի եռակի մեծությունից պակաս չլինի:Եթե անհրաժեշտ է կտրուկ ծռվածք, ապա հարկավոր է օգտագործել հիմնական խողովակին եռակցվող կտրուկ կորացրած արմունկ (ծունկ):

92. Քլորի փոխադրման համար խողովակաշարերը, որպես կանոն, պետք է տեղադրվեն ցցաթմբերի վրա այնպես,որպեսզի ապահովված լինի`

1) պաշտպանություն ընկնող առարկաներից (չի թույլատրվում խողովակաշարի վերևում տեղադրել ամբարձիչ սարքավորումներ և հեշտ նետվող ծածկարաններ).

2) պաշտպանություն տրանսպորտային միջոցների կողմից հնարավոր հարվածից, ինչի համար խողովակաշարը տեղադրում են վտանգավոր տեղերից որոշակի հեռավորության վրա կամ արգելապատով բաժանում դրանցից: Թույլատրվում է քլորի խողովակաշարերի ստորերկրյա տեղադրում տրանսպորտային մայրուղիների հետ հատման տեղերում, խողովակաշարի պողպատե պաշտպանիչ պատյանի մեջ պարտադիր տեղադրմամբ.

3) խողովակաշարերի պաշտպանություն կերամաշման տեսակետից ակտիվ և այրվող նյութերի ներգործությունից: Քլորի խողովակաշարերը հարկավոր է տեղադրել այնպես, որպեսզի նրանց վերևում չլինեն ագրեսիվ նյութերով խողովակաշարեր, իսկ ներքևում` այրվող նյութերով խողովակաշարեր: Հեղուկ և գազակերպ քլորի խողովակաշարերը պետք է 1,0 մետրից ոչ պակաս հեռու լինեն տաքացման աղբյուրներից և այրվող նյութերի խողովակաշարերից.

4) կայուն ամրակապում, հարմարավետ սպասարկում և զննում:

93. Քլորի միջարտադրամասային (միջգործարանային) խողովակաշարերի, չպահպանվող գոտիներով անցնող խողովակաշարերի, հեղուկ քլորի 1,0 կմ-ից ավելի երկարությամբ խողովակաշարերի, ինչպես նաև ստորերկրյա եղանակով տեղադրվող խողովակաշարերի նախագծման և տեղակայման ժամանակ պետք է նախատեսվեն լրացուցիչ միջոցառումներ` դրանց անվտանգության ապահովման համար:

94. Քլորի խողովակաշարի կցաշուրթային միացումների համար անհրաժեշտ է օգտագործել նախագծով նախատեսված յուրաքանչյուր խողովակաշարի ճնշմանը համապատասխանող և արտադրական ստանդարտ կատարման 0,1-ից մինչև 2,5 ՄՊա (1-25 կգուժ/սմ2) Pպ պայմանական ճնշում ունեցող կցաշուրթեր:

95. Հեղուկ քլորի ճնշումային խողովակաշարերի կցաշուրթային միացումները պետք է ունենան ըստ ստանդարտ կատարմամբ 2 (բութակ) և 3 (փորակ) կիպացման մակերևույթներ: Ապարատին կամ արմատուրին քլորի խողովակաշարի միացման հանգույցի կոնստրուկցիան որոշվում է նախագծով, ապարատների և արմատուրների միացման հանգույցներին ներկայացվող համապատասխան պահանջների հիման վրա:

96. Քլորի խողովակաշարերի կցաշուրթային միացումների համար միջադիրները պետք է պատրաստված լինեն պարոնիտից, ֆտորոպլաստից, կապարից կամ քլորի միջավայրում կայուն այլ նյութերից: Միջադիրների կրկնակի օգտագործումը չի թույլատրվում: Քլորակայուն ռետինից ռետինե միջադիրների կիրառումը թույլատրվում է միայն վակուումային գծերի վրա: Վակուումային խողովակաշարերի մասերի միացումը կարող է լինել խողովակապտուկաճակատային կամ կցաշուրթային, ըստ ստանդարտ կատարմամբ 4 (բութակ) և 5 (փորակ) կիպացման մակերևույթներով:

97. Քլորի խողովակաշարերի վրա պետք է կիրառել հատուկ քլորի համար նախատեսված փակիչ արմատուրներ: Փակիչ արմատուրի փականի կիպությունը, ըստ փականների հերմետիկության նորմերի, չպետք է ցածր լինի հերմետիկության «Վ» դասից: Արմատուրի կոնստրուկցիայի նյութերը պետք է քլորի միջավայրին կայուն լինեն և ապահովեն արմատուրի հուսալի շահագործումը ջերմաստիճանի և ճնշման աշխատանքային ընդգրկույթում: Փակիչ արմատուրները պետք է տեղակայված լինեն սպասարկման համար հարմար տեղերում:

98. Մինուս 40 oC ցածր հաշվարկային նվազագույն ջերմաստիճանով կլիմայական շրջաններում տեղակայվող, մինուս 40 oC-ից մինչև մինուս 70 oC աշխատանքային ջերմաստիճան ունեցող հեղուկ քլորի խողովակաշարերը, ինչպես նաև բացօթյա (արտաքին) քլորի խողովակաշարերը, պետք է պատրաստված լինեն ցրտակայուն պողպատներից (10Գ2, 09Գ2Ս, X18H10T և այլն մակնիշների):

99. Չի թույլատրվում քլորի խողովակաշարերն անցկացնել արտաքին պատերով և օժանդակ, վարչական, կենցաղային, արտադրական և ուրիշ շինությունների միջով, որոնցում քլոր չի արտադրվում, չի պահվում և չի օգտագործվում: Թույլատրվում է խողովակաշարեր անցկացնել այն շինությունների արտաքին պատերով, որոնցում արտադրվում, օգտագործվում կամ պահվում է քլորը, ինչպես նաև այդ շինությունների տանիքի վրայով դեպի արտաքին կայանքներ:

100. Արգելվում է քլոր տեղափոխող խողովակաշարերին ամրակցել ուրիշ խողովակաշարեր (բացի առանց եռակցման ամրակցվող ջերմաուղեկցիչներից):

101. Խողովակաշարով հեղուկ քլոր տեղափոխելու դեպքում, այն տեղերում, որտեղ չի բացառվում երկու փակված կափույրների միջև խողովակաշարում հեղուկ քլորի փակման հնարավորությունը պետք է նախատեսված լինի կանոնակարգվածից բարձր ճնշման գերազանցումից խողովակաշարի պաշտպանության համար սարքվածք:

102. Խողովակաշարերով գազակերպ քլորի տեղափոխման դեպքում պետք է բացառված լինի ջերմաստիճանի նվազման ժամանակ ապարատներում և խողովակաշարերում քլորի խտացման (հեղուկացման) հնարավորությունը, ինչին կարելի է հասնել`

1) տաքացնելով գազակերպ քլորի խողովակաշարերի պատերի արտաքին մակերևույթներն էլեկտրամալուխներով տաքացվող ջերմաուղեկցիչներով, ընդ որում, քլորի ճնշման և ջերմաստիճանի արժեքները չպետք է գերազանցեն ընդունված հաշվարկային մեծությունները և ցուցված լինեն տեխնոլոգիական գործելակարգում.

2) ապարատներում և խողովակաշարերում քլորի գոլորշիների մասնական ճնշման իջեցմամբ (խտացման ջերմաստիճանի դեպքում ճնշման մեծությունը պետք է ցածր լինի քլորի գոլորշիների ճնշումից).

3) շինություններից դուրս տեղակայված ապարատները ջերմակիրով տաքացնելով, ընդ որում, քլորի ճնշման և ջերմաստիճանի արժեքները չպետք է գերազանցեն ընդունված հաշվարկային մեծությունները և ցուցված լինեն տեխնոլոգիական գործելակարգում:

103. Հեղուկ և գազակերպ քլորի խողովակաշարերի տեղադրման ժամանակ պետք է ապահոված լինի հաղորդակցուղիների ամենափոքր երկարություն, բացառվի կախ ընկնելը և լճացման (անշարժ) գոտիների առաջացումը: Քլորի խողովակաշարերի տեղադրման ժամանակ պետք է նախատեսված լինեն փոխհատուցիչներ, այդ թվում` խողովակների ջերմաստիճանային ազդազերծում (հավասարակշռում):

104. Քլորի խողովակաշարերի ինքնահոս դատարկման հնարավորությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տեղադրել թեքությամբ դեպի փոխանցող և (կամ) ընդունող տարողությունների կողմը:

105. Քլորի պարունակող խողովակաշարերի համար անհրաժեշտ է նախատեսել փչամաքրմամբ դրանց դատարկման հնարավորությունը չոր (մինուս 400 C ցողի կետով) սեղմված օդով (ազոտով) կամ վակուումացմամբ, հետագա փչամաքրմամբ չոր սեղմված օդով (ազոտով) այնքան ժամանակ մինչև փչամաքրման գազերում քլորի մնացորդային խտությունը կազմի 1 մգ/մ3-ից ոչ ավելի:

106. Հեղուկ և գազակերպ քլորի փոխադրման համար միջարտադրամասային խողովակաշարերը պետք է ունենան դատարկման, փչամաքրման և ճնշափորձարկման համար փակիչ արմատուրներով և խցափակիչներով խողովակապտուկներ:

107. Տեխնոլոգիական սարքավորումների և խողովակաշարերի տեղաբաշխումը պետք է ապահովի սպասարկման, նորոգման, ապարատների և նրա տարրերի փոխարինման աշխատանքների կատարման ժամանակ հարմարավետություն, ինչպես նաև սարքավորումների և խողովակաշարերի արտաքին մակերևույթների վիճակի նկատմամբ դիտողական վերահսկողության (օժանդակ միջոցների օգտագործմամբ` տեսողական և չափիչ վերահսկողություն) հնարավորություն:

108. Քլորի միջավայրում աշխատող սարքավորումների և խողովակաշարերի արտաքին մակերևույթները պետք է ունենան քլորի քիմիական ներգործության նկատմամբ կերամաշակայուն նյութերից պերքլորվինիլային արծնաներկով ներկվածք:

109. Խողովակաշարերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետք է ունենան տարբերիչ ներկվածք (ճանաչող գունապատում), նախազգուշացնող նշաններ (անվտանգության նշանների հետ համատեղ) և տեսականշման վահանիկներ:

110. Գազակերպ քլորի` 50 մմ և ավելի պայմանական տրամագծով խողովակաշարերի և հեղուկ քլորի բոլոր խողովակաշարերի համար կազմակերպությունում պետք է կազմված լինեն տեխնոլոգիական փաստաթղթեր և անձնագրեր:

111. Քլորի խողովակաշարերը պետք է ամրության և կիպության փորձարկման ենթարկվեն չոր օդով (ազոտով):

112. Շահագործումից առաջ քլորի խողովակաշարերը պետք է լինեն չորացված (փչամաքրմամբ կամ վակուումացմամբ` հետագա փչամաքրմամբ), հերմետիկության փորձարկման ենթարկված (աշխատանքային ճնշման տակ խողովակաշարի մեջ գազակերպ քլորով խառնված սեղմված օդի (ազոտի) մատուցմամբ): Խողովակաշարերի օդաճնշական փորձարկման ժամանակ ճնշման անկման թույլատրելի արագությունը պետք է ժամում 0,05%-ից ավելի չլինի: Խողովակաշարերի հերմետիկության ստուգման կարգը կանոնակարգվում է կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգով:

113. Հերմետիկության համար խողովակաշարերի ստուգումը, որպես կանոն, պետք է կատարվի սարքավորումների հետ միասին` սարքավորումների և փականային արմատուրների, խողովակաշարերի զննման և վերանորոգման, հավաքակցման աշխատանքներն իրականացնելուց հետո:

114. Քլորի խողովակաշարերի, փականային արմատուրների և ապահովիչ կափույրների զննումների անցկացման համար կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամկետները (գրաֆիկները) և ծավալները պետք է համապատասխանեն դրանք պատրաստող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական փաստաթղթերում և անձնագրերում նշված նորմերի, տեխնիկական պայմանների և հանձնարարականների պահանջներին:

115. Ապահովիչ կափույրների փորձարկումների ժամանակ պետք է ապահովված լինի կափույրների գործարկվելու (բանելու) ճնշման գրանցումն ինքնագիր գրանցող սարքերով` պահպանելով փորձարկումների արդյունքների դիագրամաները մինչև հաջորդ փորձարկումը:

116. Քլորի հետ աշխատանքի համար նախատեսված բոլոր սարքավորումները և խողովակաշարերը շահագործման հանձնելուց առաջ պետք է մաքրված լինեն կողմնակի խառնուկներից, խոնավությունից և չոր օդով փչամաքրված` քլորային ապարատների չորացման և վերահսկողության վերաբերյալ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգներին համապատասխան:

117. Շահագործման կոնկրետ պայմաններից ելնելով` սարքավորումների, խողովակաշարերի և արմատուրների տեխնիկական սպասարկման աշխատանքների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում և հաստատվում է կազմակերպության ղեկավարության կողմից` գործող օրենսդրության և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

118. Հիմնական տարողունակ (ծավալային) սարքավորումների, ջերմափոխանակման տեխնոլոգիական սարքավորումների և խողովակաշարերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ պահանջների նվազագույն ծավալները և տեխնիկական վիճակի ստուգման (զննման) պարբերականությունը նշված է սույն կանոնների N 4 ձևում: Ներքին զննումները և վկայագրումը (նախապատրաստումը, կազմակերպումը և անցկացումը) պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգներին համապատասխան:

119. Քլորի միջավայրում 10 տարվանից ավելի աշխատած ծավալային սարքավորումների, ջերմափոխանակման սարքավորումների և խողովակաշարերի, երկաթուղային վագոն-ցիստեռների, տակառների և բալոնների շահագործումը (հաշվի առնելով դրանց տեխնիկական անձնագրերում նշանակված ծառայության ժամկետները և այլ տվյալները) թույլատրվում է միայն հիմնավորված հաշվարկների ու եզրակացությունների հիման վրա դրանց տեխնիկական վիճակի համալիր գնահատում անցկացնելուց և շահագործման հետագա թույլատրելի պաշարը որոշելուց հետո` նոր նշանակված թույլատրելի ծառայության ժամկետի հաստատված եզրակացության առկայության դեպքում:

120. Նոր նշանակված թույլատրելի ծառայության ժամկետի եզրակացությունում պետք է սահմանված լինեն սարքավորումների և խողովակաշարերի տեխնիկական վիճակի ստուգման ծավալների և պարբերականության վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ:

121. Խողովակաշարերի պարբերական ընտրանքային զննման ենթակա են`

1) յուրաքանչյուր ագրեգատի (ճնշակ, սառնարան, խտարար, թափամեղմիչ և այլն) երկուսից ոչ պակաս տեղամասեր.

2) յուրաքանչյուր գազ (հեղուկ) ամբարի կամ չափանոթի գազակերպ քլորի լցման, դատարկման խողովակաշարի երկուական տեղամասեր.

3) յուրաքանչյուր հավաքիչի և մինչև 100 մետր երկարության միջարտադրամասային խողովակաշարի երկուական տեղամասեր և մեկական տեղամաս յուրաքանչյուր լրիվ 200 մետրի, ինչպես նաև մնացած հաջորդ երկարության վրա:

122. Խողովակաշարի պատերի հաստությունը հարկավոր է որոշել չքայքայող վերահսկողության եղանակով: Պատի հաստության որոշումը գայլիկոնման եղանակով կարող է կատարվել միայն այն տեղերում, որտեղ դժվարացված կամ անհնար է չքայքայող վերահսկողության եղանակի կիրառումը:

123. Խողովակաշարի պարբերական ընտրանքային զննման անբավարար արդյունքների դեպքում նշանակվում է ընդհանուր ընտրանքային զննում:

124. Խողովակաշարերի ընդհանուր ընտրանքային զննումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծավալով, չափելով պատերի հաստությունը չքայքայող վերահսկողության եղանակով ապարատների միջև, ապարատների և հավաքիչների միջև գտնվող յուրաքանչյուր խողովակաշարի վրա երկու տեղում, ինչպես նաև հավաքիչների և միջարտադրամասային խողովակաշարերի յուրաքանչյուր 25 մետր երկարության վրա:

125. Խողովակաշարի ընդհանուր ընտրանքային զննման անբավարար արդյունքների դեպքում պետք է նշանակվի լրիվ զննում, որի արդյունքների հիման վրա ընդունվում է խողովակաշարի մասնակի կամ լրիվ փոխարինման մասին որոշում:

126. Առանձին հիմնավորված դեպքերում (նոր տեխնոլոգիաների ներդրման կամ տեխնոլոգիական գործընթացների փոփոխման կամ վթարների կամ խողովակաշարերի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի պահանջով և այլն) կարող է նշանակվել խողովակաշարերի վաղաժամկետ զննում:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 529-Ն
Որոշում