Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.0971.090611

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հունիսի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2011 թվականի մայիսի 19-ին մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին:

i

2. Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կդադարի 2001 թվականի մայիսի 25-ին ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործառության կարգի մասին» արձանագրության գործողությունը (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2002 թվականի ապրիլի 3-ին` Ազգային ժողովի Ն-272-2 որոշմամբ):

3. Համաձայնագրի նպատակն է` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների (այսուհետ` ՀԱՊԿ) հավաքական անվտանգության համակարգի անհրաժեշտ ուժերի և միջոցների կազմավորման և կատարելագործման միջոցով ՀԱՊԿ մասնակից պետությունների նկատմամբ զինված հարձակմանը (ագրեսիային) և այլ մարտահրավերներին ու սպառնալիքներին (միջազգային ահաբեկչություն, անդրազգային հանցավորություն, արտակարգ իրավիճակներ) համարժեք արձագանքման ապահովումը:

4. Համաձայնագրով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կազմավորման և գործառնության հիմնական սկզբունքներն են համարվում` հավաքական անվտանգության համակարգի պաշտպանական բնույթը, բոլոր Կողմերի համար հավաքական անվտանգության և անվտանգության հավասար մակարդակի անբաժանելիությունը, Կողմերի հավասար պատասխանատվությունը հավաքական անվտանգության ապահովման համար, ինքնապաշտպանության հավաքականությունը, որը նախատեսում է Կողմերի մասնակցությունը կոալիցիոն և/կամ տարածաշրջանային հիմքի վրա զինված հարձակման (ագրեսիայի) խափանմանը, տարածքային ամբողջականության պահպանումը, հարգանքն ինքնիշխանության և ազգային շահերի նկատմամբ, միմյանց ներքին գործերին չմիջամտելը, Կողմերի միջև վեճերի լուծման համար հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցներն օգտագործելու անթույլատրելիությունը, կոալիցիոն և տարածաշրջանային հիմքի վրա հավաքական անվտանգության համակարգի կազմավորումը և զարգացումը:

5. Համաձայնագրով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերը և միջոցները նախատեսված են մասնակցելու` ՀԱՊԿ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների նկատմամբ սպառնալիքի կանխմանը և զինված հարձակման (ագրեսիայի) խափանմանը, զինված գործողությունների և ընդհարումների տեղայնացմանը, Համաձայնագրի մասնակից պետությունների անվտանգության դեմ մարտահրավերների և սպառնալիքների հակազդման միջոցառումներին` ներառյալ միջազգային ահաբեկչության, թմրանյութերի, զենքի ու զինամթերքի անօրինական շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցագործության այլ տեսակների դեմ պայքարին, ռազմական գործողությունների անցկացման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարմանը, արտակարգ իրավիճակների չեզոքացմանը և մարդասիրական օգնության ցուցաբերմանը, նրանց պետական սահմանների, պետական և ռազմական օբյեկտների պաշտպանության ուժեղացմանը, խաղաղապահ գործողություններին և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սահմանած այլ խնդիրներ լուծելու համար:

6. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ են մտնում` կառավարման ազգային մարմիններին ենթակա և ՀԱՊԿ մարմինների որոշումով օգտագործվող` Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային զինված ուժերի և այլ զորքերի միավորումներ, կազմավորումներ, զորամասեր և ստորաբաժանումներ, զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորումներ, զորքերի (ուժերի) տարածաշրջանային (միավորված) խմբավորումներ, միավորված (համատեղ) զինվորական համակարգերի խմբավորումներ, հավաքական խաղաղապահ ուժեր: Իսկ Ռուսաստանի Դաշնության միջուկային ռազմավարական ուժերը կատարելու են ՀԱՊԿ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների նկատմամբ զինված հարձակում (ագրեսիա) իրականացնելու հնարավոր փորձերի զսպման գործառույթ:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. ՀԱՊԿ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների նկատմամբ զինված հարձակումը (ագրեսիան) և այլ մարտահրավերներն ու սպառնալիքները դիտում է որպես Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում (ագրեսիա), այլ մարտահրավերներ ու սպառնալիքներ և ձեռնարկում համապատասխան համարժեք միջոցներ` օգտագործելով Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները,

. Հայաստանի Հանրապետությունը բոլոր պետությունների և պետությունների միությունների հետ իր հարաբերությունները կառուցում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի հիման վրա, աջակցում է ռազմական բնագավառում վստահության միջոցների ընդլայնմանը, հետևողական քաղաքականություն է վարում` ուղղված պատերազմների և զինված ընդհարումների կանխմանը,

. տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հավաքական անվտանգության ապահովման շրջանակներում ռազմական սպառնալիքների կանխման, տեղայնացման և չեզոքացման համար նախապատվություն է տալիս քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներին, ինչպես նաև մասնակցում հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորմանը,

. խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ ստեղծում է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց գործառությունը կանոնակարգվում է համապատասխան համաձայնագրով,

. ՀԱՊԿ մասնակից պետությունները` որպես զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումներ դիտում են` ա) հավաքական անվտանգության արևելաեվրոպական տարածաշրջանի զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը կազմավորվելու է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միութենական պետությունների շրջանակներում, բ) հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորումը, որը կազմավորվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ համաձայնագրերի հիման վրա, գ) կենտրոնասիական տարածաշրջանի զորքերի (ուժերի) խմբավորումը, որը կազմավորվելու է ՀԱՊԿ մասնակից պետությունների միջև երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա և դ) ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ համատեղ օգտագործման համար միավորված (համատեղ) զինվորական համակարգերի խմբավորումները, որոնք կազմավորվելու են գործառնական նշանակությամբ միատարր (հակաօդային պաշտպանության, հետախուզության, կապի, ուժերի (միջոցների) ավտոմատացված կառավարման, հրթիռային հարձակման մասին նախազգուշացման, քիմիական, ճառագայթային և կենսաբանական իրավիճակի, տիեզերական տարածության վերահսկման և այլն) ազգային ուժերի և միջոցների մասերի միավորման ճանապարհով,

. որպես Հավաքական անվտանգության համապատասխան տարածաշրջանի մեջ մտնող պետություն` Հայաստանի Հանրապետությունը սահմանում է զորքերի (ուժերի) տարածաշրջանային (միավորված) խմբավորման և միավորված (համատեղ) զինվորական համակարգերի կազմը, ինչպես նաև այդ կազմում առանձնացված միավորումների, կազմավորումների և զորամասերի անվանացանկը,

. ինքնուրույն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինվորական համակազմերի և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների տեխնիկական ու թիկունքային ապահովումը, ստեղծում է նյութական միջոցների պաշարներ, սահմանված կարգին համապատասխան համալրում է դրանք մինչև համաձայնեցված նորմերը:

8. Ըստ Համաձայնագրի` Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի, ծավալման և կիրառման ժամկետների մասին որոշումն ընդունում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը` ՀԱՊԿ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների դիմումի հիման վրա:

9. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, կոչված են, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, իրականացնելու բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ:

10. Համաձայնագրի դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները, համաձայն ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի, կոչված են ստեղծելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովող լրացուցիչ երաշխիքներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 հունիսի 2011 թվականի

ՍԴՈ-971

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.06.2011
N ՍԴՈ-971
Որոշում