Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

020.0975.140611

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1003.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (2007թ. ԱՊՐԻԼԻ

9-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 հունիսի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Կիվիրյանի, Դ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

ՀՀ Նախագահի ներկայացուցիչ Ն. Ճնգրյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գ. Մուրադյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ Ն. Կարապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42.1-րդ հոդվածի, 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38, 60 (2-րդ կետ) և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի` դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի (2007թ. ապրիլի 9-ի խմբագրությամբ)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի` 06.12.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով և ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչների պարզաբանումները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Դիմողը վիճարկում է օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետը` 2007թ. ապրիլի 9-ի խմբագրությամբ:

Օրենսգրքի` «Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը» վերտառությամբ 1003.1-րդ հոդվածի 1-ին կետը (2007թ. ապրիլի 9-ի խմբագրությամբ) սահմանում էր.

«1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե`

1) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.

2) ապահովագրական պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.

3) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում»:

Օրենսգրքի 1003.1-րդ հոդվածը, որպես լրացում, օրենսգրքում ներառվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ. ապրիլի 9-ին ընդունված և 2007թ. սեպտեմբերի 30-ին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-178-Ն ՀՀ օրենքով:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2010թ. մայիսի 18-ին ընդունված և 2010թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտած ՀՕ-69-Ն ՀՀ օրենքով օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ` «առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և «ՍԻ.ԷՅ.ԱՐ.ԼԻԶ» ՍՊԸ-ի միջև 21.07.2008թ. կնքվել է թիվ MC/012997 «Տրանսպորտային միջոցների ապահովագրության» վկայագիր, որով 1 տարի ժամկետով ապահովագրվել է ավտոմեքենա: Վկայագրի անբաժանելի մասն է հանդիսանում «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ» անվանումով փաստաթուղթը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում վնասվել է ապահովագրված ավտոմեքենան, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն իր գրությամբ մերժել է «ՍԻ.ԷՅ.ԱՐ.ԼԻԶ» ՍՊԸ-ի պահանջը` հատուցելու թիվ MC/012997 «Տրանսպորտային միջոցների ապահովագրության» վկայագրով նախատեսված ապահովագրական հատուցումը` պատճառաբանելով, որ ապահովագրված ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել պայմանագրի անբաժանելի մասը կազմող` «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոնների» խախտում:

«ՍԻ.ԷՅ.ԱՐ.ԼԻԶ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 07.12.2009թ. թիվ ԵԿԴ 1112/02/09 վճռով հայցը բավարարել է մասնակի` պատճառաբանելով, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և «ՍԻ.ԷՅ.ԱՐ.ԼԻԶ» ՍՊԸ-ի միջև 21.07.2008թ. կնքված թիվ MC/012997 «Տրանսպորտային միջոցների ապահովագրության» վկայագրի անբաժանելի մասը կազմող` «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոնների» 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերը հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերին:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և «ՍԻ.ԷՅ.ԱՐ.ԼԻԶ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքների հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 05.03.2010թ. թիվ ԵԿԴ 1112/02/09 որոշմամբ մերժել է «ՍԻ.ԷՅ.ԱՐ.ԼԻԶ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը, մասնակի բավարարել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2009թ. թիվ ԵԿԴ 1112/02/09 վճռի` 13.820.000 ՀՀ դրամ որպես բաց թողնված օգուտ բռնագանձելու մասը բեկանել է և գործն այդ մասով ուղարկել նոր քննության, իսկ մնացած մասով վճիռը թողել է օրինական ուժի մեջ: Նշված որոշմամբ անդրադառնալով ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման օրինաչափությանը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է. «Դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին), և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ըստ որի` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները ..., իրավացիորեն գտել է, որ «Տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության կանոններ»-ի 78.13-րդ, 78.14-րդ, 78.17-րդ կետերով սահմանված պայմանները հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերին»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 19.05.2010թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը:

Գործի նյութերից նաև պարզվում է, որ առաջին ատյանի դատարանի ոչ ճիշտ հղումն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին` «մեխանիկորեն» վերարտադրվել է տվյալ գործով վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման մեջ` կատարելով գործի համար սկզբունքային նշանակության եզրահանգում:

3. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բարձրացնում է օրենքի բացի խնդիր, որը, ըստ դիմողի, դրսևորվում է նրանում, որ օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի վիճարկվող դրույթները, ի տարբերություն նույն հոդվածի` 2010թ. մայիսի 18-ի խմբագրությամբ տեքստի դրույթների, հնարավորություն չեն ընձեռում ապահովագրական ընկերություններին ապահովագրության պայմանագրով նախատեսելու ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով նախատեսված հիմքերից բացի այլ հիմքեր, ինչը տնտեսավարող սուբյեկտին զրկում է շուկայում իր կողմից գնահատված ռիսկերի համաձայն իրականացնել տնտեսական գործունեություն, ինչպես նաև ընդհանրապես բացառում է ապահովագրական գործունեության իրականացման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում: Դիմողը գտնում է, որ ապահովագրական գործունեությունն իրենից ներկայացնում է բացառապես ռիսկերի կառավարման վրա հիմնված տնտեսական գործունեություն և այն պետք է ունենա իր կողմից ռիսկերը կառավարելու իրական և իրավական հնարավորություն` իր գործունեությունն իր կողմից գնահատված ռիսկերին համապատասխանեցնելու հարցում: Իսկ ապահովագրական պայմանագիրը հրապարակային պայմանագրի տեսակ է, որի դեպքում կողմերն ազատ են ինքնուրույն որոշելու այն պայմանները, որի շուրջ կնքում են պայմանագիրը:

Ըստ դիմողի` օրենսգրքի` 2007թ. ապրիլի 9-ի խմբագրությամբ տեքստի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին և 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկները, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` 2007թ. ապրիլի 9-ի խմբագրությամբ տեքստի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկելով, մի կողմից, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` տնտեսական գործունեության ազատության, մյուս կողմից` պայմանագրի ազատության սկզբունքների հետ հարաբերակցության համատեքստում, պատասխանողը գտնում է, որ ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ: Պետությունը պետք է ոչ միայն երաշխավորի այդ ազատությունը, այլև կարգավորի դրա իրացումը` տնտեսությանը տալով կայուն զարգացման կողմնորոշում: ՈՒստի, ըստ պատասխանողի, պետությունն իրավասու է օրենսդրական կարգավորման ենթարկել տնտեսական հարաբերությունների մասնակիցների վարքագիծը` կանխորոշելով նրանց թույլատրելի ազատության չափը և սահմանելով ընդհանուր և հատուկ սահմանափակումներ:

Պատասխանողը միաժամանակ գտնում է, որ թեև քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման հիմքում հիմնականում ընկած է դիսպոզիտիվության սկզբունքը, այնուամենայնիվ, պետությունն իրավասու է նախատեսել և նախատեսել է նաև իմպերատիվ կարգադրագրեր, որոնք պարտադիր են քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների համար: ՈՒստի, ըստ պատասխանողի, դիմողի նշած փաստարկների հիման վրա օրենսգրքի վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելը կնշանակի զրկել պետությանը քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորելու և որոշակի արգելքներ կամ սահմանափակումներ նախատեսելու հնարավորությունից:

Անդրադառնալով օրենքի փոփոխության հիմնախնդրին` պատասխանողը գտնում է, որ նոր իրավակարգավորման նախատեսումը չի նշանակում, որ նախկին կարգավորումը հակասահմանադրական էր: Հասարակական հարաբերությունների զարգացումն ինքնին պահանջում է նաև օրենսդրության կատարելագործում` առկա զարգացումներին և զարգացման միտումներին համընթաց: Պատասխանողն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածում կատարված փոփոխությունները ևս պայմանավորված էին նման զարգացումներով:

5. Սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու նպատակով սահմանադրական դատարանը նախ անհրաժեշտ է համարում դրանք դիտարկել քաղաքացիական օրենսդրությանը բնորոշ` պայմանագրի ազատության սկզբունքի համատեքստում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Պայմանագրի ազատություն» վերտառությամբ 437-րդ հոդվածի ուսումնասիրությունից բխում է, որ պայմանագրի ազատության սկզբունքը, ի թիվս այլնի, ենթադրում է պայմանագրի պայմանների ազատ ընտրություն:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և «Պայմանագիր և օրենք» վերտառությամբ 438-րդ հոդվածի 1-ին կետի ուսումնասիրությունից բխում է, որ օրենքը կամ այլ իրավական ակտը քաղաքացիաիրավական պայմանագրերի առնչությամբ կարող է սահմանել դիսպոզիտիվ և իմպերատիվ պայմաններ: Ընդ որում, եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետն իմպերատիվ պայմանի առնչությամբ սահմանում է, որ պայմանագրի պայմանը չի կարող հակասել օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված իմպերատիվ նորմերի բովանդակությանը, ապա օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին): Այս առումով սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված` «պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին)» բառերը վերաբերում են նաև այդ նորմերի բովանդակությանը: Այսինքն` չնայած ձևակերպման տարբերություններին, օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներն իրենց բովանդակային ծավալով ներդաշնակվում են 438-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների բովանդակային ծավալին: Տարբերությունը կայանում է նրանում, որ օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներն ունեն ավելի լայն բովանդակային ծավալ և վերաբերում են ոչ միայն իմպերատիվ պայմանների բովանդակությանը, այլ նաև ընդհանրապես պայմանագրի վերաբերյալ ցանկացած իմպերատիվ պահանջի:

Իսկ դիսպոզիտիվ նորմերի պարագայում պայմանագրով կարող է բացառվել դիսպոզիտիվ նորմով նախատեսված պայմանի կիրառումը կամ կարող է նախատեսվել դիսպոզիտիվ նորմով նախատեսվածից այլ պայման:

Այսպիսով, պայմանագրի ազատության բովանդակությունը` պայմանագրի պայմանների բովանդակության ազատ ընտրության առումով հանգում է նրան, որ պայմանագրի կողմերն իրենց հայեցողությամբ սահմանում են պայմանագրի պայմանները` ստանձնելով փոխադարձ պարտավորություններ և ձեռք բերելով համապատասխան իրավունքներ: Պայմանագրի կողմերին ուղղված միակ պահանջն այն է, որ նրանց միջև փոխհամաձայնեցված պայմանի բովանդակությունը չհակասի օրենքի իմպերատիվ նորմով սահմանված պայմանի բովանդակությանը: Մասնավորապես, կողմերը չեն կարող օժտվել հայեցողությամբ պայմանագրի այն պայմանի բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով, կամ սահմանել օրենքի իմպերատիվ նորմով սահմանված պայմանին հակասող պայման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պայմանագրով սահմանված պայմանը նախատեսված կամ բացառված չէ օրենքով կամ այլ իրավական ակտով, ապա նշված դեպքերում քաղաքացիաիրավական պայմանագրի կողմերը կարող են կաԺմ պայմանագրով նախատեսել օրենքով կամ այլ իրավական ակտով չնախատեսված ցանկացած պայման, կաԺմ դիսպոզիտիվ նորմով սահմանված լինելու դեպքում` սահմանել դիսպոզիտիվ նորմով նախատեսվածից այլ պայման:

Վերոշարադրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` 2007 թվականի ապրիլի 9-ի խմբագրությամբ տեքստի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետում առկա չէ օրենքի բաց, քանի որ անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետը հղում կկատարի քաղաքացիաիրավական պայմանագրին, թե` ոչ, պայմանագրի կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437 և 438-րդ հոդվածների ուժով կարող են պայմանագրով նախատեսել օրենքով կամ այլ իրավական ակտով չնախատեսված ցանկացած պայման, այն վերապահումով, որ կողմերը չեն կարող հայեցողություն դրսևորել պայմանագրի այն պայմանի բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով: Ինչ վերաբերում է «Տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների»` սույն գործին առնչվող կետերին, ապա դրանցում տառացիորեն հղումը կատարվում է «ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների» խախտմանը: Նման կանոններ սահմանված են, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, որի առանձին դրույթներ վերարտադրվել են կողմերի փոխադարձ պարտավորություններում: Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և գործող այլ օրենքների (մասնավորապես` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի) իրավական մոտեցումները կառուցված են այն հայեցակարգի վրա, որ փոխհատուցելի է միայն այն վնասը, որն առաջացել է տուժողի ոչ դիտավորյալ գործողության արդյունքում, որ վնասը հիմնավորված ու փաստացի ապացուցված է ու բխում է կողմերի փոխադարձ պարտավորությունների կատարման պայմաններից: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1020-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է` «Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց...»: Այստեղ բացառություն նախատեսվում է միայն արտակարգ կամ օրենքով նախատեսվող այլ իրավիճակների դեպքում, սակայն ուշադրության է արժանի մոտեցման ընդհանուր տրամաբանությունը: Օրենսգրքի նշված հոդվածի, ինչպես նաև 436-438-րդ, 441-րդ և մի շարք այլ հոդվածների առկայության պայմաններում, թերևս, կարող էր նաև փոփոխություն չկատարվել 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում` կրկին անգամ շեշտելով ոչ միայն օրենքով, այլև պայմանագրով նախատեսված պայմանի պարագան:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի բնույթին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններն իմպերատիվ պայմաններ են, որոնց պարագայում պայմանագրի կողմերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437 և 438-րդ հոդվածների ուժով իրավասու են պայմանագրով նախատեսել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված ցանկացած այլ պայման, սակայն չեն կարող փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված պայմանների բովանդակությունը, ինչպես նաև չեն կարող սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին հակասող պայման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ապահովագրական ընկերությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով չնախատեսված` ապահովագրական հատուցումը նվազեցնելու և հատուցումը մերժելու վերաբերյալ ցանկացած այլ պայմանի ամրագրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված` պայմանագրի ազատության սահմանափակման շրջանակներում է, եթե, նախ` այդպիսի պայմանի բովանդակությունը չի փոխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմանների բովանդակությունը, երկրորդ` այդպիսի պայմանը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:

6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում գնահատել նաև «պարտականություն» և «պարտավորություն» հասկացությունների մեկնաբանման ու կիրառման պրակտիկան, բացահայտել դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է. ՀՀ Սահմանադրության 16, 22, 30.1, 42, 55, 60, 81, 83.5, 88 և 98-րդ հոդվածներում սահմանադիրը «պարտականություն» հասկացությունն օգտագործում է օրենքով սահմանվող պարտականության կամ միջազգային պայմանագրով սահմանվող` ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականության առնչությամբ:

ՀՀ Սահմանադրության 43, 44, 81 և 100-րդ հոդվածներում սահմանադիրը «պարտավորություն» հասկացությունն օգտագործում է միջազգային պայմանագրով պետության համար պարտավորության առնչությամբ և մեկ դեպքում` Սահմանադրության 16-րդ հոդվածի 5-րդ մասում` քաղաքացիաիրավական հարաբերությունների առնչությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21, 27, 60, 345-353-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը վկայում է, որ քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության ստանձնումը ոչ թե իրավունքի սահմանափակում է, այլ իրավունքի իրացման պայման ու երաշխիք: Միաժամանակ, նույն օրենսգրքի, մասնավորապես` 3, 10 և 20-րդ հոդվածները վկայում են, որ քաղաքացիական իրավունքներ ունենալը և պարտականություն կրելը հանդես են գալիս զուգորդված: Ընդ որում, պարտականությունները ծագում են օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից: Ակնհայտ է նաև, որ օրենքի հիմքով ծագող պարտականության հնարավոր սահմանափակումները կարող են նախատեսվել միայն օրենքով:

ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Սահմանադրությամբ և օրենքներով` իրավունքի սուբյեկտի կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն: «Պարտավորություն» հասկացությունն իր հերթին ենթադրում է իրավունքի սուբյեկտի կողմից իրավունքի ուժով կամ իր ազատ կամահայտնությամբ և սեփական գործողությունների շնորհիվ ստանձնված համապատասխան վարքագիծ: Ընդ որում, քաղաքացիաիրավական պայմանագրով սահմանված պարտավորությունը կարող է կաԺմ վերարտադրել արդեն իսկ Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված պարտականության բովանդակությունը, կաԺմ ամրագրել քաղաքացիաիրավական պայմանագրերի առնչությամբ օրենքով կամ այլ իրավական ակտով չնախատեսված պարտավորություն, այն վերապահումով, որ կողմերը չեն կարող հայեցողություն դրսևորել պայմանագրի այն պայմանի բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով, ինչպես նաև սահմանել օրենքի իմպերատիվ նորմով սահմանված պայմանին հակասող պայման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված պարտավորությունների առնչությամբ կիրառելի չէ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները: Հետևաբար` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված պարտավորությունների առնչությամբ կիրառելի չէ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, որը վերարտադրում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները, ինչի բովանդակությանը սույն գործով հղում են կատարել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «պարտականություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է Սահմանադրությամբ և օրենքներով` իրավունքի սուբյեկտի կամքից անկախ, վերջինիս համար սահմանված պարտադիր վարքագծի կանոն, իսկ «պարտավորություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է իրավունքի ուժով կամ իր ազատ կամաարտահայտմամբ և սեփական գործողությունների շնորհիվ ստանձնած համապատասխան վարքագիծ:

Իրավակիրառական պրակտիկայում տվյալ հասկացությունները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այլ կերպ, որը կհակասի դրանց` սույն որոշման մեջ արտահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 հունիսի 2011 թվականի

ՍԴՈ-975

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.06.2011
N ՍԴՈ-975
Որոշում