Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ Ո ...

 

 

113.0735.130711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11311326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 հունիսի 2011 թվականի N 735-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 13-րդ կետի 7-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա ընդունվելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2011 թ. հունիսի 23-ի

N 735-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) պատվերով համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա (այսուհետ` Օրդինատուրա) ընդունվելու կարգն ու պայմանները:

2. Սույն կարգի համաձայն` համապատասխան բժշկական ուսումնական հաստատություններ են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը և օտարերկրյա պետությունների բժշկական ուսումնական հաստատությունները:

3. Օրդինատուրայում զինծառայողների ուսուցման կազմակերպման հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` Զինված ուժեր) համար նեղ մասնագիտական որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների պատրաստումն է:

4. Նախարարության պատվերով Օրդինատուրա ընդունվելու համար մրցույթն (այսուհետ` Մրցույթ) անցկացվում է Օրդինատուրայի ընդունելության կազմակերպման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից հաստատված մասնագիտական գիտելիքների ստուգման հարցաշարերի հիման վրա` հարցազրույցի միջոցով:

5. Դիմորդը Մրցույթ հայտարարվելուց հետո մեկամսյա ժամկետում իր ծառայության վայրի զորամասի հրամանատարին ներկայացնում է զեկուցագիր` նշելով մասնագիտության անվանումը:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված զեկուցագրի վերաբերյալ Դիմորդի ծառայության վայրի զորամասի հրամանատարի դրական կարծիքի դեպքում այն զեկուցվում է ըստ վերադասության և ուղարկվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, որտեղ կազմվում են դիմորդների անձնական գործերը: Զեկուցագրին կցվում է`

1) ինքնակենսագրությունը,

2) ծառայողական բնութագիրը,

3) բարձրագույն բժշկական հաստատության դիպլոմի (վկայականի) և առաջադիմության միջուկի պատճենը,

4) ինտերնատուրան (մագիստրատուրան) ավարտելու վկայականի պատճենը,

5) անձնագրի պատճենը,

6) սպայի անձնական վկայականի պատճենը,

7) 3/4 չափի 1 լուսանկար,

8) տույժերի և խրախուսանքների ցանկը` հաստատված զորամասի հրամանատարի կողմից:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը մինչև ընդունելության տարվա հուլիսի 10-ը նախապատրաստում է Նախարարի «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունների Օրդինատուրայի ընդունելություն հայտարարելու և մրցույթ անցկացնելու, ինչպես նաև մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և ընդունելության համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» հրամանի նախագիծ և ստորագրման է ներկայացնում Նախարարին:

8. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքների պատասխանատու ստորաբաժանումը Զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունն է:

9. Գումարված առաջին նիստում հանձնաժողովը քննության է առնում Դիմորդների փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում` Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:

10. Դիմորդին չի թույլատրվում մասնակցել Մրցույթին, եթե չի ներկայացրել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը, կամ փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում թերության առկայության դեպքում Դիմորդին հնարավորություն է տրվում մեկօրյա ժամկետում դրանք շտկել: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել Դիմորդին: Մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը գրավոր տեղեկացնում է Դիմորդին:

11. Եթե Հանձնաժողովը Դիմորդներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթին, ինչպես նաև` եթե Դիմորդներից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովը Մրցույթը չկայացած համարելու մասին ընդունում է որոշում: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Նախարարին:

12. Մրցույթն անցկացվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հրամանով սահմանված ժամկետում:

 

III. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

13. Դիմորդների հետ հարցազրույցն անցկացվում է նրանց մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

14. Հանձնաժողովը յուրաքանչյուր Դիմորդի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

15. Հարցազրույցի ընթացքում Դիմորդի պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) Հանձնաժողովի` հարց տվող անդամի կողմից:

16. Եթե Դիմորդի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատող անդամի կողմից ասվում է ճիշտ պատասխանը:

17. Մրցութային հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշում է Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Դիմորդներին:

18. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն Դիմորդը, ով հարցազրույցից հետո, Հանձնաժողովի դռնփակ նիստում հարցազրույցի արդյունքների հիման վրա գնահատվել է առավել բարձր:

19. Հանձնաժողովի կողմից Դիմորդների հավասար գնահատվելու դեպքում նախատեսվող առավելության պայմաններն են`

1) պետական բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանց ավարտելը,

2) սահմանամերձ զորամասերում ծառայությունը,

3) մարտական գործողությունների բժշկական ապահովման փորձ ունենալը,

4) զինվորական ծառայության ստաժը,

5) տեսչական (եզրափակիչ) ստուգումների ժամանակ երկու և ավելի անգամ լավ կամ գերազանց արդյունքներ ցուցաբերելը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարական կամ Նախարարի կողմից տրված պարգևներ ունենալը:

20. Հանձնաժողովի նիստը գումարվում է Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցությամբ:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Դիմորդների համապատասխան փաստաթղթերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչություն` Օրդինատուրա ընդունվելու վերաբերյալ Նախարարի հրամանի նախագիծ նախապատրաստելու և ստորագրման ներկայացնելու համար:

23. Մրցույթից հետո չհամալրված տեղեր մնալու դեպքում, նույն օրը, չհաղթած, բայց դրական գնահատված Դիմորդների հետ կազմակերպվում է լրացուցիչ մրցույթ` սույն կարգով նախատեսված ընթացակարգով:

24. Նախարարի հրամանով Օրդինատուրա ընդունված բժիշկ-սպաները (այսուհետ` Օրդինատոր) 10 օրվա ընթացքում իրենց նախկին զինվորական ծառայության վայրից իրային և դրամական վկայականներով ներկայանում են մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանում` նշանակված վայր մեկնելու համար:

25. Մինչև ուսումնառության մեկնելը ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը, նախապես համաձայնեցված օրը, Օրդինատորների հետ (որպես ունկնդիր) կնքում է ուսումնական և հետուսումնական 5 տարի զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրեր, եթե այդ ունկնդիրները չունեն 20 տարվա զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կամ Օրդինատուրան ավարտելու պահին վերջիններիս հետագա պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը 5 տարուց պակաս է:

26. ՈՒսումնական և հետուսումնական 5 տարի զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում Օրդինատորի ընդունելության արդյունքները համարվում են չեղյալ և նա վերադառնում է իր ծառայության վայր:

27. Օրդինատորների համար պահպանվում են Նախարարի հրամանով սահմանված դրամական բավարարման չափերը:

28. Օրդինատուրայում սովորած տարիներին զինվորական կոչման ժամկետը լրանալու դեպքում Օրդինատորը ներկայացվում է հերթական զինվորական կոչման, եթե նախկին զբաղեցրած պաշտոնի կոչումը համապատասխանում է (կամ գերազանցում է) առաջարկված կոչմանը:

29. Օրդինատորների հանդերձանքի բավարարումը կատարվում է համաձայն մատակարարման նորմերի` Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից:

30. ՀՀ համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունից սահմանված հեռավորության վրա բնակվող Օրդինատորներն ապահովվում են հանրակացարանով կամ Նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով և չափով ստանում բնակվարձի փոխհատուցում:

31. Օրդինատուրայում ուսումնառության ընթացքում զինծառայողները ենթարկվում են տվյալ բժշկական ուսումնական հաստատության կլինիկական օրդինատուրայի կանոնակարգին: Բժշկական ուսումնական հաստատության կողմից տրված բացասական եզրակացության հիման վրա տվյալ կլինիկական Օրդինատորը Նախարարի հրամանով հեռացվում է կլինիկական Օրդինատուրայից և ուղարկվում ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` հետագա ծառայությունը շարունակելու հարցը կարգավորելու համար:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
23.06.2011
N 735-Ն
Հրաման