ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0803/02/09
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0803/02/09
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ Աիդա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` նվիրատվության պայմանագրի նկատմամբ առոչնչության հետևանքները կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուդոլֆ Տեր-Մանվելյանը պահանջել է Վերոնիկա Մանվելյանի հետ 19.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ցմահ ռենտայի պայմանագրին վերաբերող կանոնները:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2010 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Աիդա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Աիդա Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածը, 226-րդ հոդվածի 1-ին կետը, 240-րդ հոդվածի 2-րդ կետը և 278-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, մերժելով Աիդա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ որպես Վերոնիկա Մանվելյանի և Աիդա Խաչատրյանի միջև 14.01.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի պարտավորության կատարման ապահովում Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը գրավ է դրվել, և Աիդա Խաչատրյանին տրվել է թիվ 0163631 գրավի (հիփոթեքի) իրավունքի գրանցման վկայականը: Հետևաբար, սույն գործով կայացված դատական ակտը վերաբերում է բողոք բերած անձի իրավունքներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 19.04.2007 թվականին Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` Ռուդոլֆ Տեր-Մանվելյանը Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը նվիրել է աղջկան` Վերոնիկա Մանվելյանին: Վերջինիս սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում (հատոր 1-ին, գ. թ. 9, գ. թ. 10-11):
2. 14.01.2009 թվականի փոխառության պայմանագրով Աիդա Խաչատրյանը Վերոնիկա Մանվելյանին է հանձնել 3.600.000 ՀՀ դրամ` մինչև 14.05.2009 թվականը վերադարձնելու պայմանով: Նույն օրը նրանց միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված մեկ այլ` թիվ 99 անշարժ գույքի (բնակարան) գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որի համաձայն` Վերոնիկա Մանվելյանը գրավ է դրել Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը: Պայմանագրի հիման վրա գրանցվել է Աիդա Խաչատրյանի գրավի իրավունքը (հատոր 2-րդ, գ. թ. 10-11, գ. թ. 12):
3. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Աիդա Խաչատրյանի հայցն ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարվել է, որի հիման վրա 02.12.2009 թվականին հարուցվել է կատարողական վարույթ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
Սույն գործի փաստերի համաձայն` 19.04.2007 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Ռուդոլֆ Տեր-Մանվելյանը Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը նվիրել է աղջկան` Վերոնիկա Մանվելյանին, որի սեփականության իրավունքը գրանցվել է: 14.01.2009 թվականին Աիդա Խաչատրյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որով Աիդա Խաչատրյանը Վերոնիկա Մանվելյանին հանձնել է 3.600.000 ՀՀ դրամ` մինչև 14.05.2009 թվականը վերադարձնելու պայմանով: Նույն օրը նրանց միջև կնքվել է Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանի գրավի թիվ 99 պայմանագիրը` նոտարական կարգով վավերացված, որից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում: Սահմանված ժամկետում` մինչև 14.05.2009 թվականը, Վերոնիկա Մանվելյանն Աիդա Խաչատրյանին չի վերադարձրել փոխառության գումարը, ինչի հիմքով Աիդա Խաչատրյանը դիմել է դատարան ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` գումարի բռնագանձման պահանջով, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Աիդա Խաչատրյանի հայցը բավարարվել է, ու հարուցվել է կատարողական վարույթ:
Սույն գործով Դատարանի 24.12.2009 թվականի վճռով Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև 19.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառվել են առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ցմահ ռենտայի պայմանագրին վերաբերող կանոնները:
Վերաքննիչ դատարանը Աիդա Խաչատրյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Դատարանի վճռով լուծվել է Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև նվիրատվության գործարքից ծագող վեճը», հետևաբար «դատարանի վճիռը չի վերաբերում բողոքաբերի իրավունքներին»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` 1) կառուցապատման 2) գույքի օգտագործման 3) սերվիտուտի 4) գրավի:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն` գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովումն իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 576-րդ հոդվածի համաձայն` հողամասը կամ այլ անշարժ գույքը ռենտայի դիմաց հանձնելու դեպքում ռենտա ստացողն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում գրավի իրավունք` ի ապահովումն իր հանդեպ ռենտա վճարողի պարտավորության կատարման:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աիդա Խաչատրյանը սույն գործով վեճի առարկա բնակարանի նկատմամբ ձեռք է բերել գույքային իրավունք, այն է` գրավի իրավունք` ի ապահովումն իր հանդեպ Վերոնիկա Մանվելյանի դրամ վճարելու պարտավորության կատարման: Այսինքն` Դատարանի վճռով նշված բնակարանի նկատմամբ ճանաչվել է ևս մեկ գույքային իրավունք, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է գրավառու Աիդա Խաչատրյանի իրավունքներին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի համար էական նշանակություն ունեցող, գործում առկա այնպիսի փաստեր, ինչպիսիք են Աիդա Խաչատրյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև 14.01.2009 թվականին կնքված փոխառության պայմանագիրը, դրա հիման վրա տրված թիվ 99 անշարժ գույքի (բնակարան) գրավի (հիփոթեքի) պայմանագիրը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը, ինչպես նաև Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Աիդա Խաչատրյանի հայցն ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է, և բռնագանձումը տարածվել է գրավ դրված բնակարանի վրա:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աիդա Խաչատրյանին սույն գործի քննությանը մասնակից չդարձնելու արդյունքում վերջինս զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է Աիդա Խաչատրյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Բողոքի այլ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները ստորադաս դատարանի քննության առարկա չեն դարձվել, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան