Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 562-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0235/02/09

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0235/02/09

 

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ն. Հովսեփյան

                       Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Ե. Սողոմոնյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշման դեմ` ըստ Հարություն Հաբեշյանի հայցի ընդդեմ Ռաիսա, Իգնատ և Մանուկ Հաբեշյանների, Հովսեփ Կալեմդարյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Գագիկ Սարգսյանի` ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հարություն Հաբեշյանը պահանջել է «Մասնակի անվավեր ճանաչել Զաքար Տիգրանի Հաբեշյանի անվամբ տրված պետ. նոտարի 16.12.1988թ. հ-3-3615 ժառանգության իրավունքի վկայագիրը: Մասնակի անվավեր ճանաչել պատասխանողներ Ռաիսա, Մանուկ և Իգնատ Հաբեշյանների անվամբ տրված պետ. նոտարի 02.03.2001թ. հ-3-551 ժառանգության իրավունքի վկայագիրը` 305,5քմ մակերեսով օրինական հատկացված հողամասի և այդ հողամասի վրա առկա շենք-շինությունների մասով: Բնեղենով առանձնացնել Հարություն Հաբեշյանի և Ռաիսա, Մանուկ, Իգնատ Հաբեշյանների կողմից փաստացի տիրապետվող ժառանգական գույքը` ճանաչելով Հարություն Հաբեշյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի թիվ 54 հասցեում գտնվող 336,8քմ մակերեսով շենք-շինությունների և 305,5քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Հարություն Հաբեշյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի թիվ 54 հասցեում Հարություն Հաբեշյանի կողմից տիրապետվող 305,5քմ մակերեսով օրինական հատկացված հողամասին կից գտնվող 15,2քմ մակերեսով կարգավիճակը չորոշված հողամասի նկատմամբ»:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Մասնակի անվավեր ճանաչել Զաքար Տիգրանի Հաբեշյանի անվամբ 16.12.1988 թվականին տրված 3-3615 համարի տակ սեղանամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Ռաիսա, Մանուկ ու Իգնատ Հաբեշյանների անվամբ 02.03.2001 թվականին տրված 3-551 համարի տակ սեղանամատյանում գրանցված ժառանգության իրավունքի վկայագիրը և 02.03.2001 թվականին տրված 3-550 համարի տակ սեղանամատյանում գրանցված սեփականության իրավունքի վկայագիրը` 305,5քմ մակերեսով օրինական հատկացված հողամասի և այդ հողամասի վրա առկա շենք-շինությունների մասով: Բնեղենով առանձնացնել Հարություն Հաբեշյանի և Ռաիսա, Մանուկ, Իգնատ Հաբեշյանների կողմից փաստացի տիրապետվող ժառանգական գույքը և Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի թիվ 54 հասցեում գտնվող, Հարություն Հաբեշյանի կողմից փաստացի օգտագործվող օրինական 305,5քմ մակերեսով հողամասի և դրա վրա առկա օրինական շինությունների նկատմամբ Հարություն Հաբեշյանին ճանաչել Տիգրան Զաքարի Հաբեշյանի ժառանգությունն ընդունած ժառանգ` այդ մակերեսների նկատմամբ ճանաչելով նաև նրա սեփականության իրավունքը: Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի թիվ 54 հասցեում օրինական հատկացված 305,5քմ մակերեսով հողամասին կից գտնվող, Հարություն Հաբեշյանի կողմից Շահումյան 16 փողոցի թիվ 52 հասցեի հողամասից փաստացի օգտագործվող 15,2քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Հարություն Հաբեշյանի սեփականության իրավունքը: Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի թիվ 54 հասցեում գտնվող 336,8քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ Հարություն Հաբեշյանի սեփականության իրավունքը ճանաչելու հայցապահանջի մասով գործի վարույթը կարճել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2010 թվականի որոշմամբ Գագիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2009 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2011 թվականի որոշմամբ Հարություն Հաբեշյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է Դատարանի 27.07.2010 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 48-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հարություն Հաբեշյանը, տիրապետելով վիճելի գույքը, ընդունել է դրա նկատմամբ ժառանգությունը` վկայակոչելով Կադաստրի 19.02.2009 թվականի գրությունը: Մինչդեռ, նշված գրությունում բացակայում է ապացույց այն մասին, որ Հարություն Հաբեշյանը ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում կատարել է այնպիսի գործողություններ, որոնք կհաստատեին ժառանգությունն ընդունելու փաստը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում եղած ապացույցները, մասնավորապես` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2010 թվականի որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ Հարություն Հաբեշյանը չի ընդունել Տիգրան Հաբեշյանի ժառանգությունը: Միաժամանակ, նույն որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ ժառանգության բացման ժամանակ տնամերձ հողամասը հանդիսացել է պետության սեփականությունը և ժառանգության զանգվածի մեջ մտնել չէր կարող, իսկ ժառանգության զանգվածի մեջ մտած անշարժ գույքն ամբողջությամբ (70,15քմ մակերեսով տուն) տիրապետել է Զաքար Հաբեշյանը: Հետևաբար, Դատարանի վճիռը հիմնավոր է և կայացվել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության, այն է` դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտով հաստատված հանգամանքների հիման վրա: Ավելին, Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Կադաստրի 19.02.2009 թվականի գրությունը, անտեսել է այն հանգամանքը, որ նշված գրության համաձայն` Հարություն Հաբեշյանը տիրապետում է վիճելի հողամասը, որը խնդրահարույց գույքի մի մասն է, այլ ոչ թե ամբողջը:

Վերաքննիչ դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, չի անդրադարձել վերաքննիչ բողոք բերած անձի ունեցած և հայտնած դիրքորոշմանն առաջին ատյանի դատարանում: Մինչդեռ, վերաքննիչ բողոքում հայտնած դիրքորոշմամբ Հարություն Հաբեշյանը դուրս է եկել վերաքննիչ բողոք բերելու սահմաններից, քանի որ ընդհանուր իրավասության դատարանում հայտնած դիրքորոշումն արտացոլված էր միայն հայցադիմումի հիմքում և առարկայում, իսկ այլ դիրքորոշում վերջինս չի հայտնել: Հետևաբար, վերաքննիչ բողոքը այլ հիմքերի մասերով Վերաքննիչ դատարանում քննության ենթակա չէր:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել հայցվորի և պատասխանողների միջև ժառանգական գույքի բաժանման համաձայնությանը և անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով վեճի հիմքերից մեկը ժառանգության վկայականի մասնակի անվավեր ճանաչումն է և դրանից ածանցվող ժառանգական գույքի բաժանումը, իսկ դատական կարգով ժառանգական գույքի բաժանումը հնարավոր է միայն կողմերի միջև համաձայնության բացակայության` վեճի առկայության դեպքում, որը տվյալ դեպքում բացակայում է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2011 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կադաստրի 19.02.2009 թվականի թիվ 710 գրության համաձայն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 54 հասցեի 70,15քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը 08.02.1961 թվականին գույքագրվել է Տիգրան Զաքարի Հաբեշյանի անվամբ, հողամասը` 17քմ x 30քմ = 510քմ մակերես (հիմք` գույքային թերթ թիվ 40 տոմար, 102 թերթ): Պետական նոտարի 16.12.1988 թվականի ժառանգության իրավունքի թիվ 3-3615 վկայագրի համաձայն` Տիգրան Զաքարի Հաբեշյանի գույքի նկատմամբ ժառանգ է Զաքար Տիգրանի Հաբեշյանը, որի անվամբ 23.12.1988 թվականին գույքագրվել է 70,15քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, հատկացված հողամասը` 510քմ մակերես, փաստացի` 544,9քմ մակերես: Շահումյանի շրջգործկոմի 10.08.1989 թվականի թիվ 21/205 որոշման համաձայն` Շահումյան 16-րդ փողոցի թիվ 54 հասցեում Զաքար Տիգրանի Հաբեշյանի անվամբ գույքագրվել է 266,90քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, հատկացված հողամասը` 510քմ մակերես, փաստացի` 544,9քմ մակերես: Զաքար Տիգրանի Հաբեշյանի` մահացած 03.01.1990 թվականին, գույքի նկատմամբ

(հիմք` պետական նոտարի 02.03.2001 թվականի սեփականության իրավունքի և ժառանգության իրավունքի թիվ 3-551 վկայագրերը) ժառանգներ են տարբեր

բաժնեմասերով` Ռաիսա, Իգնատ և Մանուկ Հաբեշյանները, որոնց անուններով իրավունքի պետական գրանցում չի կատարվել: 13.02.2009 թվականին կատարված չափագրումից պարզվել է, որ Շահումյան 16-րդ փողոցի թիվ 54 հասցեի փաստացի օգտագործվող հողամասը կազմում է 567,5քմ մակերես, որը սահմանազատված է օգտագործողների միջև: 246,8քմ մակերեսով հողամասը, որից 42,3քմ մակերեսի կարգավիճակը որոշված չէ, օգտագործվում է Ռաիսա, Իգնատ և Մանուկ Հաբեշյանների կողմից: 567,5քմ մակերեսով հողամասից 320,7քմ մակերեսով հողամասը, որից 15,2քմ մակերեսի կարգավիճակը որոշված չէ, օգտագործվում է Հարություն Հաբեշյանի կողմից, որի վերաբերյալ արխիվային գործում իրավահաստատող փաստաթղթեր չկան: Ռաիսա, Իգնատ և Մանուկ Հաբեշյանների կողմից օգտագործվում է 156,2քմ արտաքին մակերեսով կարգավիճակը չորոշված շենք-շինություններ, որից 68,2քմ մակերեսը գտնվում է կարգավիճակը չորոշված 42,3քմ մակերեսով հողամասի վրա: Հարություն Հաբեշյանի կողմից օգտագործվում է 336,8քմ մակերեսով կարգավիճակը չորոշված շենք-շինություններ, որից 30,2քմ մակերեսը գտնվում է 15,2քմ մակերեսով կարգավիճակը չորոշված հողամասի վրա (հատոր 1, գ.թ. 11):

2) 16.12.1988 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3-3615 վկայագրի համաձայն` 18.08.1976 թվականին մահացած Տիգրան Զաքարի Հաբեշյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է տղան` Զաքար Տիգրանի Հաբեշյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նույն վկայագիրը, բաղկացած է բնակելի տնից, որը գտնվում է Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 54 հասցեում, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է Շահումյանի շրջանի գործկոմի կողմից 13.10.1988 թվականին տրված թիվ 26/73 որոշմամբ: Ամբողջ բնակելի տունը բաղկացած է 30,15քմ բնակելի, 12քմ օժանդակ և 28քմ այլ մակերեսներից (հատոր 1, գ.թ. 40):

3) 14.02.2001 թվականի մահվան թիվ 054600 վկայականի համաձայն` Զաքար Տիգրանի Հաբեշյանը մահացել է 03.01.1990 թվականին (հատոր 1, գ.թ. 13):

4) 02.03.2001 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3-551 վկայագրի համաձայն` Զաքար Տիգրանի Հաբեշյանի` մահացած 03.01.1990 թվականին, գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում կինը` Ռաիսա Հաբեշյանը, տղան` Իգնատ Հաբեշյանը, Մանուկ Հաբեշյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նույն վկայագիրը, բաղկացած է Երևանի Շահումյան 16 փողոցի թիվ 54 բնակելի տան և հողի 1/2 բաժնից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է Երքաղխորհրդի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 30.08.1989 թվականին տրված թիվ 772 տեխնիկական անձնագրով: Ամբողջ տունը բաղկացած է 266,90քմ ընդհանուր մակերեսից, որից 88,75քմ` բնակելի, 94,45քմ` օժանդակ, և 83,70քմ այլ մակերեսներ, ըստ փաստաթղթերի` 510քմ մակերեսով (փաստացի` 544,9քմ մակերես) հողամասից (հատոր 1, գ.թ. 39):

5) 02.03.2001 թվականի սեփականության իրավունքի թիվ 3-550 վկայագրի համաձայն` Ռաիսա Հաբեշյանին, որը Զաքար Տիգրանի Հաբեշյանի (մահացած 03.01.1990 թվականին) կինն է, սեփականության իրավունքով պատկանում է ամուսինների համատեղ գույքի 1/2 բաժինը: Ընդհանուր համատեղ գույքը բաղկացած է Երևանի Շահումյան 16 փողոցի թիվ 54 բնակելի տնից և հողից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է Երքաղխորհրդի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 30.08.1989 թվականին տրված թիվ 772 տեխնիկական անձնագրով (հատոր 1, գ.թ. 41):

6) Հարություն Տիգրանի Հաբեշյանի հայրը Տիգրան Զաքարի Հաբեշյանն է (հատոր 1, գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի

(ընդունվել է` 04.06.1964 թվականին) 531-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման ժամանակ է համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ նրան մեռած հայտարարելու դեպքում` նույն օրենսգրքի 21 հոդվածում նշված օրը:

Նույն օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:

Նույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգմամբ ժառանգության բացման ժամանակ էր համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված էր համարվում այն դեպքում, երբ նա փաստորեն սկսում էր տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, որպիսի գործողությունները պետք է կատարվեին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Այսինքն` վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով անձը կորցնում էր ժառանգությունն ընդունելու հնարավորությունը և չէր կարող համարվել որպես այն ընդունած:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում եղած բոլոր ապացույցները պարտավոր է գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ տվյալ դեպքում ձեռք չի բերվել ապացույց այն մասին, որ Հարություն Հաբեշյանն ընդունել է Տիգրան Հաբեշյանի ժառանգությունը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Դատարանն անտեսել է, որ Կադաստրի 19.02.2009 թվականի գրության համաձայն` Հարություն Հաբեշյանը ևս օգտագործում և տիրապետում է վիճելի հողամասը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ներքին համոզման է հանգել առանց գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչի արդյունքում չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Այսպես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Հաբեշյանը մահացել է 18.08.1976 թվականին, սակայն այդ ժամանակից սկսած վեց ամսվա ընթացքում Հարություն Հաբեշյանի կողմից ժառանգական գույքը տիրապետելուն կամ կառավարելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ, իսկ առանց այդպիսի ապացույցի առկայության Հարություն Հաբեշյանը չի կարող համարվել Տիգրան Հաբեշյանի ժառանգությունն ընդունած, քանի որ նախկինում գործող կանոնակարգմամբ ժառանգությունն ընդունելու համար սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով անձը կորցնում էր այն ընդունելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վկայակոչած Կադաստրի 19.02.2009 թվականի գրությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գրությունը չի կարող դիտվել որպես Հարություն Հաբեշյանի կողմից Տիգրան Հաբեշյանի գույքը վերջինիս մահվանից սկսած վեցամսյա ժամկետում տիրապետելու կամ կառավարելու փաստը հաստատող ապացույց, քանի որ այդ գրությունն այդպիսի փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի պարունակում: Ավելին, նույն գրության համաձայն` Հարութ Հաբեշյանի կողմից օգտագործվող հողամասի վերաբերյալ արխիվային գործում իրավահաստատող փաստաթղթեր առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հարություն Հաբեշյանի կողմից Տիգրան Հաբեշյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ ապացույցի բացակայության մասով Դատարանի եզրահանգումը հիմնավոր է, իսկ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է և չի բխում սույն գործի փաստական տվյալներից:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Հարություն Հաբեշյանի կողմից Տիգրան Հաբեշյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2010 թվականի վճռին:

2. Հարություն Հաբեշյանից հօգուտ Գագիկ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵՄԴ/0235/02/09
Որոշում