Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0891/02/09    

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0891/02/09

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան     

                       Կ. Չիլինգարյան   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հանրախանութ Դիմաց» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Հրանտ Շահնազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լենա Տոնոյանի, Անիչկա Ավետիսյանի, Ալվարդ Մկրտչյանի, Անահիտ Բաբայանի, Շուշիկ Լանդյանի, Մարիետա Զաքարյանի, Վարդան Վարդանյանի, Սիրան Դավթյանի, Վարսիկ Մոսինյանի և Սվետլանա Մարտիրոսյանի ընդդեմ Ընկերության, Հրանտ Շահնազարյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Վանաձորի տարածքային բաժնի (այսուհետ` Ռեգիստր)` Ընկերության մասնակիցների 05.12.2007 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 2 արձանագրությունն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և Ընկերության մասնակիցների բաժնեմասերի ճշտում կատարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լենա Տոնոյանը, Անիչկա Ավետիսյանը, Ալվարդ Մկրտչյանը, Անահիտ Բաբայանը, Շուշիկ Լանդյանը, Մարիետա Զաքարյանը, Վարդան Վարդանյանը, Սիրան Դավթյանը, Վարսիկ Մոսինյանը և Սվետլանա Մարտիրոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Ընկերության մասնակիցների 05.12.2007 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 2 արձանագրությունը, կիրառել անվավերության հետևանքներ և կատարել Ընկերության մասնակիցների բաժնեմասերի ճշտում:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.09.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը և Հրանտ Շահնազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լենա Տոնոյանը, Անիչկա Ավետիսյանը, Ալվարդ Մկրտչյանը, Անահիտ Բաբայանը, Շուշիկ Լանդյանը, Մարիետա Զաքարյանը, Վարդան Վարդանյանը, Սիրան Դավթյանը, Վարսիկ Մոսինյանը և Սվետլանա Մարտիրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության մասնակցի` Ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացվելու պահից նրա բաժնեմասն օրենքի ուժով փոխանցվում է Ընկերությանը, և այդ հանգամանքը կախվածության մեջ չի դրվում Ընկերությունից դուրս եկող մասնակցի կողմից դիմում ներկայացնելուց հետո նրա կամ մյուս մասնակիցների կամ իրավասու պետական մարմինների գործողություններից: Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանը հայցվորների` Ընկերությունից դուրս գալու հանգամանքը պայմանավորել է ոչ թե դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահով, այլ Ռեգիստրում գրանցում կատարելու պահով:

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, մասնավորապես` հաշվի չի առել այն հանգամանքը, որ 12.09.2007 թվականին Լենա Տոնոյանը, Անիչկա Ավետիսյանը, Ալվարդ Մկրտչյանը, Անահիտ Բաբայանը, Շուշիկ Լանդյանը, Մարիետա Զաքարյանը, Վարդան Վարդանյանը, Սիրան Դավթյանը, Վարսիկ Մոսինյանը և Սվետլանա Մարտիրոսյանը ներկայացրել են դիմում` Ընկերությունից դուրս գալու մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.09.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը լիովին առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներով:

Ինչ վերաբերում է 12.09.2007 թվականի` Ընկերությունից դուրս գալու դիմումին, ապա այն եղել է վերացնող պայմանով, և պայմանը չի իրականացել պատասխանողի մեղքով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Լենա Տոնոյանը, Անիչկա Ավետիսյանը, Ալվարդ Մկրտչյանը, Անահիտ Բաբայանը, Շուշիկ Լանդյանը, Մարիետա Զաքարյանը, Վարդան Վարդանյանը, Սիրան Դավթյանը, Վարսիկ Մոսինյանը և Սվետլանա Մարտիրոսյանը 12.09.2007 թվականին ներկայացրել են դիմում` Ընկերությունից դուրս գալու մասին (հատոր առաջին գ.թ. 58-60):

2) Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 05.12.2007 թվականի թիվ 2 արձանագրության համաձայն` ընդհանուր ժողովը որոշել է` հաստատել Ընկերության մասնակիցների նոր կազմը (Լենա Տոնոյանը, Անիչկա Ավետիսյանը, Ալվարդ Մկրտչյանը, Անահիտ Բաբայանը, Շուշիկ Լանդյանը, Մարիետա Զաքարյանը, Վարդան Վարդանյանը, Սիրան Դավթյանը, Վարսիկ Մոսինյանը և Սվետլանա Մարտիրոսյանը նույնպես ընդգրկվել են նոր կազմում), նվազեցնել Ընկերության կանոնադրական կապիտալը և հաստատել Ընկերության կանոնադրության փոփոխությունը (հատոր 1, գ. թ. 19-22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից` անկախ ընկերության կամ նրա մասնակիցների համաձայնությունից: Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու հետ կապված հաշվարկները կատարվում են նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից` 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում` վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը...: Ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունից դուրս եկող մասնակցին նրա համաձայնությամբ կարող է տրվել նրա բաժնեմասի արժեքին համապատասխան գույք:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ ընկերության մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ընկերությունից` այդ մասին դիմում ներկայացնելով ընկերությանը: Դիմումի ներկայացման պահից վերջինիս բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը:

i

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված կամ ընկերության մասնակցի իրավունքները և օրինական շահերը խախտող ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել ընկերության մասնակցի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ընկերության մասնակիցն իմացել կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ ընդհանուր ժողովի որոշումները կարող են դատական կարգով անվավեր ճանաչվել ընկերության մասնակցի դիմումի հիման վրա, իսկ ընկերության մասնակիցն ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձն է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պահից, երբ ընկերության մասնակիցը դիմում է ընկերությունից դուրս գալու համար, նրա բաժնեմասերն անցնում են ընկերությանը, իսկ այդ պահից սկսած վերջինս չի կարող ընկերության ընդհանուր ժողովի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան, քանի որ վերջինս, այդ բաժնեմասերի նկատմամբ արդեն չունենալով սեփականության իրավունք, չի համարվում ընկերության մասնակից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պաշտպանում է ընկերությունից դուրս եկող անձի իրավունքը` պահանջելու վճարել իր բաժնեմասի արժեքը` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն` Լենա Տոնոյանը, Անիչկա Ավետիսյանը, Ալվարդ Մկրտչյանը, Անահիտ Բաբայանը, Շուշիկ Լանդյանը, Մարիետա Զաքարյանը, Վարդան Վարդանյանը, Սիրան Դավթյանը, Վարսիկ Մոսինյանը և Սվետլանա Մարտիրոսյանը 12.09.2007 թվականին ներկայացրել են դիմում` Ընկերությունից դուրս գալու մասին:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորների 12.09.2007 թվականին Ընկերությունից դուրս գալու դիմումով վերջիններս, թեկուզ առանց գիտակցելու, ըստ էության որպես բաժնեմաս չունեցող անձինք, զրկվել են մասնակիցների ընդհանուր ժողովում քվեարկելու և որոշումներ ընդունելու իրավունքից: Հետևաբար վերջիններիս պահանջը` Ընկերության մասնակիցների 05.12.2007 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 2 արձանագրությունն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և ընկերության մասնակիցների բաժնեմասերի ճշտում կատարելու մասին, անհիմն է նման իրավահարաբերության բացակայության հիմնավորմամբ, քանի որ որևէ մասնակցի իրավունք և օրինական շահ չի խախտվել, այլ մասնակիցներն իրենք են, մինչև արձանագրությունը, այդ իրավունքից և շահից հրաժարվել իրենց գրավոր դիմումով:

Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս, պատճառաբանել է, որ քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ հայցվորների բաժնեմասը փոխանցվել է Ընկերությանը, նրանց վճարվել է բաժնեմասերի արժեքը, կամ տրվել է այդ արժեքին համապատասխան գույք: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ վերոհիշյալ ապացույցների բացակայության և Ռեգիստրում 25.02.2008 թվականին կատարված գրանցման պարագայում չի կարող հիմնավորված համարվել հայցվորների` Ընկերությունից դուրս գալու հանգամանքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով հայցվորների` 12.09.2007 թվականին Ընկերությունից դուրս գալու դիմում ներկայացնելու փաստը, միաժամանակ նշել է, որ չի կարող հիմնավորված համարվել հայցվորների` Ընկերությունից դուրս գալու հանգամանքը, հետևաբար հայցվորների 12.09.2007 թվականին Ընկերությունից դուրս գալու մասին դիմում ներկայացված լինելու պայմաններում վերջիններս համարվում են Ընկերությունից դուրս եկած և ընդհանուր ժողովի որոշումները վիճարկելու իրավունք չունեն:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 13.05.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2009 թվականի վճռին:

 

2. Լենա Տոնոյանից, Անիչկա Ավետիսյանից, Ալվարդ Մկրտչյանից, Անահիտ Բաբայանից, Շուշիկ Լանդյանից, Մարիետա Զաքարյանից, Վարդան Վարդանյանից, Սիրան Դավթյանից, Վարսիկ Մոսինյանից և Սվետլանա Մարտիրոսյանից հօգուտ «Հանրախանութ Դիմաց» ՍՊԸ-ի համապարտության կարգով բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ԼԴ/0891/02/09
Որոշում