Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0289/02/10   

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0289/02/10

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան      

                       Լ. Գրիգորյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Ենոքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Տիգրան Ենոքյանի ընդդեմ պարտապան Սամվել Ստեփանյանի և պահանջատեր Լիլիա Ստեփանյանի` գույքը կալանքից (արգելանքից) ազատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Ենոքյանը պահանջել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի 24.12.2008 թվականի «գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի 30 բնակելի տունը և հողամասն ազատել կալանքից (արգելանքից):

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) 03.06.2010 թվականի վճռով դիմումը բավարարել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 03.06.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է. Տիգրան Ենոքյանի դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Ենոքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի` 01.09.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Լիլիա Ադունցի (Ստեփանյան) հայցն ընդդեմ Սամվել Ստեփանյանի և Տիգրան Ենոքյանի` տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Բացի այդ, ինչպես այդ դատական ակտով, այնպես էլ հետագայում հարուցված քրեական գործով կայացված դատավճռով հիմնավորվել է, որ Տիգրան Ենոքյանը վիճելի գույքի բարեխիղճ ձեռք բերող է և որևէ պարտավորություն չունի Լիլիա Ստեփանյանի նկատմամբ: Մինչդեռ, քննիչի 24.12.2008 թվականի որոշմամբ կալանք է դրվել իր գույքի վրա, և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.08.2009 թվականի դատավճռով նշված արգելանքը չի վերացվել:

Իր սեփականության իրավունքի խախտումները վերացնելու համար դիմել է դատական պաշտպանության, ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի, 437-րդ հոդվածի 2-րդ մասի, այնպես էլ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով: Չնայած Դատարանն իր դիմումը բավարարել է, սակայն Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ խախտվել է դիմումի քննության ենթակայության կարգը, քանի որ այն պետք է քննվեր քրեական դատավարության սահմանված կարգով և հակասելով ինքն իրեն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով իր դիմումը, թույլ է տվել սեփականատիրոջ իրավունքների խախտում, քանի որ նշված որոշման ուժի մեջ մտնելուց հետո Տիգրան Ենոքյանը կզրկվի իր գույքն արգելանքից հանելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, գտել է, որ այն կիրառելի չէ:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2010 թվականի որոշումը և «օրինական ուժ տալ Դատարանի 03.06.2010 թվականի վճռին կամ կայացնել իր իրավունքների խախտումը վերացնող դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Լիլիա Ստեփանյանը 27.03.2004 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով լիազորել է Սամվել Ստեփանյանին, որպես Լիլիա Ստեփանյանի ներկայացուցիչ, իր հայեցողությամբ ու իր կողմից սահմանված գնով ու պայմաններով վաճառել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տնամերձ հողամասի իրեն պատկանող բաժինը:

2. Լիլիա Ստեփանյանը 20.07.2005 թվականին հայտարարություն է տվել նոտարական գրասենյակ` վերոհիշյալ լիազորագիրը վերացնելու մասին, որը հաստատվել է նոտարի կողմից և այդ մասին 21.07.2005 թվականին տեղեկացրել է Սամվել Ստեփանյանին, և այդ փաստի վերաբերյալ վերջինս նշում է կատարել այդ հայտարարության տակ:

3. Սամվել Ստեփանյանի, Լիլիա Ստեփանյանի, որի անունից, համաձայն 27.03.2004 թվականի լիազորագրի, հանդես է եկել Սամվել Ստեփանյանը և Տիգրան Ենոքյանի միջև 24.07.2005 թվականին կնքվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 հասցեի բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` Սամվել և Լիլիա Ստեփանյանները վաճառել են, իսկ Տիգրան Ենոքյանը գնել է վերը նշված հասցեի բնակելի տունը և հողամասը, և Տիգրան Ենոքյանի` պայմանագրից ծագող իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, և նրա անվամբ 26.08.2005 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1500283 վկայականը:

4. Լիլիա Ստեփանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Ենոքյանի, Լուսիկ Մատանյանի, Սամվել Ստեփանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման և Արաբկիր նոտարական տարածքի նոտար Ս.Դանիելյանի` բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, որը ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 01.09.2008 թվականի վճռով մերժվել է:

5. Լիլիա Ստեփանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2008 թվականի որոշմամբ վերը նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

6. Լիլիա Ստեփանյանի դիմումների հիման վրա Սամվել Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թևանյանի 24.12.2008 թվականի որոշմամբ, դատարանի որոշմամբ գույքի բռնագրավումը և քաղաքացիական հայցն ապահովելու համար կալանք է դրվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 բնակելի տան և հողամասի վրա:

7. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2009 թվականի դատավճռի համաձայն` Սամվել Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Նույն դատավճռով վճռվել է Սամվել Ստեփանյանից հօգուտ Լիլիա Ստեփանյանի բռնագանձել քրեական գործով մեղադրանքի ծավալով որոշված գույքի արժեքի 1/2-ը և սույն գործով արգելադրված գույքի նկատմամբ դրված արգելանքը պահպանել մինչև Ս. Ստեփանյանի կողմից պարտավորության կատարումը:

8. Քրեական գործով տուժող Լ. Ստեփանյանի և նրա պաշտպան Ա. Արաբաջյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.11.2009 թվականի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2009 թվականի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է:

9. Թիվ ԵԱՔԴ/0041/01/09 քրեական գործով Տիգրան Ենոքյանն ունեցել է վկայի կարգավիճակ (գ.թ. 5, 100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը, երկրորդը վերաբերում է գույքի առգրավման հարցերին և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, իսկ երրորդ կանոնն ընդունում է, որ պետությունները, ի թիվս այլ իրավասությունների, իրավունք ունեն ընդհանուր շահից ելնելով վերահսկել գույքի օգտագործումը` այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում (Տես Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61):

Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե`

1. նախատեսված է օրենքով

2. բխում է հանրային շահից

3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները: Այն միաժամանակ պետք է բավարարի թիվ 1 արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (տես Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռը, կետ 67):

Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից (տես Fօrmer king of Greece and otհers v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 83):

Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն: Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև: Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել: Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից: Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (Տես Fօrmer king of Greece and otհers v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 89, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 1995 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռը, կետ 32):

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված սահմանադրական դրույթներից հետևում է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը.

1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,

2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ (տես` Վճռաբեկ դատարանի 27.08.2010 թվականի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշումը):

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ քննիչի 24.12.2008 թվականի որոշմամբ գույքի բռնագրավումը և քաղաքացիական հայցն ապահովելու համար կալանք է դրվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 հասցեի բնակելի տան և հողամասի վրա, հետագայում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2010 թվականի դատավճռով գույքի բռնագրավում ընդհանրապես չի կիրառվել, իսկ արգելադրված գույքի նկատմամբ դրված արգելանքը պահպանվել է մինչև Սամվել Ստեփանյանի կողմից պարտավորության կատարումը, ինչպես նաև արձանագրելով, որ քննիչի որոշմամբ արգելադրված գույքի սեփականատերը Տիգրան Ենոքյանն է, հանգել է այն հետևության, որ Տիգրան Ենոքյանը որևէ պարտականություն կամ պատասխանատվություն չի կրում Սամվել Ստեփանյանի կողմից պահանջատեր Լիլիա Ստեփանյանին խարդախությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման համար, որպիսի պայմաններում դիմումը ենթակա է բավարարման:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու` դիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ քրեական դատավարության շրջանակում քննիչի որոշմամբ գույքի վրա դրված կալանքը չի կարող վերացվել քաղաքացիական դատավարության կարգով: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական դատավարության կարգով կիրառվող հայցի ապահովման միջոցները, որոնց շարքում նշված չէ գույքի վրա կալանք դնելը:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է սույն գործով բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ իրավական հարցադրումը.

Քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո կալանքի (արգելանքի) տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում ո՞ր դատարանին է ընդդատյա շահագրգիռ անձի (գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի)` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ իրավունքի պաշտպանությունը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` արգելանքը կիրառվում է` պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով, պարտապանի գույքի բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գույքի վրա կիրառվող արգելանքը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է ինչպես պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով (քաղաքացիական և քրեական գործերով), այնպես էլ պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում (քրեական գործերով):

Ընդ որում` օրենսդիրն այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով, արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձանց համար սահմանել է իրավունք` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

i

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը թե քաղաքացիական, և թե քրեական գործերով երաշխավորում են արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի իրավունքների պաշտպանությունը նաև այն դեպքում, երբ գործով վարույթն ավարտվել է: Ի դեպ, նախատեսվել են նաև այդ իրավունքի իրականացման մեխանիզմները, այն է` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Վերոնշյալից հետևում է, որ թե քաղաքացիական, և թե քրեական գործերի վարույթների ավարտից հետո շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն` քրեական վարույթի ընթացքում քննիչի 24.12.2008 թվականի որոշմամբ, դատարանի որոշմամբ գույքի բռնագրավումը և քաղաքացիական հայցն ապահովելու համար կալանք է դրվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 բնակելի տան և հողամասի վրա: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 05.08.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Սամվել Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նա դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Նույն դատավճռով վճռվել է Սամվել Ստեփանյանից հօգուտ Լիլիա Ստեփանյանի բռնագանձել քրեական գործով մեղադրանքի ծավալով որոշված գույքի արժեքի 1/2-ը և սույն գործով արգելադրված գույքի նկատմամբ դրված արգելանքը պահպանել մինչև Ս.Ստեփանյանի կողմից պարտավորության կատարումը:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի` 01.09.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ վեճի առարկա արգելադրված գույքի սեփականատերը Տիգրան Ենոքյանն է:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ուժով Տիգրան Ենոքյանն իրավունք ունի քրեական վարույթի ավարտից հետո սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը կալանքից (արգելանքից) հանելու հայցով դիմելու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` քաղաքացիական դատավարության կարգով գործը քննելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.06.2010 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ԿԴ1/0289/02/10
Որոշում