Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/2908/05/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2908/05/10

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

    Դատավորներ`        Լ. Սոսյան

                       Ա. Սարգսյան

                                                                               

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Կոտայքի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Վանուհի Վահան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 06.07.2010 թվականի թիվ 1106537 ստուգման ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 6.907.400 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2011 թվականի որոշմամբ Դատարանի 26.11.2010 թվականի վճռի դեմ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգի (այսուհետ` Կարգ) 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործի ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, անտեսելով ստուգմամբ արձանագրված խախտումը, որն ապացուցվել է Ընկերության տնօրենի հայտարարությամբ, անվավեր է ճանաչել իրավաչափ ակտը: Ավելին, թիվ 58 հաշիվ-ապրանքագիրը փաստացի ապացուցում է, որ առաքումների գրքում գրանցում չի կատարվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ակտում 13.914.800 ՀՀ դրամի արձանագրման համար ստուգումն իրականացրած անձանց կողմից հիմք է ընդունվել Ընկերության տնօրենի 24.06.2010 թվականի տեղեկանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 24.06.2010 թվականի թիվ 58 հաշիվ-ապրանքագրով առաքված 280.140 ՀՀ դրամ արժեքով ապրանքի բացթողումը կատարվել է առանց առաքման գրքում գրանցելու: Նշված փաստն ապացուցվում է առաքումների գրքում կատարված վերջին թիվ 105 համարի տակ 31.05.2010 թվականի թիվ 57 հաշիվ-ապրանքագրի գրանցմամբ: Բացի այդ, ստուգումն իրականացրած անձանց կողմից առաքումների գրքից վերցրած լուսապատճենի և Ընկերության կողմից ներկայացրած գրքի համադրումից երևում է, որ թիվ 58 հաշիվ-ապրանքագրով կատարված գործարքը գրքում անմիջապես չի գրանցվել, այլ լրացվել է հետագայում տեսուչների պահանջով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 22.06.2010 թվականի թիվ 1106537 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքներով 06.07.2010 թվականին կազմված թիվ 1106537 ակտով Ընկերությանը տուգանքի տեսքով առաջադրվել է 6.907.400 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ակտով արձանագրվել է, որ «Ընկերությունը 25.08.2009 թվականին ստացել է թիվ 59/07387 «առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գիրքը», որն ՕՀՎ աշխատակիցների կողմից ստուգման նպատակով այցելության պահին տեղում չէր գտնվում: Վերցված հայտարարությունների, տեղեկանքի և բացատրության միջոցով պարզվեց, որ Ընկերությունն իր գործունեության ընթացքում պարբերաբար խախտել է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման պահանջները, մասնավորապես խախտել է նշված որոշման 2-րդ մասի` «առաքվող, տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման կարգի» թիվ 10 պարբերության պահանջները, այն է` առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի ընթացքում պահել ապրանքների անմիջական առաքման կետում: Նույն որոշման 4-րդ մասի` «պատասխանատվությունը սույն կարգի պահանջների խախտման համար» թիվ 13 պարբերության և թիվ 14 պարբերության գ. կետի պահանջների համաձայն` նշված խախտումն առաջացնում է պատասխանատվություն, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթների համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք: Ընկերությունից որպես տուգանք ի օգուտ պետբյուջեի պետք է գանձվի 6.907.400 ՀՀ դրամ» (գ.թ. 8-13):

2) 06.04.2010 թվականից մինչև 31.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից դուրս գրված թվով 33 հաշիվ-ապրանքագրերով (թիվ 25-ից թիվ 57 հաշիվ-ապրանքագրեր) առաքված ապրանքները գրանցված են Ընկերության «առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 59/07387 գրքի 73-ից 105-րդ տողերում (գ.թ. 11-31):

3) Ընկերության տնօրենի 24.06.2010 թվականի տեղեկանքի համաձայն` «... Ընկերության 2010 թվականի 2-րդ եռամսյակի իրացումն առ 24.06.2010 թվականն առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի ցուցանիշներով կազմում է 13.814.700 ՀՀ դրամ: ... թիվ 59/07387 առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրքն ՕՀՎ աշխատակիցներին, համաձայն` գործող կարգի, նրանց առաջին իսկ պահանջով չի ներկայացվել տեղում չլինելու պատճառով» (գ.թ. 57):

4) Ընկերության տնօրենի 28.06.2010 թվականի բացատրության համաձայն` «Ընկերության գործադիր տնօրեն լինելուց բացի ես որպես հաշվապահ իրականացնում եմ և վարում եմ ընկերության հաշվապահական հաշվառումը, ... տեղյակ եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման կետում: Նշված պահանջի չկատարումն առաջացնում է պատասխանատվություն համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի: ... ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից ... թիվ 59/07387 գիրքը երբեմն տանում եմ տուն, նրա վրա աշխատելու համար, իսկ երբ աշխատանքի վայրում կատարում եմ այլ կազմակերպությանն առաքում, ապա լրացնելով հաշիվ-ապրանքագիրը, եթե գիրքը տեղում չի լինում հետագայում այն լրացնում եմ տանը: ... Ձեր այցելության պահին գիրքն իսկապես տեղում չէր և Ձեր կողմից այդ փաստն արձանագրվել է: Ձեր այցելության պահին մենք համաձայն թիվ 58 հաշիվ-ապրանքագրի առաքում էինք փաթեթավորման թուղթ, գումարով 280.140 ՀՀ դրամի: Իմ կողմից լրացված հաշիվ-ապրանքագիրը գրանցվել է գրքում ոչ ապրանքի բաց թողնման պահին, այլ հետագայում, այն էլ միայն Ձեր պահանջից հետո» (գ.թ. 54-55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը` ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո`երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

i

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգի» (այսուհետ` Կարգ) 5-րդ կետի համաձայն` տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները, բացառությամբ նույն կարգի 2-րդ կետի 2-րդ մասում նշվածների:

Կարգի 7-րդ կետի համաձայն` ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով:

Կարգի 8-րդ կետի համաձայն` առաքումների գրանցման գրքում առաքումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից հերթական համարով գրանցվում է առաքվող ապրանքատեսակի խոշորացված խմբի անվանումը (օրինակ` սննդամթերք, շինանյութ և այլն), հաշիվ-ապրանքագրի տվյալները, տվյալ տարածքից տեղափոխման ձևը (տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը (համարը) կամ նշում առձեռն (առանց տրանսպորտային միջոցի) տեղափոխման մասին և ապրանքի հասցեագրման (տեղափոխման) վայրը:

Կարգի 10-րդ կետի համաձայն` առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի (առաքումների իրականացման) ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման (բացթողնման) կետում (շինությունում, վայրում):

Կարգի 13-րդ կետի համաձայն` սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կարգի 14-րդ կետի համաձայն` առաքվող ապրանքների գրանցումը ներառում է` ա/ առաքումների գրանցման գրքի` ապրանքների գրանցման էջի 1-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման ըստ էության գրանցումը), բ) սույն կարգի 3-րդ կետի և 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը, գ) սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված կարգի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, պատասխանատվություն առաջանում է նաև առաքումների գրանցման գիրքն աշխատանքի ընթացքում ապրանքի անմիջական առաքման կետում պահելու պարտավորությունը խախտելու դեպքում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «գործով հաստատված է այն փաստական հանգամանքը, որ գրանցման գիրքը ստուգող տեսուչներին ներկայացվել է 2010 թվականի 2-րդ եռամսյակի համապատասխան գրանցումները կատարված վիճակում»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «ինչ վերաբերում է 24.06.2010 թվականի թիվ 58 հաշիվ-ապրանքագրով կատարված առաքմանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վարչական դատարանը ճիշտ դիրքորոշում է հայտնել, քանի որ ինչպես ստուգման ակտում, այնպես էլ դատական քննության ընթացքում պատասխանողի կողմից չի ապացուցվել այն փաստական հանգամանքը, որ ստուգման ժամանակ ապրանքն Ընկերության տարածքից դուրս բերված է եղել»:

Սույն գործի փաստերի համաձայն` 06.04.2010 թվականից մինչև 31.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից դուրս գրված թվով 33 հաշիվ-ապրանքագրերով (թիվ 25-ից թիվ 57 հաշիվ-ապրանքագրեր) առաքված ապրանքները գրանցված են Ընկերության «առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 59/07387 գրքի 73-ից 105-րդ տողերում: Ընկերության տնօրենի 24.06.2010 թվականի տեղեկանքի համաձայն` «... Ընկերության 2010 թվականի 2-րդ եռամսյակի իրացումն առ 24.06.2010 թվականն առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի ցուցանիշներով կազմում է 13.814.700 ՀՀ դրամ: ... թիվ 59/07387 առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրքն ՕՀՎ աշխատակիցներին, համաձայն` գործող կարգի, նրանց առաջին իսկ պահանջով չի ներկայացվել տեղում չլինելու պատճառով», իսկ 28.06.2010 թվականի բացատրության համաձայն` «... տեղյակ եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման կետում: Նշված պահանջի չկատարումն առաջացնում է պատասխանատվություն համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի: ... ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից ... թիվ 59/07387 գիրքը երբեմն տանում եմ տուն, նրա վրա աշխատելու համար, իսկ երբ աշխատանքի վայրում կատարում եմ այլ կազմակերպությանն առաքում, ապա լրացնելով հաշիվ-ապրանքագիրը, եթե գիրքը տեղում չի լինում, հետագայում այն լրացնում եմ տանը: ... Ձեր այցելության պահին գիրքն իսկապես տեղում չէր և Ձեր կողմից այդ փաստն արձանագրվել է: Ձեր այցելության պահին մենք համաձայն թիվ 58 հաշիվ-ապրանքագրի առաքում էինք փաթեթավորման թուղթ, գումարով 280.140 ՀՀ դրամի: Իմ կողմից լրացված հաշիվ-ապրանքագիրը գրանցվել է գրքում ոչ ապրանքի բաց թողնման պահին, այլ հետագայում, այն էլ միայն Ձեր պահանջից հետո»:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, գործում առկա բոլոր ապացույցների հետ համադրմամբ չի գնահատել Ընկերության տնօրենի 24.06.2010 թվականի տեղեկանքը, 28.06.2010 թվականի բացատրությունը և չի պատճառաբանել, թե ինչու է այդ ապացույցները մերժում: Մասնավորապես, վերը նշված տեղեկանքը և բացատրությունն այն մասերով, որ «թիվ 59/07387 առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրքն ՕՀՎ աշխատակիցներին, համաձայն` գործող կարգի, նրանց առաջին իսկ պահանջով չի ներկայացվել տեղում չլինելու պատճառով», «Ձեր այցելության պահին մենք համաձայն թիվ 58 հաշիվ-ապրանքագրի առաքում էինք փաթեթավորման թուղթ, գումարով 280.140 ՀՀ դրամի: Իմ կողմից լրացված հաշիվ-ապրանքագիրը գրանցվել է գրքում ոչ ապրանքի բաց թողնման պահին, այլ հետագայում, այն էլ միայն Ձեր պահանջից հետո»:

Մասնավորապես, վերոնշյալ ապացույցներից հետևում է, որ սույն գործով հիմնավորված է ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու խախտման առկայությունը, ընդ որում, միայն 280.140 ՀՀ դրամի առաքված ապրանքի մասով, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն միայն ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների մասով, իսկ մինչև 24.06.2010 թվականը ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման փաստը սույն գործով հիմնավորված չէ, ավելին, գործում առկա ապացույցներով ապացուցվում է ստուգման պահին համապատասխան գրանցումները կատարված լինելու հանգամանքը:

Վերոգրյալների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտն իրավաչափ է միայն 24.06.2010 թվականի թիվ 58 հաշիվ-ապրանքագրով 280.140 ՀՀ դրամ արժեքով առաքված ապրանքի մասով, որին համապատասխան տուգանքի գումարը կազմում է 140.070 ՀՀ դրամ (280.140 ՀՀ դրամ x 50% = 140.070 ՀՀ դրամ): Հետևաբար, Տեսչության հայցը ենթակա է բավարարման 140.070 ՀՀ դրամի մասով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշման` 06.07.2010 թվականի թիվ 1106537 ակտը 140.070 ՀՀ դրամի մասով անվավեր ճանաչելու և «Վանուհի Վահան» ՍՊԸ-ից 140.070 ՀՀ դրամ բռնագանձելու մասով հակընդդեմ հայցը մերժելու մասերը և այդ մասերով այն փոփոխել. «Վանուհի Վահան» ՍՊԸ-ի հայցը` 06.07.2010 թվականի թիվ 1106537 ակտը 140.070 ՀՀ դրամի մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել: «Վանուհի Վահան» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 140.070 ՀՀ դրամ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.04.2011 թվականի որոշումը մնացած մասերով թողնել օրինական ուժի մեջ:

2. «Վանուհի Վահան» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ՎԴ/2908/05/10
Որոշում