Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 49-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԱԴԴ/0832/02/09        2011 թ.
քաղաքացիական գործ թիվ   ԵԱԴԴ/0832/02/09

     Նախագահող դատավոր`   Կ. Հակոբյան
                        Դատավորներ`    Տ. Սահակյան
                                                         Տ. Նազարյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գոմիդաս Հարթունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի ընդդեմ Ընկերության, Ընկերության հիմնադիր անդամ և տնօրեն Ռաֆայել Մկրտչյանի (այսուհետ` Տնօրեն), Ընկերության հիմնադիր անդամ Գուրգեն Մարտիրոսյանի` Ընկերությունից դուրս գալու, բաժնեմասն առանձնացնելու և որպես դրա հետևանք նրա գրանցման վայրն իր տարածքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոմիդաս Հարթունյանը պահանջել է իրեն թույլատրել դուրս գալ Ընկերության հիմնադիր անդամությունից, պարտավորեցնել վճարելու 40% բաժնեմասը և սեփական տարածքից հանել Ընկերության գտնվելու վայրը: Այնուհետև լրացնելով հայցի հիմքն ու առարկան` պահանջել է պարտավորեցնել Ընկերությունում կատարել մասնակիցների և կանոնադրության փոփոխություններ. Իրեն` որպես 40% բաժնեմասով մասնակցի, համարել դուրս եկած և լուծել բաժնեմասի հարցը, ինչպես նաև պարտավորեցնել Ընկերության կանոնադրության 1.6 կետում փոխել և գրանցել Ընկերության գտնվելու վայրի իրական հասցեն:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 29.10.2010 թվականին վճռել է. «Ըստ հայցի «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի ընդդեմ «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի, «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ և տնօրեն Ռաֆայել Մկրտչյանի, «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գուրգեն Մարտիրոսյանի` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 12, 21, 23 հոդվածներով պարտավորեցնել «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ում կատարել մասնակիցների և կանոնադրության փոփոխություններ` 40 տոկոս բաժնեմասով մասնակից Գոմիդաս Հարթունյանին համարել դուրս եկած: Պարտավորեցնել Ընկերության կանոնադրության 1.6 կետում փոխել և գրանցել Ընկերության գտնվելու վայրի իրական հասցեն, պահանջների մասով թիվ ԵԱԴԴ/0832/02/09 քաղաքացիական գործի վարույթը` կարճել` վեճը ենթակա չէ քննության հիմքով: Ըստ հայցի «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի ընդդեմ «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի, «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ և տնօրեն Ռաֆայել Մկրտչյանի, «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գուրգեն Մարտիրոսյանի` պատասխանողներին իր 40 տոկոս բաժնեմասը վճարելուն պարտավորեցնելու մասին պահանջի մասով թիվ ԵԱԴԴ/0832/02/09 քաղաքացիական գործի վարույթը կարճել` հայցվորի դատաքննության նախապատրաստական փուլում հայցից հրաժարվելու հիմքով: «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի հայցն ընդդեմ «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի, «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ և տնօրեն Ռաֆայել Մկրտչյանի, «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի հիմնադիր անդամ Գուրգեն Մարտիրոսյանի` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով բաժնեմասի հարցը լուծելու պահանջի մասով, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2011 թվականի որոշմամբ Գոմիդաս Հարթունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոմիդաս Հարթունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռաֆայել Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները, 109-րդ հոդվածի 1-ին կետը, 130-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ գործում առկա չէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որով կհաստատվեր Գոմիդաս Հարթունյանի` Ընկերությունից դուրս գալու դիմում ներկայացնելու փաստը: Մինչդեռ, գործում առկա է Գոմիդաս Հարթունյանի 24.11.2008 թվականի` Տնօրենին և Ընկերության մյուս հիմնադիր Գուրգեն Մարտիրոսյանին ներկայացված դիմումի պատճենը, որում նշվում է նրա` Ընկերությունից դուրս գալու ցանկությունը: Ներկայացրել է նաև 20.11.2008 թվականի հարցման պատճենը, որով խնդրել է տալ տեղեկատվություն Ընկերության գործունեության, նրա շահույթի, աշխատակիցների և կնքած պայմանագրերի մասին: Առկա են նաև Տնօրենին և Ընկերությանը դիմելու փոստային անդորրագրերի պատճենները և բնօրինակները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոստային առաքման անդորրագրերի բնօրինակները Վերաքննիչ դատարանում ներկայացվել են այն պատճառով, որ Գոմիդաս Հարթունյանը հնարավորություն չի ունեցել դրանք առաջին ատյանի դատարանում ներկայացնելու: Մասնավորապես, Դատարանում ժամկետ չի տրամադրվել նշված անդորրագրերի բնօրինակները ներկայացնելու համար, ինչն էլ Վերաքննիչ դատարանում չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը, ծանուցված լինելով դատական նիստի վերաբերյալ, զրկված չի եղել դրանց բնօրինակը ներկայացնելու հնարավորությունից: Այնինչ, Դատարանը ժամանակ չի տրամադրել փոստային անդորրագրերի բնօրինակները Գոմիդաս Հարթունյանի ներկայացուցչին ուղարկելու համար, ինչն էլ հաստատում է, որ Գոմիդաս Հարթունյանն իրենից անկախ պատճառներով չի կարողացել ներկայացնել նշված ապացույցը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել ապացույցները և սխալ եզրահանգման է եկել` կրկնելով Դատարանի պատճառաբանությունները:

 

2) Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել այն, որ սույն վեճը ենթակա չէ դատարանում քննության և եզրահանգել է, որ կողմերի միջև առկա իրավահարաբերության բովանդակության մեջ ներառված չէ հայցվորի` իրեն Ընկերությունից դուրս եկած համարելու, Ընկերության կանոնադրության և մասնակիցների փոփոխություններ կատարելու և գրանցման վայրը հայցվորի տարածքից հանելու պահանջի իրավունքը: Մինչդեռ, Գոմիդաս Հարթունյանի իրավունքների խախտումն ակնհայտ է, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ինքն իրավունք ունի սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Փաստորեն, խախտվել են իր իրավունքները, և ինքը չի կարողանում Ընկերության գրանցման վայրը հանել իր սեփական տան հասցեից:

Բացի այդ, Ընկերությունը որպես այդպիսին չի գործում Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամաս 41/1 հասցեում, որն էլ հաստատված է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի ԴԱՀԿ-ի կողմից կազմված երեք ակտերով: Բացի այդ, Ընկերությունը չի գործում, և գործունեությունը դադարեցվել է Տնօրենի դիմումի համաձայն: Հետևաբար ընդհանուր ժողով հրավիրելու հնարավորությունը բացառվում է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ իրավացիորեն նշել է, որ Գոմիդաս Հարթունյանը Դատարանում պատշաճ ծանուցված է եղել դատական նիստերի մասին, զրկված չի եղել մինչև դատաքննությունը փոստային անդորրագրերի բնօրինակները Դատարան ներկայացնելու հնարավորությունից, սակայն չի ներկայացրել դրանք: Նման պայմաններում փոստային անդորրագրի բնօրինակի չներկայացնելը չի կարող համարվել կողմի կամքից անկախ հանգամանքներում կատարված: ՈՒստի Վերաքննիչ դատարանն իրավացիորեն չի ընդունել վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցները` փոստային անդորրագրերը:

Ընկերությունից դուրս գալու մասին դիմումը պետք է ներկայացվի ոչ թե Ընկերության մյուս մասնակիցներին, այլ Ընկերությանը: Տվյալ դեպքում հայցվորի ներկայացրած փոստային անդորրագրերից երևում է, որ նամակներն ուղարկվել են Գուրգեն Մարտիրոսյանին և Ռաֆայել Մկրտչյանին, մինչդեռ Ընկերությունից դուրս գալու մասին դիմումը պետք է ներկայացվեր Ընկերությանը: Բացի այդ, Գոմիդաս Հարթունյանի ներկայացրած անդորրագրերի վրա չկա ուղարկման ամսաթիվ և պարզ չէ, թե այն երբ է ուղարկվել, ինչպես նաև անդորրագրերի վրա բացակայում են հասցեատերերի լրիվ հասցեները:

Սույն քաղաքացիական գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնցից երևում է, որ Ընկերությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում և գտնվում է Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամաս թիվ 41/1 հասցեում, իսկ գործում բացակայում է որևէ ապացույց Ընկերության լուծարման վերաբերյալ, և այն համարվում է գործող:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 13.05.2004 թվականի թիվ 1130402 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Գոմիդաս Հարթունյանը Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41/1 հասցեում գտնվող ավտոկայանատեղի, ավտոտեխսպասարկման և կայանի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ.13-14):

2. Ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի 17.05.2004 թվականի թիվ 1 արձանագրության համաձայն` ժողովը որոշել է.

ա) «ՀՀ-ում հիմնադրել «Ագուր-Քոմփ» անվանումով ՍՊԸ: Ընկերության գտնվելու վայր ընդունել Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 41/1 հասցեն: Հաստատել Ընկերության կանոնադրությունը: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50.000 ՀՀ դրամ: Հաստատել Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) ցանկը ըստ հետևյալի. Հիմնադիրների (մասնակիցների) տվյալները` Կոմիտաս Հարթունյան (ԱՄՆ անձնագիր 093616029, տրված 06.11.96 թ., Ֆիլադելֆիայի անձնագրային գործակալության կողմից, հասցե` 360 Սքոլար, Ֆրանկլին Լեյքս Նյու Ջերսի 07417 ԱՄՆ), բաժնեմասերի չափը` 40%, գումարը` 20.000 ՀՀ դրամ, Ռաֆայել Մկրտչյան, բաժնեմասերի չափը` 30%, գումարը` 15.000 ՀՀ դրամ, Գուրգեն Մարտիրոսյան բաժնեմասերի չափը` 30%, գումարը` 15.000 ՀՀ դրամ բ) Ընկերության տնօրեն նշանակել Ռաֆայել Մկրտչյանին... (հատոր 1-ին, գ.թ.15):

3. Ընկերության կանոնադրության 4.3 կետի համաձայն` Ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից (անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից) (հատոր 1-ին, գ.թ. 21-22):

4. 24.11.2008 թվականի դիմումով Ընկերության հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանը Ընկերության տնօրեն Ռաֆայել Մկրտչյանին հայտնել է, որ Ընկերության հիմնադիր անդամ է և ունի 40% բաժնեմաս: Համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 21 և 23 հոդվածների` ցանկանում է դուրս գալ Ընկերությունից (հատոր 1-ին, գ.թ.28):

5. Գոմիդաս Հարթունյանի ներկայացուցիչ Սիրվարդ Բաղրամյանի գրության համաձայն` ուղղված Ընկերության տնօրեն Ռաֆայել Մկրտչյանին, Գոմիդաս Հարթունյանն Ընկերության 40% բաժնետերն է: Հիմք ընդունելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը` խնդրել է իրեն տրամադրել տեղեկություններ Ընկերության գործունեության մասին, քանի որ ցանկանում է դուրս գալ Ընկերությունից` օգտվելով վերը նշված օրենքի 12-րդ հոդվածի «ե» ենթակետի և նույն օրենքի 14-րդ հոդվածով ամրագրված և իրենց կանոնադրությամբ նախատեսված 4.3 կետի իր իրավունքներից.

ա. Հաշվարկել և տալ տեղեկություն, թե որքան է կազմում ընկերության շահույթը և դրանից առանձին հաշվարկել իր 40% բաժնեմասի արժեքը: Հայտնել` ինչու իրեն չի հատկացվել Ընկերության շահույթից ստացված իր հասանելիք մասը: Պատասխանել, թե ինչ արժեքի և ինչ գույք է գնվել իր կողմից բանկերի միջոցով ուղարկված Ընկերությունն ստեղծելու համար ներդրված գումարներով: Ինչ հաշիվներ ունի ընկերությունն օտարերկրյա և ՀՀ բանկերում: Ընկերությունը քանի աշխատակից ունի և ինչպիսի պայմանագրեր է կնքել նրանց հետ: Նշել նաև աշխատաժամերը և նրանց վճարված աշխատավարձի չափը: Խնդրել է պատասխանն ուղարկել իր ներկայացուցչի հասցեով (հատոր 1-ին, գ.թ.31, 54):

6. Համաձայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատու Կ. Խուդյանի կողմից 23.01.2009 թվականին կազմված Կատարողական գործողությունների վերաբերյալ արձանագրության` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.12.2008 թվականի թիվ ԵԱԴԴ/0805/02/08 կատարողական թերթի համաձայն պետք է Գոմիդաս Հարթունյանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները վերացնել` Ռաֆայել Մկրտչյանին պարտավորեցնել ազատել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41/1 հասցեում գտնվող անշարժ գույքը` այն ամբողջությամբ հանձնելով սեփականատիրոջ տնօրինմանը (հատոր 1-ին, գ.թ.84-86):

7. Ընկերության տնօրենի 21.07.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Ընկերությունն իր հիմնադիրներից կամ մասնակիցներից, այդ թվում նաև Գոմիդաս Հարթունյանից երբևէ Ընկերությունից դուրս գալու դիմում չի ստացել (հատոր 2-րդ, գ.թ. 102):

8. Գոմիդաս Հարթունյանը հայցադիմումին կից ներկայացրել է 24.11.2008 թվականի փոստային անդորրագրերի պատճենները` հասցեագրված հիմնադիրներ Ռաֆայել Մկրտչյանին և Գուրգեն Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 29, հատոր 3-րդ, գ.թ. 55):

9. Սույն գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով:

10. Գործում առկա 18.10.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` պատասխանողի ներկայացուցիչը միայն դատաքննության ընթացքում է վիճարկել Գոմիդաս Հարթունյանի կողմից հայցադիմումին կից ներկայացված 24.11.2008 թվականի փոստային անդորրագրերի պատճենները և միջնորդել հանել դրանք ապացույցների շարքից, որպես ոչ պատշաճ ապացույցներ (հատոր 3-րդ, գ.թ. 12):

11. Դատարանը գործի քննության ժամանակ, այդ թվում նաև 18.10.2010 թվականի դատաքննության ընթացքում նշված պատճենները հետազոտելիս Գոմիդաս Հարթունյանից չի պահանջել ներկայացնել այդ փոստային անդորրագրերի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա վավերացված պատճենը: Գոմիդաս Հարթունյանը 24.11.2008 թվականին առաքված փոստային անդորրագրերի բնօրինակները ներկայացրել է վերաքննիչ բողոքին կից (հատոր 3-րդ, գ.թ. 55-56):

12. Սույն գործում առկա չեն Ընկերության հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի 24.11.2008 թվականի դիմումը և Գոմիդաս Հարթունյանի ներկայացուցիչ Սիրվարդ Բաղրամյանի գրությունն Ընկերության Տնօրենի և Գուրգեն Մարտիրոսյանի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցներ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված նորմերի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն` դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տես` Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի` հաշվառումից հանելու և առանց փոխհատուցման ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու պահանջների մասին ու Դավիթ Մարտիրոսյանի հակընդդեմ հայցը` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի թիվ ԵԷԴ/1637/02/09 որոշումը):

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Տվյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանում նոր ապացույցների ընդունումն օրենսդիրը պայմանավորել է որոշակի բացառությամբ, այն է` եթե

- առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով և

- ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ փոստային առաքման անդորրագրերը ներկայացվել են պատճենների տեսքով, ինչի պարագայում դատարանը գնահատում է որպես ոչ պատշաճ ապացույցներ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ բողոքաբերն ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է փոստային անդորրագրերը պատճենի ձևով և ծանուցված լինելով դատական նիստերի վերաբերյալ` զրկված չի եղել դրանց բնօրինակը ներկայացնելու հնարավորությունից, ուստի Վերաքննիչ դատարանում նրա ներկայացված փոստային անդորրագրերի բնօրինակները չեն կարող ընդունվել:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` սույն գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, 18.10.2010 թվականի դատական նիստի արձանագրությամբ պատասխանողի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում է միայն վիճարկել Գոմիդաս Հարթունյանի կողմից հայցադիմումին կից ներկայացված 24.11.2008 թվականի փոստային անդորրագրերի պատճենները և միջնորդել հանել դրանք ապացույցների շարքից, որպես ոչ պատշաճ ապացույցներ: Դատարանը գործի քննության ժամանակ, այդ թվում նաև 18.10.2010 թվականին նշանակված դատաքննության ընթացքում նշված պատճենները հետազոտելիս Գոմիդաս Հարթունյանից չի պահանջել ներկայացնել այդ փոստային անդորրագրերի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրանց վավերացված պատճենները: Գոմիդաս Հարթունյանը 24.11.2008 թվականին առաքված փոստային անդորրագրերի բնօրինակները ներկայացրել է վերաքննիչ բողոքին կից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, գործը դատաքննության նախապատրաստելիս պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, ընդունել է Գոմիդաս Հարթունյանի կողմից հայցադիմումին կից ներկայացրած 24.11.2008 թվականի փոստային անդորրագրերի պատճենները` հասցեագրված հիմնադիրներ Ռաֆայել Մկրտչյանին և Գուրգեն Մարտիրոսյանին, գործի դատաքննության ընթացքում հետազոտել է այդ ապացույցները, սակայն վճռի հիմքում դրել է դրա բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու հանգամանքը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ 24.11.2008 թվականին առաքված փոստային անդորրագրերի բնօրինակները առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով գործի լուծման համար էական նշանակություն չունեն, քանի որ սույն գործում Ընկերության հիմնադիր անդամ Գոմիդաս Հարթունյանի 24.11.2008 թվականի դիմումը և Գոմիդաս Հարթունյանի ներկայացուցիչ Սիրվարդ Բաղրամյանի գրությունն Ընկերության Տնօրենի և հիմնադիր անդամ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, միայն այդ փոստային անդորրագրերի բնօրինակները բավարար չեն հաստատված համարելու Ընկերությունից դուրս գալու վերաբերյալ Գոմիդաս Հարթունյանի կամքն արտահայտող դիմումն Ընկերություն ներկայացված և դրանք Ընկերությունում ստացված լինելու հանգամանքները:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն` անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից:

i

Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից` անկախ ընկերության կամ նրա մասնակիցների համաձայնությունից: Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու հետ կապված հաշվարկները կատարվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

Տվյալ նորմերից ուղղակիորեն բխում է, որ ընկերության մասնակցի նշված իրավունքի իրացման համար որևէ նախապայման չի պահանջվում, և դա կախված է բացարձակապես մասնակցի կամահայտնությունից: Սա նշանակում է, որ մասնակցի (սույն գործով հայցվորի) նշված իրավունքի իրացման հիմքում ընկած չէ այս կամ այն սուբյեկտի (սույն գործով պատասխանողների) պարտականությունը` դրսևորելու որոշակի վարքագիծ (գործողություն, անգործություն), որի կատարումն անհրաժեշտ կլինի մասնակցի այդ իրավունքի իրացման համար:

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունից դուրս գալու վերաբերյալ Գոմիդաս Հարթունյանի կամքն արտահայտող դիմումը ներկայացվել և Ընկերության կողմից ստացվել է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոմիդաս Հարթունյանի կողմից չի պահպանվել վեճի լուծման, այն է` 40 տոկոս բաժնեմասով Գոմիդաս Հարթունյանին Ընկերությունից դուրս եկած համարելու հայցապահանջի արտադատարանական կարգը, որպիսի պայմաններում վեճն այդ մասով ենթակա չէ դատարանում քննության:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մերժման է ենթակա Գոմիդաս Հարթունյանի` պատասխանողներին իր 40 տոկոս բաժնեմասը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասը հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից` 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում` վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը, որը որոշվում է ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:

Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից դուրս գալու վերաբերյալ Գոմիդաս Հարթունյանի կամքն արտահայտող դիմումը ներկայացված և Ընկերության կողմից ստացված լինելու փաստերը պարզված չլինելու պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել և արձանագրել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Ընկերության կողմից Գոմիդաս Հարթունյանի իրավունքի խախտման փաստը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ սույն գործով չի հաստատվել Ընկերության կողմից «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իր պարտականության կատարման հիմքերի առկայությունը:

 

2. վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որոնք կապված են և խոչընդոտում են այդ իրավունքների իրականացմանը:

Սույն գործում առկա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 13.05.2004 թվականի թիվ 1130402 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Գոմիդաս Հարթունյանը Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41/1 հասցեում գտնվող ավտոկայանատեղի, ավտոտեխսպասարկման կայանի սեփականատերն է, Ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի 17.05.2004 թվականի թիվ 1 արձանագրությամբ` ժողովը որոշել է Ընկերության գտնվելու վայր ընդունել Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 41/1 հասցեն:

Տվյալ դեպքում սեփականատեր Գոմիդաս Հարթունյանը պահանջել է իր սեփականությունը հանդիսացող Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41/1 հասցեից հանել Ընկերության գրանցման հասցեն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոմիդաս Հարթունյանի պահանջը Ընկերության գրանցման վայրն իր սեփականությունը հանդիսացող տարածքից հանելու մասով բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածից:

ՈՒստի հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այդ մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթի կարճելու վերաբերյալ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշման` «Ագուր-Քոմփ» ՍՊԸ-ի գրանցման վայրն իր տարածքից հանելու պահանջի մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ԵԱԴԴ/0832/02/09
Որոշում