Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 117.12-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/4047/05/09

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4047/05/09

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Գագվագ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտը մասնակի անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտն անփոփոխ թողնելու և Ընկերությունից 14.767.700 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտի 1-ին, 4-րդ և 15-րդ կետերը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է անփոփոխ թողնել Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտը և Ընկերությունից բռնագանձել 14.767.700 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2010 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն` վճռվել է Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտը մասնակիորեն ճանաչել անվավեր և Ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 3.089.948 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ըստ էության քննելիս իրավունք չունի դուրս գալ դրանում նշված պահանջի սահմաններից, այսինքն` պետք է վերաքննիչ բողոքը քննի միայն դրանում նշված ծավալով:

Տվյալ դեպքում Տեսչությունը վերաքննիչ բողոքով պահանջել է «Բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, մերժել Ընկերության հայցն ամբողջությամբ, փոփոխել Տեսչության հակընդդեմ հայցը մերժված` 11.677.800 ՀՀ դրամ գումարի չափով` բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ»:

Նշվածից հետևում է, որ Տեսչությունը վերաքննիչ բողոքով պահանջել է փոփոխել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը միայն հակընդդեմ հայցը մերժելու մասով և այն մերժված գումարի չափով բավարարել, այսինքն` հակընդդեմ հայցի բավարարված մասով դատական ակտը բեկանելու պահանջ չի դրվել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններից և Դատարանի վճիռը բեկանել է ամբողջությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Տեսչությունը վերաքննիչ բողոքով պահանջել է «Բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, մերժել Ընկերության հայցն ամբողջությամբ, փոփոխել Տեսչության հակընդդեմ հայցը մերժված` 11.677.800 ՀՀ դրամ գումարի չափով` բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ» (հատոր 2-րդ, գ.թ. 198-204):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` այն դեպքում, երբ վարչական դատարանը թույլ է տվել գործի լուծման վրա ազդող էական խախտումներ, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է վարչական դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնվում է անփոփոխ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի և գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում իր լիազորություններն իրականացնի բացառապես վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում: Այսինքն` կախված այն հանգամանքից, թե գործով ներկայացված պահանջների որ մասն է բողոքարկվում վերաքննության կարգով, այդ մասի շրջանակներում էլ Վերաքննիչ դատարանը պետք է իրականացնի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.13-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունները:

Սույն գործով Տեսչությունը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, պահանջել է. «Բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, մերժել Ընկերության հայցն ամբողջությամբ, փոփոխել Տեսչության հակընդդեմ հայցը մերժված` 11.677.800 ՀՀ դրամ գումարի չափով` բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարելով մասնակիորեն, որոշել է բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Տեսչության վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը և բեկանելով նաև վերաքննիչ բողոք բերած անձի հակընդդեմ հայցի բավարարված մասը, դուրս է եկել դրանում ներկայացված պահանջի սահմաններից, ինչի արդյունքում թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 10.12.2010 թվականի վճռի` «Գագվագ» ՍՊԸ-ից 3.089.948 ՀՀ դրամ բռնագանձելու մասով բեկանելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 10.12.2010 թվականի վճռին: Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ՎԴ/4047/05/09
Որոշում