Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 24-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ5/0618/05/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0618/05/10

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ Աղվան Գևորգյանի` 3.717.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Աղվան Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.717.500 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 25.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` Աղվան Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 650.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 25.03.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործի քննության ժամանակ հիմք է ընդունվել միայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 21.12.2010 թվականի թիվ 10-2929 եզրակացությունը, համաձայն որի` Աղվան Գևորգյանը Mercedes Benz E 240 1995 թվականի ավտոմեքենան վթարի ենթարկելու հետևանքով իրականում վաճառել է 650.000 ՀՀ դրամով, իսկ Fօrd Maverik 1995 թվականի ավտոմեքենան նույնպես վթարի ենթարկելու հետևանքով վաճառել է 400.000 ՀՀ դրամով, և հիշյալ ավտոմեքենաների վաճառքից ստացված հասույթը կազմել է 1.050.000 ՀՀ դրամ: Դատարանի այս մոտեցումն իրավաչափ չէ, քանի որ գործի քննությամբ անտեսվել է այնպիսի ապացույց, ինչպիսին ՀՀ ոստիկանության հաշվառման քննչական բաժանմունքում առք ու վաճառքի պայմանագիրն է, համաձայն որի` մեքենան վաճառվել է 3.000.000 ՀՀ դրամով: Նշված փաստի վերաբերյալ մանրամասն անդրադարձ է կատարվել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 10.07.2009 թվականի թիվ 21860909 եզրակացությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտով Աղվան Գևորգյանին առաջադրվել է 3.717.500 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորություն, որից 3.097.900 ՀՀ դրամը` որպես առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար հաշվարկված տուգանքի գումար, 619.600 ՀՀ դրամը` որպես «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով հաշվարկված տուգանքի գումար (գ.թ. 33-34):

2) Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտի հիմքում դրվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 10.07.2009 թվականի թիվ 21860909 եզրակացությունը, համաձայն որի` Աղվան Գևորգյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, այն է` ավտոմեքենաներ ներկրելու և դրանք իրացնելու հետևանքով առաջացած պարտավորությունը կազմում է 3.717.500 ՀՀ դրամ (գ.թ. 17):

3) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 21.12.2010 թվականի թիվ 10-2929 եզրակացության համաձայն` Աղվան Գևորգյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետևանքով առաջացած հարկային պարտավորությունը կազմում է 650.000 ՀՀ դրամ, քանի որ փորձաքննությամբ հաստատված է համարվել, որ Mercedes Benz E 240 1995 թվականի ավտոմեքենան վթարի ենթարկվելու հետևանքով իրականում վաճառվել է 650.000 ՀՀ դրամով, իսկ Fօrd Maverik 1995 թվականի ավտոմեքենան նույնպես վթարի ենթարկվելու հետևանքով վաճառվել է 400.000 ՀՀ դրամով (գ.թ. 61-70):

4) Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտի վիճարկման հայց ներկայացված չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (ex officio):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 որոշումը):

Սույն գործով պետությանը պատճառված վնասի չափը որոշելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության 1-ին բաժնի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե գանձվող գումարի չափը կազմել է 3.717.500 ՀՀ դրամ:

Այնուհետև դատական քննության ընթացքում Դատարանի 26.10.2010 թվականի որոշմամբ ևս նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում արդեն ՀՀ պետական բյուջե գանձվող գումարի չափը կազմել է 650.000 ՀՀ դրամ, քանի որ փորձաքննությամբ հաստատված է համարվել, որ Mercedes Benz E 240 1995 թվականի ավտոմեքենան վթարի ենթարկվելու հետևանքով իրականում վաճառվել է 650.000 ՀՀ դրամով, իսկ Fօrd Maverik 1995 թվականի ավտոմեքենան նույնպես վթարի ենթարկվելու հետևանքով վաճառվել է 400.000 ՀՀ դրամով:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, որոշման հիմքում դրել է բացառապես «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 21.12.2010 թվականի թիվ 10-2929 եզրակացությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 21.12.2010 թվականի թիվ 10-2929 եզրակացությունը, չի պարզել, թե ինչ տվյալներ են հիմք ընդունվել Դատարանի կողմից նման եզրահանգման գալու համար: Փորձագետի և` առաջին, և` երկրորդ եզրակացություններում հիշատակվում են միայն, որ հետազոտվել են հիշյալ ավտոմեքենաների առուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն թե ինչ պայմանագրեր են դրանք, պայմանագրի ինչ գին և այլ պայմաններ են նախատեսվում, պարզ չէ: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ավտոմեքենաների վաճառքի իրական գինը պարզելու համար առաջին հերթին դատարանի կողմից պետք է ուսումնասիրվեին նշված ավտոմեքենաների առուվաճառքի մասին պայմանագրերը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է միայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 21.12.2010 թվականի թիվ 10-2929 եզրակացությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի համար էական նշանակություն ունեցող միակ պատշաճ ապացույցը համապատասխան առուվաճառքի պայմանագրերն են, որոնք սույն գործում առկա չեն:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս ըստ հայցի Էդուարդ Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-101(ՎԴ) որոշումը, ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):

Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտով Աղվան Գևորգյանին առաջադրվել է 3.717.500 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 3.097.900 ՀՀ դրամը` որպես առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար հաշվարկված տուգանքի գումար, 619.600 ՀՀ դրամը` որպես «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով հաշվարկված տուգանքի գումար: Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտի վիճարկման հայց ներկայացված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նոր քննություն իրականացնելու և հիշյալ ավտոմեքենաների իրական գինը պարզելու անհրաժեշտություն չկա, քանի որ Տեսչության 16.12.2009 թվականի թիվ 2317680 ստուգման ակտի վիճարկման հայց ներկայացված չէ:

Հետևաբար, Դատարանը վերոհիշյալ պատճառաբանությամբ հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել` Աղվան Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.717.500 ՀՀ դրամ:

2. Աղվան Գևորգյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 74.350 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 92.030 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 92.030 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ՎԴ5/0618/05/10
Որոշում