Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺԸ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԳԴ1/0013/01/11

վերաքննիչ քրեական

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ1/0013/01/11

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան

Ս. Համբարձումյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2011 թվականի հոկտեմբերի 20-ին             Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գասպար Արամի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Պողոսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի հունվարի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 26100211 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով` անհայտ անձի կողմից Լ.Հոռիկյանի բնակարան ապօրինի մուտք գործելու և խոշոր չափի գույք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Գասպար Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Գ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նույն օրը Գ.Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. 2011 թվականի հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում հարուցվել է թիվ 43150411 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` Ա.Աղասյանի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ:

2011 թվականի հունվարի 26-ին Գ.Պողոսյանն արգելանքի է վերցվել:

2011 թվականի փետրվարի 21-ին որոշում է կայացվել թիվ 26100211 քրեական գործը թիվ 43150411 քրեական գործին միացնելու մասին:

Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 16-ի որոշմամբ Գ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նոր մեղադրանք է առաջադրվել:

2011 թվականի մարտի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

 

3. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով Գ.Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:

4. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հունիսի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Ամբաստանյալ Գ.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի և մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Պողոսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

2011 թվականի օգոստոսի 25-ին մեղադրող Ա.Ստեփանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել, իսկ վերանայվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Գ.Պողոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2011 թվականի հունվարի 5-ին` ժամը 15-ի սահմաններում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Լևիկ Հոռիկյանի բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է գումար և կենցաղային տեխնիկա` Լ.Հոռիկյանին պատճառելով խոշոր չափի` 676.440 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, Գ.Պողոսյանը 2011 թվականի հունվարի 26-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Աշոտ Աղասյանի և նրա ընտանիքի անդամների բացակայությունից, պատուհանի փեղկը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան և գաղտնի հափշտակել մեկ հատ ոսկյա մատանի` Ա.Աղասյանին պատճառելով 19.600 ՀՀ դրամի վնաս:

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Պողոսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ թեև հիմնավորված ու հաստատված է, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 23.05.2011թ. ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել, գտնում է, որ վերջինիս պետք է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Վերաքննիչ դատարանն անդրադառնալով ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, հանգում է այն հետևության, որ վերջինիս նկատմամբ պետք է պատիժ նշանակել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի սանկցիայի շրջանակներում հետևյալ պատճառաբանությամբ.

(...) Փաստորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում տեղի ունեցած փոփոխության հետևանքով պահեստարան և շինություն մուտք գործելու եղանակով գողություն կատարելու համար մատնանշված հոդվածի սանկցիան փոփոխվել է մեղմացման առումով, այն է` հոդվածն ըստ բնույթի դասակարգվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ տուգանքի ձևով կամ ազատազրկման ձևով` երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ բնակարան մուտք գործելու եղանակով գողություն կատարելու համար հոդվածի սանկցիան փոփոխվել է խստացման առումով, այն է` արարքն ըստ բնույթի դասակարգվել է ծանր հանցագործությունների շարքին /177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ/, որի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով, հանգում է այն հետևության, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ կիրառելի է հանցավորի համար առավել բարենպաստ քրեական օրենքը, որը տվյալ դեպքում 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն է» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջեր 39-40):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը թողնելով անփոփոխ, թույլ է տվել քրեական օրենքի և միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածները, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածը:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ սույն գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում իրականացվել է արագացված կարգով, որի պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 -րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ամբաստանյալի նկատմամբ չէր կարող նշանակվել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը գերազանցող պատիժ: Առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար առավել խիստ պատիժ է սահմանված եղել 6 տարի ժամկետով ազատազրկումը, որի երկու երրորդը կազմում է 4 տարին, ինչպիսի պատիժ էլ նշանակվել է ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ:

Առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո Գ.Պողոսյանին մեղսագրվող հանցանքի համար պատասխանատվություն սահմանող օրենքը փոփոխվել է մեղմացման առումով: Մասնավորապես, 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար առավել խիստ պատիժ է սահմանվել 5 տարի ժամկետով ազատազրկումը, որի երկու երրորդը կազմում է 3 տարի 4 ամիսը, հետևաբար Գ.Պողոսյանի նկատմամբ 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումից ավելի խիստ պատիժ չէր կարող նշանակվել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատիժը մեղմացնող նշված օրենքին հետադարձ ուժ չտալով, ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժը` 4 տարի ժամկետով ազատազրկումը, թողել է անփոփոխ` դրանով իսկ խախտելով քրեական օրենքի և միջազգային պայմանագրի հիշատակված նորմերի պահանջները:

9. Բացի այդ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի չեն առնվել ամբաստանյալ Գ.Պողոսյանի անձը բնութագրող և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ, ինչի հետևանքով վերջինիս նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հունիսի 16-ի որոշումը, ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ և կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը` նրան ազատել պատժի կրումից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

11. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Այսպես` սույն գործով պաշտպանի կողմից ըստ էության երկու հարց է բարձրացվել, որոնցից առաջինը վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից քրեական օրենքով և միջազգային պայմանագրով նախատեսված մի շարք դրույթների ենթադրյալ խախտմանը, որի արդյունքում Գ.Պողոսյանի վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ չի տրվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), իսկ երկրորդը` Գ.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված ենթադրյալ խախտումները փոխկապակցված են, դրանցից երկրորդը կարող է հետևանք լինել Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության ժամանակ թույլ տրված քրեաիրավական և միջազգային նորմերի ենթադրյալ խախտման, ուստի անհրաժեշտ է համարում առաջին հերթին քննության առնել նյութական իրավունքի վերոնշյալ խախտման հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված` «քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում» և «քրեական օրենքի հետադարձ ուժը» հասկացությունների ճիշտ մեկնաբանման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` իրավաչա՞փ է արդյոք հանցանքների կատարման պահի դրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

13. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով: Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն` «1. Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ (...)»:

14. Արարքը քրեականացնող կամ հանցագործության համար պատասխանատվությունը խստացնող, ինչպես նաև անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությունը և հակառակ դրան` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու պարտադիրությունը բխում է նաև մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային-իրավական ակտերի պահանջներից:

Մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևէ գործողության կամ թողտվության հետևանքով որևէ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որը, այն կատարվելու պահին գործող ներպետական օրենսդրության կամ միջազգային իրավունքի համաձայն, չի հանդիսացել քրեական հանցագործություն: Հավասարապես, չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին: Եթե հանցագործությունը կատարվելուց հետո օրենքով ավելի թեթև պատիժ է սահմանվում, այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ հանցագործի վրա»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:

15. Վերը նշված իրավանորմերի էությունը բացահայտող, ելակետային նշանակություն ունեցող մեկնաբանություններ տվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում: Մասնավորապես, Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություն, և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար, ինչպես նաև արգելում է ի վնաս մեղադրյալի` հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումը (տե՛ս G. v France, գանգատ թիվ 15312/89, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռ, կետ 24):

Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վկայակոչել է իր մեկ այլ` Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով վճիռը, որտեղ Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսված չէ միայն այն բանի համար, որ ի վնաս մեղադրյալի հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումն արգելվի: Այն ընդհանուր առմամբ ամրագրում է նաև այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (nսllսm crimen, nսlla pօena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ` այն չպետք է կիրառվի անալոգիայով: Դրանից հետևում է, որ հանցանքը պետք է հստակորեն սահմանված լինի օրենքում, իսկ այս պայմանն ապահովված է այն դեպքում, երբ անձը համապատասխան դրույթի ձևակերպումից, անհրաժեշտության դեպքում` դատարանների մեկնաբանության օգնությամբ, կարող է հասկանալ, թե հատկապես ո՛ր գործողության ու անգործության համար է նա ենթակա պատասխանատվության (տե՛ս Kօkkinakis v. Greece, գանգատ թիվ 14307/88, 1993 թվականի մայիսի 25-ի վճիռ, կետ 52):

Երկու այլ` Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, լինելով օրենքի գերակայության էական տարրեր, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ ունեն, և դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ 7-րդ հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում: Վերջինս, ելնելով իր առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի ու կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՛ս C.R. v. The United Kingdօm, գանգատ թիվ 20190/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 32 և S.W. v. The United Kingdօm, գանգատ թիվ 20166/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 34):

16. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված ներպետական և միջազգային իրավադրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nսllսm crimen, nսlla pօena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Սա նշանակում է, որ անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել, ինչպես նաև` հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն օրենքով, որը գործել է նրա կողմից արարքը կատարելու ժամանակ: Nսllսm crimen, nսlla pօena sine lege սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին:

17. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Քրեական օրենքը հետադարձ ուժ է ստանում, այսինքն` դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա հետևյալ դեպքերում.

1. նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),

2. նոր օրենքը մեղմացնում է պատիժը,

3. նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:

Ինչպես երևում է վերոգրյալից, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները սպառիչ են և ունեն իմպերատիվ բնույթ, այսինքն` եթե նոր ընդունված օրենքը պարունակում է վերը նշված պայմաններից առնվազն մեկը, ապա իրավակիրառող մարմինը պարտավոր է դրա գործողությունը տարածել մինչև օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն:

Այն դեպքերում, երբ նոր ընդունված օրենքը միաժամանակ բովանդակում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող դրույթներ, ապա օրենքը հետադարձ ուժ է ստանում միայն մեղմացման առումով:

18. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Պողոսյանի կողմից հանցանքների կատարման, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտի կայացման պահի դրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է եղել հետևյալ բովանդակությամբ`

«Գողությունը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

4) կրկին անգամ,

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

2011 թվականի մայիսի 23-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 16-րդ հոդվածը սահմանում է`

«Օրենսգրքի 177-րդ հոդվածում` (...)

2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

3) 2-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:» (...)

6) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,» (...)»:

19. Նախորդ կետում շարադրված իրավանորմերի համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ սույն գործով առկա է մի իրավիճակ, երբ հանցանքի կատարումից և Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտ կայացնելուց հետո ամբաստանյալ Գ.Պողոսյանին մեղսագրվող հանցանքների համար պատասխանատվություն սահմանող քրեական օրենքը փոփոխվել է և՛ մեղմացման, և՛ խստացման առումով: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված որակյալ հատկանիշներից առանձնացվել է բնակարան ապօրինի մուտք գործելը և շարադրվել է նույն հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետում, որի համար ավելի խիստ պատիժ է սահմանված: Այսինքն` տվյալ դեպքում տեղի է ունեցել քրեական օրենքի փոփոխություն, որով խստացվել է պատիժը, հետևաբար նշված փոփոխությունը հետադարձ ուժ չունի և չի կարող կիրառվել ամբաստանյալ Գ.Պողոսյանի կողմից մինչ օրենքի փոփոխությունը կատարված հանցավոր արարքները որակելիս, ինչպես նաև դրանց համար պատիժ սահմանելիս:

Միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որը սահմանում էր կրկնակիության որակյալ հատկանիշը, ճանաչվել է ուժը կորցրած, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, որը նախկինում նախատեսում էր միայն ազատազրկման ձևով պատիժ (երկուսից վեց տարի ժամկետով), փոփոխվել է և դրանում նախատեսվել է պատիժ ինչպես տուգանքի ձևով (նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով), այնպես էլ ազատազրկման ձևով (երկուսից հինգ տարի ժամկետով): Այլ կերպ` օրենքի փոփոխությամբ վերացվել է արարքի հանցավորությունը, այսինքն` տեղի է ունեցել ապաքրեականացում, ինչպես նաև մեղմացվել է համապատասխան հանցավոր արարքի համար սահմանված պատիժը: Նշված փոփոխությունները համընկնում են քրեական օրենքին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ` սույն որոշման 17-րդ կետում շարադրված պայմաններին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի` վերը նշված փոփոխություններին պետք է տրվեր հետադարձ ուժ, և դրանց գործողությունը պետք է տարածվեր մինչ փոփոխության ընդունումը հանցանք կատարած անձի` Գ.Պողոսյանի արարքների որակման և դրանց համար պատժի սահմանման վրա:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ ամբաստանյալ Գ.Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և ամբաստանյալ Գ.Պողոսյանի մեղադրանքի ծավալից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հանելու մասին: Իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով թողնվել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը, հանգել է այն եզրակացության, որ ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակվի հանցավոր արարքների կատարման պահի դրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

21. Սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ Գ.Պողոսյանին մեղսագրվող հանցավոր արարքների կրկնակիության որակյալ հատկանիշը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ճանաչվել է ուժը կորցրած, այսինքն` տեղի է ունեցել ապաքրեականացում, իրավացիորեն որոշում է կայացրել այն ամբաստանյալի մեղադրանքի ծավալից հանելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, քննարկելով պատժի փոփոխություն սահմանող օրենքի կիրառելիության հարցը, Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել հանցանքների կատարման պահի դրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում Գ.Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու անհրաժեշտության հարցում:

ՈՒստի, հանցավոր արարքի համար սահմանված պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ չտալով, դրա գործողությունը չտարածելով մինչև փոփոխության ընդունումը հանցանք կատարած անձի նկատմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի, ինչպես նաև սույն որոշման 14-րդ կետում շարադրված միջազգային-իրավական ակտերի համապատասխան նորմերի պահանջների խախտում:

22. Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ հանցանքների կատարման պահի դրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

23. Սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգման հիման վրա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ պատիժ է սահմանվել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու պայմաններում պատիժ նշանակելու կանոնների խախտմամբ:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 -րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխված սանկցիայով որպես տվյալ հանցագործության համար առավել խիստ պատիժ է սահմանվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Վերջինիս երկու երրորդը կազմում է 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը, որից ավելի խիստ պատիժ համապատասխան օրենքի փոփոխությունից հետո ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ չէր կարող նշանակվել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Գ.Պողոսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը` 4 տարի ժամկետով ազատազրկումը, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 -րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

24. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Գ.Պողոսյանի կատարած հանցավոր արարքների համար սահմանված պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ չտալով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի և միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

25. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ առանց Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու հնարավոր չէ քննության առնել բողոքաբերի կողմից բարձրացված երկրորդ հարցը, այն է` ամբաստանյալ Գ.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիությունը: ՈՒստի, սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն այդ հարցին չի անդրադառնում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գասպար Արամի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հունիսի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.10.2011
N ԳԴ1/0013/01/11
Որոշում