Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2011 թվականի N 360-Ն

 

i

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 30.1-րդ և 33-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2011 թվականի դեկտեմբերի 23-ի

N 360-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Երևան քաղաքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման հետ կապված հարաբերությունները:

2. Աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման համար հիմք է հանդիսանում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան` աղբահանության վճարի դրույքաչափերը սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումը:

3. Սույն կարգով չեն կարգավորվում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետով սահմանված շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ տալու հետ կապված հարաբերությունները:

 

II. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը

 

4. Աղբահանության վճար վճարողներ են հանդիսանում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված անձինք:

5. Աղբահանության վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների գրանցման մատյանում գրանցելու միջոցով: Վճարողների գրանցամատյանը պետք է վարվի նաև համապատասխան համակարգչային ծրագրով:

6. Աղբահանության վճարողների հաշվառումն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և (կամ) Երևանի քաղաքի ավագանու որոշմամբ նման լիազորություններով օժտված օպերատորը կամ այլ կազմակերպությունը (կազմակերպությունները):

 

III. Աղբահանության վճարի հաշվարկումը

 

7. Աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում`

1) բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար` փաստացի բնակվող անձերի քանակով,

2) այլ շենքերի կամ շինությունների համար` ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:

8. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում` տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով`

1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով` 1 քմ - 70 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 30.72 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 70 դրամ),

2) հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով` 1 քմ - 30 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 83.3 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 30 դրամ),

3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1 քմ - 8 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 312.5 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 8 դրամ),

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` 1 քմ - 4 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 625.0 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 4 դրամ),

5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով: Աղբահանության վճար վճարողի պահանջով (դիմումով) կարող է կատարվել վերահաշվարկ` ըստ շինության փաստացի նպատակային օգտագործման (չափերի, քմ) տեղեկությունների տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տվյալ դեպքում աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ փաստացի նպատակային նշանակության օգտագործման չափերի:

Օրինակ 1. Ազատության պող. 6 շենքի 17 բնակարանում բնակվում է 6 բնակիչ, սակայն բնակիչներից մեկը` 2012 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսը ներառյալ, փաստացի չի բնակվելու տվյալ բնակարանում:

Վերոգրյալ բնակարանի վճարը` 2012 թվականի մարտ ամսից մինչև հուլիս ամիսը ներառյալ, կհաշվարկվի 5 անձի համար, որը կկազմի 1000 դրամ:

Օրինակ 2. Սեփականության իրավունքով «ԷԼԵԳԱՆՏ» ՍՊԸ-ին պատկանող Ազատության 6 հասցեում գտնվող շինությունում իրականացվում է բազմաբնույթ տնտեսական գործունեություն: Շինության տարբեր հատվածներում գործում են հացի արտադրամաս, առևտրի սրահ և գրասենյակ: Աղբահանության վճարը` ամբողջ մակերեսի համար, հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով, որպես առևտրի սրահ և գրավոր ծանուցվում շինության սեփականատիրոջը, պահանջելով վճարի վերահաշվարկի և համապատասխան ճշգրտման նպատակով ներկայացնել տեղեկություններ` ըստ մակերեսի փաստացի իրականացվող գործունեության վերաբերյալ: Վճարի վերահաշվարկը կատարվում է ճշգրտված տեղեկությունների ներկայացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

IV. Աղբահանության վճարի հաշվարկումը և գանձումը

 

9. Աղբահանության վճարի հաշվարկումը և գանձումը իրականացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և (կամ) Երևանի քաղաքի ավագանու որոշմամբ նման լիազորություններով օժտված օպերատորի կամ այլ կազմակերպության (կազմակերպությունների) կողմից (այսուհետ` գանձող):

10. Գանձողը ստանում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված` աղբահանության վճարի կանխիկ գանձման համար նախատեսված անդորրագրերը, որի համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված մարմնի (այսուհետ` համակարգող) և գանձողի միջև կնքվում է անդորրագրերի հանձնման և ընդունման արձանագրություն:

11. Համակարգողն իրականացնում է գանձողի կողմից գանձված անդորրագրերի ընթացիկ հաշվառման, համադրման, անդորրագրերի մնացորդների և հայտի դեպքում` անդորրագրերի նոր խմբաքանակների տրամադրման աշխատանքները:

12. Գանձողը համակարգողից ստանալով անդորրագրերը, իրականացնում է անդորրագրերի պահպանման և ընթացիկ հաշվառման այլ աշխատանքներ:

13. Գանձողը պարտավոր է տվյալ օրվա գանձված գումարը մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 16.00-ը բանկային կամ փոստային համակարգի միջոցով գումարը փոխանցել համապատասխան հաշվին, իսկ անդորրագրերը` մինչև նույն աշխատանքային օրվա ավարտը, մուտքագրել տվյալների հաշվառման շտեմարան: Գանձված անդորրագրերի երկրորդ օրինակը` համապատասխան ամփոփագրով, գանձողը պարտավոր է հանձնել համակարգողին` մինչև գանձված գումարի փոխանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 15.00-ն:

14. Երևան քաղաքի ավագանու որոշմամբ աղբահանության վճարի հաշվառման և գանձման լիազորություններով օժտված օպերատորը կամ այլ կազմակերպությունը (կազմակերպությունները) Երևանի քաղաքապետին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում իր կողմից աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ:

 

V. Աղբահանության վճարի հաշվարկման և վճարման ժամկետները

 

15. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատված է համարվում օրացուցային ամիսը, իսկ վճարման ժամկետը յուրաքանչյուր ամսվա համար` տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

16. Աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տվյալ ամսվան հաջորդող ամսվա 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:

 

VI. Այլ դրույթներ

 

17. Աղբահանության վճար վճարողների գրանցման մատյանի, աղբահանության վճարի կանխիկ վճարումների ընդունման ամփոփագրի, աղբահանության վճարի գանձման գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև սույն կարգի պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևերը հաստատվում են Երևանի քաղաքապետի կողմից:

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2011
N 360-Ն
Որոշում