Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.1997  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i
ՀՈԴՎԱԾ 36. ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

Ձեռներեցները պարտավոր են`

1) աշխատանքային պայմանագրեր կնքել ձեռնարկությունում վարձով աշխատող քաղաքացիների կամ վերջիններիս կողմից լիազորված, նրանց շահերը ներկայացնող և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կազմակերպությունների հետ.

2) լրիվ վճարել բոլոր աշխատողների վարձը` նրանց աշխատանքային պայմանագրերի համաձայն.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել և փոխհատուցել իրենց կողմից հասցրած վնասը` կնքած պայմանագրերը`, այդ թվում` աշխատանքային, չկատարելու կամ հարկ եղածին պես չկատարելու, այլ անձանց սեփականության իրավունքը խախտելու համար.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տույժեր կրել հակամենաշնորհային օրենսդրության պահանջները և ձեռնարկատիրական գործունեության կանոնները խախտելու, շրջակա միջավայրը աղտոտելու, աշխատանքի անվտանգության կանոնները չպահպանելու, առողջության համար վտանգ ներկայացնող արտադրանք թողարկելու, աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու դեպքում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

5) կատարել վարձով աշխատող քաղաքացիների սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրությունը, ապահովել վարձու աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները` աշխատանքային պայմանագրերին համապատասխան.

6) կատարել հաշմանդամների և սահմանափակ աշխատունակությամբ անձանց սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

7) ժամանակին հայտարարագրեր (դեկլարացիաներ) ներկայացնել իրենց և ձեռնարկության եկամուտների մասին, հարկեր վճարել և բյուջեներին վճարումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ձեռնարկության սնանկանալու մասին այն դեպքում, երբ հնարավոր չի բավարարել նրա պարտապանների օրինական գույքային պահանջները:

Ձեռնարկության պարտավորությունների համար գույքային պատասխանատվություն են կրում`

իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության սեփականատերերը` ձեռնարկության գույքի մեջ իրենց ունեցած բաժնի չափով, կամ այն գումարի չափով ու կարգով, որոնք սահմանված են ձեռնարկության կանոնադրությամբ կամ այլ հիմնադիր փաստաթղթերով.

իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերը` իրենց ամբողջ գույքով, որի վրա կարող է բռնագանձում տարածվել.

ձեռնարկության երաշխավորողը` երաշխավորության պայմանագրում նշված կարգով.

վարձակալը կամ լիազորագրային սեփականատերը` սեփականատիրոջ նման և նրա փոխարեն.

ձեռնարկության ղեկավարները` նրանց հետ կնքված պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՁԵՌՆԵՐԵՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻՆ (ԵԿԱՄՏԻՆ)

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը (եկամուտը) գտնվում է ձեռներեցի լրիվ տիրապետման , օգտագործման և տնօրինման ներքո, եթե այլ բան նախատեսված չէ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով:

Կոնտրակտով աշխատող ձեռներեցը կարող է վարձատրվել աշխատավարձի ձևով, ինչպես նաև մասնակցել ձեռնարկության շահույթին (եկամտին) կնքված կոնտրակտի համաձայն:

Եթե ձեռներեցը ֆիզիկական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, ապա նրա շահույթը (եկամուտը) հարկվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 38. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է`

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ձեռնարկություններ ստեղծելու և դրանց համար գույք ձեռք բերելու իրավունքը.

ձեռնարկության և անհատ ձեռներեցի գրանցման իրավունքը.

ձեռներեցների և ձեռնարկությունների գույքի, իրավունքների ու շահերի պաշտպանությունը.

ձեռներեցության ազատություն և իրավահավասարություն` ձեռնարկատիրական գործունեության բոլոր սուբյեկտների համար.

անհատ ձեռներեցի և ձեռնարկության գույքի պաշտպանությունը անօրինական բռնագանձումից.

պետական կառավարման (իշխանության տեղական) մարմինների չմիջամտելը ձեռներեցի և ձեռնարկության գործունեությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

այլ մարմինների կողմից ձեռներեցի և ձեռնարկության գործունեությանը, ինչպես նաև ձեռնարկության կողմից` իրենց ստեղծած ձեռնարկությունների գործունեությանը չմիջամտելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և համապատասխան ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերում նշված դեպքերի.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումներից հետո մնացած շահույթի (եկամտի) տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը:

Ձեռներեցին կամ ձեռնարկությանը հասցված վնասը, այդ թվում և բաց թողնված օգուտները, որ հետևանք է պետական կամ այլ մարմինների, կամ նրանց պաշտոնատար անձանց` ձեռներեցի կամ ձեռնարկության իրավունքները խախտող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործունեության, ինչպես նաև այդ մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից ձեռներեցի կամ ձեռնարկության նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, ենթակա է փոխհատուցման այդ մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 39. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ

 

i

Ձեռնարկության գույքը կարող է ձեռնարկությանը պատկանել` սեփականության կամ տիրապետման կամ տիրապետման ու օգտագործման, պետական ձեռնարկությունների համար` լրիվ տնտեսավարման, վարձակալական ձեռնարկությունների համար` ժամկետային փոխհատուցմամբ տիրապետման և օգտագործման, լիազորագրային սեփականատիրոջ համար` կառավարման իրավունքով:

Ձեռնարկության գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

Գույքի նյութական օբյեկտների թվում են դասվում ձեռնարկության հիմնական և շրջանառու ֆոնդերը, դրամական միջոցները և արժեթղթերը, նպատակային օգտագործման ֆոնդերը, ձեռնարկության դադարման ժամանակ և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում` նաև ստացված փոխառությունները, վարկերը, երրորդ անձանց հանդեպ ձեռնարկության մյուս պարտավորություններն ու պատասխանատվությունը:

Գույքի ոչ նյութական օբյեկտների թվին են դասվում արտոնագրերը, լիցենզիաները, ապրանքային նշանները, ձեռնարկության ֆիրմային անվանումը, հաճախորդների առկայությունը, ձեռնարկության հեղինակությունը և կնքված պայմանագրերը, գույքային իրավունքների առկայությունը և բնույթը:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Ձեռնարկության գույքի ստացման աղբյուրները կարող են լինել` ձեռնարկության հիմնադիրների, սեփականատերերի դրամական ու նյութական ներդրումները, նրանց կողմից գույքին տիրապետելու, այն օգտագործելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.

արտադրանքի իրացումից, աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից, ինչպես նաև տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության կողմից թողարկված արժեթղթերից ստացված եկամուտները.

բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը.

պետական բյուջեից հատկացված կապիտալ ներդրումները, նպաստները, լրավճարները և այլ ներդրումները.

բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:

 

ՀՈԴՎԱԾ 41. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների գույքը, անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

i

Ձեռնարկության գույքի բռնագանձումը հնարավոր է միայն բռնագանձման մասին դատարանի որոշման կամ դատավճռի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 42. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

i

Ձեռնարկությունն ունի ֆիրմային անվանում, որի գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

/խմբ. 12.05.97 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 43. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ

 

i

Ձեռնարկությունն ունի ապրանքային նշան /նշաններ/, որի /որոնց/ գրանցումը, օգտագործումը և իրավական պաշտպանությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(խմբ 12.05.97)

 

i
ՀՈԴՎԱԾ 44. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

Ձեռնարկությունը հողի և բնական այլ ռեսուրսների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում հողի, ջրի, անտառների, այլ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, վերականգնման և պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանման համար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի համար:

Ձեռնարկությունը պարտավոր է ժամանակին և արդյունավետ կերպով իրականացնել շրջակա միջավայրի վրա իր գործունեության բացասական ազդեցության նվազեցման և դրա փոխհատուցմանը նպատակամղված բնապահպանական միջոցառումներ:

Այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ձեռնարկությունը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 45. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը շահույթն է:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը եկամուտն է:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը վճարելուց և մյուս վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը (եկամուտը) մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է սեփականատիրոջ (սեփականատերերի) հայեցողությամբ, եթե ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով այլ բան չի նախատեսված:

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության շահույթի (եկամտի) օգտագործման կարգը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմինների կողմից և չպետք է հակասի սույն օրենքի դրույթներին:

Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների, ինչպես նաև հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները կարող են սահմանել տնտեսական խրախուսման ֆոնդերի և դրանց ձևավորման նորմատիվների վերաբերյալ պարտադիր պահանջներ:

Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների աղբյուրներն են սեփականատերերի դրամական ներդրումները, արտադրանքի (աշխատանքների ծառայությունների) իրացումից ստացված հասույթը, ամորտիզացիոն հատկացումները, ձեռնարկության միջոցները բանկային հիմնարկի հաշվին պահելու համար տոկոսները, արժեթղթերից ստացված միջոցները, աշխատավորական կոլեկտիվի անդամների, այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների ներդրումները, պետական գույքի օգտագործումից վճարվող տոկոսները` եթե դրանք պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ թողնվում են ձեռնարկության տնօրինությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ դրամական մուտքերը:

Բոլոր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկություններում պարտադիր պահանջվում է կազմավորել պահեստային ֆոնդ: Պահեստային ֆոնդի կազմավորման նվազագույն նորմատիվները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր ձեռնարկությունների համար:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և դրա հիման վրա ընդունվող պետական կառավարման լիազորված մարմինների որոշումներով սահմանվում է հաշվապահական գործառնությունների վարման, ամորտիզացիոն հատկացումների, ինքնարժեքի և նրա տարրերի, աշխատանքի վարձատրմանը ուղղվող միջոցների, ձեռնարկության կողմից պետական գույքի օգտագործման համար տոկոսների հաշվարկման և այլ հաշվառումների կարգը, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր ձեռնարկությունների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից:

 

ՀՈԴՎԱԾ 46. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկային հիմնարկում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամարկղային բոլոր տեսակների գործառնություններ իրականացնելու համար:

Ձեռնարկության բոլոր ֆինանսական գործառնությունները, այդ թվում և աշխատավարձի վճարումները, կատարվում են բանկային հիմնարկների միջոցով` վճարումների ժամկետներին համապատասխան:

Ձեռնարկությունը իրեն մատակարարվող արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների համար վճարումը կարող է իրականացնել նաև օգտվելով առևտրային վարկից կամ մատակարարող ձեռնարկության կողմից տրամադրված փոխառությունից, ինչպես նաև ապառիկ` համապատասխան տոկոսադրույքների վճարմամբ: Այդպիսի գործառնություններ իրականացնելու համար ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թողարկել մուրհակներ կամ այլ արժեթղթեր:

Ձեռնարկությունը կարող է սպառողական վարկ տրամադրել կամ տարաժամկետ վճարումներ թույլատրել իր հաճախորդներին, ինչպես նաև առևտրային վարկ տալ ցանկացած կազմակերպությանը: Ձեռնարկությունների փոխադարձ վարկավորման հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:

Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում վճարումային կարգապահությունը պահպանելու համար: Իր հաշվարկային պարտավորությունները պարբերաբար չկատարելու դեպքում ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բանկային հիմնարկի կողմից անվճարունակ հայտարարվել:

 

ՀՈԴՎԱԾ 47. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Ձեռնարկության և աշխատողի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրով:

Աշխատանքի վարձելու, վարձու աշխատողների թվաքանակը, աշխատանքի և հանգստի պայմանները որոշելու, նրանց աշխատանքի համար վճարի չափը, ձևերը և կանոնները, ինչպես նաև վարձու աշխատողների` տվյալ ձեռնարկությունից ստացվող մյուս եկամուտները ձևավորելու հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված անհատական կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով:

Վարձու աշխատողների աշխատանքային եկամուտները բոլոր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկություններում չեն սահմանափակվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են աշխատավարձի նվազագույն չափը, աշխատանքային օրվա առավելագույն տևողությունը, աշխատողների առանձին խմբերի համար (կանայք, այդ թվում` հղի, անչափահասներ, հաշմանդամներ և այլն) արտոնություններ և երաշխիքներ, արձակուրդի նվազագույն տևողությունը, սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր ապահովագրական վճարումների նվազագույն չափերը, որոնք պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած բոլոր ձեռնարկությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 48. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Ձեռնարկությունը պարտավոր է իր աշխատողների համար ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ և նրանց առողջությանն ու աշխատունակությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 200 և ավելի աշխատատեղեր ունեցող ձեռնարկություններին կարող է պարտադրել ընդհանուր աշխատատեղերի մինչև 5 տոկոսը հատկացնել հաշմանդամներին և սահմանափակ աշխատունակությամբ անձանց: Այդպիսի ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվում են հարկային և վարկային արտոնություններ: Ձեռնարկությունը իր աշխատողների կամ նրանց առանձին խմբերի համար կարող է ինքնուրույնաբար սահմանել լրացուցիչ արձակուրդներ, կրճատված աշխատանքային օր, այլ արտոնություններ, եթե դրանք չեն խախտում վարձու աշխատողների` աշխատանքային պայմանագրերում նշված իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 49. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Ձեռնարկությունը, անկախ կազմակերպական-իրավական տեսակից, պարտավոր է իրականացնել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռնարկությունների առանձին կազմակերպական-իրավական տեսակների համար կարող են սահմանվել հաշվապահական հաշվառման և վիճակագրական հաշվետվության պարզեցված ձևեր:

Ձեռնարկությունները ըստ տնտեսական տարվա արդյունքների պատրաստում և պետական վիճակագրական մարմիններին ներկայացնում են հաշվեկշիռ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ, այդ թվում` շրջակա միջավայրի աղտոտմանը և պահպանությանը վերաբերող տվյալներ, հարկային պետական տեսչության մարմիններին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր:

Բաց բաժնետիրական ընկերությունները, հասարակական ծառայությունների ձեռնարկությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, դրանց, ինչպես նաև հասարակական և կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունը, որտեղ պետք է բերվեն նրանց հաշվեկշիռը, ձեռնարկության շահույթի (եկամտի) բաշխման ուղղությունները, վճարվող շահութամասերը և այլ տվյալներ:

Մյուս ձեռնարկությունները պարտավոր չեն հրապարակելու իրենց գործունեությանը վերաբերող տվյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հատուկ դեպքերի:

Ձեռնարկության գործունեությանը վերաբերող, չհրապարակվող կամ պետական վիճակագրական հաշվետվությամբ չնախատեսված տվյալները կարող են տրամադրվել ձեռնարկության հայեցողությամբ, կամ ձեռնարկության գործունեությունը (գործունեության առանձին կողմերը) վերահսկելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունք ունեցող մարմինների պահանջով և միայն նրանց իրավասության սահմաններում:

Ձեռնարկությունը պարտավոր է թույլատրել հարկային պետական տեսչության և պետական այլ մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերում` նաև անկախ հսկիչներին, իրենց իրավասության սահմաններում ստուգելու իր գործունեությունը: Ձեռնարկությունը պարտավոր չէ կատարելու այդ մարմինների կամ անձանց այն պահանջները, կամ տրամադրելու այն տվյալները, որոնք չեն վերաբերում նրանց իրավասությանը կամ ստուգման առարկային:

Ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ պաշտոնատար անձանց կողմից սահմանված հաշվետվության կեղծումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 50. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

 

i

Ձեռնարկության առևտրային գաղտնիք են հանդիսանում նրա կանոնադրությամբ, գործունեության կանոնակարգով կամ այլ փաստաթղթերով նախատեսված նախագծերը, նմուշները, արտոնագրերը, մյուս այն օբյեկտները, տվյալները, որոնց հրապարակումը, փոխանցումը կամ այլ ձևով կողմնակի անձանց հայտնի դառնալը կարող են վնաս հասցնել ձեռնարկության շահերին կամ գործարար հեղինակությանը: Առևտրային գաղտնիքի առարկա չեն կարող լինել ձեռնարկության մասին այն տվյալները, որոնք ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է հաղորդել պետական վիճակագրական մարմիններին կամ հրապարակել:

Ձեռնարկությունն ինքնուրույն է սահմանում իր առևտրային գաղտնիք հանդիսացող օբյեկտների կամ տվյալների պահպանման և փոխանցման կարգը, որը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Ձեռնարկության առևտրային գաղտնիքը հրապարակելը կամ այլ կերպ հայտնի դարձնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 6. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 51. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում վերադաս պետական մարմին կարող են ունենալ միայն պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին համապատասխան, պետական ձեռնարկությունը կարող է գտնվել պետական վերադաս մարմնի, հատուկ ստեղծված լիազորագրային կառավարման ձեռնարկության (հոլդինգի) ենթակայության տակ, կամ գործել ինքնուրույն` ուղղակիորեն չենթարկվելով որևէ պետական մարմնի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են այն ոլորտները, որոնցում պետական իշխանության տեղական մարմինները կարող են իրենց ենթակայության տակ ունենալ ձեռնարկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 52. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Ձեռնարկության սեփականատիրոջը (սեփականատերերին) է պատկանում ձեռնարկության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

Միանձնյա սեփականության վրա հիմնադրված ձեռնարկություններում որոշում ընդունելու իրավունքը պատկանում է նրա հիմնադիր անձին կամ սեփականատիրոջը:

Կոլեկտիվ սեփականության վրա հիմնադրված ձեռնարկություններում, կախված նրանց կազմակերպական-իրավական տեսակից, կառավարման բարձրագույն մարմին է հանդիսանում սեփականատերերի, հիմնադիրների, մասնակիցների, անդամների, բաժնետերերի, վարձակալների ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը): Ընկերության յուրաքանչյուր անդամի ձայների քանակը որոշվում է նրան պատկանող բաժնեմասի չափով:

Ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինն ինքն է սահմանում իր իրավասությունը, գործունեության և որոշումներ ընդունելու շրջանակները և կանոնակարգը` ելնելով սույն օրենքից, ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերից:

Միանձնյա սեփականատերը, ինչպես նաև սեփականատերերի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) իրավունք ունեն ձեռնարկության կառավարման իրենց իրավասությունը իրենց կողմից որոշված ոլորտներում փոխանցել ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կառավարման այլ մարմինների:

 

ՀՈԴՎԱԾ 53. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

i

Ելնելով ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակից, նրա ղեկավար մարմիններն են վարչությունը (խորհուրդը) և (կամ) ղեկավարը (տնօրենը):

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նախատեսված որոշակի ղեկավար ֆունկցիաներ կարող է իրականացնել ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը:

Ձեռնարկության գործունեությունը վերահսկվում է վերահսկիչ հանձնաժողովի կամ հսկիչի կողմից:

Ձեռնարկության ղեկավար մարմնի կազմը և իրավասությունը որոշվում են ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով, որոնք չպետք է հակասեն սույն օրենքին և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 54. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ (ԽՈՐՀՈՒՐԴԸ)

 

Ձեռնարկության վարչությունը (խորհուրդը) պարտադիր կարգով ստեղծվում է ընկերությունների կազմակերպական-իրավական տեսքով գործող և պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկություններում, ձեռնարկությունների տնտեսական միավորումներում, ինչպես նաև շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններում:

Այլ ձեռնարկություններում վարչությունը (խորհուրդը) կարող է ստեղծվել սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ, որի մասին պետք է նշվի ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում:

Ձեռնարկության վարչությունը (խորհուրդը) իրավասու է լուծելու այն բոլոր հարցերը, որոնք հանձնարարված են սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) կողմից և նշված են ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում:

 

ՀՈԴՎԱԾ 55. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀՍԿԻՉԸ

 

Վերահսկիչ հանձնաժողովը ձեռնարկության այն մարմինն է, որը հետևում է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների), և վարչության (խորհրդի) որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում նշված այլ գործունեության իրականացմանը:

Վերահսկիչ հանձնաժողով պարտադիր կերպով ստեղծվում է իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ձեռնարկություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգով, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում կարող են ստեղծվել սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

Վերահսկիչ հանձնաժողովը կարող է ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջել ձեռնարկության ղեկավարից և այլ աշխատողներից: Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով իր հաշվետվությունը ներկայացնել ձեռնարկության ղեկավար մարմնին` ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին: Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) և ղեկավար մարմնի անդամները:

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կարող է նախատեսվել, որ ձեռնարկության փաստաթղթերի ստուգումը և վերահսկման մյուս ֆունկցիաները իրականացնի վարձատրվող հսկիչը (հսկիչները), որը պետք է հաշվետու լինի միայն ձեռնարկության ղեկավար մարմնին: Հսկիչի դերում կարող է հանդես գալ նաև համապատասխան մասնագիտացված ձեռնարկությունը: Որպես հսկիչ չեն կարող հանդես գալ ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը), հիմնադիրը (հիմնադիրները), ղեկավարը (տնօրենը) և ղեկավար մարմնի անդամները:

Հսկիչը պետք է իրավունք ունենա հսկողություն սահմանելու ձեռնարկության նյութական և ֆինանսական արժեքների ու բանկային հաշիվների վրա, տեղեկություններ ստանալու նրանց շարժի և փոփոխման մասին: Հսկիչը պարտավոր է ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով նրա ղեկավար մարմնին ներկայացնել հաշվետվություն ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների օրինականության և իրականությանը համապատասխանելու մասին: Հսկիչը կարող է միաժամանակ սպասարկել մեկից ավելի ձեռնարկությունների և պարտավոր է այդ մասին հայտնել այն բոլոր ձեռնարկություններին, որտեղ նա իրականացնում է իր գործունեությունը:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հսկիչների ազատումը կամ վերընտրությունը կարող է իրականացվել միայն ձեռնարկության ղեկավար մարմնի կողմից:

Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովի և ձեռնարկությանը սպասարկող վճարովի հսկիչների մասին տվյալները և դրանց փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հայտնվեն ձեռնարկության գործերը վարող պետական գրանցման մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 56. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան ձեռնարկության ղեկավարներ (տնօրեններ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի անդամներ և հսկիչներ կարող են ընտրվել կամ նշանակվել ձեռնարկության վարձու աշխատողներ կամ ձեռնարկության հետ աշխատանքային պայմանագիր չունեցող անձինք, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ:

Չեն կարող ընտրվել կամ նշանակվել`

այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է զբաղվել ձեռնարկության հիմնական գործունեությամբ.

սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) կամ ղեկավար մարմնի անդամներ հանդիսացած անձինք.

այն պաշտոնատար անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնելը:

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան նրա ղեկավարը (տնօրենը), ղեկավար մարմնի անդամները, ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի անդամները և հսկիչները կարող են ընտրվել կամ նշանակվել որոշակի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարով:

 

ՀՈԴՎԱԾ 57. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ (ՏՆՕՐԵՆԸ)

 

i

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով սահմանված կարգի համաձայն ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) նշանակվում, վարձվում կամ ընտրվում է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ վերջինիս լիազորած մարմնի կողմից: Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) աշխատանքի է նշանակվում և ազատվում աշխատանքից պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձեռնարկության ղեկավար (տնօրեն) նշանակելու, վարձելու կամ ընտրելու ժամանակ նրա և ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի միջև կնքվում է կոնտրակտ, որը սահմանում է ձեռնարկության ղեկավարի (տնօրենի) իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների), ղեկավար մարմնի և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու պայմանները, կոնտրակտի դադարեցման և լուծարման հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Կոնտրակտի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը:

Կոնտրակտի առկայությունը պարտադիր է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների համար: Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում կոնտրակտը պարտադիր է, եթե ձեռնարկության ղեկավարի (տնօրենի) ֆունկցիաները կատարում է վարձված անձը: Այլ դեպքերում ձեռնարկության ղեկավարի (տնօրենի) ֆունկցիաները կատարում է սեփականատերերից մեկը` կոնտրակտով կամ առանց կոնտրակտի, նրանց համատեղ որոշմամբ:

Կոնտրակտի գործողության ժամկետը լրանալու դեպքում կողմերի համաձայնությամբ այն կարող է երկարաձգվել կամ կնքվել նոր ժամկետով:

Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը), ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով իրեն վերապահված իրավասության սահմաններում, կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իր հետ կնքված կոնտրակտին և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան:

Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում է դրա շահերը, տնօրինում է ձեռնարկության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, այդ թվում և աշխատանքային, ձեռնարկության վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքներ, արձակում է հրամաններ, ձեռնարկության աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով իրեն վերապահված կամ սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից տրված այլ լիազորություններ:

Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) մինչև կոնտրակտի ժամկետը լրանալը կարող է ազատվել աշխատանքից կոնտրակտում նշված հիմքերով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) հայեցողությամբ:

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) չի կարող միաժամանակ հանդիսանալ այլ ձեռնարկության ղեկավար (տնօրեն):

Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) կարող է լինել ցանկացած ձեռնարկության սեփականատեր կամ մասնակից, այդ թվում և իր կողմից ղեկավարված ձեռնարկությունում, եթե ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով այլ բան չի նախատեսված:

 

ՀՈԴՎԱԾ 58. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

i

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը կազմում են ձեռնարկության բոլոր այն աշխատողները, որոնք մասնակցում են ձեռնարկության գործունեությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը իրավասու է լուծելու ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

նախապատրաստել կոլեկտիվ պայմանագրի նախագիծը.

իր ներկայացուցիչների կամ համապատասխան արհմիությունների միջոցով բանակցություններ վարել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ` կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ.

վերջիններիս հետ համաձայնության հասնելու դեպքում հաստատել կոլեկտիվ պայմանագիրը.

համաձայնության չհասնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իր օրինական պահանջները բավարարելու համար գործադուլ հայտարարել և դադարեցնել գործադուլը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը քննարկում և լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով իրեն վերապահված բոլոր հարցերը:

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության վարչության կազմում աշխատավորական կոլեկտիվի` ձեռնարկության ղեկավար մարմնի անդամներ չհանդիսացող ներկայացուցիչները պետք է զբաղեցնեն տեղերի մեկ երրորդը:

Այլ ձեռնարկություններում ղեկավար մարմինների աշխատանքին աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչների մասնակցության կարգը և ձևը կարգավորվում են նրանց հիմնադիր փաստաթղթերով:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է (կոնֆերանսը):

 

ԳԼՈՒԽ 7. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 59. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

i

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական իշխանության և կառավարման մարմինների, կարգավորում է ձեռնարկատիրական գործունեությունը, սահմանելով և կարգավորելով հարկերի մուծման կարգը և տոկոսադրույքները, եկամուտները` որոշ տեսակի արժեթղթերի համար, արտարժույթի կուրսը, ամորտիզացիոն և այլ հատկացումների նորմերը, պարտադիր ապահովագրության նորմերը, ինչպես նաև` ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում սահմանելով արտոնություններ կամ արգելքներ և պատժամիջոցներ:

Հայաստանի Հանրապետությունում գները ձևավորվում են ազատ` ելնելով համապատասխան արտադրանքի, աշխատանքի կամ ծառայության նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող խիստ սահմանափակ անվանացանկով առաջին անհրաժեշտության կամ կարևորագույն նշանակություն ունեցող արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կարող են սահմանվել կայուն գներ կամ դրվել գների փոփոխման վերին սահմաններ, ինչպես նաև սահմանվել գների փոփոխման կարգը:

Ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կողմից` մաքսային վերահսկման ընթացակարգի և մաքսային վճարների սահմանման, առանձին արտաքին տնտեսական գործառնությունների լիցենզավորման, արժութային կուրսերի սահմանման և արժութային սահմանափակումների կիրառման, հակադեմպինգային միջոցառումների իրականացման, արտաքին տնտեսական գործառնությունների պարտադիր ապահովագրման պահանջի, ինչպես նաև այլ միջոցառումների իրականացման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 60. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

i

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները ձեռնարկություններին` անկախ նրանց սեփականության ձևերից և կազմակերպական-իրավական տեսակից, կարող են միջոցներ տրամադրել հանրապետական (տեղական) զարգացման ծրագրերից, հանրապետական (տեղական) բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից կամ այլ աղբյուրներից ուղղակի ներդրումների, վարկերի, պարգևի կամ այլ ձևերով, անվերադարձ կամ որպես փոխատվություն:

Պետական միջոցները վաղօրոք հայտարարված պայմաններով, այդ թվում և մրցույթով, տրամադրվում են այն ձեռնարկություններին, որոնց գործունեությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նախապատվություն ունեցող ոլորտներում:

Ձեռնարկություններին պետական միջոցների տրամադրումը ձևակերպվում է պայմանագրով: Պետական կառավարման լիազորված մարմինը պարտավոր է պարբերաբար վերահսկել այդ միջոցների ծախսումը և դրանց անարդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությանը և (կամ) նրա պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:

 

ՀՈԴՎԱԾ 61. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

i

Պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ձեռնարկությունների համար պայմաններ են ստեղծում մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հանրապետական և տեղական նշանակության ծրագրերի իրագործմանը, այդ թվում` պետական պատվերների միջոցով:

Պետական պատվերը սահմանվում է պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի և ձեռնարկության միջև կնքված պայմանագրով և վճարվում է հանրապետական կամ տեղական բյուջեի միջոցների հաշվին:

Այն կարող է նախատեսել ձեռնարկությանը կամ ձեռնարկության կողմից այլ սպառողներին արտադրանքի մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը նախապես պայմանավորված ժամկետներում, ծավալներով և գներով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական (իշխանության տեղական մարմինների), հասարակական ծառայությունների ձեռնարկություններում պետական պատվերը կարող է տեղադրվել պարտադիր կարգով, բայց առանց ձեռնարկության համաձայնության չի կարող տարածվել ձեռնարկության ամբողջ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վրա, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների խիստ սահմանափակ ցուցակի: Այդ ցուցակի մեջ մտնող արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վրա պետական պատվերը պարտադիր է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` այդ արտադրանքը թողարկելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մեջ մասնագիտացած այլ ձեռնարկությունների համար:

Պետական պատվերի պայմանները պետք է ձեռնարկության համար ապահովեն ընդլայնված վերարտադրության և շահութաբերության առնվազն միջին ճյուղային մակարդակը: Ըստ գործունեության ոլորտների պետական պատվերի առավելագույն չափերը` արտահայտված ձեռնարկության արտադրական կարողությունների առավելագույն բեռնվածության տոկոսաչափով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պետական պատվերի պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու կամ հարկ եղածին պես չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 62. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունը պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների միջև մրցակցության ծավալման և ներքին ու արտաքին շուկաներում անբարեխիղճ մրցակցությունը և մենաշնորհը կանխելու համար:

Այն դեպքում, եթե ներքին կամ արտաքին շուկաներում ձեռնարկությունների անբարեխիղճ մրցակցության պատճառով վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ձեռնարկությանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը պարտավոր է նման անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել կամ դիմել այլ պետության լիազորված մարմնին համապատասխան խնդրանքով, անկախ վնաս կրած ձեռնարկության բողոքի առկայությունից: Վնաս կրած ձեռնարկությունը կարող է վնասը փոխհատուցելու համար դիմել դատական մարմնին:

Ձեռնարկության անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար նրա նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային օրենսդրությամբ որոշված կարգով և պայմաններով սահմանված տուգանքներ, դրամական տույժեր, ձեռնարկության հարկադիր մասնատում, նրա պայմանագրերի մեջ կարող են մտցվել պարտադիր պայմաններ և այլ պատժամիջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 63. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

 

Ձեռնարկությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների համաձայն ապահովագրել իր գույքը Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրման մարմիններում կամ այլ ապահովագրական հաստատությունում: Պետական (իշխանության տեղական մարմնի) կամ հասարակական ծառայությունների ձեռնարկությունը, կամ այն ձեռնարկությունները, որոնց գույքի 10 տոկոսը և ավելին պետական (իշխանության տեղական մարմնի) սեփականություն է հանդիսանում, պարտավոր են այդ գույքը ապահովագրել պետական կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վստահելի ճանաչված ապահովագրական հաստատությունում:

 

ՀՈԴՎԱԾ 64. ՊԵՏԱԿԱՆ (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ձեռնարկությունն իրավունք ունի օգտագործելու իր տնօրինությանը հանձնված պետական (իշխանության տեղական մարմինների) գույքը միայն պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի կողմից տվյալ ձեռնարկության համար սահմանված կարգով, որը չպետք է հակասի սույն օրենքին և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Ձեռնարկությունը պարտավոր է ապահովել իր տնօրինությանը հատկացված պետական (իշխանության տեղական մարմինների) գույքի պահպանությունը և արդյունավետ օգտագործումը: Պետական (իշխանության տեղական մարմինների) գույքը ձեռնարկության կողմից կարող է նվազեցվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Ձեռնարկությունը պետական (իշխանության տեղական մարմինների) գույքի օգտագործման համար վճար է մուծում համապատասխան բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և դրույքներով: Եթե տնտեսական ընկերակցության կամ ընկերության կազմակերպական-իրավական տեսքով գործող ձեռնարկություններում պետական գույքը հանդիսանում է պետության բաժնեմասը, ապա պետական (իշխանության տեղական մարմինների) գույքի օգտագործման համար վճար չի գանձվում: Դրույքները կարող են տարբերակվել ելնելով ձեռնարկության գործունեության ոլորտից կամ գտնվելու վայրից:

Պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի թույլտվությամբ պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները կարող են գույքի օգտագործման համար տոկոսադրույքները կամ դրանց մի մասը (կեսից ոչ պակաս) օգտագործել ձեռնարկությունում` պետական (իշխանության տեղական մարմինների) գույքն ավելացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 65. ՊԵՏԱԿԱՆ (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

 

Իր տնօրինության տակ գտնվող պետական (իշխանության տեղական մարմինների) ֆինանսական ռեսուրսները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար ձեռնարկությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնից ստանալ թույլտվություն:

Ձեռնարկության տնօրինության տակ գտնվող պետական (իշխանության տեղական մարմինների) ֆինանսական ռեսուրսները, որոնք նա ներդնում է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով տրամադրում է ուրիշ ձեռնարկության կամ կազմակերպության, չեն կարող գերազանցել ձեռնարկության տրամադրության տակ գտնվող այդ ռեսուրսների ընդհանուր քանակի կեսը:

Այդ սահմանափակումը ձեռնարկության կողմից խախտվելու դեպքում պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինը կարող է պահանջել պետությանը (իշխանության տեղական մարմիններին) վերադարձնել այլ ձեռնարկություններում ներդրված պետական (իշխանության տեղական մարմինների) ֆինանսական ռեսուրսները:

 

ՀՈԴՎԱԾ 66. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Ձեռնարկության հարաբերությունները պետական իշխանության տեղական մարմինների հետ իրականացվում են սույն օրենքի, պետական իշխանության տեղական մարմինների մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի հիման վրա:

Իշխանության տեղական մարմինները կարող են իրենց տնօրինության տակ գտնվող պետական գույքով ձեռնարկություններ հիմնադրել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ղեկավարել ու կարգավորել դրանց գործունեությունը, ինչպես նաև մասնակցել այլ ձեռնարկությունների:

Պետական իշխանության տեղական մարմինները կարող են իրենց իրավասության շրջանակներում արտոնություններ սահմանել իրենց ենթակա տարածքում գործող ձեռնարկությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 67. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձեռնարկության գործունեության օրինականության հսկողությունը, որը ներառում է նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության հսկումը, իրականացնում է պետական լիազորված մարմինը:

Հսկողությունը իրականացնելիս պետական լիազորված մարմինը իրավասու է լրիվ կամ մասնակի կասեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող` ձեռնարկության ցանկացած հիմնադիր փաստաթղթի, կնքած պայմանագրի, այդ թվում` աշխատանքային, ինչպես նաև ձեռնարկության որևէ ղեկավար մարմնի կամ վերահսկիչ հանձնաժողովի կամ հսկիչի կողմից բողոքարկված, կամ այլ կերպ նրան հայտնի դարձած որոշման կատարումը:

Պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հիմնադիր փաստաթուղթը, պայմանագիրը կամ որոշումը պետք է ուսումնասիրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա գործողությունը դադարեցնելու կամ շարունակելու մասին որոշում կայացնի այն կասեցնելու պահից սկսած սկսած 30 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում` այդ ժամկետը լրանալուց հետո, այն մտնում է ուժի մեջ:

 

ԳԼՈՒԽ 8. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 68. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Ձեռնարկության վերակազմավորումը միաձուլումն է կամ միացումը այլ ձեռնարկության հետ, ձեռնարկության բաժանումը ինքնուրույն ձեռնարկությունների, առանց լուծարման ընթացակարգը անցնելու` վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:

Ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է նրա սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի, ինչպես նաև դատական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային, ձեռնարկություններին սնանկանալուն վերաբերող և այլ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորման հետևանքով առաջացած ձեռնարկությանն են անցնում վերակազմավորված ձեռնարկության (ձեռնարկությունների) գույքային և ոչ գույքային իրավունքները, պարտականությունները և պարտավորությունները:

Ձեռնարկության վերակազմավորման հետևանքով ազատվող աշխատողներին երաշխավորվում է նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 69. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

 

Ձեռնարկության վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության պետք է տեղի ունենա հետևյալ պայմանների համաձայն.

1) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը առանց լուծարման ընթացակարգն անցնելու չի կարող վերափոխվել իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության և, ընդհակառակը, իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունը` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության.

2) ձեռնարկության բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների վերափոխումը ինքնուրույն ձեռնարկությունների, ինչպես նաև դուստր ձեռնարկությունների վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների (բացի հասարակական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններից, ձեռնարկությունների տնտեսական միավորմանը պատկանող դուստր ձեռնարկություններից) իրականացվում է նրանց սեփականատերերի (հիմնադիրների) որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) արտադրական, սպառողական (սպասարկման) կոոպերատիվները, պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները առանց լուծարման ընթացակարգն անցնելու չեն կարող վերափոխվել այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների.

4) ձեռնարկության վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության իրականացվում է վերջինիս ընտրած կազմակերպական-իրավական տեսակով պետական գրանցմամբ` սույն օրենքի և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի հիման վրա.

5) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վերափոխումը առանց լուծարման ընթացակարգն անցնելու տեղի է ունենում հետևյալ կարգով`

անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը` լիակատար կամ կոմանդիտային ընկերակցության, ընդ որում անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) պետք է լինի լիակատար անդամ (անդամներ).

լիակատար ընկերակցությունը` կոմանդիտային ընկերակցության` նոր կոմանդիտային անդամ ընդունելու դեպքում, իսկ կոմանդիտայինը` լիակատարի` կոմանդիտային անդամի ընկերակցությունից դուրս գալու կամ իրեն լիակատար անդամ հայտարարելու դեպքում:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների այլ վերափոխումներ չեն կարող իրականացվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու:

6) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների վերափոխումը առանց լուծարման ընթացակարգն անցնելու տեղի է ունենում հետևյալ կարգով`

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` փակ բաժնետիրական ընկերության կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

փակ բաժնետիրական ընկերությունները` բաց բաժնետիրական ընկերությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների այլ վերափոխումները չեն կարող իրականացվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու:

 

ՀՈԴՎԱԾ 70. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

i

Ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է, եթե`

1) դրա մասին կա ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ նրանց կողմից լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունած որոշումը.

2) այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին ոչ համապատասխան.

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչված ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը կամ նրա պետական գրանցումը.

4) լրացել է նրա գործունեության ժամկետը կամ ուժի մեջ են մտել նրա հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության դադարման այլ պայմաններ.

5) նրա վերափոխումը չի կարող իրականացվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել.

i

7) իր գործունեությամբ խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ իր հիմնադիր փաստաթղթերի դրույթները.

8) արգելված է նրա գործունեությունը և նշված ժամկետում չեն կատարվել նախանշված պայմանները կամ չի դադարեցվել արգելված գործունեությունը.

9) դադարել են գոյություն ունենալ ձեռնարկության գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ բնական կամ այլ պայմանները, և նա սահմանված ժամկետում չի փոխել իր գործունեության ձևերը:

Ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

Ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է համապատասխան դատական մարմնի որոշմամբ, բացի սույն հոդվածի «1», «4» և «5» կետերից, երբ ձեռնարկության գործունեությունը դադարեցնելու որոշումը ընդունում է սեփականատերը (սեփականատերերը) կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 71. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակի վերափոխումը առանց լուծարման ընթացակարգն անցնելու` նրա վերակազմավորման պատճառով, կատարվում է ձեռնարկության` նոր կազմակերպական-իրավական տեսակով գրանցվելու պահից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչված ձեռնարկության գործունեության դադարեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սնանկության մասին օրենսդրությամբ:

Ձեռնարկության գործունեության դադարեցման այլ դեպքերում կատարվում է վերջնահաշվարկ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 72. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը չի ուղեկցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ օրինական ուժի մեջ մտած դատական մարմնի որոշմամբ նախատեսված բոլոր գործողությունների կատարմամբ, կամ կատարվել է խախտումներով, ապա նրա գործունեության դադարեցումը չի կարող համարվել իրականացված և ունենալ իրավական հետևանքներ:

Եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի ձևակերպված պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնի կողմից, ապա այն չի կարող ունենալ իրավական հետևանքներ:

Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության գործունեության դադարեցման, ձեռնարկության գույքի այլ ձեռնարկությանը փոխանցման դեպքում (բացի վաճառքից կամ արդարացի փոխհատուցում ստանալու այլ դեպքերից), վերջինս հանդիսանում է գույքը փոխանցող ձեռնարկության իրավահաջորդը` փոխանցված գույքի ծավալով:

 

ՀՈԴՎԱԾ 73. ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Ձեռնարկության լուծարումն իրականացնում է նրա սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների) կամ նրանց կողմից լիազորված մարմնի, իսկ ձեռնարկությունը սնանկ ճանաչելու դեպքում` դատական մարմնի կողմից կազմված լուծարքային հանձնաժողովը:

Լուծարքային հանձնաժողով կազմած անձը (անձինք) կամ մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարում է ձեռնարկության լուծարման մասին, սահմանում է ձեռնարկության լուծարման կարգը և ժամկետները, ինչպես նաև պարտատերերի կողմից պահանջները ներկայացնելու ժամկետը, որի տևողությունը չի կարող լինել երկու ամսից պակաս` ձեռնարկության լուծարման մասին հայտարարության պահից հաշված:

Լուծարքային հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակայնորեն և պաշտոնապես հայտարարել ձեռնարկության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին, ինչպես նաև բացահայտել ձեռնարկության վարկատուներին ու դեբիտորներին և նրանց, ինչպես նաև հարկային պետական տեսչության մարմիններին հայտնել ձեռնարկության լուծարման մասին, աշխատանք տանել ձեռնարկության դեբիտորական պարտքերը ստանալու և պարտատերերի պահանջները բավարարելու համար:

Հարկային պետական տեսչության մարմինների պահանջով լուծարքային հանձնաժողովի աշխատանքներին կարող է մասնակցել նաև հարկային պետական տեսչության մարմինների ներկայացուցիչը:

Լուծարքային հանձնաժողովը գնահատում է ձեռնարկության առկա գույքը, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նաև նրա սեփականատիրոջը (սեփականատերերին) պատկանող գույքը, վճարում է ձեռնարկության պարտքերը, կազմում է լուծարման հաշվեկշիռը և այն ներկայացնում է լուծարքային հանձնաժողով կազմած անձին (անձանց) կամ մարմնին:

 

 

pin
ՀՀ 14.03.1992
N ՀՕ-11 օրենք