Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172-ՐԴ, 188-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1493/02/10

    դատարանի որոշում                                               2011թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1493/02/10

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

                                         

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                                             

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Կոչնակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Նելսոն Կոչնակյանի հայցի ընդդեմ Հասմիկ Կոչնակյանի` պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Հասմիկ Կոչնակյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հովսեփ, Թամարա, Նելսոն և Իզաբելա Կոչնակյանների` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելսոն Կոչնակյանը պահանջել է անվավեր ճանաչել Հասմիկ Կոչնակյանի անվամբ կատարված պետական գրանցումը` Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի և հողատարածքում առկա շինության ու դրանով ծանրաբեռնված հողատարածքի, ինչպես նաև իր կողմից օգտագործվող բնակելի մակերեսներին համապատասխան ազատ հողատարածքի մասերով և այդ բոլոր մակերեսների ու հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հասմիկ Կոչնակյանը պահանջել է սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով պարտավորեցնել Հովսեփ, Թամարա, Նելսոն և Իզաբելա Կոչնակյաններին ապօրինի տիրապետումից ազատել Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքը` վերադարձնելով այդ անշարժ գույքն իրեն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 18.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2011 թվականի որոշմամբ Հասմիկ Կոչնակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Կոչնակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նելսոն Կոչնակյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 188-րդ հոդվածի 4-րդ կետը, ՀՀ դատական օրենսգրքի 1-ին հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, 109-րդ հոդվածի 1-ին կետը, 123-րդ, 219-րդ հոդվածները, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ,5-րդ ենթակետերը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի (ընդունվել է 29.01.1991 թվականին, ուժը կորցրել է 02.05.2001 թվականի թիվ ՀՕ-185 օրենքով) 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Կոչնակյանին, սակայն կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածն այն դեպքում, երբ ձեռքբերման վաղեմության ուժով Նելսոն Կոչնակյանի սեփականության իրավունքի ձեռքբերման համար առկա չէ նշված հոդվածի ուժով և հիմքով սահմանված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես` սույն գործում բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերից Նելսոն Կոչնակյանի կողմից վիճելի գույքի բարեխիղճ տիրապետումը հաստատող փաստը, ինչպես նաև այն փաստը, որի առկայության դեպքում վերջինս բավարար հիմքեր կունենար ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետել է որպես սեփականը: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի նշել, թե Նելսոն Կոչնակյանը վիճելի գույքը կոնկրետ որ թվականից է 10 տարի անընդմեջ տիրապետել և մինչև որ թվականը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով ոչ միայն օրինական կառույցը, այլև չգրանցված շինության զբաղեցրած օրինական հատկացված հողամասը դարձել է Հովսեփ և Նելսոն Կոչնակյանների սեփականությունը, սակայն հաշվի չի առել, որ Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տունը պատկանել է Գևորգ Կոչնակյանին, հետևաբար դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նշված օրենքի ուժով 1991 թվականին սեփականության իրավունքով անցել է վերջինիս, այլ ոչ թե Հովսեփ և Նելսոն Կոչնակյաններին:

Հասմիկ Կոչնակյանը, հաշվի առնելով, որ Դատարանը քննարկման առարկա չի դարձրել իր կողմից ներկայացված վկա հրավիրելու մասին միջնորդությունը, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու մասին միջնորդության հետ մեկտեղ Վերաքննիչ դատարան էլ է ներկայացրել վկա հրավիրելու մասին միջնորդություն, որը նույնպես քննարկման առարկա չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, որոշման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք սույն գործով թույլատրելի և վերաբերելի չեն, քանի որ դրանց մեծ մասը տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել է Նելսոն Կոչնակյանի հորը` Հովսեփ Կոչնակյանին, այսինքն` այդ փաստաթղթերն անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար: Ավելին, Վերաքննիչ դատարանը շարադրել է միայն Նելսոն Կոչնակյանի ներկայացրած ապացույցները` ընդհանրապես չանդրադառնալով Հասմիկ Կոչնակյանի ներկայացրած, գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկատվություն պարունակող ապացույցներին:

Դատարանը ճանաչել է Նելսոն Կոչնակյանի սեփականության իրավունքը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ, իսկ Վերաքննիչ դատարանն էլ, հաստատված համարելով, որ երկրորդ հարկի մի մասն ինքնակամ է, ինչպես նաև հակասելով ինքն իրեն և տառացի մեկնաբանելով Դատարանի վճիռը` այն թողել է անփոփոխ, որով և խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման կարգը:

Դատարանն անվավեր է ճանաչել Հասմիկ Կոչնակյանի անվամբ Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն այն դեպքում, երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 06.05.1999 թվականին, իսկ սույն գործով որպես սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ ներկայացվել է միայն Հասմիկ Կոչնակյանի անվամբ 18.07.1997 թվականին տրված սեփականության վկայականը, որով հաստատվում է այն հանգամանքը, որ անշարժ գույքն ունի սեփականատեր, և այն պետության կողմից հաշվառված է: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն այդ հանգամանքը չի արժանացրել պատշաճ գնահատականի, ինչի արդյունքում էլ հանգել է սխալ եզրակացության` նշելով, որ Հասմիկ Կոչնակյանի անվամբ տրված սեփականության վկայականն ինքնին հանդիսանում է վերջինիս իրավունքների գրանցման հիմքով տրված վկայական, և որ այն արդեն իսկ տրվել է իրավունքների գրանցման հիման վրա:

Դատարանը, Հասմիկ Կոչնակյանի անվամբ կատարված պետական գրանցումը մասնակի ճանաչելով անվավեր, չի նշել, թե Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տան կոնկրետ որքան մակերեսն է կազմում այդ անվավեր ճանաչված մասը, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, նշել է, որ այդ հանգամանքը վճռի բեկանման հիմք հանդիսանալ չի կարող` ավելացնելով, որ այդ խնդիրը Հասմիկ Կոչնակյանի իրավունքները չի խախտում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 17.06.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքի առաջին պատճառաբանությունն այն է, թե իբր Դատարանը դուրս է եկել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և ճանաչել է Նելսոն Կոչնակյանի սեփականության իրավունքը` Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող հողատարածքում առկա շինության նկատմամբ: Մինչդեռ, անձն իրավունք ունի դիմել դատարան կառուցման, ինչպես նաև օգտագործման հիմքով իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, ինչը նշանակում է, որ եթե անձին օրենքով վերապահված է դատարան դիմելու իրավունք` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, ապա դատարանի պարտականությունն է քննության առարկա դարձնել նման պահանջը, իսկ այն հանգամանքը, որ անշարժ գույքի նկատմամբ առկա է պետական գրանցում կամ հաշվառում, բոլորովին չի զրկում անձին այն վիճարկելու իրավունքից:

Բողոք բերած անձը չի հիմնավորել Դատարանի կողմից կողմերի նկատմամբ ցուցաբերված անհավասար մոտեցումը, ինչպես նաև այն, որ Դատարանը չի հետազոտել ապացույցների մի մասը, քանի որ այդ ապացույցները բողոք բերած անձը ներկայացրել է միայն Վերաքննիչ դատարան և չի հիմնավորել դրանց Դատարան ներկայացնելու անհնարինության հանգամանքը, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանի պարտականությունն էր դրանք չքննարկել:

Բողոք բերած անձը որպես փաստ է ներկայացրել մի շարք ապացույցներ, որոնք չեն հիմնավորվել գործող ձեռք բերված ապացույցներով: Այսպես` բողոք բերած անձը նշել է, որ թույլատրել է իր եղբայրներին զբաղեցնել իրեն պատկանող տան մի շարք մակերեսներ, ինչն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինչպես Հովհաննես, այնպես էլ Հովսեփ Կոչնակյանների ընտանիքները զբաղեցրել են ներկայումս իրենց կողմից օգտագործվող մակերեսները դեռևս Գևորգ Կոչնակյանի կենդանության օրոք, և նրանց միջև փաստացի բաժանված են եղել բոլոր բնակելի և օժանդակ մակերեսները նույնիսկ ավելի վաղ, քան Հասմիկ Կոչնակյանը մեկնել է արտերկիր, որպիսի հանգամանքն ապացուցվել է գործում առկա ապացույցներով: Բացի այդ, բողոք բերած անձը նշել է մի շարք փաստեր, որոնք սույն վեճին վերաբերելի չեն:

Բողոք բերած անձը մատնանշում է, որ Հովհաննես Կոչնակյանի միջոցով վճարել է գույքահարկը և հողի հարկը, և 2010 թվականի դրությամբ այդ մասով որևէ պարտք չունի: Մինչդեռ, բողոք բերած անձը նշված հարկերը վճարել է իր մասով, այսինքն` նրա վճարումները վերաբերել են հայցով չընդգրկված մակերեսներին: Նույնը վերաբերում է այն փաստարկին, որ բողոք բերած անձն իբր գումար է ուղարկել, որով վերանորոգվել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող տան առաջին հարկը, քանի որ հայցն առաջին հարկում առկա մակերեսներին ընդհանրապես չի վերաբերում:

Բողոք բերած անձը համարում է, որ Դատարանը հակասում է ինքն իրեն, երբ իրեն անվանելով սեփականատեր` այնուամենայնիվ բավարարում է հայցը, սակայն այդ վերլուծությունն անտրամաբանական է և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, քանի որ եթե Նելսոն Կոչնակյանը բողոք բերած անձին չդիտեր սեփականատեր կամ վերջինս տվյալ գույքի սեփականատեր ձևակերպված չլիներ, ապա հայցով ներկայացված պահանջը չէր հարուցվի, կհարուցվեր բոլորովին այլ պահանջ` պայմանավորված բողոք բերած անձի իրավաբանական կարգավիճակով:

Բողոք բերած անձի այն փաստարկը, թե իբր ինքը միջնորդել է վկա ներգրավել, և այդ միջնորդությունը չի քննարկվել, չի համապատասխանում իրականությանը:

Բողոք բերած անձը նշել է, որ Նելսոն Կոչնակյանի ներկայացրած ապացույցները տրամադրվել են ոչ թե անձամբ իրեն, այլ իր հորը, ինչի պատճառով դրանք դառնում են ոչ վերաբերելի կամ անթույլատրելի: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում նման հասկացություն, և կողմն ապացույցներ կարող է ձեռք բերել օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով, որը և կատարվել է:

Բողոք բերած անձը մեկնաբանել է նաև նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները` նշելով, որ բնակելի տունն այդ պահին պատկանելիս է եղել Գևորգ Կոչնակյանին: Մինչդեռ, նշված հոդվածը որպես հողի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմք նկատի է ունեցել դրա օգտագործողին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքային առաջին պետական նոտարական գրասենյակի ավագ պետական նոտարի կողմից 08.08.1980 թվականին սեղանամատյանում թիվ 1-1985 համարի տակ գրանցված կտակի համաձայն` Գևորգ Կոչնակյանն իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` բնակելի տունը, որը գտնվում է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում, կտակել է Հասմիկ Կոչնակյանին (հատոր 3-րդ, գ.թ. 4):

2) Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի պետական նոտարի կողմից 16.07.1997 թվականին սեղանամատյանում թիվ 1-2279 համարի տակ գրանցված «Ըստ կտակի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն` Գևորգ Կոչնակյանի` մահացած 01.07.1995 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է աղջիկը` Հասմիկ Կոչնակյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է բնակելի տնից, որը գտնվում է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում (հատոր 3-րդ, գ.թ. 2):

3) 07.07.1995 թվականի մահվան թիվ 006026 վկայականի համաձայն` Գևորգ Կոչնակյանը մահացել է 01.07.1995 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 7):

4) 18.07.1997 թվականի սեփականության թիվ 866 վկայականի համաձայն` Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տունը` 80,2 քմ բնակելի, 59,35 քմ օժանդակ և 45,9 քմ այլ մակերեսներով, սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Կոչնակյանին: Նույն վկայականի համաձայն` հողամասի մակերեսը 500 քմ է: Վկայականի տրման հիմքն է 16.07.1997 թվականին տրված ժառանգության իրավունքի թիվ 1-2279 վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 15):

5) Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.06.1989 թվականի նիստի թիվ 13/18 արձանագրությունից քաղվածքի համաձայն` Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տան բնակիչ Հովսեփ Կոչնակյանը (Նելսոն Կոչնակյանի հայրը) դիմել է Շրջխորհրդի գործկոմ` իրենց կողմից կազմակերպվող կոշիկի արտադրական կոոպերատիվի համար տան բակում 35քմ մակերեսով շինություն կառուցելու խնդրանքով: Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տունը սեփականատիրական իրավունքով պատկանում է Հովսեփ Կոչնակյանի հորը` Գևորգ Կոչնակյանին, որն էլ տվել է գրավոր համաձայնություն` տան բակում կառույցի կատարման համար: Նույն քաղվածքի համաձայն` Գործադիր կոմիտեն որոշել է թույլատրել Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տան բնակիչ Հովսեփ Կոչնակյանին տան բակում կառուցել 35քմ մակերեսով մեկ հարկանի կառույց` կոշիկի արտադրության կոոպերատիվ կազմակերպելու համար (հատոր 1-ին, գ.թ. 60):

6) 12.05.1995 թվականի «Ձեռնարկության պետական գրանցման» թիվ 01 Ա 012656 վկայականի թիվ 001 ներդիրի համաձայն` «ՀԱՅՐԵՆԻՔ» ՍՊԸ-ի (հիմնադիրներ` Հովսեփ Կոչնակյան, Թամարա Համբարձումյան) հասցե է նշված Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տունը (հատոր 1-ին, գ.թ. 62, 84):

7) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անհատական տնատիրության 26.04.2010 թվականի թիվ 9/31 տեղեկանքի համաձայն` Նելսոն Կոչնակյանը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տանը հաշվառված է 23.09.1996 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 83):

8) Նելսոն Կոչնակյանը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տան կոմունալ ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքել է համապատասխան պայմանագրեր (գազամատակարարման, ջրամատակարարման հետ կապված) և կատարել վճարումներ (աղբահանության, էլեկտրաէներգիայի համար) (հատոր 1-ին, գ.թ. 16-20, 29-32, 36-44, 47-56, 95-96):

9) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անհատական տնատիրության 19.10.2010 թվականի թիվ 9/81 տեղեկանքի համաձայն` Հասմիկ Կոչնակյանը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս (հատոր 1-ին, գ.թ. 123):

10) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 27.10.2010 թվականի տեղեկանքների համաձայն` Հասմիկ Կոչնակյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեի հողի հարկի, ինչպես նաև գույքահարկի գծով հարկային պարտավորություններ նույն թվականի դրությամբ չունի (հատոր 2-րդ, գ.թ. 55-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության ...:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս անձի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայություն: Մասնավորապես` դրանք են.

1) Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2) Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը: Այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3) Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4) Տիրապետումը պետք է լինի բացահայտ: Այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների հայցի ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի` բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ըստ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հայցի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում անձը կրում է իր վկայակոչած փաստերի ապացուցման պարտականությունը, իսկ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ 1995 թվականին մահացած Գևորգ Կոչնակյանի գույքը փաստացի տիրապետել են նրա երեխաներից Նելսոն Կոչնակյանի հայրը` Հովսեփ Կոչնակյանը, և Հովհաննես Կոչնակյանը` յուրաքանչյուրն իր զբաղեցրած մասով, իսկ Գևորգ Կոչնակյանի բաժինը Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս զբաղեցնում է Հասմիկ Կոչնակյանը: Այսինքն` Նելսոն Կոչնակյանը նախ պապի` Գևորգ Կոչնակյանի կենդանության օրոք, ապա նրա մահից հետո իր հոր` Հովսեփ Կոչնակյանի ընտանիքի համար առանձնացված գույքը տիրապետել է բարեխղճորեն:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված հիմնավորումն անհիմն է, քանի որ սույն գործում բացակայում է Նելսոն Կոչնակյանի կողմից վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման բարեխղճության փաստը հաստատող որևէ ապացույց:

Մասնավորապես` տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` 18.07.1997 թվականի սեփականության թիվ 866 վկայականով հաստատվում է, որ Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Կոչնակյանին: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անհատական տնատիրության 19.10.2010 թվականի թիվ 9/81 տեղեկանքով հաստատվում է, որ Հասմիկ Կոչնակյանը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 27.10.2010 թվականի տեղեկանքներով հաստատվում է, որ Հասմիկ Կոչնակյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեի հողի հարկի, ինչպես նաև գույքահարկի գծով հարկային պարտավորություններ 27.10.2010 թվականի դրությամբ չունի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցներով հաստատվում է, որ Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեի սեփականատեր Հասմիկ Կոչնակյանը չի հրաժարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից և նույնիսկ գտնվելով Հայաստանի Հանրապետությունից դուրս` կատարել է հողի հարկի ու գույքահարկի գծով ունեցած պարտավորությունները, իսկ Նելսոն Կոչնակյանը, վկայակոչելով իր կողմից վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերումը, չի ապացուցել ձեռքբերման բարեխղճության փաստը, ինչը Վերաքննիչ դատարանն անտեսել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նելսոն Կոչնակյանի մոտ չէր կարող լինել այն համոզմունքը, որ վիճելի գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, ինչպես նաև վերջինիս կողմից վիճելի գույքի տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի վրա, որը նրան կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Նելսոն Կոչնակյանն իր հոր ընտանիքի համար առանձնացված գույքը տիրապետել է բարեխղճորեն, չի բխում սույն գործի փաստերից, ինչից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար յուրաքանչյուր ապացույց չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում էլ չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Ինչ վերաբերում է Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.06.1989 թվականի նիստի թիվ 13/18 արձանագրությունից քաղվածքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կատարած վերլուծությանը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված քաղվածքով որևէ կերպ չի հաստատվում Նելսոն Կոչնակյանի կողմից վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման բարեխղճության փաստը, քանի որ այդ քաղվածքով հաստատվում է միայն, որ Գևորգ Կոչնակյանը տվել է ընդամենը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 տան բակում կոշիկի արտադրության կոոպերատիվ կազմակերպելու համար 35քմ մակերեսով շինություն կառուցելու թույլտվություն, ինչը չի կարող մեկնաբանվել որպես տվյալ գույքից հրաժարվելու փաստ: Բացի այդ, վերոնշյալ թույլտվությամբ կառուցված շինության օրինական լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ Դատարանը ճանաչել է Նելսոն Կոչնակյանի սեփականության իրավունքը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ, իսկ Վերաքննիչ դատարանն էլ, հաստատված համարելով, որ երկրորդ հարկի մի մասն ինքնակամ է, Դատարանի վճիռը թողել է անփոփոխ, որով և խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման կարգը: Դատարանը Նելսոն Կոչնակյանի սեփականության իրավունքը ճանաչել է նաև Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի և հողատարածքում առկա շինության նկատմամբ այն դեպքում, երբ 18.07.1997 թվականի սեփականության թիվ 866 վկայականի տեխնիկական անձնագրում հողատարածքում առկա շինությունն ընդհանրապես բացակայում է, իսկ երկրորդ հարկի մի մասի վերաբերյալ կատարված է գրառում` «անօրինական կառուցվածք»:

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:

Մասնավորապես` ՀՀ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է:

Միաժամանակ, ՀՀ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, արձանագրել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման (տե՛ս ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, թիվ 3-106(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 26.01.2007 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վերոգրյալ ապացույցների անտեսման և չքննարկման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԵԱՔԴ/1493/02/10
Որոշում