Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.1011.130312

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` 1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 մարտի 2012 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված` 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2011 թվականի դեկտեմբերի 23-ին մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի սեպտեմբերի 3-ին` Դուշանբեում` 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը պահելու և հավերժացնելու նպատակով:

2. Համաձայնագրով սահմանվում է զոհված զինծառայողների և պատերազմի քաղաքացիական զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների անցկացման, զինվորական գերեզմանատների և հուշարձանների բարեկարգման, մարտերի անցկացման վայրերում զոհված զինծառայողների աճյունների որոնման և զինվորական պատիվներով հողին վերահանձնման, զինվորական գերեզմանատներ և հուշարձաններ այցելությունների կազմակերպման, սույն Համաձայնագրի իրագործման շրջանակներում համագործակցության մեխանիզմների զարգացման կարգը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- նախաձեռնել համաձայնեցված միջոցառումներ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակի հավերժացման գործում մարդասիրական համագործակցության հետագա զարգացման համար և այդ նպատակով իրականացնել միջոցառումներ զոհված զինծառայողների հիշատակը պահելու, զինվորական գերեզմանատների և հուշարձանների պահպանության ու բարեկարգման ուղղությամբ, շարունակել որոնողական աշխատանքները, ապահովել զոհված զինծառայողների` զինվորական մեծարանքով հուղարկավորումը, կազմակերպել 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների անմահ սխրանքի մասին փաստերի լուսաբանումը, ինչպես նաև կատարելագործել Համաձայնագրի իրականացմանն ուղղված համագործակցության իրավական մեխանիզմները,

- զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների հայտնաբերման, հաշվառման, բարեկարգման և պահպանման, ինչպես նաև զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմման և դրանք հողին վերահանձնելու հետ կապված հարցերը կարգավորելիս ղեկավարվել Համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

- 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակի հավերժացման միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնել ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների ազգային, կրոնական և այլ ավանդույթները` ներառյալ գերեզմանաքարերին և հուշարձաններին կատարված մակագրությունները,

- ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զինվորական գերեզմանատների և հուշարձանների պահպանությունն ու պաշտպանությունը,

- նոր հայտնաբերված զինվորական գերեզմանատների բարեկարգումը կատարել աճյունների հայտնաբերման վայրում կամ, եթե դա հնարավոր չէ, այն վայրերում, որոնք արժանի են զոհված զինծառայողների հիշատակին,

- տեղեկացնել Կողմերին զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների առկայության և գտնվելու վայրերի մասին և փոխանակել անվանական ցուցակներ, զոհված զինծառայողների ու նրանց հուղարկավորման վայրերի մասին այլ անձնական տվյալներ, ինչպես նաև Համաձայնագրի իրագործման հետ կապված այլ տեղեկատվություն,

- աջակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զինվորական գերեզմանատների ու զինվորական հուշարձանների հայտնաբերմանը, հաշվառմանը, բարեկարգմանը, պահպանմանը ու դրանց նկատմամբ խնամքին, ինչպես նաև այն հարցերի կարգավորմանը, որոնք կապված են զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմման, տեղափոխման և հողին վերահանձնման հետ,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, անժամկետ և անհատույց օգտագործելու համար ապահովել հողակտորների հատկացումը գոյություն ունեցող և նոր բարեկարգվող զինվորական գերեզմանատների ու զինվորական հուշարձանների համար,

- փոխադարձ շահագրգռվածության դեպքում Կողմերին տեղեկացնել նոր տարածքներում զինվորական գերեզմանատների բարեկարգման, զոհված զինծառայողների աճյունները հողին վերահանձնելու և զինվորական հուշարձանների տեղափոխման մասին,

- Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմումը` շահագրգիռ Կողմին դրանք փոխանցելու նպատակով, իրականացնել բացառապես վերջինիս միջնորդությամբ, Հայաստանի Հանրապետության համաձայնությամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը,

- կրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանման և խնամքի համար կատարվող ծախսերը,

- կրել զոհված զինծառայողների և պատերազմի քաղաքացիական զոհերի աճյունների արտաշիրմման, տեղափոխման, հողին վերահանձնման, ինչպես նաև զինվորական գերեզմանատների, այդ թվում` նոր հայտնաբերվածների բարեկարգման համար ծախսերը, եթե այդ աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության խնդրանքով կամ որոշմամբ,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` աջակցել, որ այլ Կողմերի քաղաքացիներն ազատ մուտք ունենան Հայաստանի Հանրապետության տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատներ և զինվորական հուշարձանների տարածքներ,

- ձեռնարկել միջոցներ զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների անարգման և վանդալիզմի դեպքերի բացառման և խափանման համար,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կրել զինվորական գերեզմանատներին և զինվորական հուշարձաններին հակաիրավական գործողությունների հետևանքով հասցված վնասի վերացման ծախսերը:

4. Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմ սահմանում է լիազորված մարմին, որի վրա դրվում է սույն Համաձայնագրի իրագործումը, ինչի մասին տեղեկացնում է ավանդապահին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Կողմերի լիազորված մարմիններն անմիջականորեն փոխգործակցում են սույն Համաձայնագրի իրականացման տեխնիկական հարցերով, իսկ նրանց գործունեության համակարգումը դրվում է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի վրա:

5. Համաձայնագրում նախատեսված են նորմեր` դրա դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին համահունչ ապահովում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացումը` Կողմերի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

7. Համաձայնագրում հղում է կատարվում 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներին և դրանց կից` 1977 թվականի հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրություններին, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի մարտի 31-ին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված` 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 մարտի 2012 թվականի

ՍԴՈ-1011

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.2012
N ՍԴՈ-1011
Որոշում