Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ /1-93 ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ /1-93 ՀՈԴՎԱԾՆԵՐ/

12.04.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.12.1998  -ից մինչեւ   12.04.2002  -ը:
 
i

(ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«23» հոկտեմբերի 1995թ. Ն-046-I
ՀՀ նախագահի առարկություններով
և առաջարկություններով ընդունված
է Ազգային ժողովի կողմից
«06» նոյեմբերի 1995 թ. Ն-060-I

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սահմանադրության 62 հոդվածին համապատասխան`

i

Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը.

Սահմանադրության 59, 66, 73, 74, 78, 81, 83, 84, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը.

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան:

 

i

Հոդված 2. Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:

i

Ազգային ժողովի նիստերի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

/լրաց. 07.10.97 օրենք/

 

Հոդված 3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին:

Հերթական նստաշրջաններն անցկացվում են երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերի միջոցով: Եռօրյա նիստերն անցկացվում են երկուշաբթի օրը 14.30-ից մինչև ժամը 18.00 և երեքշաբթի, չորեքշաբթի օրերը` 10.00-ից մինչև ժամը 18.00: Յուրաքանչյուր մեկ և կես ժամը մեկ հայտարարվում է 30 րոպե տևողությամբ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:

Տոների և հիշատակի օրերին, եթե օրենքով դրանք հայտարարված են ոչ աշխատանքային, Ազգային ժողովի հերթական նիստեր չեն գումարվում:

 

Հոդված 4. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ` Հանրապետության Նախագահի, վարչապետի, մշտական հանձնաժողովի կամ պատգամավորի առաջարկության հիման վրա:

Դռնփակ նիստերի բովանդակության մասին տեղեկությունների տարածումը պաշտոնական հաղորդագրությունից բացի, հետապնդվում է օրենքով:

Օրենքի նախագծի քվեարկությունը դռնփակ նիստում արգելվում է:

i

(լրաց. 27.05.97)

 

i

Հոդված 5. Ազգային ժողովի դռնփակ նիստ, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա կողմից լիազորված ներկայացուցիչը, վարչապետը, կառավարության անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք, ինչի մասին նա տեղեկացնում է Ազգային ժողովին:

Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանցից, կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականները և օգնականները, մշտական հանձնաժողովների մասնագետները, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, նիստը սպասարկող տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և գլխադասային հանձնաժողովների կողմից հրավիրված անձինք:

Հանրապետության Նախագահի, նրա կողմից լիազորված ներկայացուցչի, վարչապետի, կառավարության անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:

 

i

Հոդված 6. Ազգային ժողովի աշխատանքը տարվում է հայերեն լեզվով: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապահովվում է ելույթի համաժամանակյա հայերեն թարգմանությունը:

 

Հոդված 7. Ազգային ժողովի մարմիններն են` Ազգային ժողովի նախագահը, պատգամավորը, մշտական և ժամանակավոր հանձնաժողովները:

Ազգային ժողովում գործում են խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

Ազգային ժողովի գործունեությունն իրականացվում է նստաշրջանների, նիստերի, մշտական և ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաև պատգամավորների միջոցով:

 

Հոդված 8. Ազգային ժողովի նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը: Արտահերթ ձայնի իրավունք ունեցող անձանց ելույթը չի սահմանափակվում:

Ազգային ժողովում քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, ինչպես նաև կառավարության անդամները` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

Հոդված 9. Պատվավոր հյուրերը Ազգային ժողովի նիստում ելույթով հանդես են գալիս Ազգային ժողովի նախագահի հրավերով:

 

i

ԳԼՈՒԽ 2.
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

 

Հոդված 10. Սահմանադրության 66 հոդվածին համապատասխան`

պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով.

պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում.

պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:

Պատգամավորի ձերբակալության կամ խուզարկության դեպքում համապատասխան մարմինը պարտավոր է հիմքերի մասին անհապաղ տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին:

Ազգային ժողովի պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում է պատգամավորական վկայական և դիվանագիտական անձնագիր:

 

Հոդված 11. Պատգամավորն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, որն իրականացնում է սույն կանոնակարգի 66-69 հոդվածներով սահմանված կարգով:

 

i

Հոդված 12. Հերթական եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 17.30-ից մինչև ժամը 18.00, պատգամավորներն ըստ հերթագրման հաջորդականության կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նախագահողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպե:

Պատգամավորը Սահմանադրության 80 հոդվածին համապատասխան իրավունք ունի հարցերով դիմել կառավարությանը:

Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա նիստում ժամը 16.30-ից մինչև ժամը 18.00, վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Հարցերը տրվում են գրավոր կամ բանավոր: Յուրաքանչյուր գրավոր հարց պետք է վերաբերի մեկ նախարարի իրավասությանը վերապահված բնագավառին:

Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է կառավարություն: Հարցը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վարչապետը, կամ նրա հանձնարարությամբ կառավարության համապատասխան անդամը պատասխանում է հարցին Ազգային ժողովի նիստում` այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Ազգային ժողովի աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանը ստանում է գրավոր:

Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության` պատասխանը պատրաստ լինելուն պես:

Պատգամավորը նիստում երեք րոպեի ընթացքում խոսափողից կրկնում է կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, իսկ վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երեք րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի երկու րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով:

Նախագահողը երկարաձգում է նիստը` կառավարությանն ուղղված գրավոր հարցերը սահմանված ժամկետում սպառելու նպատակով:

Յուրաքանչյուր պատգամավոր Ազգային ժողովի նիստում մեկ ամսվա ընթացքում կարող է տալ մեկ բանավոր հարց:

Պատգամավորները բանավոր հարցերով կարող են դիմել կառավարությանը, եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվել: Բանավոր հարցեր տալու համար նույն նիստում կատարվում է հերթագրում:

Բանավոր հարցերը և դրանց պատասխանները տրվում են ըստ հերթագրման հաջորդականության: Պատգամավորը երկու րոպեի ընթացքում խոսափողից շարադրում է իր հարցը: Վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երկու րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի մեկ րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարցը տալու իրավունքից:

i

Սույն հոդվածով կանոնակարգված` Ազգային ժողովի նիստերի տեսագրություներն ամբողջությամբ չորեքշաբթի օրը հեռարձակվում են հեռուստատեսությամբ: Ընդ որում, առաջին հերթին հեռարձակվում են պատգամավորների` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությունները: Բացառիկ դեպքերում, Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ, հեռարձակումը կարող է հետաձգվել մինչև երեք օր: Հեռարձակումը սկսվում է ժամը 21.00-ին:

Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը` ուղղակի գրավոր դիմել կառավարությանը և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:

i

Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Ազգային ժողովը` «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Խմբակցություններին և պատգամավորական խմբերին` հաղորդման թեմայի շուրջ, իրենց տեսակետները ներկայացնելու համար, միևնույն հաղորդման ընթացքում ապահովվում է հավասար մասնակցություն` մինչև երեք րոպե տևողությամբ: Հաղորդման թեման որոշվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած` խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ համաձայնեցված կարգով: «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հայաստանի ազգային հեռուստատեսության ՊՓԲԸ հեռուստաալիքով, յուրաքանչյուր կիրակի, ժամը 20-ին` երեսուն րոպե տևողությամբ:

(լրաց. 27.05.97, փոփ. 22.10.97, 19.06.98 ՀՕ-232, 13.10.98 ՀՕ-255 օրենքներ)

 

Հոդված 13. Պատգամավորը մշտական հանձնաժողովում կարող է աշխատել մշտական կամ ոչ մշտական հիմունքով:

 

i

Հոդված 14. Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորի աշխատավայրը Ազգային ժողովն է: Աշխատանքն սկսվում է ժամը 9.00-ին: Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորի աշխատանքը համարվում է չնորմավորված:

 

Հոդված 15. Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորը հանձնաժողովի աշխատանքներին և նիստերին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:

Հանձնաժողովի աշխատանքներից, նիստերից անհարգելի կամ առանց հանձնաժողովի նախագահի համաձայնության բացակայելու դեպքերում հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորը զրկվում է աշխատավարձի համապատասխան մասից:

 

Հոդված 16. Պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին:

Պատգամավորի լիազորությունները դադարում են պատգամավորի մեկ նստաշրջանի քվեարկությունների կեսից բացակայելն անհարգելի ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

Քվեարկություններին պատգամավորների մասնակցությունը հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը: Պատգամավորը կարող է աշխատակազմից տեղեկություն ստանալ քվեարկություններից իր բացակայությունների մասին: Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա վերջում պատգամավորներին տեղեկանք է տալիս քվեարկություններից պատգամավորների բացակայության մասին:

Քվեարկությունից բացակայությունը համարվում է հարգելի, եթե`

ա) ներկայացվել է անաշխատունակության թերթիկ կամ դրա պատճենը.

բ) պատգամավորը այդ մասին նախօրոք տեղյակ է պահել Ազգային ժողովի նախագահին և ստացել նրա համաձայնությունը:

գ) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նման որոշում է ընդունել:

i

դ) Ազգային ժողովը հակառակ որոշում չի ընդունել:

Հերթական նստաշրջանն սկսելուց հետո մեկ ամսվա ընթացքում Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը Ազգային ժողովին ներկայացնում է տեղեկանք այն պատգամավորների վերաբերյալ, որոնք անհարգելի բացակայել են նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից, ինչպես նաև` նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից պատգամավորների բացակայելն անհարգելի ճանաչելու մասին որոշման նախագծեր:

Պատգամավորն առնվազն յոթ օր առաջ տեղեկացվում է իր հարցի քննարկման մասին: Նշված հարցն օրակարգ է մտնում առանց քվեարկության: Նիստից պատգամավորի բացակայության դեպքում նրա հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ` երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է անկախ նրա ներկայությունից:

Յուրաքանչյուր պատգամավորի վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին, քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա կողմից լիազորված այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ տասը րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով:

(լրաց. 27.05.97)

 

Հոդված 17. Պատգամավորի մահվան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 18. Պատգամավորը կարող է հրաժարական տալ: Հրաժարականի մասին դիմումը նա ներկայացնում է Ազգային ժողովի նախագահի անունով: Ազգային ժողովի նախագահը առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է պատգամավորի հրաժարականի մասին:

Եթե Ազգային ժողովում հրաժարականը հրապարակելուց 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսում, պատգամավորը կրկնում է հրաժարականի մասին իր դիմումը, ապա պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

Եթե պատգամավորն իր գրավոր համաձայնությամբ նշանակվում կամ ընտրվում է պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի պաշտոնում, ապա այդ մասին համապատասխան մարմինը երկօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և այդ մասին առաջիկա նիստում տեղեկացնում է Ազգային ժողովին:

 

Հոդված 19. Պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրությունները հնգօրյա ժամկետում ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 20. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնության հարցը գլխավոր դատախազի ներկայացմամբ Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ հարցի ավարտից հետո կամ անմիջապես նախագահողի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ: Հարցն անմիջապես քննարկելու մասին նախագահողի առաջարկությունը քվեարկվում է առանց քննարկման:

Պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովում իր հարցի քննարկմանը:

Քննարկումից հետո էլեկտրոնային համակարգի միջոցով գաղտնի քվեարկության է դրվում պատգամավորին կալանավորելուն, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

Հոդված 21. Պատգամավորը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, ընդունելություն է կազմակերպում իր ընտրատարածքում, ուսումնասիրում և օրենսդրությանը համապատասխան ընթացք է տալիս ընտրողներից ստացված առաջարկություններին ու գանգատներին:

Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պատգամավորի պահանջով ընտրատարածքում ամիսն առնվազն մեկ օր կահավորված սենյակ հատկացնել պատգամավորին` քաղաքացիների ընդունելության համար:

 

Հոդված 22. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին: Պաշտոնատար անձը կամ մարմինը ում հասցեագրված է հարցումը կամ առաջարկությունը, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում գրավոր պատասխանել պատգամավորին:

Պատգամավորն իրավունք ունի անմիջականորեն մասնակցել իր կողմից բարձրացված հարցերի քննարկմանը, որի մասին նա տեղեկացվում է ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ:

Պատգամավորը նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պետական հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, զորամասերի և ռազմականացված ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից անհետաձգելի ընդունելության իրավունք ունի:

Պատգամավորը հանրապետության տարածքում կապ հաստատելու համար իրավունք ունի օգտվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող կապի միջոցներից:

 

Հոդված 23. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

i

Հոդված 24. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր և մասնագիտական անընդհատ ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում ընդունվում է աշխատանքի:

 

i

Հոդված 25. Ազգային ժողովի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու ժամանակ պատգամավորն ազատվում է հիմնական աշխատանքի տեղում ծառայողական և արտադրական պարտականություններից: Նշված ժամանակահատվածում պահպանվում է նրա միջին աշխատավարձը:

 

Հոդված 26. Պատգամավորները պատգամավորական գործունեության համար ստանում են ամսական փոխհատուցում, որն ազատված է հարկումից:

i

Պատգամավորների առողջապահական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում է կառավարության անդամների համար սահմանված կարգով:

/լրաց. 07.10.97 օրենք/

 

Հոդված 27. Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու համար Երևան ժամանած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i

Հոդված 28. Մշտական հիմունքներով Ազգային ժողովում աշխատող պատգամավորներին միաժամանակ տրվում է 36 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ, որից 12-ը` ձմռանը և 24-ը` ամռանը:

Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը խորհրդակցելով իր տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

 

ԳԼՈՒԽ 3.
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

 

i

Հոդված 29. Ազգային ժողովի ընտրության արդյունքով համամասնական ընտրակարգով ընտրված, կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորները կազմում են նույնանուն խմբակցություններ` անկախ պատգամավորների թվաքանակից:

Ազգային ժողովում այլ խմբակցություններ չեն կարող ստեղծվել:

Պատգամավորը համարվում է խմբակցության անդամ, եթե նա ընդգրկված է եղել համապատասխան կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակում:

Կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակում չընդգրկված պատգամավորը խմբակցության որոշմամբ կարող է անդամագրվել խմբակցությանը, եթե նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել է որպես համապատասխան կուսակցության անդամ:

i

Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի Նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում»:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում յուրաքանչյուր խմբակցությանը հատկացվում է առանձին հատված:

Խմբակցությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում խմբակցության ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունը:

(խմբ. 27.05.97)

 

Հոդված 30. Ազգային ժողովի հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ:

Խմբակցության անդամները հանձնաժողովներում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

 

Հոդված 31. Առնվազն 10 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խումբ:

i

Յուրաքանչյուր պատգամավոր կարող է լինել միայն մեկ խմբակցության կամ խմբի անդամ:

Խումբը Ազգային ժողովի նախագահին հայտարարություն է ներկայացնում իր ստեղծման մասին` նշելով անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունը: Հայտարարությունը ստորագրվում է խմբի բոլոր անդամների կողմից, և նիստի նախագահողն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Խմբի անվանումը չի կարող համընկնել գործող, կասեցված կամ արգելված որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվան հետ:

Խմբի կազմի փոփոխության մասին անմիջապես գրավոր հայտնվում է Ազգային ժողովի նախագահին: Նա այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ ինքնաբերաբար, եթե նրա անդամների թիվը նվազում է 10-ից և չի լրացվում փոփոխության մասին նիստում արված հայտարարությունից հետո երկշաբաթյա ժամկետում: Խմբի լուծարման մասին Ազգային ժողովի նախագահը հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Խմբի համալրումը կատարվում է պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա` խմբի որոշմամբ:

(խմբ. 27.05.97)

 

i

Հոդված 32. Ազգային ժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ խմբակցություններին և խմբերին ելույթի համար հատկացվում է կանոնակարգով սահմանված ժամանակ:

Խմբակցության և խմբի անունից ելույթ ունեցողների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է խմբակցության կամ խմբի ղեկավարը կամ քարտուղարը:

Խմբակցությունները և խմբերը ապահովվում են առանձին սենյակով` Ազգային ժողովի վարչական շենքում, կապի և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրով: Խմբակցություններից և խմբերից յուրաքանչյուրն ունի մեկ գործավար և մեկ մասնագետ, օգտվում է Ազգային ժողովի բոլոր ծառայություններից և սպասարկվում իրենց հատկացված մեկ մեքենայով:

(լրաց. 18.06.98 թիվ ՀՕ-228 օրենք)

 

Հոդված 33. Ազգային ժողովի նախագահը Ազգային ժողովի նիստում հրապարակում է խմբակցությունների և գործող խմբերի անվանումները, կազմը, ղեկավարների անուն-ազգանունները: Նշված տվյալները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 34. Սահմանադրության 73 հոդվածին համապատասխան`

i

Ազգային ժողովում ստեղծվում են վեց մշտական հանձնաժողով, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր հանձնաժողովներ.

մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար.

ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ընտրվում է յուրաքանչյուր նստաշրջանի համար:

 

Հոդված 35. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները և նրանց օրենսդրական գործունեության հիմնական ոլորտներն են`

1) Արտաքին հարաբերությունների հանձնաժողով`

միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր.

2) Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողով`

գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ.

3) Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով`

պաշտպանություն, անվտանգություն և ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն.

4) Սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի հանձնաժողով`

սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնության պահպանություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.

5) Պետական-իրավական հարցերի հանձնաժողով`

մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, սահմանադրական փոփոխություններ, պետական մարմիններ, հասարակական, քաղաքական կազմակերպություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական և նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական և այլ օրենսդրություն, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, Ազգային ժողովի կանոնակարգ, ընտրական համակարգ.

6) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողով`

բյուջե, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ և դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, կենտրոնական բանկ, այլ բանկեր և Ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառույցներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, Ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր.

 

Հոդված 36. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովների թվաքանակը մոտավորապես հավասար է ընտրված պատգամավորների 2/8-ին, իսկ մյուս հանձնաժողովներինը 1/8-ին:

Խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորները հանձնաժողովներում ընդգրկվում են արձանագրային կարգով` խմբակցության ղեկավարի ներկայացմամբ և իրենց դիմումի համաձայն:

Հանձնաժողովների կազմը պետք է արտահայտի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

Հանձնաժողովների վերջնականորեն ճշտված թվակազմը, խմբակցություններին և նրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող տեղերը հաստատվում են Ազգային ժողովի որոշմամբ` սույն հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան:

Խմբակցությունը յուրաքանչյուր մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովում ունի առնվազն մեկ տեղի իրավունք:

 

Հոդված 37. Ուրբաթ օրը հանձնաժողովների նիստերի հաստատուն օրն է: Նիստերը սկսվում են ժամը 13.00-ին:

Հանձնաժողովի որոշմամբ կամ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող են անցկացվել լրացուցիչ նիստեր:

 

Հոդված 38. Ազգային ժողովի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովում աշխատում է մշտական հիմունքով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալն իրականացնում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները և վերջինիս բացակայության դեպքում փոխարինում նրան:

 

Հոդված 39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ տեղակալը, և նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին կամ մշտական հիմունքով աշխատող պատգամավորների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 40. Իր գործունեության կազմակերպման համար հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր, ընտրել դրանց նախագահներ կամ ղեկավարներ:

Ենթահանձնաժողովի նախագահը կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

 

Հոդված 41. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովներից յուրաքանչյուրը ունի առնվազն մեկ գործավար և չորս մասնագետ, իսկ մնացած հանձնաժողովներից յուրաքանչյուրը` մեկ գործավար և երեք մասնագետ:

 

Հոդված 42. Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով:

 

Հոդված 43. Կառավարության անդամները և մարզպետներն իրավունք ունեն հանձնաժողովների նիստերում հանդես գալ հաղորդումներով:

 

i

Հոդված 44. Ազգային ժողովը, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս, սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը` Սահմանադրության և օրենքների շրջանակներում:

Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:

Ժամանակավոր քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե տվյալ իրադարձության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Եթե իրադարձության վերաբերյալ քրեական գործը հարուցվում է հանձնաժողովի ստեղծումից հետո, ապա հանձնաժողովը լուծարվում է:

 

ԳԼՈՒԽ 5.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

 

Հոդված 45. Ազգային ժողովի նախագահը`

1) վարում է Ազգային ժողովի նիստերը.

i

2) տնօրինում է Ազգային ժողովի նյութական, ֆինանսական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը.

i

3) Ազգային ժողով է ներկայացնում նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Երկու ամիսը մեկ անդրադառնում է նստաշրջանի օրակարգին և կարող է առաջարկություններ անել նրա առանձին հարցեր եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ.

/3 կետը խմբ. 22.10.97 օրենք/

4) հաստատում է Ազգային ժողովի աշխատակազմի` կառուցվածքը, հաստիքացուցակը, գործունեության կարգը, նշանակում և ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

5) նախնական քննարկման և եզրակացություն տալու համար մշտական հանձնաժողովներին է ուղարկում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը.

6) Ազգային ժողովի և նրա մարմինների աշխատանքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նիստերում.

7) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ` Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով.

8) Սահմանադրության 62 հոդվածին համապատասխան ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները.

i

9) Ազգային ժողովին առաջարկություններ է ներկայացնում Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, սահմանադրական դատարանի անդամի և սահմանադրական դատարանի կազմից` սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.

10) Սահմանադրության 60 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

11) ներկայացնում է Ազգային ժողովը և կազմում Ազգային ժողովի պատվիրակությունները.

12) իրականացնում է սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 46. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը`

1) վարում է Ազգային ժողովի նիստերը.

2) համակարգում է հանձնաժողովների աշխատանքները.

3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին` նրա բացակայության ժամանակ.

4) կատարում է այլ հանձնարարականներ:

 

Հոդված 47. Ազգային ժողովի նախագահը Ազգային ժողովի ծախսերի նախահաշիվը ներկայացնում է կառավարությանը` պետական բյուջեի նախագծում այն ընդգրկելու համար: Ազգային ժողովի բյուջեն պետական բյուջեի բաղկացուցիչ մասն է:

 

Հոդված 48. Ազգային ժողովի նիստում նախագահողը`

1) կանոնակարգին համապատասխան վարում է նիստերը և հետևում կանոնակարգի պահպանմանը.

2) ելույթի համար ձայն է տալիս ըստ հերթագրման հաջորդականության.

3) անցկացնում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները.

4) վերահսկում է նիստը սպասարկող աշխատակազմի աշխատանքը և սղագրությունների վարումը.

5) զգուշացնում է պատգամավորին կանոնակարգի դրույթները խախտելու մասին, կրկնակի խախտման կամ վիրավորական արտահայտություններ թույլ տալու դեպքերում պատգամավորին զրկում է խոսքից առանց նախազգուշացման.

6) կարող է ուղղել ելույթներում տեղ գտած փաստական սխալները, մատնանշել նիստի ընթացքում թույլ տրված կանոնակարգի խախտումները.

7) նիստը խանգարող հրավիրված անձանց հեռացնում է նիստերի դահլիճից.

8) իրականացնում է կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

i

ԳԼՈՒԽ 6.
ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

Հոդված 49. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ, իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է Ազգային ժողովի նախագահ և ետ է կանչում նրան պաշտոնից:

 

i

Հոդված 50. Ազգային ժողովը քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ, ընտրում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, ետ է կանչում նրանց զբաղեցրած պաշտոնից, նշանակում է Սահմանադրության 83 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված պաշտոններում, օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով դադարեցնում է սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները:

 

Հոդված 51. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, նշված անձանց խնդրանքով` նրանց հիվանդության դեպքում կամ այնպիսի հանգամանքների կապակցությամբ, որոնք անհնար են դարձնում նրանց վրա դրված պարտականությունների կատարումը:

 

Հոդված 52. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուն:

Եթե քվեարկվել են երկու թեկնածու և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, անցկացվում է նոր ընտրություն:

 

Հոդված 53. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալների երկու պաշտոնները միաժամանակ թափուր են, գաղտնի քվեարկության քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները: Քվեարկելիս յուրաքանչյուր պատգամավոր թողնում է ոչ ավելի, քան երկու թեկնածուի անուն-ազգանունը:

Եթե քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների կեսից ավելին ստացել են միաժամանակ երեք թեկնածու, ապա ընտրված են համարվում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները կամ մեկ թեկնածուն, եթե երեքից երկուսը հավաքել են հավասար ձայներ:

Վերջին դեպքում` երկու թեկնածուների, իսկ բոլոր երեքի ստացած ձայների հավասարության դեպքում` երեք թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

Եթե թեկնածուներից մեկն է հավաքել անհրաժեշտ ձայներ, ապա թափուր մնացած մեկ տեղի համար անցկացվում է նոր ընտրություն: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայներ, առավել ձայներ ստացած երեք թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

Եթե նախագահի տեղակալի երկու տեղերի համար առաջադրվում է երկու թեկնածու, ապա նրանք քվեարկվում են առանձին քվեաթերթիկներով:

 

Հոդված 54. Ազգային ժողովը պաշտոններում նշանակումներ կատարելու մասին որոշումներն ընդունում է էլեկտրոնային համակարգի միջոցով` գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 55. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուների առաջադրման իրավունք ունեն պատգամավորները:

Սահմանադրության 83 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:

Առաջադրված թեկնածուներն Ազգային ժողովի նիստում հանդես են գալիս գործունեության ծրագրով, որը ներկայացնելու համար տրվում է 20 րոպե:

Պատգամավորը կանոնակարգով նախատեսված կարգով իրավունք ունի հարցեր տալ թեկնածուին, ելույթ ունենալ և արտահայտել իր կարծիքը թեկնածուի և նրա ներկայացրած ծրագրի վերաբերյալ:

 

Հոդված 56. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների ետկանչի հարցի նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորները:

Ետկանչի հարցը կարող է հարուցվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կամ առանձին պատգամավորի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով: Ետկանչի հարցը նիստում քննարկելիս պաշտոնատար անձին ձայն է տրվում քննարկումների սկզբում և եզրափակիչ խոսքի համար:

 

Հոդված 57. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ կամ ենթահանձնաժողովի նախագահ ընտրում է հանձնաժողովը` իր որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 7.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

 

Հոդված 58. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երկրորդ հինգշաբթի օրը, ժամը 10.00-ին:

Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

 

Հոդված 59. Առաջին նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ հանդիսավոր խոսքի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Հոդված 60. Հանդիսավոր խոսքից հետո նիստը նախագահողը ներկայացնում է ընտրված յուրաքանչյուր պատգամավորին` կարդալով պատգամավորի անուն-ազգանունը, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ընտրատարածքի համարը, իսկ համամասնական ընտրակարգով ընտրվածների հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվանումը: Միաժամանակ ստուգվում է քվեարկության էլեկտրոնային համակարգը: Ներկայացնելուց հետո կատարվում է պատգամավորների գրանցում:

 

Հոդված 61. Նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը`

1) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

i

2) Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալների ընտրություններ.

3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների կազմավորում.

5) կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը և կառավարության վստահության հարցը:

 

Հոդված 62. Մինչև օրակարգային հարցերի քննարկումը Ազգային ժողովի որոշմամբ պատգամավորների թվից կազմավորվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են առաջին նստաշրջանի հարցերը սպառվելուց հետո:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կազմակերպում է Ազգային ժողովի նախագահի, նրա երկու տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, կազմում և ստորագրում է ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները, հրապարակում է դրանք Ազգային ժողովի նիստում:

 

i

Հոդված 63. Առաջին նստաշրջանի բացման օրվանից` քսանօրյա ժամկետում կառավարությունն Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում:

Ծրագրի քննարկումն սկսվում է վստահության հարցը դնելուց քսանչորս ժամ հետո, եթե Ազգային ժողովի նախագահին տրվել է անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

 

Հոդված 64. Մինչև առաջին նստաշրջանի առաջին չորս հարցերի սպառումը անցկացվում են ամենօրյա նիստեր:

Օրակարգի հինգերորդ հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել` նախագահողը: Նիստը սկսվում է կառավարության գործունեության ծրագիրը ստանալուց 48 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին նստաշրջանի բացումից 20 օր հետո:

Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մեկ ժամ:

Ծրագրի վերաբերյալ հարցերը վարչապետին տրվում են կանոնակարգով նախատեսված կարգով:

Հարց ու պատասխաններից հետո հարցի քննարկումն ընդհատվում է և այն շարունակվում է վարչապետի զեկուցումից 24 ժամ հետո, ինչի մասին հայտարարում է նախագահողը:

 

Հոդված 65. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ խոսքով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

 

ԳԼՈՒԽ 8.
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 66. Պատգամավորն իր օրենսդրական նախաձեռնությունն իրականացնում է օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի առաջադրմամբ:

i

Ազգային ժողովի որոշումների նախագծերը կարող են առաջարկվել Սահմանադրության 57, 73, 74, 84, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով:

Նախագծերը ներկայացվում են դրանց անհրաժեշտության հիմնավորմամբ, նշելով այն կազմակերպություններն ու անձանց, որոնք մասնակցել են նախագծի նախապատրաստմանը:

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս պատգամավորը միաժամանակ ներկայացնում է գործող օրենքների և Ազգային ժողովի որոշումների մեջ դրանից բխող անհրաժեշտ փոփոխությունները: Այդ կապակցությամբ մինչև օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելը Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնության հեղինակին, նրա պահանջով, ներկայացնում է անհրաժեշտ փոփոխությունների ցանկը:

Նախագծերն Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով: Վերջինս հնգօրյա ժամկետում օրենսդրական նախաձեռնությանը կից Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է տեղեկանք` սույն հոդվածի պահանջները բավարարող անհրաժեշտ փաստաթղթերի առկայության մասին:

Ազգային ժողովի նախագահն օրենսդրական նախաձեռնությունը տեղեկանքի հետ սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

Գլխադասային հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություն` սույն հոդվածի պահանջներին օրենսդրական նախաձեռնության համապատասխանության մասին:

/փոփ. 22.10.97 օրենք/

 

i

Հոդված 67. Կանոնակարգի 66 հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է հանձնաժողովներ` նշելով գլխադասայինը, իսկ օրենքների նախագծերը` նաև կառավարություն` վարչապետին:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովում իր նախաձեռնության քննարկմանը: Հանձնաժողովը նախաձեռնության քննարկման մասին տեղեկացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակին ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

Գլխադասային հանձնաժողովը և կառավարությունը մեկամսյա ժամկետում եզրակացություն են տալիս ստացված նախագծերի վերաբերյալ:

Կառավարությունը եզրակացություն է տալիս օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին:

Եթե կանոնակարգի սույն հոդվածով նախատեսված ժամկետներում կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ օրենքի նախագիծը չի նվազեցնում պետական եկամուտները կամ ավելացնում ծախսերը:

Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկելու մասին հարցը:

Եթե օրենսդրական նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ, ապա կարող են նշանակվել մեկից ավելի գլխադասային հանձնաժողովներ:

Օրենսդրական նախաձեռնությունը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ոչ ուշ, քան նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց երկու ամիս հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ:

/լրաց. 07.10.97 օրենք, փոփ. 22.10.97 օրենք/

 

Հոդված 68. Սահմանադրության 75 հոդվածի չորրորդ մասի համաձայն կառավարության եզրակացությամբ պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Միաժամանակ, կառավարության ներկայացմամբ ընդունվում է համապատասխան փոփոխություն պետական բյուջեում:

 

i

Հոդված 69. Եթե օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկվում է Ազգային ժողովի որոշման նախագիծ, և այդ նախաձեռնությունը ստորագրել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ապա այն, առանց քվեարկության և կանոնակարգի 67 հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանման, ընդգրկվում է հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի օրակարգում և քննարկվում է արտահերթ:

Եթե ձևաթղթի ստացման օրից երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է աշխատակազմ, ապա Ազգային ժողովի նախագահը հերթական եռօրյա նիստերի օրակարգը քննարկելիս այդ մասին հաղորդում է Ազգային ժողովին, և հարցը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում առանց քվեարկության:

Եթե երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը աշխատակազմ չի հանձնվում, ապա նախաձեռնությունը համարվում է չկայացած, և ձևաթուղթը մարվում է:

Ազգային ժողովի նախագահը, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված օրենսդրական նախաձեռնությունը ստանալուն պես, այն ուղարկում է հանձնաժողովներ:

/փոփ. 22.10.97 օրենք/

ԳԼՈՒԽ 9.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 70. Սահմանադրության 75 հոդվածին համապատասխան`

i

կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով.

կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկում և քվեարկում է մեկամսյա ժամկետում.

կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված.

կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Եթե ներկայացված օրենքի նախագիծը նախատեսում է ընթացիկ տարվա պետական բյուջեով հաստատված եկամուտների կամ ծախսերի փոփոխություն, ապա կառավարությունը դրան զուգահեռ ներկայացնում է նաև օրենքի նախագիծ` պետական բյուջեում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու մասին:

Օրենքի նախագծի հետ կառավարությունը ներկայացնում է դրա տեքստն էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկում է Ազգային ժողովի աշխատակազմ:

(փոփ. 14.04.98 թիվ ՀՕ-213 օրենք)

 

Հոդված 71. Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի որոշումների նախագծեր ներկայացնում է Սահմանադրության 59, 78, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 72. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կառավարությունը Ազգային ժողով է ուղարկում Ազգային ժողովի նախագահի անունով: Ազգային ժողովի նախագահը երկու օրվա ընթացքում այն ուղարկում է հանձնաժողովներին` նշելով գլխադասայինը:

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը նախագծի վերաբերյալ եզրակացությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մեկ ամսվա, իսկ անհետաձգելի համարվող նախագծի վերաբերյալ երկու շաբաթվա ընթացքում:

 

Հոդված 73. Կառավարությունը Սահմանադրության 78 հոդվածով նախատեսված լիազորությունը ստանալու համար Ազգային ժողովի որոշման նախագծի հետ ներկայացնում է դրա անհրաժեշտության մասին հիմնավորումները, կառավարության ընդունվելիք որոշումների կարգավորման ոլորտները և սկզբունքները:

 

i

Հոդված 74. Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը սպառվելուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունը ընդգրկելու մասին հարցը:

/լրաց. 22.10.97 օրենք/

 

i

ԳԼՈՒԽ 10.
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

Հոդված 75. Սահմանադրության 111 և 112 հոդվածներին համապատասխան Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ Հանրապետության Նախագահին կարող է Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու կամ օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ անել:

Հանրապետության Նախագահը Ազգային ժողովից նախագիծը ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու կամ օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

 

Հոդված 76. Սահմանադրության 111 հոդվածին համապատասխան Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության համաձայնությամբ Հանրապետության Նախագահի ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվում է հանրաքվեի` Հանրապետության Նախագահի սահմանած ժամկետում:

 

Հոդված 77. Սահմանադրության 114 հոդվածին համապատասխան Սահմանադրության 1, 2 և 114 հոդվածների փոփոխման մասին առաջարկություններ չեն կարող ներկայացվել:

 

ԳԼՈՒԽ 11.
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 78. Սահմանադրության 81 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովն իր որոշմամբ`

i

1) հայտարարում է համաներում.

2) վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

3) հայտարարում է պատերազմ:

 

Հոդված 79. Սահմանադրության 100 հոդվածի 2 կետին համապատասխան Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնում է, եթե սահմանադրական դատարանի որոշմամբ այն կամ նրանում ամրագրված պարտավորությունները չեն հակասում Սահմանադրությանը:

Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 80. Կանոնակարգի 78 հոդվածով նախատեսված հարցերը օրակարգ են մտնում Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների եզրակացության առկայությամբ:

 

ԳԼՈՒԽ 12.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

Հոդված 81. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

 

i

Հոդված 82. Սահմանադրության 58 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի որոշմամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 83. Սահմանադրության 59 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ լիազորությունների կատարման համար անհաղթահարելի խոչընդոտները բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

 

Հոդված 84. Կանոնակարգի 81, 82, 83 հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալիս է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը:

 

ԳԼՈՒԽ 13.
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

 

Հոդված 85. Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգը հաստատվում է նստաշրջանի առաջին նիստում և կարող է լրացվել նստաշրջանի ընթացքում:

Նստաշրջանի առաջին նիստում Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովին է ներկայացնում օրակարգի նախագիծ` կազմված երեք մասից:

Առաջին մասում ընդգրկվում են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց օրակարգ ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ մասում ընդգրկվում են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց օրակարգ ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները տվել են բացասական եզրակացություն:

Երրորդ մասում ընդգրկվում են պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը`

1) Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները.

2) կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքների նախագծերը.

3) պատգամավորներին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնություն տալու մասին հարցերը.

4) պատգամավորների լիազորությունների դադարման հարցերը.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման հարցերը.

6) Սահմանադրության 83 հոդվածով և օրենքներով նախատեսված նշանակումների և լիազորությունների դադարման հարցերը.

7) Ազգային ժողովի մարմինների կազմավորման և ընտրության հարցերը.

8) Ազգային ժողովին հաշվետու մարմինների հաշվետվությունների լսում.

9) նախորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված անավարտ հարցերը:

 

Հոդված 86. Ազգային ժողովի նախագահը, ելնելով օրակարգի նախագծի քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:

Որոշում ընդունելու դեպքում` նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ որոշում չընդունելու դեպքում` նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:

Նախագծի երրորդ մասի հարցերը նստաշրջանի օրակարգ են մտնում առանց քննարկման և քվեարկության:

 

Հոդված 87. Եռօրյա նիստերը սկսվում են եռօրյա նիստերի օրակարգի հաստատմամբ և նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելով:

i

Եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը, որում կարող են ընդգրկվել միայն նստաշրջանի օրակարգում ընդգրկված և սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված հարցերը, ներկայացնում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով հանձնաժողովների որոշումները, հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների և խմբերի գրավոր կարծիքները:

Ազգային ժողովի նախագահը, ելնելով օրակարգի նախագծի քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը:

Որոշում ընդունելու դեպքում մյուս առաջարկությունները, իսկ որոշում չընդունելու դեպքում բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին- առանձին` առանց քննարկման:

Նախորդ եռօրյա նիստերի չքննարկված և չավարտված հարցերը, ինչպես նաև Սահմանադրությամբ և կանոնակարգով նախատեսված արտահերթ, Սահմանադրությամբ, Ազգային ժողովի որոշմամբ կամ կանոնակարգով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող, ինչպես նաև թափուր պաշտոններում ընտրությունների և նշանակումների հարցերը առանց քվեարկության ընդգրկվում են եռօրյա նիստերի օրակարգ:

/փոփ. 07.10.97 օրենք/

 

Հոդված 88. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար տրվում է քսանական րոպե:

Եռօրյա նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար տրվում է տասական րոպե:

Հերթական նստաշրջանի օրակարգի քննարկման համար տրվում է մեկ ժամ, իսկ եռօրյա նիստերի օրակարգի քննարկման համար` երեսուն րոպե:

Ելույթների համար կատարվում է հերթագրում: Ելույթները տեղի են ունենում դահլիճում տեղադրված խոսափողերից: Օրակարգը քննարկելիս պատգամավորին ելույթի համար տրվում է երկու րոպե: Ելույթներն ավարտվում են սահմանված ժամկետում, եթե Ազգային ժողովը այլ որոշում չի ընդունում: Քննարկումը եզրափակվում է խմբակցությունների և խմբերի երկուական րոպե տևողությամբ ելույթներով, արտահերթ ձայնի իրավունք ունեցողների ելույթներով և Ազգային ժողովի նախագահի մինչև հինգ րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

 

ԳԼՈՒԽ 14.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 89. Ազգային ժողովի նիստը սկսվում է պատգամավորների գրանցումով, որն անցկացնում է նախագահողը: Գրանցումը համարվում է քվեարկություն: Գրանցումը կատարվում է մեկ անգամ:

Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Եթե քվորումի բացակայության պատճառով նիստը իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորումի լրանալը, բայց ոչ ավել, քան երեք ժամ: Քվորում չապահովվելու դեպքում նիստը համարվում է չկայացած:

 

Հոդված 90. Հերթական նստաշրջանը սկսվում է նստաշրջանի օրակարգի հաստատմամբ, իսկ մինչև այդ այլ հարցեր չեն քննարկվում:

 

Հոդված 91. Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նախագծերը պատգամավորներն ստանում են օրակարգի հաստատումից հետո` երկշաբաթյա ժամկետում:

i

Նախագծերը պետք է ստորագրվեն և թվագրվեն նախաձեռնողների կողմից:

/3-րդ մասը հանվել է 22.10.97 օրենք/

 

Հոդված 92. Տվյալ նիստի օրակարգի հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է նախագահողը:

i

Ազգային ժողովը օրենսդրական նախաձեռնությունը քննարկում է ոչ շուտ, քան նախագծի և նրանում կատարված փոփոխությունների բաժանումից 24 ժամ հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն նախագահողի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ:

/լրաց. 07.10.97 օրենք/

 

Հոդված 93. Հարցի քննարկումը սկսվում է հիմնական զեկուցողի օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի զեկուցումներով:

i

Կառավարությունը, եթե նա օրենսդրական նախաձեռնության հեղինակը չէ, ունի հարակից զեկուցման իրավունք:

Զեկուցողին հարցեր տալու համար կատարվում է հերթագրում: Հարցերը տրվում են դահլիճում տեղադրված խոսափողերից` ըստ հերթագրման հաջորդականության, նախագահողի հայտարարությամբ: Պատգամավորը պետք է հստակ և հակիրճ ձևակերպի իր հարցը: Հարցերի ընթացքում նախագահողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:

Մտքերի փոխանակությանը մասնակցելու համար կատարվում է հերթագրում: Ելույթների հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին:

Զեկուցողին ելույթի համար տրվում է 20 րոպե:

Ելույթների համար յուրաքանչյուր պատգամավորի տրվում է յոթ րոպե:

Պատգամավորները ելույթ են ունենում ամբիոնից` ըստ հերթագրման հաջորդականության, նախագահողի հայտարարությամբ:

Արտահերթ կամ լրացուցիչ ելույթի համար տրվում է 10 րոպե:

Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում ելույթի ժամանակը կարող է ավելացնել մինչև երեք րոպե:

Պատգամավորը զրկվում է հարց տալու կամ ելույթի իրավունքից, եթե նա չի հերթագրվել կամ ձայն ստանալու պահին դահլիճում չէ:

Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները կառավարության անդամները վարչապետի ներկայացմամբ ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք:

Զեկուցողի կամ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ լրացուցիչ ելույթի իրավունք կարող է տրվել կառավարության անդամներին կամ հարցի քննարկմանը հրավիրված անձանց:

i

Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել այլ կարգ: Այդ կարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ելույթի կամ հարց տալու տևողությունը: Նշված կարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

/լրաց. 03.12.96, 07.10.97 օրենքներKQւՕ

 

 

pin
ՀՀ 06.11.1995
N ՀՕ-15 օրենք