Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 201 ...

 

 

040.0450.230412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2012 թվականի N 450-Ն

 

i

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 5-ի

N 450-Ն որոշման

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն ծրագիրը, հանդիսանալով Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագրի շարունակականության ապահովումը, մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը: Այդ նպատակով, դեռևս 2005 թվականին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ օգնության հիմնադրամի և «Շիրակ թեքնոլոջիս» ընկերության համատեղ ջանքերով Շիրակի մարզում առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտի մասնագետներ պատրաստելու համար հիմնվել էր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը (ԳՏՏԿ)` տվյալ շրջանում ներգրավելով ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ, զարգացնելով օժանդակ ենթակառուցվածքներ, անցկացնելով հետազոտություններ սպառողների համար, ստեղծելով նոր աշխատատեղեր ՏՏ-ի մասնագետների համար և ձևավորելով ներդրումային բարենպաստ դաշտ տվյալ մարզում:

2. Ավելի ուշ` 2008 թվականին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես եկավ Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրով` տարածքային զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման ու աշխատատեղերի ստեղծման առավել ընդգրկուն ռազմավարության շրջանակում: Արդյունքում սկսվեց Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի իրականացում, որը հանդիսանում է Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկը:

3. Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բարձր որակավորում ունեցող մասնագետներին` փոքր կազմակերպությունների ստեղծման ճանապարհով` նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները: Տեխնոպարկի առաջնային մոդելը մշակվել է ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից` Իռլանդիայից հրավիրված փորձագետ Քեվին Թոմփստոունի աջակցությամբ:

4. Տեխնոպարկի ստեղծման հիմնական խնդիրներից է փոքր կազմակերպության զարգացման բազմակողմանի աջակցությունը: Տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում բիզնես-ինկուբատորի ներառմամբ տեխնոպարկը կիրականացնի փոքր կազմակերպությունների աջակցման ֆունկցիաներ, կխթանի մրցունակ արտադրանքի դուրսբերում ներքին ու արտաքին շուկաներ:

5. Ծրագիրը ներառում է մի քանի հիմնական բաղադրիչ, որոնց իրագործումը 2-3 տարվա ընթացքում կբերի Գյումրիում` ժամանակակից ենթակառուցվածքներով օժտված, բարձրորակ գրասենյակային տարածքի ստեղծմանը և մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, Գյումրի քաղաքի կրթական համակարգի արդիականացմանը և բարձրակարգ մասնագետների զանգվածի ստեղծմանը:

6. Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակում մշակվել են Գյումրի քաղաքում տեխնոպարկի կառուցման հատակագծերը: Ավարտվել են տեխնոպարկի ինտերիերի ձևավորման և դիզայն-նախագծերի պատրաստման աշխատանքները, որոնց հիմնական սկզբունքները ներառվել են շինարարական նախագծերում: Մշակվել է նաև Գյումրու տեխնոքաղաքի եռաչափ համակարգչային մոդելը:

7. Մշակվել է նաև Գյումրու ինկուբատորի բիզնես-պլանը, որն առաջարկում է կենտրոնի գործունեության և զարգացման մի քանի սցենարներ` ըստ ռազմավարական առաջնահերթությունների:

i

8. Տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ-ի ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների և տեղական մասնավոր ընկերությունների հետ` սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով: Գյումրու տեխնոպարկի գլխավոր օպերատոր` «Արդյունաբերության զարգացման» (այսուհետ` ԳՏԶ) հիմնադրամի» գործունեության ժամանակավոր գրասենյակի տարածքում արդեն իսկ գործում են հիմնադրամի օժանդակությամբ ստեղծված մի քանի ընկերություններ, ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչպես նաև Դ-Լինկ (D-link) անդրսահմանային ընկերության հետ համատեղ ստեղծված հետազոտական լաբորատորիան:

(8-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1405-Ն որոշում)

9. Նկատի ունենալով Գյումրու առանձնահատկությունները` անհրաժեշտ է լայնածավալ աշխատանքներ նախաձեռնել տեխնոպարկի բովանդակային մասն ապահովելու համար: Այդ նպատակով, սկսած 2010 թվականից, միջոցներ են նախատեսվել նորարարական բիզնես գաղափարներին օժանդակելու և տեխնոլոգիական նոր ընկերություններ հիմնելու համար: Հատուկ աջակցություն է տրամադրվում Գյումրի քաղաքում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը, մասնավորապես, իրականացնելով տեխնոլոգիական ընկերությունների «ինկուբացիա»: Ծառայությունները ներառում են համապատասխան մրցույթների անցկացումը, տեխնոլոգիական գաղափարների վերածումը բիզնես կաղապարների (մոդելների), վերջիններիս իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը, համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմի վարձման և (կամ) որակավորման բարձրացման աշխատանքների օժանդակումը և այլն: Նշված ծառայությունների շրջանակներում կարևորագույն ուղղություն է նաև Գյումրիում միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաստատման և գործունեության խթանումը: Աշխատանքների արդյունքում արդեն իսկ ստեղծվել և արդյունավետ գործունեություն են ծավալում մի քանի ճարտարագիտական ընկերություններ:

10. Գյումրու տեխնոպարկի հաջող գործունեությունը կխթանի նաև ստեղծված կազմակերպություններին տարբեր ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների ստեղծումը և ընդլայնումը: Միաժամանակ կտրուկ կաճի պահանջարկը համապատասխան մասնագիտությունների նկատմամբ:

11. Հաշվի առնելով մարզի կրթական և մշակութային առանձնահատկություններն ու նպատակ ունենալով մասսայական զբաղվածություն ապահովել մարզում` Գյումրու տեխնոպարկի հայեցակարգը ենթադրում է նաև ոսկեգործության, դիզայնի և նորաձևության կենտրոնի ստեղծում և դրանց շրջանակներում եռաչափ մոդելավորման առաջատար փորձի կիրառում, որը կհանգեցնի տեղի գիտաարտադրական ներուժի օպտիմալ զարգացման, տեղական արտադրության աճի և մրցունակ արտադրանքի դուրսբերմանը ներքին ու արտաքին շուկաներ:

12. Այսպիսով, Գյումրու տեխնոպարկը կնպաստի ոչ միայն ՏՏ-ի ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին, զբաղվածության խթանմանը, և ներդրումային գրավչության բարելավմանը:

13. Գյումրու տեխնոպարկի զարգացումը, որպես հսկայածավալ և հավակնոտ ծրագիր, ենթադրում է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների ու գլոբալ ընկերությունների հետ` փոխառելով համաշխարհային առաջատար փորձը և ապահովելով տեղական հզոր գիտաարտադրական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային ՏՏ-ի գործընթացներին:

14. 2011 թվականին նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ աշխատանքները`

1) 2011 թվականի ընթացքում ճարտարագիտական կրթական և հետազոտական (մեխանիկայի և էլեկտրոնիկայի) լաբորատորիայում ուսուցում են անցել 203 ուսանողներ և աշակերտներ: Լաբորատորիաներում դասավանդելու նպատակով ընտրվել են համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող երեք գյումրեցի երիտասարդներ, որոնք վերապատրաստում են անցել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում.

2) 2011 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարվել էր ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաներ) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարների երկրորդ մրցույթը: Գաղափարները Գյումրիում իրականացնելու նախապայմանով մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել ներկայացուցիչներ ինչպես Գյումրիից, այնպես էլ Երևանից.

3) մրցույթի նախապատրաստման փուլում կազմակերպվել էին երկու սեմինարներ, որոնց հրավիրվել են բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները: Սեմինարների ընթացքում մանրամասն ներկայացվել են մրցույթի ընթացակարգերը, գնահատման չափանիշները, մրցույթի նպատակները և ակնկալվող արդյունքները, պատասխաններ են տրվել ներկայացված հարցերին: Ձևավորվել է մրցութային հանձնաժողով.

4) մրցույթին դիմած 13 գաղափարներից ընտրվել է կարճ ցուցակ` կազմված 9 գաղափարներից, որոնց վերաբերյալ կազմակերպվել է շնորհանդես և քննարկում, ինչի արդյունքում հաղթող են ճանաչվել 3 գաղափարներ`

ա. «Հիբրիդային արևային ջեռուցման համակարգ»,

բ. «Թվային և կոշտ նախատիպերի նախագծում և արտադրություն»,

գ. «Ոսկերչական և գեղազարդային իրերի գեղարվեստական նախագծում, մոդելավորում և մոմից մոդելների պատրաստում ու թողարկում».

5) ԳՏԶ-ի հիմնադրամի կողմից տարվել են բանակցություններ «Դ-Լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ` տեխնոպարկում տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման նպատակով: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կատարվել են հետազոտություններ և անհրաժեշտ մարդկային ռեսուրսների ներգրավում: Կատարվելիք աշխատանքներում ներգրավելու նպատակով համապատասխան մասնագետների հետ անց են կացվել հարցազրույցներ, որի արդյունքում ապրիլ ամսին բացվել և ներկայումս Գյումրիում գործում է «Դ-Լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնը: Կենտրոնն ակտիվ գործունեությունն սկսեց 2011 թվականի մայիս ամսին և առաջին ամիսների ընթացքում ցուցաբերած արդյունքների շնորհիվ «Դ-Լինկ» ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց Գյումրու կենտրոնի հետազոտողների քանակը 5 տարվա ընթացքում հասցնել մինչև 80-ի: Այս նպատակով ներկայումս ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը ԳՏԶ-ի հիմնադրամի հետ համատեղ ուսումնասիրություններ է իրականացնում` հետագա կենտրոնի տեղը որոշելու և ճարտարապետական նախագիծը նախապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս ԳՏԶ-ի հիմնադրամը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ «Դ-Լինկ» ընկերության համար կազմակերպել է 7 ուսանողների վերապատրաստում` համաձայն ընկերության հետ համաձայնեցված ուսումնական ծրագրերի.

6) «Անշարժ գույքի կառավարում և շինարարական աշխատանքների վերահսկողություն» ծրագրի իրականացման շրջանակում` «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի մասնագետների հետ համատեղ կատարվել է «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» աշխատանքային նախագծի փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում բացահայտված թերությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան եզրակացություն, որից հետո պատվիրատուի պահանջով կատարողի կողմից իրականացվել են համապատասխան փոփոխություններ և վերջնական տեսքի են բերվել նախագծային փաստաթղթերը: Նախագիծը ներկայացված է 13 գրքով` համալիր կազմով: Ներկայումս մշակվում և ուսումնասիրության է ենթարկվում կապալառուի ընտրության մրցութային փաթեթը.

7) բիզնես գաղափարների և ծրագրերի մրցույթի արդյունքում ստեղծված նոր ընկերությունների, ինչպես նաև ստեղծված մուլտիմեդիայի լաբորատորիայի համար վարձակալվել են համապատասխան տարածքներ.

8) ԳՏԶ-ի հիմնադրամի մասնակցությամբ ստեղծված 2 ընկերություններից մեկը` «Սեյսմոտեք» ընկերությունը, նախագծել և պատրաստել է սեյսմիկ տվիչը` լոգերի համակարգով: Սարքը ներկայումս գտնվում է փորձարկումների փուլում: Արտոնագրի դիմելու համար նախապատրաստվում է փաստաթղթերի փաթեթը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաջող փորձարկումներն անցնելուց հետո, կքննարկի սարքերի որոշ խմբաքանակի ձեռքբերման հարցերը: Տարվում են աշխատանքներ միջազգային շուկա (Ղազախստան, ՈՒզբեկստան, Վրաստան, Իրան, Սիրիա) դուրս գալու ուղղությամբ.

9) ստեղծված երկրորդ` «Տեխնոպոլ» ընկերությունն ավարտել է երկու լաբորատոր սարքերի նախագծումը և ներկայումս պատրաստում է փորձանմուշները, որոնք փորձարկումներ կանցնեն «Ինտեգրատոր» ընկերությունում: Սարքավորումները ներառվել են «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության կատալոգներում.

10) ԳՏԶ-ի հիմնադրամի մասնագիտական օժանդակությամբ ստեղծվել են «Գիգաբիթ» ԱՁ և «էներգո էֆեկտիվ տեխնոլոգիա» (էէՖ) ՍՊԸ սկսնակ ընկերությունները: «Գիգաբիթ» ընկերությունն իրականացնում է ավտոմատ համակարգերի նախագծման և ներդրման, ինչպես նաև ծրագրային ապահովման աշխատանքներ, իսկ «էէՖ» ՍՊԸ-ն կատարում է բարձր էֆեկտիվության հիդրոէլեկտրակայանների նախագծման, կառուցման և մոնտաժային աշխատանքներ.

11) մշակվել և ներկայացվել է Մուլտիմեդիայի լաբորատորիայի ստեղծման նպատակով բովանդակային ու տեխնիկական բաղադրիչների նկարագրությունը: Արդյունքում ստեղծված լաբորատորիայում հնարավոր կլինի տեղի և արտերկրից հրավիրված մասնագետների միջոցով դասավանդել ստատիկ և դինամիկ մուլտիմեդիա: 2012 թվականից սկսած նախատեսվում է ուսուցանել տարեկան շուրջ 40 ուսանող: Մշակվել են համապատասխան փաստաթղթերը և հայտարարվել է մրցույթ` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Մուլտիմեդիայի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման նպատակով սարքավորումների և գույքի ձեռքբերման համար.

12) տեխնոպարկի բնականոն գործունեությունն ապահովելու համար Գյումրու կենտրոնում վարձակալվել է 430 քառ. մետր տարածք: Ներկայումս այդ տարածքում գործում են ԳՏԶ-ի հիմնադրամի գրասենյակը, «Դ-Լինկ» տարածաշրջանային հետազոտական կենտրոնը, «Սեյսմիկ Թեքնոլոգիս» և «Տեխնոպոլ» փակ բաժնետիրական ընկերությունները և կրթական ու հետազոտական ճարտարագիտական լաբորատորիաները.

13) ԳՏԶ-ի հիմնադրամը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից նախապատրաստած Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շենքի վերակառուցման մրցութային փաթեթի նախապատրաստմանը.

14) 2011 թվականի ընթացքում ԳՏԶ-ի հիմնադրամը կազմակերպել և մասնակցել է մի շարք միջոցառումների` ներառյալ «Ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաների) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարի ընտրության հրապարակային մրցույթ», «Գիտական արդյունք-գաղափարից մինչև բիզնես» և «Մայքրոսոֆթ» ընկերության մասնակցությամբ` «Ինովացիա, գաղափարից մինչև արտադրանք» սեմինարները, Գյումրու բիզնես համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպված Գյումրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ հանդիպում-քննարկումները, «ԴիջիԹեք» և «Շիրակ-էքսպո» ցուցահանդեսները, «ԱրմԹեք» համաժողովը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

15. Տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1463-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշումը:

16. Առաջարկվող ծրագիրը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ծրագրի պահանջներին: Մասնավորապես, դա վերաբերում է Կայուն զարգացման ծրագրի նպատակներին և ռազմավարական գերակայություններին, որով նախատեսված են հետևյալ միջոցառումները`

1) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծումն ու զարգացումը.

2) Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում ակտիվ տարածքային քաղաքականության մշակումը և իրականացումը, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմացմանը և հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը.

3) տնտեսական զարգացման ներկայիս խոր անհամաչափությունների հետագա աճի զսպումը` ետ ընկնող տարածքների արագացված զարգացումն ապահովող նպատակային տարածքային քաղաքականության մշակման և իրականացման միջոցով.

4) երկրի մրցունակության աճին ուղղված քաղաքականությունը, որի հիմնական հատկանիշներն են` արտադրողականության աճի ապահովման խրախուսումը, միավոր աշխատանքի արժեքի մրցունակ մակարդակների ապահովումը` նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի ստեղծման միջոցով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Ծրագրի հիմնական նպատակն է թափ հաղորդել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրին` պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող ու բարենպաստ գործարար միջավայրով կենտրոնի, որտեղ ներկայացված կլինեն` բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները: Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է խթանել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, նորաձևության, տեքստիլ արդյունաբերության, արվեստների, ոսկեգործության, արհեստագործության ճյուղերի զարգացումը: Հաշվի առնելով Գյումրիում ՏՏ-ի ոլորտում ձեռներեցության ներկա անբավարար մակարդակը` տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ-ի ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների և տեղական մասնավոր ընկերությունների հետ` սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով: Միաժամանակ ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի և հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացում արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրման և ակտիվացման միջոցով.

2) ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա)` առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու նպատակով.

3) հասցեական աջակցության տրամադրում գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին.

4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.

5) գիտական մշակումների առևտրականացում.

6) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում:

18. Ծրագրի իրականացումը նախատեսում է հետևյալ արդյունքները`

1) Հայաստանի տարածքային համաչափ զարգացման նպատակով մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացում և ներդրումային ակտիվության խրախուսում, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճ, համայնքային ենթակառուցվածքների գնահատում, դրանց կարգաբերում ու զարգացում.

2) ժամանակակից ենթակառուցվածքներով օժտված մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ձևավորում, Գյումրի քաղաքի կրթական համակարգի արդիականացում և բարձրակարգ մասնագետների զանգվածի ստեղծում.

3) Գյումրիում միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաստատում և գործունեության խթանում.

4) ուսումնամեթոդական նյութերի նախապատրաստում և դասընթացների անցկացում, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպում.

5) պետական և միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, սփյուռքի կազմակերպություններին, անհատներին ու հովանավորներին ներկայացնելու համար ծրագրի համաֆինանսավորման առաջարկների մշակում և զարգացում, ներդրումային կառույցների, բանկերի և ներդրողների հետ նոր հարաբերությունների հաստատում, ներդրողներ ներգրավելու համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների` ներառյալ շնորհանդեսների, զեկույցների, բրոշյուրների և այլ անհրաժեշտ նյութերի մշակում ու ներկայացում, տնտեսության ճյուղերի հետ կապն ապահովելու նպատակով 4-6 պայմանագրերի կնքումը, տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նպատակով 3 պայմանագրերի կնքում, առնվազն 20,0 մլն դրամի չափով այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում.

6) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում, որն իրենից ներկայացնում է ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մինչև չորս բիզնես ծրագրերի ընտրություն մրցութային եղանակով, և պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով այդ ծրագրերի ֆինանսավորում.

7) ձեռներեցության և գործարար կառավարման դասընթացների նախապատրաստում և իրականացում, մինչև 20 շրջանավարտների ուսուցում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

19. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն տեխնոպարկում ներգրավված և դրա գործունեության արդյունքում ձևավորվող կազմակերպություններին:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

i

20. Տեխնոպարկի գործունեության իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

1) տեխնոպարկի գործունեության կառավարում (Արդյունաբերության զարգացման հիմնադրամ)`

ա. միջոցառումը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կառավարման նպատակով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք, ուսումնասիրելով միջազգային հարուստ և հաջողված տեխնոպարկերի գործունեության փորձը, այն կօգտագործեն Գյումրու զարգացման ենթակառույցների նախագծման և իրագործման նպատակով, ապահովել հիմնադրամի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպում և ռեսուրսների օպտիմալ օգտագործում, ինչպես նաև ուղղորդել անձնակազմին և հաստատել ծրագրերով ֆինանսավորվող և հիմնադրամի հիմնական բյուջեով ֆինանսավորվող աշխատակազմի հստակ տարանջատում: Նաև նախատեսվում է տնօրենի և փորձագետների մասնակցությունը պետական ու միջազգային ներդրողների հետ հանդիպումներում` ծրագրի ֆինանսավորման այլ աղբյուրներ հայթայթելու և ապահովելու, ինչպես նաև հիմնադրամի նախագծերը, հիմնադրամի ներքո գործող ընկերությունները ներկայացնելու և դրանց կողմից մշակվող արդյունքներն առևտրայնացնելու համար,

բ. միջոցառման շրջանակում նաև նախատեսվում է պատրաստել, ներկայացնել ամենամսյա, եռամսյակային ֆինանսական և տեքստային զեկույցներ` նշված աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ,

գ. այս միջոցառումը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է նաև տեխնոպարկի կառավարման գրասենյակը, գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի աշխատավարձեր և գրասենյակի պահպանման ծախսեր.

2) անշարժ գույքի կառավարում` միջոցառման շրջանակում նախատեսվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Գյումրու մանկավարժական շենքի` ըստ նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների վերահսկողության նպատակով վարձել շինարարության գծով պատասխանատու, որը կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան 4 անգամ ներկայացնում է հաշվետվություն, որտեղ նկարագրվելու են կատարվող շինարարական աշխատանքների փուլերը, դրանց համապատասխանությունը սահմանված ժամանակացույցին, որակական չափանիշներին և այլն: Նաև միջոցառման շրջանակում նախատեսվել են հիմնադրամի ժամանակավոր գրասենյակի վարձակալության համար վճարները.

3) կրթական ծրագրեր` միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ ենթածրագրերը`

ա. «Կրթական ծրագրերի համակարգող»` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է վարձել կրթական ծրագրերի համակարգող, որը կազմում և ներկայացնում է ուսումնամեթոդական նյութերը, ապահովում է դասընթացների անցկացումը, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպումը, իրականացնում է գիտելիքների ստուգում,

բ. «Ձեռներեցության և գործարար կառավարման դասընթացների իրականացում» ` միջոցառման շրջանակում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվելու են պիլոտային ձեռներեցության և գործարար կառավարման հմտությունների զարգացման դասընթացներ: Դասընթացների ծրագրերի և նյութերի մշակումն ապահովելու է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը: Այն նախատեսված է կազմակերպել տարվա կտրվածքով մինչև 6 ամիս տևողությամբ, որը բաղկացած է լինելու մի շարք մոդուլներից: Դասընթացների ավարտից հետո մասնակիցները թեստային առաջադրանքներ են կատարելու, որի արդյունքում դրական արդյունքներ ստացած մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայականներ: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի համալրել Գյումրու աշխատաշուկան որակավորված մասնագետներով. նախատեսվում է ապահովել մինչև 20 շրջանավարտների ուսուցումը: Ծրագրի շահառուները հանդիսանում են Գյումրու տարածաշրջանի գործարար միջավայրը և համապատասխան մասնագիտություն ունեցող շրջանավարտները,

գ. «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաներ»` այս ենթածրագիրը նպատակաուղղված է լինելու լաբորատորիաների աշխատանքն ապահովող անձնակազմի վարձատրությանը: Մասնավորապես, այն կներառի 3 լաբորանտ/ճարտարագետ, որոնք կապահովեն կրթական դասընթացների անցկացումը: Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաների, Մուլտիմեդիայի լաբորատորիայի դասախոսները կազմելու և ներկայացնելու են ուսումնամեթոդական նյութերը, ապահովելու են դասընթացների անցկացումը, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպումը, իրականացնելու են գիտելիքների ստուգում,

դ.»Եռաչափ մոդելավորման լաբորատորիա»` Գյումրու տեխնոպարկի հայեցակարգը ենթադրում էր նաև ոսկեգործության, դիզայնի և նորաձևության կենտրոնի ստեղծում ու դրանց շրջանակներում եռաչափ մոդելավորման առաջատար փորձի կիրառում, որը կհանգեցնի տեղի գիտաարտադրական ներուժի օպտիմալ զարգացման, տեղական արտադրության աճի և մրցունակ արտադրանքի դուրսբերմանը ներքին ու արտաքին շուկաներ: Այդ նպատակով ստեղծվել է Եռաչափ մոդելավորման լաբորատորիան, և նշված ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել այդ լաբորատորիայի բնականոն աշխատանքը, լաբորատորիայի հենքի վրա իրականացնել ծրագրեր և դասընթացներ: Նաև նշված ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծված լաբորատորիայում կազմակերպել Rhino դասընթացները, որի համար վարձվելու է համապատասխան մասնագետ: 2012 թվականի ընթացքում դասընթացների շրջանակում ակնկալվում է շուրջ 20 մասնագետի վերապատրաստում.

4) բիզնես զարգացում` միջոցառման շրջանակում նախատեսվում է վարձել փորձագետներ հետևյալ երեք ուղղություններով` կապեր տնտեսության ճյուղերի հետ, տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում Գյումրիում և ծրագրեր պետական ու միջազգային կառույցների հետ: Վարձված փորձագետները պետք է մշակեն և զարգացնեն պետական ու միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, սփյուռքի կազմակերպություններին, անհատներին ու հովանավորներին ներկայացնելու համար ծրագրի համաֆինանսավորման առաջարկներ, հարաբերություններ հաստատեն ներդրումային կառույցների, բանկերի և ներդրողների հետ, ստեղծեն ներդրողներ ներգրավելու համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ` շնորհանդեսներ, զեկույցներ, բրոշյուրներ և այլ անհրաժեշտ նյութեր, նախաձեռնեն հիմնադրամի ֆինանսական աջակցության համար այլ աղբյուրների որոնում: Մասնավորապես`

ա. փորձագետ` կապեր տնտեսության ճյուղերի հետ` ապահովելու է շուկայի դիտարկումը և վերլուծությունն առկա ներուժի և խնդիրների բացահայտման համար, տնտեսավարող սուբյեկտների հետ բանակցությունների իրականացումը համապատասխան ճյուղերում բացահայտված խնդիրների լուծման նպատակով թիմերի ձևավորման համար: Ակնկալվում է 2012 թվականի ընթացքում 4-6 պայմանագրերի կնքում,

բ. փորձագետ` տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում Գյումրիում` ապահովելու է կազմակերպությունների ներգրավում ծրագրում` անկախ նրանց գտնվելու վայրից: Ներգրավված կազմակերպությունները հանդես են գալու Գյումրու տեխնոպարկի կազմի ներքո, ինչն ապահովելու է տեխնոպարկի գործունեության ընդլայնում և նոր աշխատատեղերի ստեղծում (օրինակ` «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ-ի հայաստանյան ներկայացուցչություն): Ակնկալվում է 2012 թվականի համար 3 պայմանագրերի կնքում,

գ. փորձագետ` ծրագրեր պետական և միջազգային կառույցների հետ` ապահովելու է դրամաշնորհային ծրագրերի մշակում և համապատասխան ատյաններում դրանց ներկայացում: Ծրագրերը նպաստելու են Գյումրու տեխնոպարկի նպատակների իրականացմանը և տարածաշրջանի զարգացմանը: Աշխատանքների արդյունքում ակնկալվում է այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում 2012 թվականի ընթացքում առնվազն 20.0 մլն դրամի չափով.

5) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացում` նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի շարունակական աշխատանքների համար 2012 թվականին նախատեսվում է «Պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով մրցութային եղանակով ընտրված ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների բիզնես գաղափարների և (կամ) ծրագրերի ֆինանսավորումը», ինչպես նաև տվյալ միջոցառման կազմակերպչական աշխատանքների կատարում`

ա. Գյումրիում նորարարական գործարարությունը խթանելու նպատակով ԳՏԶ-ի հիմնադրամը կհայտարարի մրցույթ, որի արդյունքում կընտրվեն մինչև 4 նորարարական գաղափարներ և (կամ) ծրագրեր: Հաղթողների հետ համատեղ կստեղծվեն ընկերություններ, որոնց համար կհատկացվեն ներդրումային միջոցներ` յուրաքանչյուրին առավելագույնը 14000 հազ. դրամ գումարի շրջանակում ֆինանսական միջոցներ կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով: Միաժամանակ հարկ է նշել, որ հատկացվելիք ֆինանսական միջոցների մեծությունը կարող է տատանվել` ելնելով ներկայացված գաղափարների և (կամ) ծրագրերի ծախսերի նախահաշիվներից,

բ. միջոցառման շրջանակում բիզնես զարգացումների գծով խորհրդականը պատասխանատու է բիզնես գաղափարների մրցութային փաթեթի պատրաստման և մինչև 01.10.2012 թ. համապատասխան հայտարարության տրամադրման համար, մասնակից կազմակերպությունների և անհատների համար խորհրդատվական աշխատանքների իրականացման համար, մրցութային արդյունքների ամփոփման և մինչև 4 հիմնված ընկերությունների տարեկան գործունեության ծրագրերի մշակման համար, ստեղծված ընկերությունների գործունեության պարբերաբար դիտարկման և հաստատված ծրագրերի հետ համադրման համար` ներկայացնելով եռամսյակային հաշվետվություններ: Ընթացիկ տարում նախատեսվում է 7 ընկերությունների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

(20-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1405-Ն որոշում)

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 163000.0 հազ. դրամ:

22. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 5-ի

N 450-Ն որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը   |Կատարողը           |Կատար- |Կատարման արդյունքները |

|ը/կ|              |                   |ման    |                      |

|   |              |                   |ժամկետը|                      |

|___|______________|___________________|_______|______________________|

| 1 |       2      |         3         |    4  |           5          |

|___|______________|___________________|_______|______________________|

|1. |Տեխնոպարկի    |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.|Արդյունաբերական       |

|   |գործունեության|նախարարություն     |ընթաց- |զարգացման հիմնադրամի  |

|   |կառավարում    |«Արդյունաբերական   |քում   |2012 թվականի          |

|   |              |զարգացման          |       |միջոցառումների        |

|   |              |հիմնադրամ»         |       |արդյունավետ           |

|   |              |(համաձայնությամբ)  |       |կազմակերպում,         |

|   |              |                   |       |կանոնադրական          |

|   |              |                   |       |գործառույթների        |

|   |              |                   |       |իրականացում           |

|___|______________|___________________|_______|______________________|

|2. |Անշարժ գույքի |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.|Համաշխարհային բանկի   |

|   |կառավարում    |նախարարություն     |ընթաց- |կողմից ֆինանսավորվող  |

|   |              |«Արդյունաբերական   |քում   |Գյումրու մանկավարժական|

|   |              |զարգացման          |       |շենքի` ըստ նախագծային |

|   |              |հիմնադրամ»         |       |փաստաթղթերի           |

|   |              |(համաձայնությամբ)  |       |շինարարական           |

|   |              |                   |       |աշխատանքների          |

|   |              |                   |       |վերահսկողություն,     |

|   |              |                   |       |դրանց ընթացքի         |

|   |              |                   |       |վերաբերյալ            |

|   |              |                   |       |հաշվետվությունների    |

|   |              |                   |       |ներկայացում           |

|___|______________|___________________|_______|______________________|

|3. |Կրթական       |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.|ՈՒսումնամեթոդական     |

|   |ծրագրեր       |նախարարություն     |ընթաց- |նյութերի              |

|   |              |«Արդյունաբերական   |քում   |նախապատրաստում,       |

|   |              |զարգացման          |       |դասընթացների          |

|   |              |հիմնադրամ»         |       |անցկացում, տեսական և  |

|   |              |(համաձայնությամբ)  |       |գործնական             |

|   |              |                   |       |պարապմունքների        |

|   |              |                   |       |կազմակերպում, Եռաչափ  |

|   |              |                   |       |մոդելավորման          |

|   |              |                   |       |լաբորատորիայում շուրջ |

|   |              |                   |       |20 մասնագետի          |

|   |              |                   |       |վերապատրաստում:       |

|   |              |                   |       |Ձեռներեցության և      |

|   |              |                   |       |գործարար կառավարման   |

|   |              |                   |       |դասընթացների          |

|   |              |                   |       |նախապատրաստում և      |

|   |              |                   |       |իրականացում, մինչև  20|

|   |              |                   |       |շրջանավարտների        |

|   |              |                   |       |ուսուցում             |

|___|______________|___________________|_______|______________________|

|4. |Բիզնես        |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.|Պետական և  միջազգային |

|   |զարգացում     |նախարարություն     |ընթաց- |կառույցներին, դոնոր   |

|   |              |«Արդյունաբերական   |քում   |կազմակերպություններին,|

|   |              |զարգացման          |       |սփյուռքի              |

|   |              |հիմնադրամ»         |       |կազմակերպություններին,|

|   |              |(համաձայնությամբ)  |       |անհատներին ու         |

|   |              |                   |       |հովանավորներին        |

|   |              |                   |       |ներկայացնելու համար   |

|   |              |                   |       |ծրագրի                |

|   |              |                   |       |համաֆինանսավորման     |

|   |              |                   |       |առաջարկների մշակում և |

|   |              |                   |       |զարգացում,            |

|   |              |                   |       |ներդրումային          |

|   |              |                   |       |կառույցների, բանկերի  |

|   |              |                   |       |և  ներդրողների հետ նոր|

|   |              |                   |       |հարաբերությունների    |

|   |              |                   |       |հաստատում, ներդրողներ |

|   |              |                   |       |ներգրավելու համար     |

|   |              |                   |       |անհրաժեշտ տեղեկատվական|

|   |              |                   |       |փաթեթների` ներառյալ   |

|   |              |                   |       |շնորհանդեսների,       |

|   |              |                   |       |զեկույցների,          |

|   |              |                   |       |բրոշյուրների և  այլ   |

|   |              |                   |       |անհրաժեշտ նյութերի    |

|   |              |                   |       |մշակում և             |

|   |              |                   |       |ներկայացում,          |

|   |              |                   |       |տնտեսության ճյուղերի  |

|   |              |                   |       |հետ կապն ապահովելու   |

|   |              |                   |       |նպատակով 4-6          |

|   |              |                   |       |պայմանագրերի կնքումը, |

|   |              |                   |       |տեխնոլոգիական         |

|   |              |                   |       |ընկերությունների      |

|   |              |                   |       |ներգրավման նպատակով 3 |

|   |              |                   |       |պայմանագրերի կնքում,  |

|   |              |                   |       |առնվազն 20,0 մլն դրամի|

|   |              |                   |       |չափով այլ աղբյուրներից|

|   |              |                   |       |լրացուցիչ ֆինանսական  |

|   |              |                   |       |միջոցների ներգրավում  |

|___|______________|___________________|_______|______________________|

|5. |Նորարարու-    |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.|Պետության             |

|   |թյունների ու  |նախարարություն     |ընթաց- |մասնակցությամբ նոր    |

|   |ժամանակակից   |«Արդյունաբերական   |քում   |ընկերությունների      |

|   |տեխնոլոգիաների|զարգացման          |       |հիմնման ճանապարհով    |

|   |աջակցությանն  |հիմնադրամ»         |       |մրցութային եղանակով   |

|   |ուղղված       |(համաձայնությամբ)  |       |ընտրված               |

|   |ծրագրերի      |                   |       |ճարտարագիտության և    |

|   |իրականացում   |                   |       |(կամ) տեղեկատվական    |

|   |              |                   |       |տեխնոլոգիաների        |

|   |              |                   |       |ոլորտների բիզնես      |

|   |              |                   |       |գաղափարների և  (կամ)  |

|   |              |                   |       |ծրագրերի              |

|   |              |                   |       |ֆինանսավորում`        |

|   |              |                   |       |մինչև  4              |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 08.11.12 թիվ 1405-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2012
N 450-Ն
Որոշում