Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 345-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 345-ՐԴ, 1058-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1097/02/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1097/02/10

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

                                       

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                               

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Սեդիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Սեդիկյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Սեդիկյանը պահանջել է բռնագանձել ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարություններից 1.648.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 11.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2011 թվականի որոշմամբ Դատարանի 11.07.2011 թվականի վճռի դեմ Սարգիս Սեդիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Սեդիկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 1058-րդ, 1074-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ոչ օրինաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունն ապացուցվում է նրանով, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների եզրակացություններով պարզվել է, որ ՊՆ 21833 զորամասի պայմանագրային զինծառայող Վահե Սաքանյանը, վարելով իրեն ամրակցված «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, ստեղծել է վթարային իրադրություն և բախվել տվյալ պահին ճանապարհի աջ երթևեկելի ուղեմասում կանգնած, վթարված «Վազ 21099» մակնիշի, 90 ՕՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենային, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Սարգիս Սեդիկյանի ավտոմեքենային վնաս պատճառելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության ավտոմեքենան վարած անձի մեղքի առկայությունը պետք է ապացուցի Սարգիս Սեդիկյանը: Մինչդեռ, Սարգիս Սեդիկյանին պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է վնաս պատճառած անձը: Իսկ իր մեղքի բացակայությունը հավաստող որևէ ապացույց Վահե Սաքանյանը չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և չի քննարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 12.03.2010 թվականի թիվ 44270908 եզրակացության համաձայն` «Պատահարի պարագայում կարող էր տեղ գտնել ՎԱԶ-21099 մակնիշի, 90 ՕՍ 066 հ/հ և Կամազ մակնիշի ՊՆ 2820 Տ զ/հ ավտոմոբիլների անմիջական փոխազդեցություն (կոնտակտ)` ՎԱԶ-21099 ավտոմոբիլի աջ կողային մասի առջևի վնասված ու Կամազ մակնիշի ավտոմոբիլի առջևի վնասված հատվածների միջև, սակայն պարզել, թե տվյալ պատահարի որ փուլում է տեղ գտել այդ ավտոմոբիլների անմիջական փոխազդեցությունը (կոնտակտը) և ինչ հաջորդականությամբ, տվյալ դեպքում փորձագիտական եղանակով հնարավոր չէ: Պարզել նաև, թե փորձաքննությանը տրամադրված մյուս ավտոմոբիլներից որոնք և որ մասերով են միմյանց հետ փոխազդեցության մեջ մտել և ինչ հաջորդականությամբ, տվյալ դեպքում փորձագիտական եղանակով հնարավոր չէ` փորձագիտական բավարար հատկանիշների բացակայության պատճառով» (հատոր 1-ին, գ.թ. 12-23):

2) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 18.05.2010 թվականի թիվ 14391008 եզրակացության համաձայն` «Առաջադրված պայմաններում ՎԱԶ-21099 մակնիշի 90 ՕՍ 066 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից ինչպես տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ, այնպես էլ թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք հակասեին ՃԵԿ-ի պահանջներին ու պայմանավորած լինեին տվյալ պատահարի առաջացումը, չեն դիտվում: Առաջադրված պայմաններում Կամազ մակնիշի ՊՆ 2820 զ/հ ավտոմոբիլի վարորդն ավտոմոբիլը վարելով առանց հաշվի առնելու ճանապարհային պայմանները, մասնավորապես ճանապարհային ծածկույթի վիճակը, իսկ նրա կողմից ընտրված արագությունը չի ապահովել ավտոմոբիլի լիարժեք կառավարումը, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, տեխնիկական տեսակետից ստեղծել վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել ՎԱԶ-21099 մակնիշի 90 ՕՍ 066 հ/հ ավտոմոբիլի ընդհարման առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում Կամազ ավտոմոբիլի վարորդը երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է ավտոմոբիլը վարեր, հաշվի առնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակը և ընտրեր այնպիսի արագություն, որը կապահովեր ավտոմոբիլի լիարժեք կառավարումը» (հատոր 1-ին, գ.թ. 33-38):

3) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 19.05.2010 թվականի թիվ 351 եզրակացության համաձայն` «Փորձաքննությանը տրամադրված ՎԱԶ-21099 մակնիշի 90 ՕՍ 066 պ/հ ավտոմեքենային վթարի հետևանքով պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը գործող շուկայական գներով գնահատվում է 2.075.000 ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 7-8):

4) ՀՀ Կոտայքի մարզի դատախազության 02.06.2010 թվականի որոշմամբ Վահե Սաքանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ «ՎԱԶ-21099 մակնիշի 90 ՕՍ 066 պ/հ ավտոմեքենայի վարորդին Վահե Սաքանյանի գործողությունների հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս, ուստի նրանց միջև ծագած փոխհարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ...» (հատոր 1-ին, գ.թ. 46-49):

5) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 21.03.2011 թվականի թիվ 177-ԱՊ եզրակացության համաձայն` «Որոշման մեջ նշված ՎԱԶ-21099 մակնիշի 90 ՕՍ 066 պ/հ ավտոմեքենայի հետնամասը վթարվելու հետևանքով պատճառված նյութական վնասի չափի հավանական միջին շուկայական գինը դեպքի օրվա դրությամբ գործող շուկայական գներով գնահատվում է 427.000 ՀՀ դրամ» (հատոր 2-րդ, գ.թ. 3-4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` առավել վտանգի աղբյուրների փոխներգործության հետևանքով նրանց սեփականատերերին պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (հոդված 1058):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ սույն գործով հնարավոր չի եղել որոշել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղքը, քանի որ վերջինիս նկատմամբ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումների գնահատման հարցին` արձանագրելով, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տես` Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի` Անահիտ Հակոբջանյանին և նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանին 7-օրյա ժամկետում 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարելուն պարտավորեցնելու, այլապես գումարը 7-օրյա ժամկետում չվճարելու դեպքում պայմանագիրը լուծված համարելու, Անահիտ Հակոբջանյանի անվամբ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ալեքսանդր Դուրգարյանի ընդդեմ Վարթկես Հագոփյանի` դրամական պարտավորությունը մասնակի կատարած համարելու և պարտքի գումարի չափը նվազեցնելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործով վարույթի կարճվելու հանգամանքը, գտել է, որ սույն գործով հնարավոր չի եղել որոշել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ քրեական գործի վարույթի կարճումն ինքնին հիմք չէ անձի մեղավորությունը քաղաքացիաիրավական պատասխանատվության առումով բացառելու համար, քանի որ պատասխանատվության երկու տեսակները կարող են կիրառվել ինչպես միասին, այնպես էլ առանձին: Ավելին, արարքում հանցակազմի բացակայությունը վկայում է ընդամենը արարքի քրեականացնող հատկանիշի բացակայության մասին, մինչդեռ չի բացառում տվյալ արարքում անձի մեղավոր վարքագծի դրսևորումը և որպես վերջինիս հետևանք` քաղաքացիական պատասխանատվությունը:

Նշված եզրահանգումներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացվել սույն գործով թույլատրելի համարվող վերոնշյալ ապացույցները, որպիսի դատավարական նորմի խախտումը հիմք է սույն գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել հիմնավորված նաև հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տես` Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի` նոտարական վավերացում չստացած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և գնած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ Դատարանի կողմից չի կիրառվել սույն գործով կիրառման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 2-րդ կետը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար վերաքննիչ բողոքի նյութական իրավունքի խախտման հիմքին և հիմնավորումներին և քննարկման առարկա դարձներ նաև բողոքի այդ մասը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է որևէ անդրադարձ վերը նշված հիմքին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ԵԱՆԴ/1097/02/10
Որոշում