Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 508-ՐԴ, 509...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 508-ՐԴ, 509-ՐԴ, 518-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2172/02/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2172/02/10

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

                                   

                                 ՈՐՈՇՈՒՄ                                       

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                               

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մխիթար Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մխիթար Գրիգորյանի ընդդեմ «Դալկին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` առուվաճառքի պայմանագրի լուծման և գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մխիթար Գրիգորյանը պահանջել է լուծել Nօkia C-5-00 բջջային հեռախոսի առուվաճառքի պայմանագիրը և Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել բջջային հեռախոսի համար վճարված գումարը` 79.500 ՀՀ դրամը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 01.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 01.07.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մխիթար Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ, 509-րդ հոդվածները, 518-րդ հոդվածի 3-րդ կետը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պայմանագիր է համարել սույն քաղաքացիական գործում առկա երաշխիքային կտրոնը և դրանում սահմանված պայմանները: Մինչդեռ նշված երաշխիքային կտրոնն ընդամենն առուվաճառքի պայմանագրի կնքումից և ապրանքի վաճառքից հետո սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում երաշխիքային սպասարկման կարգի վերաբերյալ պայմանների կամ նախապայմանների ցուցակ է, այլ ոչ թե վաճառվող ապրանքի որակի վերաբերյալ նախապայման կամ առավել ևս` առուվաճառքի պայմանագիր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են դրամարկղային կտրոնը, որը հանդիսանում է Մխիթար Գրիգորյանին հանձնված ապրանքի դիմաց վճարված լինելը, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի պատշաճ կնքումը հավաստող փաստաթուղթ, փորձագետի եզրակացությունը, ըստ որի` բջջային հեռախոսի վրա որևէ արտաքին ներգործության մեխանիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ էկրանի վրա միկրոճաքերի առկայության պայմաններում բջջային հեռախոսը պիտանի չէ նպատակային օգտագործման համար:

Բացի այդ, սույն գործով բջջային հեռախոսի` գործարանային անսարքության բացակայության փաստի ապացուցման բեռը կրում էր Ընկերությունը, որն այդպես էլ չապացուցեց նշված հանգամանքը: Այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը`ապացուցման բեռից ազատելով վաճառողին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.07.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 23.09.2010 թվականին Մխիթար Գրիգորյանն Ընկերությանը պատկանող «Տելեկոմ» խանութ-սրահից կանխիկ վճարումով ձեռք է բերել Nokia C-5-00 մոդելի բջջային հեռախոս, որի համար գնորդին տրվել է երաշխիքային սպասարկման քարտ մեկ տարի ժամկետով, որի վրա շարադրված են երաշխիքային սպասարկման պայմանները (հատոր 1-ին, գ.թ. 6): Հաջորդ օրը` 24.09.2010 թվականին, պարզելով, որ նշված հեռախոսի մոնիտորը չի աշխատում, նույն խանութի աշխատակցին խնդրել է ոչ պատշաճ ապրանքը փոխարինել նորով:

2. 27.09.2010 թվականին Մխիթար Գրիգորյանը գրավոր դիմում է ներկայացրել Ընկերության տնօրենին, որով պարզաբանել է, որ մեխանիկական կամ այլ վնաս հեռախոսին պատճառված չէ, մոնիտորի անսարքությունն իր մեղքով չէ և խնդրել է միջոցներ ձեռնարկել իրեն վաճառված անպատշաճ որակի ապրանքը փոխարինելու նմանօրինակ մեկ այլ հեռախոսով (հատոր 1-ին, գ.թ. 7):

3. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.04.2011 թվականի եզրակացության համաձայն` Nokia C-5-00 մոդելի բջջային հեռախոսի վրա արտաքին ներգործության մեխանիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Էկրանի վրա առկա են միկրոճաքեր, որոնք էլ հանդիսանում են ապրանքի որակի խախտման պատճառը: Դրանց առաջացման մեխանիզմի և դրանից բխող որոշմամբ առաջադրված մյուս հարցերի պարզաբանումը հնարավոր չէ, քանի որ լրացուցիչ հետքեր չառաջացնելու նպատակով հեռախոսը չի ապամոնտաժվել և դրա դետալները չեն հետազոտվել, ինչի մասին տեղյակ են պահվել կողմերը (հատոր 1-ին, գ.թ. 85-87):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով չկարգավորված` գնորդ-քաղաքացու մասնակցությամբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 509-րդ հոդվածի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է պատշաճ ձևով կնքված` վաճառողի կողմից գնորդին` դրամարկղային, ապրանքային չեկ կամ ապրանքի վճարված լինելը հավաստող այլ փաստաթուղթ հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մանրածախ առուվաճառքի պայմանագրով` ներառյալ ստանդարտ ձևերի պայմաններով, որոնց միանում է գնորդը (հոդված 444):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 518-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել`

1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով.

2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը.

3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:

Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում (491 հոդվածի 2-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները թույլ չեն տալիս վերացնել դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել փոխարինելու նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնելու գինը:

Նույն հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնելու փոխարեն գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին:

i

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`

ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.

բ) գնման գնի համաչափ իջեցում.

գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.

դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.

ե) առուվաճառքի պայմանագրի լուծում:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, առանց որևէ բացառությունների, իրավունք է ընձեռում գնորդին ոչ պատշաճ որակի ապրանքի դեպքում իր իսկ ընտրությամբ վաճառողին ներկայացնել նույն հոդվածում նախատեսված պահանջներից որևէ մեկը, այդ թվում անմիջականորեն պահանջելու լուծել առուվաճառքի պայմանագիրը, հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է բավարարել սպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 23.09.2010 թվականին Մխիթար Գրիգորյանը «Տելեկոմ» խանութ-սրահից կանխիկ վճարումով ձեռք է բերել Nokia C-5-00 մոդելի բջջային հեռախոս, որի համար գնորդին տրվել է երաշխիքային սպասարկման քարտ մեկ տարի ժամկետով, որի վրա շարադրված են երաշխիքային սպասարկման պայմանները: Հաջորդ օրը` 24.09.2010 թվականին, պարզելով, որ նշված հեռախոսի մոնիտորը չի աշխատում, նույն խանութի աշխատակցին խնդրել է ոչ պատշաճ ապրանքը փոխարինել նորով: Ընկերությունը մերժել է Մխիթար Գրիգորյանի խնդրանքը` պատճառաբանելով, որ այդ վնասվածքը ի հայտ է եկել ապրանքը գնելուց հետո:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.04.2011 թվականի եզրակացության համաձայն` Nokia C-5-00 մոդելի բջջային հեռախոսի վրա արտաքին ներգործության մեխանիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Էկրանի վրա առկա են միկրոճաքեր, որոնք էլ հանդիսանում են ապրանքի որակի խախտման պատճառը: Դրանց առաջացման մեխանիզմի և դրանից բխող որոշմամբ առաջադրված մյուս հարցերի պարզաբանումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ լրացուցիչ հետքեր չառաջացնելու նպատակով հեռախոսը չի ապամոնտաժվել և դրա դետալները չեն հետազոտվել, ինչ մասին տեղյակ են պահվել կողմերը:

Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ Մխիթար Գրիգորյանին հանձնված ապրանքը պիտանի չէ այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է, քանի որ բջջային հեռախոսի էկրանը վնասված է, ինչը չի հանդիսանում որևէ արտաքին ներգործության հետևանք` համաձայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.04.2011 թվականի եզրակացության:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վերոնշյալ վճիռը և հայցը մերժել է` պատճառաբանելով, որ գնորդն իրավունք կունենար օգտվելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պահանջները վաճառողին ներկայացնելու իրավունքից, եթե վերջինս ապրանքի թերությունների վերաբերյալ որևէ նախապայման սահմանած չլիներ: Այդ նախապայմանը Վերաքննիչ դատարանը համարել է երաշխիքային սպասարկման քարտը, որի պայմաններին գնորդը ծանոթացել է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցը մերժելու հիմք է նաև այն հանգամանքը, որ փորձաքննությամբ չի հաստատվել, որ առկա վնասվածքները գործարանային խոտանի արդյունք են:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի դիրքորոշումն այն հարցում, որ Ընկերությունն ի սկզբանե Մխիթար Գրիգորյանին վաճառել է ապրանք, որը պիտանի չէ նպատակային օգտագործման համար: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում նշված «սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել...» արտահայտությունը վերաբերում է մինչ ապրանքի օգտագործումը եղած առկա կամ հնարավոր թերությունների մասին գնորդին տեղեկացնելուն կամ որևէ պայման սահմանելուն, այլ ոչ թե երաշխիքային սպասարկման պայմաններին, որոնք կիրառվում են բացառապես մինչ ապրանքն օգտագործելը գոյություն չունեցող և այն օգտագործելու արդյունքում ի հայտ եկած թերությունները վերացնելիս:

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի համաձայն` վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք: Սակայն սույն գործով Մխիթար Գրիգորյանին է վաճառվել ապրանք, որը չի համապատասխանում ապրանքի որակին ներկայացվող պահանջներին: Դա հաստատվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.04.2011 թվականի եզրակացությամբ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ փորձաքննությամբ չի հաստատվել առկա վնասվածքների` գործարանային խոտանի արդյունք լինելը, քանի որ մեխանիկական վնասվածքների պատճառները փորձագետի կողմից հնարավոր չի եղել պարզել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա բավարար չէ հայցը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով ապրանքի վնասվածքի գործարանային չլինելու փաստի ապացուցման բեռն ընկած էր Ընկերության վրա: Այսինքն` Ընկերությունը պարտավոր էր ապացուցել, որ բջջային հեռախոսի էկրանի վրա առաջացած միկրոճաքերը գործարանային խոտանի արդյունք չեն, ինչը ողջ դատաքննության ընթացքում չի ապացուցվել: Ավելին, փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ միկրոճաքերը չեն հանդիսանում արտաքին ներգործության հետևանք, իսկ գործարանային են թե ոչ` այդ հարցին փորձագետը չի պատասխանել, քանի որ լրացուցիչ հետքեր չառաջացնելու նպատակով հեռախոսը չի ապամոնտաժվել և դրա դետալները չեն հետազոտվել, ինչի մասին տեղյակ են պահվել կողմերը: Այսինքն` նշված փաստը մնացել է վիճելի, որի բացասական հետևանքները, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի, պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` Ընկերությունը: Ավելին, վնասվածքների` գործարանային չլինելու մեջ համոզված լինելու դեպքում, բնականաբար, Ընկերությունը կպնդեր թեկուզև լրացուցիչ հետքեր առաջանալու պայմաններում էլ շարունակել փորձաքննությունը, քանի որ նշված փաստն իր օգտին հաստատվելուց հետո վերջինս միևնույն է ազատվելու էր հնարավոր վնասները կրելուց:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա): 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2011 թվականի վճռին:

2. «Դալկին» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար:

«Դալկին» ՍՊԸ-ից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 32.340 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախս:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ԵԿԴ/2172/02/10
Որոշում