Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0474/02/11

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0474/02/11

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

                                       

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                           

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն Խալաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անի Մարտիրոսյանի ընդդեմ Գուրգեն Խալաթյանի` երեխայի խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջների մասին և ըստ Գուրգեն Խալաթյանի հակընդդեմ հայցի` Անի Մարտիրոսյանին ծնողական իրավունքներից զրկելու, երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անի Մարտիրոսյանը պահանջել է երեխայի` Աշոտ Խալաթյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն և բնակության վայրը որոշել ըստ մոր բնակության վայրի:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գուրգեն Խալաթյանը պահանջել է Անի Մարտիրոսյանին ծնողական իրավունքներից զրկել և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2011 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` Անի Մարտիրոսյանին ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասով, մերժվել է, իսկ երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու պահանջի մասով` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.12.2011 թվականի որոշմամբ Անի Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 15.09.2011 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Խալաթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 59-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես այն, որ Անի Մարտիրոսյանը չարամտորեն խուսափել է կատարել իր ծնողական պարտականությունները և 2010 թվականի սեպտեմբեր ամսից թողել է երեխային հոր մոտ և մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Բացի այդ, Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովը նպատակահարմար է գտել, որ անչափահաս Աշոտ Խալաթյանը բնակվի հոր` Գուրգեն Խալաթյանի հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գուրգեն Խալաթյանը և Անի Մարտիրոսյանը, առանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության, 2004 թվականից փաստացի բնակվել են միասին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գուրգեն Խալաթյանին պատկանող Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում: 14.09.2005 թվականին ծնվել է նրանց որդին` Աշոտ Խալաթյանը (հատոր 1-ին, գ.թ.5, 23, 109 և հատոր 2-րդ, գ.թ.19):

2) 2010 թվականի սեպտեմբեր ամսից Անի Մարտիրոսյանը հեռացել է Մոսկվա և երեխային թողել է Գուրգեն Խալաթյանի մոտ (հատոր 2-րդ, գ.թ.36):

3) 2010 թվականի սեպտեմբեր ամսից Աշոտ Խալաթյանը բնակվում է հոր` Գուրգեն Խալաթյանի հետ` Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում:

4) 22.03.2011 թվականին Անի Մարտիրոսյանը (Մոսկվայից վերադառնալուց հետո) դիմել է Դատարան` երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջներով (հատոր 1-ին, գ.թ.4):

5) Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 31.05.2011 թվականի հետազոտության ակտի համաձայն` Անի Մարտիրոսյանն առանց հաշվառման բնակվում է համատեղ սեփականության իրավունքով մորաքրոջը` Էմմա Օհանյանին պատկանող Երևանի Նորաշեն թաղամասի 18-րդ շենքի թիվ 3 բնակարանում, որտեղ բնակվում են Էմմա, Էդուարդ և Գուրգեն Օհանյանները, Լիանա Առաքելյանը, Անի Մարտիրոսյանը և անչափահաս Էդուարդ Օհանյանը: Գուրգեն Խալաթյանը որպես համասեփականատեր մոր, կնոջ և երեխայի` Աշոտ Խալաթյանի հետ բնակվում է Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ.24, 110):

6) Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովը 01.06.2011 թվականի եզրակացությամբ (այսուհետ` 01.06.2011 թվականի եզրակացություն) նպատակահարմար է գտել Անի Մարտիրոսյանին չզրկել ծնողական իրավունքներից, իսկ անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը որոշել Գուրգեն Խալաթյանի մոտ` Երևանի Շիրվանզադե փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ.109):

7) Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 16.06.2011 թվականի եզրակացության (այսուհետ` 16.06.2011 թվականի եզրակացություն) համաձայն` նպատակահարմար է անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը «սահմանել» մոր` Անի Մարտիրոսյանի բնակության վայրով: Հանձնաժողովը երեխայի հոր` Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտություն չի կատարել (հատոր 1-ին, գ.թ.106):

8) Դատարան դիմելուց հետո 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Անի Մարտիրոսյանը դարձել է Երևանի Նորաշեն թաղամասի 18-րդ շենքի թիվ 73 բնակարանի սեփականատերը (հատոր 2-րդ, գ.թ.57):

9) Աշոտ Խալաթյանի փաստաթղթերը հանձնվել են թիվ 7 հիմնական դպրոց` 01.09.2011 թվականից հաճախելու համար: 21.02.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Աշոտ Խալաթյանը հաճախում է Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցի 1/ա դասարան: Դասերին ներկայանում է պատրաստ, պարտաճանաչ: Հայրը` Գուրգեն Խալաթյանը, չափազանց ուշադիր է Աշոտ Խալաթյանի ուսումնառության և դաստիարակության նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացրած հետազոտության ակտը, որն անցկացվել է առանց երեխայի և նրա դաստիարակությանը հավակնող ծնողներից մեկի կյանքի հետազոտության, կարող է դատարանի կողմից գնահատվել որպես վեճի լուծման համար պատշաճ ապացույց:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը: Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` նկատի ունենալով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան բոլոր օրենսդրական ու վարչական միջոցները:

Վերոնշյալից հետևում է, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է` որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը, և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

Այսինքն` խնամակալության և հոգաբարձության մարմինը օրենքով սահմանված կարգով պարտավոր է անցկացնել թե` երեխայի և թե` այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը: Վերոնշյալից հետևում է, որ եթե երեխայի դաստիրակությանը հավակնում են մի քանի անձ, ապա խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել նշված բոլոր անձանց կյանքի հետազոտություն և դատարան ներկայացնել հետազոտության ակտը ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է 16.06.2011 թվականի եզրակացությունը, որտեղ բացակայում է երեխայի և նրա հոր կյանքի հետազոտության մասին տեղեկություն: Ավելին, սույն գործով հաշվի չի առնվել Անի Մարտիրոսյանի նոր բնակության վայրի, այն է` 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա որպես սեփականություն ձեռք բերված բնակարանում վերջինիս կյանքի հետազոտության մասին տեղեկության բացակայությունը:

Մինչդեռ, սույն գործում առկա են երկու տարբեր վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացություններ: 01.06.2011 թվականի եզրակացությամբ հանձնաժողովն անցկացրել է անչափահաս Աշոտ Խալաթյանի, Գուրգեն Խալաթյանի և Անի Մարտիրոսյանի կյանքի հետազոտություններ ու նպատակահարմար է գտել Անի Մարտիրոսյանին չզրկել ծնողական իրավունքներից, իսկ անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը որոշել Գուրգեն Խալաթյանի մոտ: 16.06.2011 թվականի եզրակացությունից հետևում է, որ հանձնաժողովն իրականացրել է միայն Անի Մարտիրոսյանի կյանքի հետազոտություն, որի հիման վրա և որոշել է անչափահաս Աշոտ Խալաթյանի բնակության վայրը սահմանել Անի Մարտիրոսյանի բնակության վայրով, որը նրա մորաքրոջ բնակարանն է:

Փաստորեն 01.06.2011 թվականի եզրակացությամբ կյանքի հետազոտությունն անցկացվել է և` Գուրգեն Խալաթյանի, և` Անի Մարտիրոսյանի բնակության վայրերում: Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտումից պարզվել է, որ նա ունի մշտական բնակության վայր, որտեղ ծնվել է Աշոտ Խալաթյանը, որտեղից էլ հաճախում է դպրոց: 16.06.2011 թվականի եզրակացությամբ մոր բնակության վայրը դիտվել է մորաքրոջ տունը, որտեղ Անի Մարտիրոսյանը հաշվառված չէ, ինչը նշանակում է, որ սույն գործի քննության ժամանակ այն չէր կարող համարվել Անի Մարտիրոսյանի համար մշտական բնակության վայր:

Այսպիսով, 16.06.2011 թվականի եզրակացության հիմքում դրված է միայն Անի Մարտիրոսյանի կյանքի հետազոտությունը, մինչդեռ 01.06.2011 թվականի եզրակացության հիմքում դրված են և` Գուրգեն Խալաթյանի մշտական բնակության վայրի, և` Անի Մարտիրոսյանի առանց հաշվառման բնակության վայրի հետազոտությունները:

Տվյալ դեպքում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 16.06.2011 թվականի եզրակացության հիմքում պարտավոր էր դնել նաև Աշոտ Խալաթյանի և Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտության անցկացման մասին տեղեկություններ, ինչը, սակայն, չի կատարել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի 16.06.2011 թվականի եզրակացությունը, որն անցկացվել է առանց երեխայի` Աշոտ Խալաթյանի և նրա դաստիարակությանը հավակնող ծնողներից մեկի` Գուրգեն Խալաթյանի կյանքի հետազոտության, չի կարող գնահատվել որպես վեճի լուծման համար պատշաճ ապացույց:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում առկա են երկու միմյանցից տարբեր եզրակացություններ, որոնք դատարանների կողմից արժանացել են տարբեր հակասական իրավական գնահատականների, ինչպես նաև այն, որ Անի Մարտիրոսյանը ձեռք է բերել նոր բնակարան, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով Աշոտ Խալաթյանի լավագույն շահերից` սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ԵԱՔԴ/0474/02/11
Որոշում