Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 24-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ1/0069/05/09

    դատարանի որոշում                                              2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0069/05/09

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

    Դատավորներ`        Լ. Սոսյան

                       Ա. Սարգսյան

                                   

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                               

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Գարալե» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Գորիսի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 20.05.2009 թվականի թիվ 1000042 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 20.05.2009 թվականի թիվ 1000042 ակտը:

ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է 20.05.2009 թվականի թիվ 1000042 ակտն անվավեր ճանաչել ակտի 1-ին կետով առաջադրված 43.322.700 ՀՀ դրամ շահութահարկի և 2-րդ կետով առաջադրված 7.680.600 ՀՀ դրամ եկամտահարկի պարտավորությունների մասով: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշմամբ Տեսչության և Ընկերության վճռաբեկ բողոքները բավարարվել են մասնակիորեն: Որոշվել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է անվավեր ճանաչել 20.05.2009 թվականի թիվ 1000042 ակտի 17-րդ կետը: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և հայցը բավարարելու մասով Դատարանի 16.06.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 16.06.2011 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 113-րդ, 122-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, գործի նոր քննությունը կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում, ակտով արձանագրված խախտման իրավաչափության հարցը պարզելու համար այն համադրել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) 14.08.2009 թվականի թիվ 24910909 եզրակացության հետ, և գտել է, որ փորձաքննությանը ներկայացվել և եզրակացության հիմքում դրվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ներկայացված չեն եղել և չեն հետազոտվել վարչական վարույթի ընթացքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ստուգման ընթացքում` 04.05.2009 թվականին, Ընկերության տնօրենը տվել է բացատրություն այն մասին, որ Ընկերությունը չունի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, ինչն էլ ակտը կազմելիս հաշվի է առնվել ստուգումն իրականացրած անձանց կողմից: Իսկ ստուգումն իրականացնելուց և ակտը կազմելուց հետո ներկայացված փաստաթղթերը չէին կարող հիմք հանդիսանալ ակտով առաջադրված պարտավորությունները վերահաշվարկելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.06.2011 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել և գնահատել է գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ վիճարկվող ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ, որի արդյունքում էլ խախտվել են Ընկերության իրավունքներն ու պարտականությունները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 09.03.2009 թվականի թիվ 1000042 հանձնարարագրով Տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Շմավոն Հայրապետյանին, հարկային տեսուչ Արտակ Մալինցյանին և սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի հարկային տեսուչ Նորայր Գրիգորյանին հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման հանձնարարագրի օրինակը հանձնվել է 09.04.2009 թվականին, իսկ ստուգումը փաստացի սկսվել է 16.04.2009 թվականին: Հանձնարարագիրը ստանալու և ստուգումը սկսելու ամսաթվի մասին Ընկերության իրազեկվածությունը հաստատվել է Ընկերության տնօրենի ստորագրությամբ (1-ին հատոր, գ.թ. 5-6):

2) Կոմիտեի նախագահի 10.04.2009 թվականի թիվ 1/512 հրամանով Նորայր Գրիգորյանն ազատվել է հարկային ծառայությունից (1-ին հատոր, գ.թ. 134):

3) Կոմիտեի նախագահի 29.04.2009 թվականի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի թվով 5 հանձնարարագրերով ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կազմում լրացում կատարելու մասին» թիվ 1-07/684-Ա հրամանով Ընկերությունում ստուգում իրականացնող անձանց կազմը լրացվել է: Որպես ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք ստուգմանը ներգրավվել են Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 1-ին բաժնի օպերլիազորներ Պարույր Եպիսկոպոսյանը և Պարգև Գալոյանը (1-ին հատոր, գ.թ. 60):

4) Տեսչության պետի 29.04.2009 թվականի թիվ 428 զեկուցագրի հիման վրա` Ընկերությունում իրականացվող ստուգման ժամկետը Կոմիտեի նախագահի 30.04.2009 թվականի թիվ 1-07/698-Ա հրամանով երկարաձգվել է 10 անընդմեջ աշխատանքային օրով (1-ին հատոր, գ.թ. 58-59):

5) Ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի` Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչությունում 04.05.2009 թվականին տված բացատրության համաձայն` «...ապրանքները ձեռք եմ բերել շուկաներից, անհատ անձանցից առանց հիմնավորող փաստաթղթերի: ... 2008 թվականի տարեկան հաշվետվություններում իրացումը ցույց եմ տվել փաստացի կատարված իրացմանը համաձայն, սակայն ծախսային մասը ցույց եմ տվել առանց հիմնավորող փաստաթղթերի...» (2-րդ հատոր, գ.թ. 25):

6) Ստուգման արդյունքներով 20.05.2009 թվականին կազմված թիվ 1000042 ակտով Ընկերությանն առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 89.382.000 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկի գծով` 43.322.700 ՀՀ դրամ /ակտի 1-ին կետ/, եկամտահարկի գծով` 7.860.600 ՀՀ դրամ /ակտի 2-րդ կետ/, ավելացված արժեքի հարկի գծով` 33.167.000 ՀՀ դրամ /ակտի 4-րդ կետ/ և «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի խախտման համար` 5.211.700 ՀՀ դրամ /ակտի 17-րդ կետ/` ներառյալ տույժերի և տուգանքների գումարները: Ակտի 4-րդ կետով արձանագրվել է, որ «2008 թվականի բոլոր չորս եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկների դեբետային շրջանառության տողերում ներկայացվել են ՀՀ տարածքում մատակարարներից ձեռք բերված ապրանքների համար վճարված հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներ, որոնց վերաբերյալ Ընկերությունը հարկային հաշիվներ չի ունեցել, բանկային փոխանցմամբ վճարումներ չի կատարել և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկություններ չի ներկայացրել հարկային տեսչություն, որի հետևանքով դրանք ենթակա չեն հաշվանցման» (1-ին հատոր, գ.թ. 7-19):

7) Կազմակերպության 14.08.2009 թվականի Հմ 24910909 փորձագետի եզրակացության համաձայն` թիվ 1000042 ակտով արձանագրված խախտումների դրվագներով Ընկերության նկատմամբ առաջացող հարկային պարտավորությունները կազմում են 37.749.800 ՀՀ դրամ, այդ թվում` 17.436.200 ՀՀ դրամ հարկ (ավելացված արժեքի հարկ), 4.640.200 ՀՀ դրամ տույժ, 15.673.400 ՀՀ դրամ տուգանքներ: Ավելացված արժեքի հարկի գծով 17.436.200 ՀՀ դրամ հարկի գումարի գծով պարտավորությունն առաջացել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջի ոչ ճիշտ կիրառման հետևանքով, այլ ոչ թե հարկման համար հիմք համարվող փաստաթղթերում առանց ԱԱՀ-ի դեբետային շրջանառության իրականում չունենալու պայմաններում ԱԱՀ-ի դեբետի ցույց տրման պայմաններում: 20.05.2009 թվականի թիվ 1000042 ակտով Ընկերությանն առաջադրված հարկային պարտավորությունները հաշվարկվել են փաստաթղթային ստուգման մեթոդով, սակայն ամբողջ ծավալով հաշվի չեն առնվել Ընկերության հետազոտվող ժամանակաշրջանի հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը: Միաժամանակ եզրակացությունում նշվել է, որ ակտի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստերը չեն բխում սույն փորձաքննությանը տրամադրված Ընկերության հաշվապահական փաստաթղթերի տվյալներից և գործող օրենսդրության պահանջներից, հետևաբար շահութահարկի գծով և եկամտահարկի գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում (1-ին հատոր, գ.թ. 77-89):

8) Կոմիտեի հետաքննության վարչության 26.08.2009 թվականի «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` Ընկերության 2008 թվականի գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ գանձման ենթակա 17.436.200 ՀՀ դրամ ԱԱՀ, որը փորձագետի եզրակացության համաձայն` Ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջների ոչ ճիշտ կիրառման արդյունք է, այլ ոչ թե հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով հարկային հաշվետվություններում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունք: Որոշման հիմքում դրվել է Կազմակերպության 14.08.2009 թվականի Հմ 24910909 եզրակացությունը (1-ին հատոր, գ.թ. 90-91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր 27.12.2010 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Տեսչության և Ընկերության վճռաբեկ բողոքները, բեկանել է ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող ակտի իրավաչափության հարցին, արձանագրել է, որ «Դատարանը նոր քննության ընթացքում պետք է պատշաճ գնահատման առարկա դարձնի ակտը, ինչպես նաև այն համադրելով Կազմակերպության 14.08.2009 թվականի Հմ 24910909 փորձագետի եզրակացության հետ` հիմնավորի այդ ակտով արձանագրված խախտման իրավաչափության հարցը»:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է Կազմակերպության 14.08.2009 թվականի Հմ 24910909 փորձագետի եզրակացությունը: Մինչդեռ, սույն գործով Դատարանը քննարկման առարկա չի դարձրել Ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչությունում 04.05.2009 թվականին տված բացատրությունը, ըստ որի` «...ապրանքները ձեռք եմ բերել շուկաներից, անհատ անձանցից առանց հիմնավորող փաստաթղթերի: ... 2008 թվականի տարեկան հաշվետվություններում իրացումը ցույց եմ տվել փաստացի կատարված իրացմանը համաձայն, սակայն ծախսային մասը ցույց եմ տվել առանց հիմնավորող փաստաթղթերի...» և չի պատճառաբանել, թե ինչու է այդ ապացույցը մերժում»:

Սույն գործով Դատարանը, գնահատելով և համադրելով Կազմակերպության 14.08.2009 թվականի Հմ 24910909 փորձագետի եզրակացությունը և Ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի` Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչությունում 04.05.2009 թվականին տված բացատրությունը, հայցը մասնակիորեն` վիճարկվող ակտի 17-րդ կետն անվավեր ճանաչելու մասով, բավարարելիս պատճառաբանել է, որ «եզրակացությունից պարզ չէ, թե Ընկերության տնօրենի կողմից ինչ հաշվապահական փաստաթղթեր են ներկայացվել», «Ընկերության կողմից ստուգումն իրականացնող անձանց չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, ինչի հետևանքով ստուգումն իրականացվել է հարկային գործում առկա փաստաթղթերի և Ընկերության անձնական հաշվի քարտերի հիման վրա», և գտել է, որ առկա չէ որևէ հիմք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով ակտը` բացի ակտի 17-րդ կետից, անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով և բեկանելով Դատարանի վճռի` հայցը մերժելու մասը, պատճառաբանել է, որ «Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու Կազմակերպության 14.08.2009 թվականի Հմ 24910909 փորձագետի եզրակացությունն ակտով արձանագրված խախտման իրավաչափության տեսանկյունից չի կարող համարվել պատշաճ ապացույց», «Դատարանը պետք է պարզեր արդյոք Ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանը, նշված բացատրությունը տալով, օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի գ) կետով սահմանված իրավունքից, արդյոք նշված բացատրությունը պահանջելը ստուգումն իրականացնող անձանց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետով սահմանված իրավունքի իրականացումն է, և այն իրականացնելն ուղղված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին»:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը` հայցը մերժելու մասով, բեկանելու հիմքում դրված Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Ընկերության տնօրենի` Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչությունում 04.05.2009 թվականին տված բացատրությունը եղել է սպառիչ այն իմաստով, որ ապրանքներն առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռք է բերել շուկաներից և 2008 թվականի տարեկան հաշվետվություններում ծախսային մասը ցույց է տվել առանց հիմնավորող փաստաթղթերի: Այսինքն` մինչ վիճարկվող ակտը կազմելու պահը ստուգող տեսուչներին չեն ներկայացվել կատարված ծախսերը հիմնավորող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, ինչի հետևանքով ստուգումն իրականացվել է հարկային գործում առկա փաստաթղթերի և Ընկերության անձնական հաշվի քարտերի հիման վրա: Հետևաբար, վարչական մարմինը հիմք չի ունեցել կասկածելու դրանց հավաստիությանը, իսկ ակտը կազմելուց հետո ներկայացված հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, որոնք վարչական վարույթի ընթացքում չեն ներկայացվել և չեն հետազոտվել, չէին կարող քննարկվող պարագայում հիմք հանդիսանալ ակտով առաջադրված պարտավորությունները վերահաշվարկելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 16.06.2011 թվականի վճռի` հայցը մերժելու մասը բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16.06.2011 թվականի վճռին: Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

2. «Գարալե» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

«Գարալե» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ՎԴ1/0069/05/09
Որոշում