Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 191-ՐԴ, 192...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 191-ՐԴ, 192-ՐԴ, 224-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/2058/05/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2058/05/10

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Լ. Սոսյան

                                   

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                               

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիք Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ավետիք Կարապետյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Լեյլի Գասպարյանի` վարչական ակտի ընդունմանն ուղղված նախագծի համաձայնեցման գործողությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համաձայնեցված նախագիծը և շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ավետիք Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել վարչական ակտի ընդունմանն ուղղված նախագծի համաձայնեցման գործողությունը, 12.03.2010 թվականի ճարտարապետահատակագծային թիվ 01/50-Գ-483-30 առաջադրանքը, համաձայնեցված նախագիծը և 15.04.2010 թվականի շինարարության թիվ 01/50-Գ-725-189 թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2011 թվականի որոշմամբ Ավետիք Կարապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Կարապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լեյլի Գասպարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետը, 192-րդ հոդվածի 1-ին կետը, 224-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 7-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 6-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի «ա» կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 21-րդ, 23-րդ, 35-րդ, 38-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածները, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» կետերը, 4-րդ մասի «գ» կետը, ՀՀ Կառավարության 28.10.1998 թվականի թիվ 660, 21.12.1998 թվականի թիվ 812, 02.02.2002 թվականի թիվ 91, 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն, 07.10.2004 թվականի թիվ 1616-Ն, 30.11.2006 թվականի թիվ 1855-Ն որոշումները, Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի թիվ 2876-Ա, 23.06.2008 թվականի թիվ 2798-Ա որոշումները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքաշինության նախարարի և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 26.05.1998 թվականի թիվ 108-Կ հրամանը, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 113-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել և չի պարզել, թե արդյոք Քաղաքապետարանը կառուցապատող Լեյլի Գասպարյանին շինարարության թույլտվություն տրամադրելիս Երևանի Կիևյան փողոցի 14ա -րդ շենքի թիվ 6 բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել է, թե` ոչ, կամ գործում կան տեղեկություններ Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) որոշմամբ նշված հասցեի բնակելի տարածքը բնակարանային ֆոնդից հանելու վերաբերյալ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, քննության առարկա չդարձնելով և չպարզաբանելով վերոգրյալ հանգամանքները, չի ուսումնասիրել և օբյեկտիվ գնահատականի չի արժանացրել նաև գործում առկա ապացույցները, այն է` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարի 05.04.2011 թվականի թիվ Յ/Հ Ել-1193ա և 13.06.2011 թվականի թիվ Յու/Հ Ել-2146ա գրությունները, որոնցով հայտնվել է, որ կադաստրային գործի տվյալների համաձայն` Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 հասցեի սեփականատիրոջ կողմից մուտքի կազմակերպման համար կառուցված աստիճանավանդակի և հարթակի նկատմամբ 12.03.2010 թվականի ճարտարապետահատակագծային թիվ 01/50-Գ-483-30 առաջադրանքի, 15.04.2010 թվականի թիվ 01/50-05/1-Գ-726-208 նախագծի և շինարարության թիվ 01/50-Գ-725-189 թույլտվության հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում, և 04.11.2010 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական, ինչպես նաև նույն հասցեում գրանցված է ոչ բնակելի (հասարակական) տարածք, վարձակալության են հանձնված 20,7քմ և 18,1քմ մակերեսներով տարածքներ, որոնցից 20,7քմ մակերեսով տարածքը մուտքի դուռ ունի հարթակի և շքամուտքի կողմից, իսկ 18,1քմ մակերեսով տարածքը` միայն հարթակի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 հասցեի վերակառուցման և մուտքի կազմակերպման շինարարական աշխատանքների իրականացման համար նույն բազմաբնակարան շենքի բոլոր համասեփականատերերի համաձայնության փաստը հավաստող որևէ ապացույց սույն գործում առկա չէ: Մասնավորապես` գործում առկա է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 11.03.2011 թվականի թիվ 25/25/831-11 գրությունը, որով հայտնվել է, որ Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի արտաքին պարփակող պատերը հանդիսանում են նաև կրող պատեր: Այսինքն` այդ շենքի թիվ 6 հասցեի գործառնական նշանակության փոփոխությունը և մուտքի կազմակերպման շինարարական աշխատանքներն իրականացվել են շենքը կրող կառուցվածքի (արտաքին կրող պատի) վրա առանց նշված բազմաբնակարան շենքի բաժնային սեփականատերերի համաձայնության: Բացի այդ, վերոգրյալ աշխատանքների իրականացման հարցը չի քննարկվել նաև բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովում, և վերջինս` որպես ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմին, դրա վերաբերյալ համապատասխան որոշում չի կայացրել:

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ վերակառուցումն իրականացվել է առևտրային նպատակով: Մինչդեռ, սույն գործում առկա են մի շարք ապացույցներ, որոնք հիմնավորում են վերակառուցված բնակարանի առևտրային լինելու թե` իրավական և թե` փաստական հանգամանքները, իսկ հակառակը հիմնավորող որևէ փաստ կամ ապացույց առկա չէ:

Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կառուցապատող Լեյլի Գասպարյանը պարտավոր էր ստանալ բոլոր բաժնային սեփականատերերի, այդ թվում նաև` Ավետիք Կարապետյանի համաձայնությունը, իսկ Քաղաքապետարանը, իրականացնելով վարչական վարույթ, պարտավոր էր վերջինիս դարձնել վարույթի մասնակից:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ավետիք Կարապետյանի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ շինարարության արդյունքում նվազել է իր բնակարանի լույսի ճանապարհը, իսկ արևահարության աստիճանը վերացել է, գտել է, որ նշված փաստարկը ևս հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չէր կարող: Մինչդեռ, վերոգրյալ փաստի հիմնավորման նպատակով Ավետիք Կարապետյանը ներկայացրել էր Տեսչության պետի 19.05.2010 թվականի թիվ 02/25.1/1750-10 գրությունը, որով հայտնվել է, որ տվյալ դեպքում կառուցապատողին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով և դրա հիման վրա մշակված ու համաձայնեցված նախագծով խախտվել է Ավետիք Կարապետյանի` բնակարանի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, և նախատեսված քաղաքաշինական գործունեությունն իրականացնելու դեպքում զգալիորեն կնվազի Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 9 կիսանկուղային բնակարանի բնական լուսավորությունն ու արևահարումը: Այդ փաստի ապացուցմանն էր ուղղված նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) պետի 07.07.2010 թվականի թիվ 04/12-Տ-02ա-1319 գրությունը, որով հայտնվել է, որ 28.06.2010 թվականին Ավետիք Կարապետյանի բնակարանում կատարվել է գործիքային չափում և պարզվել է, որ բնական լուսավորվածության գործակիցը սենյակներից մեկում եղել է 0,1 տոկոս, իսկ մյուս սենյակում` 0,03 տոկոս, սակայն թույլատրելի նորմը 0,5 տոկոս է, բացի այդ, բնական լուսավորության ներթափանցմանը խանգարում է նաև պատուհանների վերևում կառուցված հարթակը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել և չի պարզել, թե արդյոք Քաղաքապետարանը կառուցապատող Լեյլի Գասպարյանին շինարարության թույլտվություն տրամադրելիս Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել է, թե` ոչ, կամ գործում կան տեղեկություններ Քաղաքապետի որոշմամբ նշված հասցեի բնակելի տարածքը բնակարանային ֆոնդից հանելու վերաբերյալ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սույն գործը քննելիս անմիջականորեն քննության առարկա է դարձրել Լեյլի Գասպարյանին պատկանող Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 բնակարանի գործառնական նշանակությանը վերաբերող հարցերը և արձանագրել, որ գործում բացակայում է համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը` նշված հասցեի բնակելի տարածքը բնակարանային ֆոնդից հանելու վերաբերյալ: Լեյլի Գասպարյանը ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու հայտին կից Քաղաքապետարան է ներկայացրել իր անվամբ 04.11.2009 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2766347 վկայականը, որի «Շենքի տվյալները» բաժնի «Նպատակային նշանակությունը» տողում նշված է` բնակելի, իսկ «Օգտագործման նպատակը» տողում` բնակարան: Հետևաբար, Քաղաքապետարանը ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման ժամանակ Լեյլի Գասպարյանից չի պահանջել Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի սեփականատերերի համաձայնությունը, քանի որ այդ շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային նշանակությունը բնակելի է, այլ ոչ թե առևտրային:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն դիրքորոշմանը, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ խախտվել են իր իրավունքները, մասնավորապես` նվազել է իր բնակարանի բնական լույսի ճանապարհը, վերացել է նաև արևահարության աստիճանը, ապա այդ մասով Վերաքննիչ դատարանը, համադրելով գործում առկա ապացույցները, գտել է, որ Տեսչության պետի 19.05.2010 թվականի թիվ 02/25.1/1750-10 գրությունը բավարար հիմք չէ` գալու այն եզրահանգման, որ իրականացված շինարարության հետևանքով լուսավորվածության և արևահարման մակարդակը նվազել է սահմանված և անհրաժեշտ նիշից այնքան, որ առաջացնի Ավետիք Կարապետյանի բնակարանը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունքի որևէ խախտում: Բացի այդ, Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 9 հասցեում գտնվող 58,4քմ մակերեսով տարածքը հանդիսանում է նկուղ, և այն որպես բնակելի տարածք օգտագործել չի թույլատրվում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 24.01.2007 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2195525 վկայականի համաձայն` Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003 4-48 մատյանի 088 համարի տակ գրանցված է Ավետիք Կարապետյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2) 04.11.2009 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2766347 վկայականի համաձայն` Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003-4-48 մատյանի 104 համարի տակ գրանցված է Լեյլի Գասպարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 156-157):

3) Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 բնակարանի բնակելի տարածքը հասարակական սպասարկման տարածքի վերակառուցման և մուտքի կազմակերպման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Լեյլի Գասպարյանին 12.03.2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 01/50-Գ-483-30 առաջադրանքը (հատոր 1-ին, գ.թ. 64)

:4) Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 բնակարանի բնակելի տարածքի` հասարակական սպասարկման տարածքի վերակառուցման և մուտքի կազմակերպման աշխատանքների կատարման համար Լեյլի Գասպարյանին 15.04.2010 թվականին տրվել է շինարարության թիվ 01/50-Գ-725-189 թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 63):

5) Տեսչության պետի 19.05.2010 թվականի թիվ 02/25.1/1750-10 գրության համաձայն` Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 6 հասցեի բնակելի տարածքի` հասարակական սպասարկման տարածքի վերակառուցման և փողոցի կողմից մուտքի կազմակերպման նախագծի մշակման համար Քաղաքապետի կողմից 12.03.2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 01/50-Գ-483-30 առաջադրանքը, որի հիման վրա մշակված նախագիծը համաձայնեցվել և 15.04.2010 թվականին տրվել է շինարարության թիվ 01/50-Գ-725-189 թույլտվությունը: Քաղաքապետի կողմից նշված նախագծի համաձայնեցումը կատարվել է` հաշվի չառնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի «ա» կետի պահանջները, այն է` հասարակությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, ինչպես նաև չեն կատարվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները, այսինքն` մինչև նախագծի համաձայնեցումը կառուցապատողը պետք է ստանար բազմաբնակարան շենքի այն բաժնային սեփականատերերի համաձայնությունը, որոնց սեփականությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներն այդ գործողությունների արդյունքում խախտվելու են: Վերոգրյալ համաձայնեցված նախագծով նախատեսված քաղաքաշինական գործունեությունն իրականացվելու դեպքում զգալիորեն կնվազի նույն շենքի թիվ 9 կիսանկուղային բնակարանի բնական լուսավորությունն ու արևահարումը (հատոր 1-ին, գ.թ. 5):

6) Կենտրոնի պետի 07.07.2010 թվականի թիվ 04/12-Տ-02ա-1319 գրության համաձայն` 28.06.2010 թվականին Ավետիք Կարապետյանի բնակարանում կատարված գործիքային չափման արդյունքում պարզվել է, որ բնական լուսավորվածության գործակիցը սենյակներից մեկում եղել է 0,1 տոկոս, իսկ մյուս սենյակում` 0,03 տոկոս (Համաձայն ՀՀ ՇՆ թիվ II-8.03-96-ի աղյուսակ Թ 1-ի, 61-րդ կետի` բնական լուսավորվածության գործակցի թույլատրելի նորմը 0,5 տոկոս է): Բացի այն, որ բնակարանը գտնվում է կիսանկուղային հարկում, բնական լուսավորվածության ներթափանցմանը խանգարում է նաև պատուհանների վերևում կառուցված հարթակը (հատոր 1-ին, գ.թ. 115):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առևտրային նպատակներով, իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 1-4-րդ կետերում նշված գործողությունները շինության սեփականատերն իրավունք ունի իրականացնել միայն օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների պահպանմամբ` նախօրոք տեղեկացնելով շենքի կառավարման մարմնին:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե սույն հոդվածով նշված գործողություններն իրականացնելու հետևանքով խախտվելու են շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները, ապա համապատասխան գործողություններ իրականացնել ցանկացող շինության սեփականատերը կարող է այդ գործողություններն իրականացնել վերջիններիս համաձայնությամբ` հատուցելով շինությունների սեփականատերերին պատճառվող վնասները:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սեփականության իրավունքի իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Մասնավորապես` օրենքով շինության սեփականատիրոջը վերապահված` առանց մյուս սեփականատերերի համաձայնության ոչ առևտրային նպատակով քաղաքաշինական գործունեության իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերի և կանոնների պահպանմամբ` նախօրոք տեղեկացնելով շենքի կառավարման մարմնին: Միաժամանակ, այն դեպքում, երբ նման քաղաքաշինական գործունեության հետևանքով խախտվելու են մյուս սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները, ապա շինության սեփականատերը կարող է այդպիսի քաղաքաշինական գործունեություն իրականացնել միայն մյուս սեփականատերերի համաձայնությամբ` հատուցելով նրանց պատճառվող վնասները: Այսինքն` ոչ առևտրային նպատակով իրականացվող քաղաքաշինական գործունեության հետևանքով մյուս սեփականատերերի իրավունքների խախտումների, ինչպես նաև անկախ նման խախտումներից առևտրային նպատակով իրականացվող քաղաքաշինական գործունեության դեպքերում մյուս սեփականատերերի համաձայնությունը պարտադիր է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ դատարանը փաստի հաստատված լինելու հարցը պարտավոր է որոշել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որը պետք է ձևավորվի բացառապես գործում եղած բոլոր ապացույցների անմիջականորեն գնահատման արդյունքում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Տեսչության պետի 19.05.2010 թվականի թիվ 02/25.1/1750-10 գրությունը բավարար հիմք չէ` գալու այն եզրահանգման, որ իրականացված շինարարության հետևանքով լուսավորվածության և արևահարման մակարդակը նվազել է սահմանված և անհրաժեշտ նիշից այնքան, որ առաջացնի Ավետիք Կարապետյանի` իր բնակարանը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունքի որևէ խախտում: Ինչ վերաբերում է Կենտրոնի պետի 07.07.2010 թվականի թիվ 04/12-Տ-02ա-1319 գրությանը, ապա Ավետիք Կարապետյանին պատկանող անշարժ գույքի հարկի հատակի նիշը հողի հատակագծային նիշից ցածր է միջինը 1,9 մետրով, իսկ առաստաղի բարձրությունը կազմում է 2,97 մետր, և նշված բնակարանը հանդիսանում է նկուղ, իսկ տվյալ դեպքում բացակայում է մինչև շինարարությունը դրա լուսավորվածության գործակցի գործիքային չափում կատարված լինելու փաստը հավաստող ապացույցը: Հետևաբար, չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Երևանի Կիևյան փողոցի 14ա-րդ շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանում լուսավորության գործակիցը համապատասխանել է թույլատրելի նորմին և շինարարության պատճառով նվազել է:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության պետի 19.05.2010 թվականի թիվ 02/25.1/1750-10 գրությամբ հաստատվում է, որ Երևանի Կիևյան փողոցի 14ա -րդ շենքի թիվ 6 հասցեի բնակելի տարածքը հասարակական սպասարկման տարածքի վերակառուցման և փողոցի կողմից մուտքի կազմակերպման նախագծի մշակման համար համաձայնեցված նախագծով նախատեսված քաղաքաշինական գործունեությունն իրականացվելու դեպքում զգալիորեն կնվազի նույն շենքի թիվ 9 կիսանկուղային բնակարանի բնական լուսավորությունն ու արևահարումը: Կենտրոնի պետի 07.07.2010 թվականի թիվ 04/12-Տ-02ա-1319 գրությամբ հաստատվում է, որ 28.06.2010 թվականին Ավետիք Կարապետյանի բնակարանում կատարված գործիքային չափման արդյունքում պարզվել է, որ բնական լուսավորվածության գործակիցը սենյակներից մեկում եղել է 0,1 տոկոս, իսկ մյուս սենյակում` 0,03 տոկոս (Համաձայն ՀՀ ՇՆ թիվ II-8.03-96-ի աղյուսակ Թ 1-ի, 61-րդ կետի` բնական լուսավորվածության գործակցի թույլատրելի նորմը 0,5 տոկոս է), և բացի այն, որ բնակարանը գտնվում է կիսանկուղային հարկում, բնական լուսավորվածության ներթափանցմանը խանգարում է նաև պատուհանների վերևում կառուցված հարթակը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցներով անմիջականորեն հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ Լեյլի Գասպարյանի իրականացրած քաղաքաշինական գործունեության հետևանքով նվազել է Ավետիք Կարապետյանի բնակարանի բնական լուսավորությունը և արևահարումը, իսկ բնական լուսավորվածության ներթափանցմանը խանգարում է նաև պատուհանների վերևում կառուցված հարթակը, ինչից հետևում է, որ տվյալ դեպքում Լեյլի Գասպարյանը քաղաքաշինական գործունեություն կարող էր իրականացնել բացառապես Ավետիք Կարապետյանի համաձայնությամբ` դրա վերաբերյալ նախօրոք տեղեկացնելով նաև շենքի կառավարման մարմնին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Տեսչության պետի 19.05.2010 թվականի թիվ 02/25.1/1750-10 գրությունը բավարար հիմք չէ` գալու այն եզրահանգման, որ իրականացված շինարարության հետևանքով լուսավորվածության և արևահարման մակարդակը նվազել է սահմանված և անհրաժեշտ նիշից այնքան, որ առաջացնի Ավետիք Կարապետյանի` իր բնակարանը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունքի որևէ խախտում, անհիմն է, իսկ Ավետիք Կարապետյանին պատկանող անշարժ գույքի հարկի հատակի նիշը հողի հատակագծային նիշից ցածր լինելու հանգամանքը տվյալ դեպքում չունի որևէ նշանակություն, քանի որ Կենտրոնի պետի 07.07.2010 թվականի թիվ 04/12-Տ-02ա-1319 գրությամբ հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ բնական լուսավորվածության ներթափանցմանը խանգարում է նաև պատուհանների վերևում կառուցված հարթակը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ այն հանգամանքը, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվել է հասարակական սպասարկման տարածքի վերակառուցման և փողոցի կողմից մուտքի կազմակերպման նախագծի մշակման համար, չի կարող դիտարկվել որպես առևտրային նպատակ հետապնդող գործունեություն, քանի որ գործի քննությամբ չհիմնավորվեց, որ վերակառուցումն իրականացվել է առևտրային նպատակով, համարում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («officiօ»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս` ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՎԴ/5525/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ գործի քննությամբ չհիմնավորվեց այն հանգամանքը, որ վերակառուցումն իրականացվել է առևտրային նպատակով, պարտավոր էր նշված հանգամանքը պարզելու համար ձեռնարկել ողջամիտ միջոցներ, այսինքն` Լեյլի Գասպարյանի իրականացրած քաղաքաշինական գործունեության նպատակների վերաբերյալ փաստերը պարզել ի պաշտոնե, ինչը սույն գործի լուծման համար ուներ էական նշանակություն, քանի որ առևտրային նպատակով իրականացվող քաղաքաշինական գործունեության դեպքում մյուս սեփականատերերի համաձայնությունը կլիներ պարտադիր:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալի մասով ապացույցներ պահանջելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների գնահատման և փաստերի ի պաշտոնե պարզման կանոնների խախտման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

Նշված պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ՎԴ/2058/05/10
Որոշում