Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

i

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

կարևոր նշանակություն տալով միգրացիայի բնագավառում համագործակցության զարգացմանը,

ձգտելով միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններով փոխգործակցության համակարգման,

գիտակցելով, որ նման համագործակցության զարգացումը համապատասխանում է իրենց ժողովուրդների շահերին,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության նպատակներից և խնդիրներից,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի մասին Կանոնադրության հիման վրա, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման ամսաթվից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունն ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում, նշված ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումը ավանդապահի ստանալու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների միանալու համար, որոնք ընդունում են դրա դրույթները և պատրաստ են ընդունելու սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալու ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (հատուկ կարծիքով), Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, ՈՒզբեկստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կողմից:

 

Հավելված

«Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից

պետությունների միգրացիոն մարմինների

ղեկավարների Խորհրդի կազմավորման

մասին» 2007 թվականի հոկտեմբերի 5-ի

Համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) ճյուղային համագործակցության մարմին և նախորոշված է միգրացիոն քաղաքականության բնագավառում փոխգործակցության համակարգման ապահովման և հարցերի լուծման համար:

1.2. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով, ԱՊՀ մասնակից պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերով, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի և տնտեսական խորհրդի որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` համագործակցելով ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի հետ:

 

2. Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և

գործառույթները

 

2.1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

ԱՊՀ շրջանակներում համաձայնեցված միգրացիոն քաղաքականության մշակման նպատակով ԱՊՀ մասնակից պետություններում միգրացիոն գործընթացների կարգավորման ոլորտում համագործակցության գերակա ուղղությունների որոշումը,

միգրացիայի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման նպատակով միասնական մոտեցումների մշակմանն աջակցելը,

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն և այլ շահագրգիռ մարմինների` միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններով փոխգործակցության համակարգումը,

աջակցությունը այն միգրանտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, որոնք հանդիսանում են ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներ և ԱՊՀ մասնակից պետություններում մշտապես բնակվող` առանց քաղաքացիության անձինք,

ԱՊՀ մասնակից պետությունների` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման վերաբերյալ տվյալների բանկերի ինտեգրմանն աջակցելը,

ԱՊՀ մասնակից պետությունների` միգրացիայի ոլորտում ընդունված միջպետական և միջկառավարական փաստաթղթերի իրագործմանն աջակցելը:

2.2. Խորհրդի հիմնական գործառույթներն են.

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների համագործակցության գերակա ուղղություններով նպատակային ծրագրերի մշակումը,

միգրացիայի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման համար միասնական մոտեցումների մշակումը,

աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության գործում ԱՊՀ մասնակից պետությունների` միգրացիոն և այլ շահագրգիռ մարմինների փոխգործակցության համակարգումը,

անօրինական միգրացիային դիմակայման համար միջոցառումների անցկացման վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունների մշակումը ԱՊՀ մասնակից պետությունների լիազորված մարմինների հետ,

ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների և ԱՊՀ մասնակից պետություններում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց` անձը հաստատող, կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի կիրառումն սկսելու ուղղությամբ աշխատանքների համակարգումը,

Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով փոխգործակցության իրականացումը ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան մարմինների, ԱՊՀ այլ մարմինների, ինչպես նաև միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ու հասարակական միավորումների հետ,

ԱՊՀ շրջանակներում միգրացիայի ոլորտում ընդունված փաստաթղթերի իրականացման ընթացքի դիտարկումը,

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների կողմից Խորհրդի որոշումների իրագործման ընթացքի և արդյունքների դիտարկումը,

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխադարձ փոխանակմանն աջակցումը, այդ թվում` մեթոդական օգնության ցուցաբերումը,

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների համար կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպման հետ կապված հարցերի քննարկումը,

Խորհրդի իրավասության մեջ մտնող այլ գործառույթների իրականացումը:

 

3. Խորհրդի իրավունքները

 

Խորհուրդն իրավունք ունի.

սահմանված կարգով առաջարկներ ներկայացնելու պետությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի քննարկմանը,

իր իրավասությունների շրջանակներում որոշումներ ընդունելու` ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների համագործակցության զարգացմանը,

ստեղծելու մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր,

ներգրավելու գիտնականների և մասնագետների,

լուծելու իր իրավասության մեջ մտնող այլ հարցեր:

 

4. Խորհրդի գործունեության կազմակերպումը

 

4.1. Խորհրդի անդամ է հանդիսանում ԱՊՀ մասնակից պետության միգրացիոն մարմնի ղեկավարը, որին նշանակել է համապատասխան պետությունը: Յուրաքանչյուր պետություն Խորհրդում ունի մեկ ձայն: Խորհրդի այն անդամը, որը չի կարող նիստին ներկայանալ, իրավասու է այդ նիստին պատվիրակելու իր ներկայացուցչին` օժտված Խորհրդի նիստում որոշումներ ընդունելու համապատասխան լիազորություններով: Խորհրդի կազմի մեջ խորհրդատվական ձայնի իրավունքով մտնում են ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթով` Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից, որն ընտրվում է ռոտացիայի սկզբունքով` ըստ ԱՊՀ մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենակարգի, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, եթե Խորհրդի որոշմամբ այլ բան չի սահմանվում:

Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են դրա համանախագահներ:

4.3. Խորհրդի նախագահը`

իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը,

անցկացնում է Խորհրդի նիստերը,

ստորագրում է փաստաթղթեր և Խորհրդի անունից ուղարկում ԱՊՀ մասնակից պետությունների կառավարություններին,

սահմանված կարգով Խորհուրդը ներկայացնում է ԱՊՀ մարմիններում,

Խորհրդի հանձնարարությամբ, իր իրավասությունների շրջանակներում պահպանում և զարգացնում է կապերը այլ կազմակերպությունների հետ նրանց աշխատանքային (գործադիր) մարմինների մակարդակով,

աջակցում է ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների միջև փոխգործակցության ապահովմանը,

իրականացնում է Խորհրդի գործունեության ապահովման հետ կապված այլ գործողություններ:

4.4. Խորհուրդը հաստատում է իր աշխատանքի կանոնակարգը:

4.5. Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են տարին երկու անգամ:

4.6. ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմիններն առաջարկություններ են նախապատրաստում Խորհրդի նիստում քննարկելու համար:

Առաջարկությունները ներկայացվում են փաստաթղթերի նախագծերի կամ դրանց հայեցակարգերի տեսքով:

Հարցը օրակարգում ընդգրկելու մասին վերջնական որոշումը կայացնում է Խորհուրդը:

4.7. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների կամ նրանց լիազորած ներկայացուցիչների առնվազն կեսը:

4.8. Սկզբունքային հարցերի վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են որևէ մասնակից պետության կողմից պաշտոնական առարկության բացակայության դեպքում, որն առաջ է քաշվում նրա կողմից` որպես խոչընդոտ քննարկվող հարցի վերաբերյալ որոշման կայացման համար: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր շահագրգռված չլինելու մասին, որը խոչընդոտ չի հանդիսանում որոշման կայացման համար, ինչպես նաև ընդունված որոշմանը Խորհրդի տվյալ անդամի հետագա միացման համար: Ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

4.9. Խորհրդի որոշումներն ունեն հանձնարարական բնույթ:

4.10. Խորհրդի որոշմամբ նրա աշխատանքներին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել այլ շահագրգիռ պետությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել ԱՊՀ մասնակից պետությունների, ԱՊՀ մարմինների և այլ միջազգային ու ոչ կառավարական կազմակերպությունների շահագրգիռ մարմինների մասնագետներ և փորձագետներ:

 

5. Խորհրդի քարտուղարությունը

 

5.1. Խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է այն պետության միգրացիոն մարմինը, որի ղեկավարը հանդիսանում է Խորհրդի նախագահ, համագործակցելով ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի հետ:

5.2. Խորհրդի քարտուղարը նշանակվում է Խորհրդի նախագահի կողմից:

5.3. Խորհրդի ընդունած փաստաթղթերի ավանդապահն է ԱՊՀ գործադիր կոմիտեն:

 

6. Ֆինանսավորումը

 

Խորհրդի նիստերի նախապատրաստման և անցկացման ծախսերը հոգում է այն պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը:

Խորհրդի անդամների և փորձագետների գործուղման ծախսերը հոգում է ուղարկող պետությունը:

Խորհրդի ընդունած որոշումներին համապատասխան իրականացվող բոլոր տեսակի աշխատանքները և համատեղ ծրագրերը ֆինանսավորվում են ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. հունիսի 15-ին

 

Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը «ԱՊՀ մասնակից

պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի

կազմավորման մասին» Համաձայնագրի և ԱՊՀ մասնակից պետությունների

միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի Կանոնադրության վերաբերյալ

 

Կողմ է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, միգրացիոն քաղաքականության համակարգման, միջազգային իրավասուբյեկտության հետ կապված դրույթների, ինչպես նաև Խորհրդի Կանոնադրության 2.2-րդ կետի առաջին և հինգերորդ պարբերությունների հեռացմանը:

 

    Ադրբեջանի Հանրապետության նախագահ`                        Ի. Ալիև

 

 

pin
10.05.2007
Միջազգային պայմանագիր