Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՇԽԱՏՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ձգտելով աշխատող միգրանտների, նրանց ընտանիքների անդամների և ընդունող Կողմի քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու համար պայմաններ ստեղծել` նրա օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով կանոնակարգվող սահմաններում,

գիտակցելով Կողմերի տարածքներով աշխատուժի տեղափոխման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը` հիմնվելով նրանց ազգային շահերի վրա,

նպատակ ունենալով աշխատողների միգրացիոն հոսքերն արդյունավետ կերպով կարգավորել, հասնել նրան, որ դրանց ծավալները, ուղղությունները և կազմը համապատասխանեն Կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման շահերին,

առաջնորդվելով տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների միջև փոխըմբռնման, հանդուրժողականության, հարգանքի սկզբունքներով,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության զարգացման շահերից,

հավատարիմ մնալով 1948 թ. դեկտեմբերի 10-ի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ինչպես նաև առաջնորդվելով մարդու իրավունքների և աշխատող միգրանտների իրավունքների պաշտպանության ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության և Անկախ Պետությունների Համագործակցության` իրենց համար պարտադիր այլ հիմնարար փաստաթղթերով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Բաժին 1
Կիրառման ոլորտը և սահմանումները

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.

աշխատող միգրանտ - Կողմերից մեկի քաղաքացիություն ունեցող անձ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող և Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող անձ, որն օրինական կերպով գտնվում և օրինական հիմքով զբաղվում է վճարվող աշխատանքային գործունեությամբ մյուս Կողմի տարածքում, որի քաղաքացիություն նա չունի և որտեղ մշտապես չի բնակվում,

սահմանամերձ աշխատող - աշխատող միգրանտ, որն աշխատում է մի Կողմի սահմանամերձ տարածքում և պահպանում է իր մշտական բնակության վայրը մյուս Կողմի սահմանամերձ տարածքում, ուր նա վերադառնում է ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ,

սեզոնային աշխատող - աշխատող միգրանտ, որի աշխատանքն իր բնույթով կապված է եղանակային պայմանների հետ և իրականացվում է տարվա որոշակի ժամանակահատվածի ընթացքում,

գործատու (վարձող) - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն աշխատանք է տրամադրում աշխատող միգրանտներին ընդունող Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով և կարգով,

աշխատող միգրանտի ընտանիքի անդամ - անձ, որն ամուսնացած է աշխատող միգրանտի հետ, ինչպես նաև նրա խնամակալությանը ենթակա երեխաներ և այլ անձինք, որոնք ճանաչվում են ընտանիքի անդամներ` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

մշտական բնակության Կողմ - պետություն, որի տարածքում աշխատող միգրանտը մշտապես բնակվում է, և որի տարածքից մուտք է գործում մյուս Կողմի տարածք` վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար,

տարանցման պետություն - պետություն, որով անցնում է աշխատող միգրանտն ընդունող Կողմ կամ ընդունող Կողմից մշտական բնակության Կողմ մտնելիս,

ընդունող Կողմ - պետություն, որի տարածքում աշխատող միգրանտն իրականացնում է վճարովի աշխատանքային գործունեություն,

իրավասու մարմիններ - Կողմերի պետական իշխանության մարմիններ, որոնց իրավասության մեջ են մտնում սույն Կոնվենցիայի կատարման հետ կապված հարցերը,

աշխատանքային պայմաններ - աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոնների ամբողջություն, որում իրականացվում է մարդու աշխատանքային գործունեությունը, և որոնք աշխատանքի ընթացքում ազդեցություն են գործում նրա առողջության և աշխատունակության վրա, ինչպես նաև` ընդունող Կողմի օրենսդրության համապատասխան կերպով սահմանված աշխատանքային ժամանակի և հանգստի տևողություն, վճարովի արձակուրդների տրամադրման կարգ, աշխատանքի վարձատրություն և աշխատանքային այլ պայմաններ,

աշխատանքի պաշտպանություն - աշխատանքային գործունեության ընթացքում աշխատող միգրանտների կյանքի և առողջության անվտանգության ապահովման համակարգ, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպչական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժական-կանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ ու միջոցներ, որոնք սահմանված են ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

միգրացիայի շրջան - այն ժամանակահատվածը, որը ներառում է մշտական բնակության Կողմից մեկնումը, տարանցումը, ընդունող Կողմ մուտք գործելը, բնակվելը և ընդունող Կողմում վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելը, ինչպես նաև մշտական բնակության Կողմ վերադառնալը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է ընդունող Կողմի տարածքում օրինական հիմքով գտնվող բոլոր աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների վրա` անկախ սեռից, ռասայից, լեզվից, դավանանքից կամ համոզմունքներից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, Կողմերի քաղաքացիությունից, տարիքից, տնտեսական, գույքային, ընտանեկան դրությունից կամ ցանկացած այլ հատկանիշից:

Սույն Կոնվենցիան կարգավորում է այն հարաբերությունները, որոնք առաջանում են աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների միգրացիայի ամբողջ շրջանի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիան չի տարածվում.

Կողմերի կողմից միջազգային կազմակերպություններ գործուղված կամ միջազգային կազմակերպությունների, հաստատությունների կամ Կողմերից որևէ մեկի կողմից ոչ իր տարածքում պաշտոնական գործառույթների իրականացման համար վարձված անձանց վրա, որոնց կարգավիճակը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով կամ համապատասխան միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը,

Կողմերից մեկի կողմից ոչ իր տարածքում զարգացման կամ համագործակցության ծրագրերի իրականացմանը մասնակցելու համար գործուղված կամ վարձված անձանց վրա, որոնց մուտքի թույլտվությունը և կարգավիճակը կարգավորվում են ընդունող Կողմի հետ համապատասխան միջազգային պայմանագրերով, և որոնք, այդ միջազգային պայմանագրերին համապատասխան, չեն համարվում աշխատող միգրանտներ,

այն անձանց վրա, որոնք, լինելով մի Կողմի քաղաքացիներ, մյուս Կողմի տարածքում աշխատանք են կատարում այնպիսի կազմակերպությունների անունից և շահերի համար, որոնք մասնաճյուղեր ներկայացուցչություններ ունեն այդ մյուս Կողմի տարածքում,

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց վրա, եթե այլ բան նախատեսված չէ ընդունող Կողմի օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից է նա,

այն անձանց վրա, որոնք դիմում են ընդունող Կողմի տարածքում իրենց փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու համար,

այն անձանց վրա, որոնք ընդունող Կողմի տարածքում փախստականի կարգավիճակ կամ ապաստան են ստացել,

ընդունող Կողմի տարածքում պաշտոնապես գրանցված կրոնական հաստատություններում կրոնական գործունեությամբ զբաղվող հոգևորականների վրա,

նավաստիների վրա,

ուսման նպատակով ժամանող անձանց վրա,

այն անձանց վրա, որոնք ընդունող Կողմի տարածքում հավատարմագրված են որպես օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունների կամ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է աշխատող միգրանտների համար որոշել սահմանափակումներ, որոնք վերաբերում են.

վարձու աշխատանքի կարգերին, զբաղմունքների կամ գործունեության տեսակին` ի շահ այդ Կողմի,

վճարովի աշխատանքային գործունեության մատչելիությանը` ազգային աշխատաշուկայի պաշտպանությունն իրականացնելու և իր քաղաքացիների` թափուր աշխատատեղերը զբաղեցնելու գերակա իրավունքն ապահովելու նպատակով:

2. Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքները կարող են ենթակա լինել Կողմերի օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների` ազգային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և բարոյականության ապահովման շահերից ելնելով կամ այլ անձանց իրավունքները և ազատությունները պաշտպանելու համար:

3. Աշխատող միգրանտների համար սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների ընդունման մասին Կողմը տեղեկացնում է ավանդապահին այդ սահմանափակումների ընդունման օրվանից հետո 45 օրվա ընթացքում:

 

Բաժին 2
Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների հիմնական իրավունքները

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Աշխատող միգրանտները և նրանց ընտանիքների անդամներն ընդունող Կողմի տարածք մուտք գործելու, այնտեղ մնալու, տեղաշարժվելու և այնտեղից մեկնելու իրավունք ունեն` նրա օրենսդրությամբ և/կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Աշխատող միգրանտներն ընդունող Կողմի տարածքում օգտվում են օրենսդրությանը համապատասխան այդ Կողմի քաղաքացիներին տրամադրվող իրավունքներից, որոնք վերաբերում են.

անվտանգ աշխատանքային պայմաններին,

համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությանը, ներառյալ լրացուցիչ վճարումների և փոխհատուցումների իրավունք ունեցող անձանց համար դրանք ստանալը,

փոխհատուցման հիմունքով բնակարանից օգտվելուն,

սոցիալական ապահովությանը սոցիալական ապահովագրություն` բացառությամբ կենսաթոշակայինի` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

արտադրությունում դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների համար պարտադիր սոցիալական ապահովագրությանը` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

արտադրությունում դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության արդյունքում կյանքին և առողջությանը հասցված վնասի փոխհատուցմանը,

աշխատող միգրանտից անկախ հանգամանքների պատճառով աշխատանքի կորստի դեպքում այլ վճարովի աշխատանքային գործունեության մատչելիությանը` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

2. Աշխատող միգրանտների իրավունքները, որոնք վերաբերում են ընդունող Կողմում նրանց կողմից իրականացվող աշխատանքային գործունեությանը, կարգավորվում են օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերով, որոնց մասնակից է տվյալ Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Աշխատող միգրանտները և նրանց ընտանիքների անդամները, ընդունող Կողմի միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան, օգտվում են հետևյալ հիմնական իրավունքներից.

կյանքի, ազատության և անձնական անձեռնմխելիության,

ամուսնության,

օրենքի և դատարանի առջև ընդունող Կողմի քաղաքացիների հետ հավասարության,

անձնական կամ ընտանեկան կյանքին անօրինական միջամտությունից պաշտպանության,

բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ անօրինական ոտնձգությունից պաշտպանության,

անձնական նամակագրության կամ կապի այլ ձևերի գաղտնիքի պաշտպանության,

պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության,

օրինական հիմքերով պատկանող մասնավոր սեփականության պաշտպանության,

կրթություն ստանալու,

մշակութային կյանքի մատչելիության և դրան մասնակցելու,

սոցիալական ապահովության սոցիալական ապահովագրության` բացառությամբ կենսաթոշակայինի,

անհատույց շտապ անհետաձգելի բժշկական օգնություն և հատուցման հիմունքով բժշկական այլ օգնություն ստանալու,

ընդունող Կողմում երեխայի ծնունդը գրանցելու:

2. Կողմերը երաշխավորում են աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների խոսքի ազատության, դավանանքի, իր կարծիքի արտահայտման, միություններ, հասարակական կազմակերպություններ ստեղծելու և արհեստակցական միություններին անդամակցելու իրավունքի իրացումը` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

3. Յուրաքանչյուր աշխատող միգրանտ և նրա ընտանիքի անդամ իրավունք ունեն Կողմերից ցանկացածի տարածքում ճանաչվելու որպես իրավական սուբյեկտ` այդ Կողմի օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերն աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ստրկության, ցանկացած այլ անազատ վիճակի, հարկադրական աշխատանքի, խոշտանգումների, դաժան և մարդու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատիժների դեպքեր թույլ չեն տալիս:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից անձնական գույքի, ինչպես նաև աշխատանքային գործունեության համար նախատեսված իրերի ներկրման և արտահանման ժամանակ կիրառվում են միջազգային պայմանագրերը և ընդունող Կողմի օրենսդրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Աշխատող միգրանտներն իրավունք ունեն ընդունող Կողմի արժույթով և օտարերկրյա արժույթով ընդունող Կողմից փոխանցելու և իրենց հետ տանելու դրամական միջոցներ, որոնք ստացել են որպես սույն Կոնվենցիային համապատասխան աշխատանքային գործունեության դիմաց վարձատրություն` միջազգային պայմանագրերին և նրա օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Աշխատող միգրանտները և նրանց ընտանիքների անդամներն իրավունք ունեն Կողմերի իրավասու մարմիններից անհատույց կերպով տեղեկատվություն ստանալու, որը վերաբերում է.

սույն Կոնվենցիայից բխող իրենց իրավունքների և ազատությունների իրագործման կարգին,

իրենց բնակության և վճարովի աշխատանքային գործունեության իրականացման պայմաններին, ինչպես նաև ընդունող Կողմի կամ տարանցման պետության օրենսդրությունից և նրանց միջազգային պայմանագրերից բխող իրավունքներին և պարտականություններին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Աշխատող միգրանտները և նրանց ընտանիքների անդամները չեն կարող ընդունող Կողմից վտարվել, արտաքսման կամ ռեադմիսիայի ենթարկվել այդ Կողմի միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ նախատեսված հիմունքներից բացի այլ ձևերով:

2. Կողմերը երաշխավորում են, որ, ընդունող Կողմի օրենսդրությամբ նախատեսված հիմունքներով և կարգով գործող իրավասու մարմնից բացի, ոչ ոք չի կարող առգրավել անձը հաստատող փաստաթղթերը և աշխատող միգրանտներին և նրանց ընտանիքների անդամներին մուտքի, մնալու և/կամ վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունք տվող փաստաթղթերը:

Իրավասու մարմինների կողմից նշված փաստաթղթերի թույլատրված առգրավումն իրականացվում է այդ առգրավումը հաստատող պաշտոնական փաստաթուղթ տրամադրելու պայմանով: Չի թույլատրվում ոչնչացնել կամ վնասել անձնագիրը կամ աշխատող միգրանտների և/կամ նրանց ընտանիքների անդամների` անձը հաստատող այլ փաստաթուղթը և աշխատող միգրանտներին և/կամ նրանց ընտանիքների անդամներին մուտքի, մնալու և/կամ վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունք տվող փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Աշխատող միգրանտների ընտանիքների անդամները (բացառությամբ սահմանամերձ և սեզոնային աշխատողների) ընդունող Կողմում օգտվում են ընդհանուր կրթություն և լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու նույն իրավունքներից, ինչպես նրա քաղաքացիները:

«Ընդհանուր կրթություն» և «լրացուցիչ մասնագիտական կրթություն» հասկացությունների բովանդակությունը որոշվում է ընդունող Կողմի օրենսդրությամբ:

2. Կողմերն աջակցում են աշխատող միգրանտների ընտանիքների անդամների կողմից ընդունող Կողմի լեզուն ուսումնասիրելու ծրագրերի կազմակերպմանը և չեն խոչընդոտում մայրենի լեզվի ուսումնասիրմանը:

 

Բաժին 3
Սահմանամերձ և սեզոնային աշխատողների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կիրառվող դրույթները

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Սահմանամերձ աշխատողներն օգտվում են սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներից, որոնք կարող են նրանց տրամադրվել ընդունող Կողմում բնակվելու և վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

2. Սահմանամերձ աշխատողների համար աշխատանքի տեղավորման և պետական սահմանն անցնելու պարզեցված կարգի հարցերը որոշում են Կողմերը` երկկողմ միջազգային պայմանագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Կոնվենցիայի դրույթները տարածվում են սեզոնային աշխատողների վրա նրանց կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակահատվածում` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածում նշված սահմանափակումները:

2. Սեզոնային աշխատողների աշխատանքի տեղավորման պարզեցված կարգի հարցերը որոշում են Կողմերը` միջազգային պայմանագրերի հիման վրա:

 

Բաժին 4
Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ապահովման ուղղությամբ համագործակցությունը

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Կողմերը փոխգործակցում են աշխատող միգրանտների ներգրավման և Կողմերի տարածքներում նրանց աշխատանքի օգտագործման ոլորտում:

2. Ընդունող Կողմը և մշտական բնակության Կողմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` կապված աշխատող միգրանտների վերադարձի հարցերի հետ` ընդունող Կողմում նրանց բնակության և վճարովի աշխատանքային գործունեության իրականացման ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև նրանց կողմից ընդունող Կողմի միգրացիոն օրենսդրության խախտման դեպքում, այդ թվում` ռեադմիսիայի մասին համաձայնագրերի կնքման միջոցով:

3. Կողմերը համաձայնեցված միջոցներ են ձեռնարկում աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների համար կենսագրական տվյալներ պարունակող փաստաթղթերի ձևակերպման, դրանց հիման վրա մշտական բնակության Կողմից մեկնող և ընդունող Կողմում աշխատանքային գործունեություն իրականացնող աշխատող միգրանտների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև աշխատող միգրանտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերը համագործակցում են աշխատող միգրանտների բժշկական ապահովագրության հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Ընդունող Կողմը և մշտական բնակության Կողմը կարող են համագործակցություն իրականացնել երկու կողմերի տարածքներում աշխատող միգրանտների մասնագիտական կրթության հարցերում` ըստ ընդունող Կողմի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող արհեստների և մասնագիտությունների:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Կողմերի իրավասու մարմիններն աշխատող միգրանտների եկամուտների և ունեցվածքի հարկերի հետ կապված կրկնակի հարկումից խուսափելու համար ղեկավարվում են այն միջազգային պայմանագրերի դրույթներով, որոնց մասնակից են համապատասխան Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման հարցերը կարգավորվում են մշտական բնակության Կողմի օրենսդրությամբ և Կողմերի միջազգային պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Կողմերը ժամանակին տեղեկատվություն են փոխանակում աշխատանքի, բնակչության զբաղվածության և աշխատանքային միգրացիայի բնագավառի օրենսդրության մեջ, մուտքի, բնակության, տեղաշարժման և ելքի կանոններում, կյանքի պայմաններում և աշխատող միգրանտների կողմից վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու կարգում և ազգային աշխատաշուկաների վիճակում փոփոխությունների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Աշխատող միգրանտի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում Կողմերի իրավասու մարմինները.

աշխատող միգրանտի կամ նրա ընտանիքի անդամի մահվան փաստի մասին տեղեկացնում են մշտական բնակության Կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հաստատությանը, նրանց տրամադրում են մահվան փաստի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ,

աջակցում են գործատուի վարձողի կողմից մահացած աշխատող միգրանտի աճյունը և անձնական ունեցվածքը մշտական բնակության Կողմ տեղափոխելու իրականացմանը, ինչպես նաև գործատուի վարձողի կողմից մահացած աշխատող միգրանտի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունների կատարմանը` աշխատանքային պայմանագրի պայմաններով:

 

Բաժին 5
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մարդու այն հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակում կամ ոտնահարում, որոնք ճանաչվում ու երաշխավորվում են համապատասխան Կողմի օրենսդրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով:

2. Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ազատությունների նկատմամբ սույն Կոնվենցիայով սահմանված սահմանափակումները չպետք է կիրառվեն այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար դրանք նախատեսված են:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Կողմերը սույն Կոնվենցիայի ստորագրման օրվանից հետո առավելագույնը երեք ամսվա ժամկետում որոշում են այն իրավասու մարմինները, որոնց հանձնարարվելու է դրա իրագործումը, և այդ մասին տեղեկացնում են ավանդապահին:

Իրավասու մարմինների փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին անհապաղ տեղեկացնում են ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Սույն Կոնվենցիան չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են իրենց կնքած այլ միջազգային պայմանագրերից:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման ընթացքին վերաբերող հարցերը քննարկվում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության սոցիալական պաշտպանության, աշխատանքի և միգրացիայի հարցերով խորհրդակցական խորհրդի նիստերին:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Կողմերի միջև սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Սույն Կոնվենցիայում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու օրվանից առնվազն 12 ամիս առաջ` կարգավորելով սույն Կոնվենցիայի գործողության ընթացքում առաջացած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

ՈՒժի մեջ մտնելուց հետո սույն Կոնվենցիան բաց է ԱՊՀ ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:

Միացող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Սույն Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` հերթական հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Սույն Կոնվենցիան ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, ՈՒզբեկստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսի 15-ին:

 

Ղազախստանի Հանրապետության վերապահումը

 

Ղազախստանի Հանրապետությունը սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 12-րդ պարբերության և 13-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառելիս ղեկավարվելու է ազգային օրենսդրության պահանջներով:

 

Ղազախստանի Հանրապետության վարչապետ`

Կ. Մասիմով

 

 

pin
14.11.2008
Միջազգային պայմանագիր