Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

i

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ`
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով նպաստել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը,

ուշադրություն դարձնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին 1999 թվականի հունիսի 4-ի պայմանագրի դրույթներին,

ելնելով պետական պահպանության ենթակա անձանց և պահպանվող օբյեկտների անվտանգության ապահովման ուղղությամբ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության համար իրավական հիմքի զարգացման անհրաժեշտությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական պահպանություն - պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ոլորտում պետական իշխանության մարմինների գործառույթ, որն իրականացվում է պետական կառավարման կարիքների համար իրավական, կազմակերպչական, տեղեկատվական, պահպանության, պայմանակարգային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների ամբողջության հիման վրա,

պետական պահպանության օբյեկտ - Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան` պետական պահպանության ենթակա անձ,

պահպանության միջոցառում - պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` նրանց երթևեկման մայրուղիներում, Կողմերի լիազորված պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների ամբողջություն, այդ թվում` անվտանգության ապահովման մյուս պետական մարմինների ուժերի և միջոցների կիրառությամբ, որոնք ուղղված են պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը,

պահպանվող օբյեկտներ - պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով պաշտպանության ենթակա շենքեր, շինություններ և կառույցներ, որտեղ տեղակայված են պետական իշխանության մարմինները, նշված շենքերին, շինություններին և կառույցներին հարակից տարածքներ ու ջրային տարածություններ, ինչպես նաև, Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան, պաշտպանության ենթակա այլ օբյեկտներ,

ժամանող Կողմ - պետություն, որի պետական պահպանության օբյեկտները ժամանում են ընդունող Կողմի տարածք,

ընդունող Կողմ - պետություն, որի տարածքում իրականացվում են պահպանության միջոցառումներ` ժամանող Կողմի պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով,

սեփական անվտանգություն - արտաքին ու ներքին սպառնալիքներից Կողմերի լիազորված պետական մարմնի պաշտպանվածության վիճակ, որն ապահովում է նրա գործունեությունն ապակազմակերպող գործոններին դիմագրավելու կարողությունը,

լիազորված պետական մարմին - գործադիր իշխանության պետական մարմին, որը լիազորված է պետական պահպանության ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը` ի դեմս լիազորված պետական մարմինների, փոխգործակցություն են իրականացնում և համակարգում են իրենց գործունեությունը հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովում և պահպանվող օբյեկտների պաշտպանություն,

բ) տեղեկատվության փոխանակում, տեղեկատվական համակարգերի, օպերատիվ հաշվառումների ու արխիվների հավաքում և օգտագործում,

գ) պահպանության գործունեությունում նյութերի, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների օգտագործում,

դ) լիազորված պետական մարմնի` իր անվտանգության ապահովում,

ե) կադրերի մասնագիտական ուսուցում և վերապատրաստում,

զ) նորմատիվային իրավական հենքի մշակում:

Համագործակցության կոնկրետ ուղղություններով Կողմերի լիազորված պետական մարմինների փոխգործակցության ու գործունեության համակարգման կարգը և իրականացումը որոշվում են սույն Համաձայնագրին կից առանձին արձանագրություններով, որոնք կնքում են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում Կողմերն իրականացնում են փոխգործակցություն ու համակարգում.

ա) Կողմերի տարածքում` պետական պահպանության օբյեկտների գտնվելու վայրերում` պահպանական միջոցառումների անցկացման ժամանակ,

բ) պետական պահպանության օբյեկտների ու պահպանվող օբյեկտների նկատմամբ հակաիրավական ոտնձգությունների կանխարգելման, բացահայտման և կանխման ժամանակ,

գ) պետական պահպանության օբյեկտների կենսական կարևորություն ունեցող շահերի համար սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու ժամանակ,

դ) ի շահ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման` օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ:

Ըստ Կողմերի լիազորված պետական մարմինների հայցերի` Ընդունող կողմն ապահովում է պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը` Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան, ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ընթացքում:

Պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ընթացքում կարող է ապահովվել ընդունող Կողմի լիազորված պետական մարմնի որոշման համապատասխան:

Անհրաժեշտ քանակությամբ ուժերի և միջոցների հատկացումը, այդ թվում` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար պահանջվող ավտոտրանսպորտի, որոշում է ընդունող Կողմը` ելնելով նրանց անվտանգության համար սպառնալիքի բնույթից և իրականությունից` հաշվի առնելով ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի կարծիքը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը, իրենց օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, լիազորված պետական մարմինների իրավասության սահմաններում տեղեկատվություն են փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և միջոցներ են ձեռնարկում, Կողմերից մեկի հայցի համաձայն, դրա ստացման համար:

Կողմերի լիազորված պետական մարմինները փոխադարձ համաձայնեցմամբ տրամադրում են տեղեկություններ, որոնք ամփոփված են օպերատիվ հաշվառումներում և արխիվներում, ինչպես նաև այն տեղեկատվական համակարգերում, որոնք ստեղծվում են նրանց կողմից պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով:

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի լիազորված պետական մարմինների միջև փոխանակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաև հարցման և տեղեկատվության փոխանցման կարգը որոշում են Կողմերը` ըստ փոխադարձ պայմանավորվածության:

Կողմի լիազորված պետական մարմինն ապահովում է ստացված տեղեկատվության պահպանությունը, որը կարող է փոխանցվել երրորդ կողմի միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրած Կողմի լիազորված պետական մարմնի գրավոր համաձայնությամբ և նրա կողմից սահմանված ծավալով: Կողմերի կողմից այդ տեղեկատվության օգտագործումը չպետք է հանգեցնի նրանց հետաքրքրության օբյեկտների, անցկացվող համատեղ և/կամ համաձայնեցված միջոցառումների ու օգտագործվող օպերատիվ ուժերի և միջոցների բացահայտմանը:

Կողմերի լիազորված պետական մարմիններն անցկացնում են ծառայողական հետաքննություն (քննություն), այդ թվում, անհրաժեշտության դեպքում, համատեղ և/կամ համաձայնեցված, Կողմերի շահերին առնչվող տեղեկատվության կրիչների չթույլատրված տարածման կամ կորստի փաստերով:

Կողմերի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումն ու պաշտպանությունը որոշվում են Կողմերի օրենսդրությամբ և սույն Համաձայնագրով:

Ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման հետ կապված` Կողմերի պարտականությունները մնում են ուժի մեջ սույն Համաձայնագրի գործողության դադարումից հետո էլ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Զենքի ներմուծումը, կրումը, կիրառումը և օգտագործումը, նյութերի, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, ռազմամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների ներմուծումը, արտահանումն ու օգտագործումը կարգավորվում են ընդունող Կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի լիազորված պետական մարմինները ժամանակին տեղեկատվություն են փոխանակում Կողմերի լիազորված պետական մարմինների, Կողմերի լիազորված պետական մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության` իրենց հայտնի դարձած սպառնալիքների մասին, ինչպես նաև Կողմերի լիազորված պետական մարմինների աշխատակիցների հակաիրավական և այլ վարկաբեկիչ գործողությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից յուրաքանչյուրը, համատեղ պահպանության միջոցառումների մասնակիցների իրավական կարգավիճակը հարգելով, նրանց համար ապահովում է բոլոր քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ծառայողական պարտականությունների կատարման համար:

Ընդունող Կողմի տարածքում Կողմի լիազորված պետական մարմնի աշխատակիցների ժամանակավոր բնակության հետ կապված իրավական հարցերում նրանք պետք է ղեկավարվեն հետևյալ սկզբունքներով.

ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի գործողությունները չպետք է հակասեն ընդունող Կողմի օրենսդրությանը,

ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի աշխատակցի կողմից իրավախախտում կատարվելու դեպքում նա պատասխանատվություն է կրում ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

դատավարական գործողությունների կատարման, ինչպես նաև իրավական օգնության տրամադրման ժամանակ Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ և իրենց ստանձնած միջազգային պարտավորություններով:

Պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու ժամանակ Կողմերը փոխհատուցում են ընդունող Կողմի տարածքում Կողմերի լիազորված մարմինների աշխատակիցների գործողությունների պատճառով հասցված վնասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա Կողմերի լիազորված պետական մարմինները, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, փոխադարձ օգնություն են ցուցաբերում կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործում, այդ նպատակով օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած հատուկ ուսումնական բազան:

Կողմերի լիազորված պետական մարմինները պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա համագործակցություն են իրականացնում ուսումնամեթոդական, մանկավարժական և գիտահետազոտական գործունեության ոլորտում փորձի, ուսումնամեթոդական նյութերի, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման, փորձագիտական օգնության ցուցաբերման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական հետազոտությունների համակարգման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը փոխգործակցում են ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, համագործակցության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման հարցերի շուրջ` Կողմերի լիազորված պետական մարմինների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով և հօգուտ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ու պահպանվող օբյեկտների պաշտպանության:

Կողմերի լիազորված պետական մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, փոխանակում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվային իրավական ակտեր:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Գործունեության կոնկրետ ուղղություններով Կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծել համակարգման համատեղ շտաբներ, խորհուրդներ կամ աշխատանքային խմբեր, փոխանակել ներկայացուցիչներ, որոնց կարգավիճակը և լիազորությունները սահմանվում են սույն Համաձայնագրին կից առանձին արձանագրությունների հիման վրա, և մշակել համատեղ միջոցառումների ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է նա:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի միջև վիճելի հարցերը, որոնք ծագում են սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ, լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների ու բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք դրա անբաժանելի մասն են և ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՈՒժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:

Միացած պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Կատարված է Բիշկեկ քաղաքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից (վերապահումով), Հայաստանի Հանրապետության կողմից (առարկությամբ), Բելառուսի Հանրապետության կողմից, Ղազախստանի Հանրապետության կողմից, Ղրղզստանի Հանրապետության կողմից, Մոլդովայի Հանրապետության կողմից (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կողմից, Տաջիկստանի Հանրապետության կողմից, ՈՒզբեկստանի Հանրապետության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. հոկտեմբերի 26-ին:

 

Ադրբեջանի Հանրապետության

վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների`

պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման

ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ

 

1. Բացառությամբ 10-րդ հոդվածի:

2. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկն Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառելու Հայաստանի Հանրապետության հանդեպ մինչև Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավված տարածքների ազատումը և Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը:

 

    Ադրբեջանի Հանրապետության վարչապետ`               Ա. Ռասի-զադե

 

Հայաստանի Հանրապետության առարկությունն ընդդեմ Ադրբեջանի

Հանրապետության վերապահման

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների`

պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման

ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ, քանի որ այն անհամատեղելի է նշված փաստաթղթի առարկայի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը հակամարտության այն իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական ուժի կիրառման և ԼՂՀ դեմ կատարված ագրեսիայի հետևանքով:

Նշված վերապահման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության հանդեպ նույնպես չի կիրառելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները:

 

    Հայաստանի Հանրապետության Նախագահ`              Ս. Սարգսյան

 

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

 

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման վերաբերյալ` Անկախ

Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական

պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ

փոխհամագործակցության մասին համաձայնագրի մասին

 

    10 հոկտեմբեր 2008 թ.                              ք. Բիշկեկ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում Մոլդովայի Հանրապետությունը կհամագործակցի` ելնելով ազգային օրենսդրության պահանջներից և տվյալ ոլորտում միջազգային պարտավորություններից:

Մոլդովայի Հանրապետությունն իրեն ազատ է համարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի այն մասի պարտավորություններից, որն առնչվում է օրենսդրության ներդաշնակեցմանը, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, Մոլդովայի Հանրապետության տարածքում համակարգման համատեղ մշտական շտաբների, խորհուրդների կամ աշխատանքային խմբերի ստեղծմանը:

Մոլդովայի Հանրապետությունն իրեն ազատ է համարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի 16-րդ հոդվածի այն մասի պարտավորություններից, որն առնչվում է ֆինանսական և այլ պարտավորությունների կարգավորմանը:

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները կիրականացվեն միայն Մոլդովայի Հանրապետության օրենսդրական մարմինների օգնությամբ և նրանց հետ համագործակցությամբ:

 

    Մոլդովայի Հանրապետության նախագահ`                      Վ. Վորոնին

 

 

pin
14.10.2008
Միջազգային պայմանագիր