Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 42-ՐԴ ԵՎ 116-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 42-ՐԴ ԵՎ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0118/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0118/01/11

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Հովհաննիսյան

                       Ս. Ավետիսյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

    ամբաստանյալ                               Ա. Թորոսյանի

 

    2012 թվականի մարտի 30-ին                           ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անուշավան Արամի Թորոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ մեղադրող Հ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մայիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62203311 քրեական գործը:

2011 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Անուշավան Թորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2011 թվականի հունիսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 2-ի դատավճռով Անուշավան Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա.Թորոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և Ա.Թորոսյանն ազատվել է պատիժը կրելուց:

3. Մեղադրող Հ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 2-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Հ.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ մեղադրող Հ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա.Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 4-րդ դասակի 1-ին ջոկի ոստիկան, ոստիկանության սերժանտ Ա.Թորոսյանը 2011 թվականի ապրիլի 14-ին, ժամը 2030 -ի սահմաններում, մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի ոստիկանական պահակակետում ծառայություն իրականացնելիս կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճել է կնոջ եղբոր` նույն բաժնի ոստիկան Սարգիս Ոսկանյանի և մյուս եղբայրներ` Ռազմիկ Ոսկանյանի և Նարեկ Մուրադյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է Ս.Ոսկանյանի ձախ ազդրին ու պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 122):

6. Առաջին ատյանի դատարանը Ա.Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով` հաստատված համարելով հետևյալը. «(...) [Պահակակետում] ամբաստանյալ Անուշավան Թորոսյանի ընտանեկան հարցերի շուրջ զրույցի ընթացքում վիճաբանություն է առաջացել ամբաստանյալ Ա.Թորոսյանի և տուժող Սարգիս Ոսկանյանի միջև, որի ընթացքում տուժող Ս.Ոսկանյանը ոտքով հարվածել, վայր է գցել ամբաստանյալ Ա.Թորոսյանին և շարունակել է ոտքերով հարվածել նրան: Ամբաստանյալ Ա.Թորոսյանն այդ հարվածների հետևանքով վնասվածքներ է ստացել, որոնք արնահոսել են և արյան հետք են թողել տուժող Ս.Ոսկանյանի հագուստի` բաճկոնի առաջնային մակերեսի և սվիտրի առաջնային մակերեսի վրա: Ամբաստանյալ Ա.Թորոսյանը, գետնին ընկած վիճակում գրպանից հանելով իր մոտ պահվող դանակը, անկանոն թափահարել է այն և հարվածել Ս.Ոսկանյանի ձախ ազդրի ստորին երրորդական հետին մակերեսին` պատճառելով նրա առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Տուժող Ս.Ոսկանյանը վայր է ընկել գետնին և կորցրել է գիտակցությունը, իսկ նրա եղբայր Ռ.Ոսկանյանը և ազգական Ն.Մուրադյանը ռետինե մահակով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով շարունակել են ծեծի ենթարկել ամբաստանյալ Ա.Թորոսյանին, որից հետո հեռացել են: Ա.Թորոսյանին պատճառվել է թեթև մարմնական վնասվածք` առողջության կարճատև քայքայումով: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 71):

7. Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ա.Թորոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ապացուցվել է, որ 1. Կռվի նախահարձակը եղել է տուժողը: 2. Ա.Թորոսյանը տուժողին դանակով հարվածել է նրա կողմից հակաօրինական արարք կատարելու ընթացքում, երբ տուժողը ծեծի է ենթարկել ու մարմնական վնասվածք է պատճառել ամբաստանյալին: 3. Ա.Թորոսյանը տուժողին մարմնական վնասվածք է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով` պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող ինտենսիվ ոտնձգությունից: Վերը նշվածներն ապացուցում են, որ ամբաստանյալի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել ոչ թե երրորդ անձի, այլ իրեն ծեծի ենթարկող և մարմնական վնասվածք պատճառող տուժողին: (...) տուժողի կողմից ձեռքերով և ոտքերով ամբաստանյալին հարվածներ հասցնելու պարագայում ամբաստանյալի կողմից դանակով տուժողին ձախ ազդրի շրջանում հարվածելը և ծանր մարմնական վնասվածք պատճառելը չի համապատասխանում տուժողի ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, որպիսի հանգամանքը ամբաստանյալի համար մինչև տուժողին դանակահարելն ակնհայտ է եղել, քանի որ տուժողի կողմից դանակ կամ մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկա չի օգտագործվել: Հետևաբար ամբաստանյալը տուժողի առողջությանը ծանր մարմնական վնասվածք է պատճառել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 74):

8. Վերաքննիչ դատարանը, վերլուծության և գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ. «(...) դատարանի եզրահանգումներն այն մասին, որ ապացուցված չէ ամբաստանյալ Ա.Թորոսյանի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքը, և որ նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ մասից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմնավոր են և բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից: (...) Դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Թորոսյանի արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական` կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա է եղել կիրառման: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջեր 132, 133):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

10. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատական ատյանները Ա.Թորոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներն իրենց համակցությամբ սխալ վերլուծելու, համադրելու և գնահատելու արդյունքում թույլ են տվել դատական սխալ: Գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտերում շարադրված դատարանների հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, դատարանները չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, որը ենթակա էր կիրառման, սխալ են մեկնաբանել քրեական օրենքը, կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ինչը հանգեցրել է անօրինական և չհիմնավորված դատական ակտերի կայացմանը:

Վկայակոչելով սույն գործով նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Թորոսյանի և տուժող Ս.Ոսկանյանի տված ցուցմունքները` բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալի կողմից տուժողին դանակով հարված հասցնելու պահին ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի («Անհրաժեշտ պաշտպանությունը») իմաստով իրական ոտնձգություն առկա չի եղել, ամբաստանյալի անձին, հասարակության, պետության շահերին որևէ վտանգ չի սպառնացել:

11. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքը վարույթ ընդունելու հիմքը օրենքի, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի («Առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ») միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունն է:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Թորոսյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

i

14. Ա.Հակոբյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունը իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող: Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են.

ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը.

բ) ոտնձգության առկայությունը.

գ) ոտնձգության իրական լինելը,

դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին.

ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին.

զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը:

(...)

Անհրաժեշտ պաշտպանության համարժեքության գնահատման և որպես արդյունք` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման համար անհրաժեշտ է գնահատել ոտնձգության վտանգավորության աստիճանի և պաշտպանության միջև համապատասխանությունը:

Օրենքը չի պահանջում, որ պաշտպանվողը կիրառի ոտնձգողի կողմից կիրառվող միջոցներին հավասարազոր միջոցներ: Պաշտպանվողը կարող է գործադրել նաև առավել արդյունավետ միջոցներ:

Ոտնձգության և պաշտպանության միջոցների միջև համամասնության խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`

ա) պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որ կարող էր հասցվել դրան,

բ) ոտնձգության ինտենսիվությունը ու հանկարծակիությունը,

գ) պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները (սեռը, տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական ուժը և այլն),

դ) ոտնձգողների և պաշտպանվողների քանակը,

ե) ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը և այլն» (տե՛ս Արտյոմ Նորայրի Հակոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 27-28-րդ կետերը):

15. Զարգացնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման օբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոտնձգության բնույթն ու վտանգավորությունը որոշվում են ոտնձգության օբյեկտի արժեքավորությամբ, ոտնձգության ինտենսիվությամբ, պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորություններով, նրանց քանակով, ոտնձգության իրադրությամբ և այլն: ՈՒստի, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ առկա է ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն ոտնձգությամբ սպառնացող և պաշտպանվողի կողմից պատճառվող վնասների միջև:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով խոսքը սպառնացող և պատճառվող վնասների միջև առկա խիստ (էական) անհամապատասխանության մասին է: Այլ կերպ` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ պաշտպանվողը կիրառել է պաշտպանության այնպիսի միջոցներ և մեթոդներ, որոնց կիրառումն ակնհայտ կերպով չէր բխում ո՛չ ոտնձգության բնույթից և վտանգավորությունից, ո՛չ էլ իրադրությունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման օբյեկտիվ հատկանիշների առկայության կամ բացակայության հարցի քննարկման համար առաջին հերթին պետք է պարզել անհրաժեշտ պաշտպանության վիճակի առկայության հարցը: Այլ կերպ` անհրաժեշտ է առաջին հերթին պարզել ոտնձգության և պաշտպանության առկայության, ապա նոր միայն դրանց արդյունքում պատճառված վնասների համապատասխանության հարցը:

16. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման սուբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է մեղքի դիտավորյալ ձևով:

Անհրաժեշտ պաշտպանության վիճակում ուղղակի դիտավորությամբ գործելու պարագայում պաշտպանվողը`

ա) գիտակցում է, որ ոտնձգությունից կարելի է պաշտպանվել ոտնձգողին նվազ ծանր վնաս պատճառելով,

բ) կանխատեսում է ոտնձգողին վնաս պատճառելու անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը,

գ) ցանկանում է վերոնշյալ հետևանքի առաջացումը:

Անհրաժեշտ պաշտպանության վիճակում անուղղակի դիտավորությամբ գործելու պարագայում պաշտպանվողը`

ա) գիտակցում է, որ ոտնձգությունից կարելի է պաշտպանվել ոտնձգողին նվազ ծանր վնաս պատճառելով,

բ) կանխատեսում է ոտնձգողին վնաս պատճառելու հնարավորությունը,

գ) գիտակցաբար թույլ է տալիս վերոնշյալ հետևանքի առաջացումը կամ անտարբեր է դրա առաջացման նկատմամբ:

17. Սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ամբաստանյալ Ա.Թորոսյանի և տուժող Ս.Ոսկանյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում տուժող Ս.Ոսկանյանը ոտքով հարվածել, վայր է գցել ամբաստանյալ Ա.Թորոսյանին և ընկած վիճակում շարունակել է ձեռքերով և ոտքերով հարվածել նրան: Ամբաստանյալ Ա.Թորոսյանը, գետնին ընկած վիճակում գրպանից հանելով իր մոտ պահվող դանակը, հարվածել է Ս.Ոսկանյանի ձախ ազդրի ստորին երրորդական հետին մակերեսին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Տուժող Ս.Ոսկանյանը վայր է ընկել գետնին և կորցրել գիտակցությունը, իսկ նրա եղբայր Ռ.Ոսկանյանը և ազգական Ն.Մուրադյանը ռետինե մահակով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով շարունակել են ծեծի ենթարկել ամբաստանյալ Ա.Թորոսյանին, որից հետո հեռացել են:

Մեջբերված փաստական հանգամանքներից դատարանները հետևություն են արել այն մասին, որ ամբաստանյալի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, որի ընթացքում վնաս է պատճառվել ամբաստանյալին ծեծի ենթարկող անձին` տուժող Ս.Ոսկանյանին:

Վերոգրյալի հետ մեկտեղ դատարաններն արձանագրել են, որ տուժողի կողմից ձեռքերով և ոտքերով ամբաստանյալին հարվածներ հասցնելու պարագայում ամբաստանյալի կողմից դանակով տուժողին ձախ ազդրի շրջանում հարվածելը և ծանր մարմնական վնասվածք պատճառելը չի համապատասխանում տուժողի ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, որպիսի հանգամանքը ամբաստանյալի համար մինչև տուժողին դանակահարելն ակնհայտ է եղել, քանի որ տուժողի կողմից դանակ կամ մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկա չի օգտագործվել (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում և համապատասխանաբար նաև Ա.Հակոբյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Թորոսյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

19. Հիմք ընդունելով սույն որոշման 12-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, նյութական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Անուշավան Արամի Թորոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2012
N ԵԿԴ/0118/01/11
Որոշում