Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ԵՎ 82-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ԵՎ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                           ՏԴ/0088/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՏԴ/0088/01/11

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

    Դատավորներ`        Ա. Հովհաննիսյան

                       Ս. Չիչոյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

    պաշտպան                                   Կ. Ղալումյանի

 

    2012 թվականի մարտի 30-ին                           ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարիկ Նորիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ղազարյանի և նրա պաշտպան Կ.Ղալումյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մարտի 11-ին հարուցվել է թիվ 38101444 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

2011 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Գարիկ Նորիկի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի մայիսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Գարիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Վերոնշյալ դատավճռով Գ.Ղազարյանը զրկվել է նաև որսորդությամբ զբաղվելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատժին լրիվ գումարվել է նախորդ` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճռով նշանակված պատիժը` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, և Գ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Գ.Ղազարյանը զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով դատապարտվել են նաև Դ.Մնացականյանը, Ա.Ենգիբարյանը, Թ.Մնացականյանը:

Դատավճռով որոշվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել, և ամբաստանյալներ Դ.Մնացականյանից, Ա.Ենգիբարյանից, Թ.Մնացականյանից և Գ.Ղազարյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

3. Ամբաստանյալներ Գ.Ղազարյանի և Ա.Ենգիբարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Գ.Ղազարյանը և նրա պաշտպան Կ.Ղալումյանը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Գ.Ղազարյանի և նրա պաշտպան Կ.Ղալումյանի վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. 2011 թվականի մարտի 5-ին ապօրինի որս կատարելու նպատակով Գարիկ Ղազարյանը, նախնական համաձայնության գալով Իջևան քաղաքի բնակիչներ Դ.Մնացականյանի, Թ.Մնացականյանի, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Ա.Ենգիբարյանի հետ, գնացել է Իջևան քաղաքի «Գոշավան» երկաթգծի կայարանի հարակից տարածքի «Պոպոքնուտ» կոչվող անտառամաս, կազմակերպել շուրջկալ, իսկ Դ.Մնացականյանն իր մոտ պահվող, համապատասխան թույլտվությամբ տրված «ՄՌ-27» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի օգտագործմամբ սպանել և որսացել է որսն ամբողջովին արգելված երկու հատ վայրի այծյամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 131):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված է, որ «Գարիկ Նորիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով 19.01.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 (մեկ միլիոն իննսունութ հազար) ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ» (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջ 110):

7. Վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) կիրառումը` պատճառաբանելով, որ «Գործի նյութերից երևում է, որ Գարիկ Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով 19.01.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գարիկ Ղազարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելի չէ, քանի որ նրա կողմից չի հատուցվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը» (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջեր 166-167):

8. Գործում առկա է թիվ 111010048985020 անդորրագիրը, որի համաձայն` 2011 թվականի հոկտեմբերի 10-ին Գարիկ Ղազարյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկի Իջևանի մասնաճյուղում Կենտրոնական գանձապետարանի թիվ 900005024063 հաշվեհամարին վճարել է 1.098.000 ՀՀ դրամ գումար (տե՛ս քրեական գործ, հատոր 2, էջ 138):

9. Վերաքննիչ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից երևում է, որ նախորդ կետում նշված անդորրագիրն ամբաստանյալ Գ.Ղազարյանը Վերաքննիչ դատարան է ներկայացրել 2011 թվականի հոկտեմբերի 12-ին, որն ուսումնասիրվել է դատական նիստի ընթացքում (տե՛ս դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչը` քրեական գործ, հատոր 2, էջ 163):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

11. Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է և անհիմն, կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի` բողոքաբերը պնդել է, որ Վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ ինքն Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճռով սահմանված 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասը հատուցելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ` վճարման անդորրագրի բնօրինակ է ներկայացրել: Այդ փաստն արտացոլվել է դատական նիստի արձանագրության մեջ, ինչի հիման վրա մեղադրողը միջնորդել է իր նկատմամբ կիրառել Համաներման ակտը: Վերաքննիչ դատարանը, սակայն, առանց վերոնշյալ ապացույցը հետազոտելու և գնահատելու, իր վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ 2011 թվականի հունվարի 19-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասը դեռևս հատուցված չէ:

Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառող բավարար ապացույցի` վնասի հատուցումը հավաստող անդորրագրի առկայության, ինչպես նաև իր նկատմամբ Համաներման ակտը կիրառելու իրավական խոչընդոտների բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը շարունակել է քրեական գործի վարույթը` անտեսելով Համաներման ակտի պահանջը:

12. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել, իր նկատմամբ կիրառել Համաներման ակտը և իր մասով գործի վարույթը կարճել:

13. Բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Կ.Ղալումյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

14. Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական:

Իր վերոնշյալ պնդումը բողոքաբերը հիմնավորել է Առաջին ատյանի դատարանի դատավճռով սահմանված 1.098.000 ՀՀ դրամ նյութական վնասը հատուցված լինելու վերաբերյալ ամբաստանյալ Գ.Ղազարյանի կողմից ներկայացված փաստարկների հետ համընկնող փաստարկներով (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերոգրյալից բացի, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը` 2011 թվականի մայիսի 25-ից հետո գործող խմբագրությամբ, որը չպետք է կիրառեր, քանի որ ամբաստանյալ Գ.Ղազարյանը սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2011 թվականի մայիսի 10-ին: Ըստ բողոք բերած անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի նոր խմբագրությամբ քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը կախվածության մեջ է դնում պատճառված վնասի հատուցումից, հետևաբար վերացնում է ամբաստանյալ Գ.Ղազարյանի` այդ դրույթի նախկին խմբագրությամբ երաշխավորված իրավունքը` զրկելով նրան իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից և պատժից խուսափելու իրական հնարավորությունից, ինչպես նաև էապես վատթարացնում է նրա դրությունը:

15. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբեր, ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Կ.Ղալումյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել, ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտը և նրա մասով գործի վարույթը կարճել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Համաներման ակտի կիրառելիությունը

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցված չլինելու պատճառաբանությամբ:

i

17. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պատժից ենթակա են ազատման առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը:

18. Համաներման ակտին` որպես ինքնավար ինստիտուտի, ինչպես նաև համաներման ակտի կիրառելիության հետ կապված որոշ հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(...) Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:

(...)

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշումը, կետ 16):

19. Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի վերլուծությունից բխում է, որ Համաներման ակտն անձի նկատմամբ կիրառելի չէ բոլոր այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով այդ անձի վրա դրված է նյութական վնասը հատուցելու պարտականություն, և այդ պարտականությունը վերջինիս կողմից չի կատարվում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված սահմանափակման նպատակն է հանցագործությամբ նյութական վնաս պատճառած անձանց շահագրգռել հատուցելու վերոնշյալ վնասը:

Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետից բխում է նաև, որ պատճառված վնասը հատուցելուց հետո Համաներման ակտի կիրառման սահմանափակումը վերանում է: Այլ կերպ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու հանգամանքը վերացնում է Համաներման ակտի կիրառման արգելքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե հանցագործությամբ պատճառված նյութական վնասը հատուցվել է, սակայն Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի վկայակոչմամբ վերոնշյալ ակտը չի կիրառվել, ապա դա հանգեցնում է անձի իրավունքների խախտման:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված է, որ Գ.Ղազարյանի վերաբերյալ 2011 թվականի հունվարի 19-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 (մեկ միլիոն իննսունութ հազար) ՀՀ դրամի նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 22-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով ամբաստանյալ Գ.Ղազարյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանքի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Գ.Ղազարյանը զրկվել է որսորդությամբ զբաղվելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը` պատճառաբանելով, որ Գ.Ղազարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առկա է 1.098.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը դեռևս հատուցված չէ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Գ.Ղազարյանը 2011 թվականի հոկտեմբերի 12-ի դատական նիստի ընթացքում ներկայացրել է անդորրագիր` հայտնելով, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճռով սահմանված 1.098.000 ՀՀ դրամը վճարել է: Այդ փաստաթուղթն ուսումնասիրվել է դատական նիստում և կցվել է քրեական գործին, սակայն Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ չի վերլուծվել և չի գնահատվել (տե՛ս սույն որոշման 7-9-րդ կետերը):

i

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապացուցումը` գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է»:

Ապացուցման գործընթացի ինքնուրույն բաղադրատարրի` ապացույցների գնահատման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Գնահատման ենթակա են ինչպես ստացված տեղեկությունների բովանդակությունը, այնպես էլ աղբյուրները: Ապացույցների գնահատումը համապատասխան որոշումներում պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների ձևով` հիմնավորելով, թե ինչու որոշ ապացույցներ դրվել են որոշման հիմքում, իսկ մյուսները մերժվել են` ճանաչվելով ոչ հավաստի: (...)» (տե՛ս mսtatis mսtandis Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):

22. Սույն որոշման 17-19-րդ կետերում և համապատասխանաբար նաև Վ.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ, ինչպես նաև սույն որոշման 21-րդ կետում և համապատասխանաբար նաև Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով և չգնահատելով ամբաստանյալ Գ.Ղազարյանի ներկայացրած անդորրագիրը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի խախտում:

Վերոնշյալ խախտման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է չհիմնավորված հետևության օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը Գ.Ղազարյանի կողմից հատուցված չլինելու հարցում և մերժել է Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը:

23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցված չլինելու պատճառաբանությամբ:

 

II. Քրեադատավարական նորմի հետադարձ ուժը

 

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ կիրառելի՞ էր արդյոք 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՕ-145-Ն օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը:

Վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ հարցի քննարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման` ժամանակի մեջ գործողության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բարձրացված հարցի կապակցությամբ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ դրույթի կիրառման պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

25. 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարվել է լրացում, համաձայն որի` «Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով [ընդունվել է համաներման ակտ] գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:

2. Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ա.Հարությունյանի գործով որոշման մեջ, որտեղ ամրագրել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի կառուցվածքից բխում է, որ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (...):

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական նորմի գործողությանը, ապա այն տարածվում է այն դեպքերի վրա, երբ իրավահարաբերությունն առաջանալուց հետո օրենքը փոխվում է ի վնաս դատավարության մասնակիցների (...)» (տե՛ս Աշոտ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-111/07 որոշումը):

26. Զարգացնելով Ա.Հարությունյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամանակի մեջ քրեադատավարական իրավունքի նորմերի գործողության առանձնահատկությունն այն է, որ գործի քննության կոնկրետ փուլում կիրառման ենթակա են տվյալ պահին գործող քրեադատավարական օրենքի դրույթները` անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեադատավարական օրենք է գործել հանցանքը կատարելու պահին:

Ժամանակի մեջ քրեադատավարական օրենքի գործողության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կանոնից միակ բացառությունը նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեադատավարական օրենքի հետադարձ ուժի արգելքին: Նշված արգելքի իմաստով սկսված վարույթի ընթացքում կիրառման ենթակա չէ դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը: Այլ կերպ` սկսված վարույթը շարունակվում է քրեադատավարական հին օրենքին համապատասխան, եթե նոր օրենքով վերացվում, սահմանափակվում են դատավարության մասնակցի իրավունքները կամ այլ կերպ վատթարացվում է նրա վիճակը:

27. Սույն որոշման նախորդ կետում վերլուծված բացառության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի իրավունքները և կարգավիճակը կապված են քրեական դատավարության կոնկրետ փուլում որոշակի իրավահարաբերությունների առկայության հետ: Նշված իրավահարաբերությունների առկայությամբ պայմանավորված` քրեական գործով վարույթի ընթացքում դատավարության մասնակիցը ձեռք է բերում տվյալ փուլին բնորոշ կարգավիճակ և դրանից բխող իրավունքներ: ՈՒստի, քրեադատավարական օրենքի փոփոխության հետևանքով անձի իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման մասին դատողություններ անելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել, թե նախքան քրեադատավարական օրենքում փոփոխություն կատարելը անձն արդյոք օժտված է եղել որոշակի իրավունքով, որը սահմանափակվել է, կամ ունեցել է որոշակի կարգավիճակ, որը վատթարացել է օրենքի փոփոխության հետևանքով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելվում է կիրառել դատավարական այն օրենքը, որը վերացնում կամ սահմանափակում է այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին դատավարության մասնակցի ունեցած իրավունքը, ինչպես նաև այլ կերպ վատթարացնում է նրա` այդ պահին ունեցած կարգավիճակը:

28. Սույն գործով քննարկման առարկա հանդիսացող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման վերլուծությունից երևում է, որ այն ուղղակիորեն կապված է համաներման ակտի հետ և սահմանում է դրա կիրառման արգելք: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման համաձայն` արգելվում է համաներման հիմքով գործի հարուցումը մերժել, վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը փոխկապակցված է համաներման կոնկրետ ակտի հետ և առանց դրա կիրառվել չի կարող:

29. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին, «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակվել է 2011 թվականի մայիսի 24-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 25-ին:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 26-ին:

Մեջբերված ժամկետների հետ համադրելով սույն որոշման 27-28-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է, և դրանից բխող իրավահարաբերությունները ծագել են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Այլ կերպ` այն պահին, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում համաներման կիրառման համար սահմանվել է լրացուցիչ արգելք, Համաներման ակտը դեռևս ընդունված չի եղել, և դրա հետ կապված որևէ իրավահարաբերություն գոյություն չի ունեցել:

30. Հիմք ընդունելով սույն որոշման 25-29-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումն ամբաստանյալ Գ.Ղազարյանի որևէ իրավունք չի սահմանափակել, ուստիև անհիմն է նրա պաշտպանի բողոքի այն փաստարկը (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), որ 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՕ-145-Ն օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը Գ.Ղազարյանի նկատմամբ կիրառվել չէր կարող:

31. Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառմամբ սույն գործի վարույթը կարճելու մասին պաշտպանի պնդմանը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քրեական գործերը ենթակա են կարճման, եթե անձը մեղադրվում է այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն, որի համար նախատեսված է ազատազրկում` առավելագույնը չորս տարի ժամկետով: Հետևաբար, անկախ նյութական վնասը հատուցված լինելու կամ չլինելու հանգամանքից, Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը տվյալ դեպքում կիրառելի չէ:

32. Սույն որոշման 16-23-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` ամբաստանյալ Գ.Ղազարյանի` օրենքով երաշխավորված իրավունքից զրկելու ճանապարհով: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքները պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Գ.Ղազարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գարիկ Նորիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2012
N ՏԴ/0088/01/11
Որոշում