Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ, 194...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ, 194-ՐԴ, 275-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1402/02/09

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1402/02/09

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լիանա Դոքմանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Տարաևայի ընդդեմ Կարապետ և Լիանա Դոքմանյանների` առանց փոխհատուցման ընտանիքով բնակարանից վտարելու, վարձավճար բռնագանձելու պահանջների մասին, և Կարապետ և Լիանա Դոքմանյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Սուսաննա Տարաևայի, Վարուժան Ղահրամանյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի սեփականության իրավունքի գրանցումը, դրա համար հիմք ծառայած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, բնակարանի նկատմամբ Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, գրանցման վկայականներն անուժ լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Տարաևան պահանջել է առանց փոխհատուցման Կարապետ և Լիանա Դոքմանյաններին ընտանիքով վտարել Երևանի Ա. Հովհաննիսյան փողոցի 26-րդ շենքի թիվ 7 բնակարանից և բռնագանձել վարձավճար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարապետ և Լիանա Դոքմանյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Ա. Հովհաննիսյան փողոցի 26-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի սեփականության իրավունքի գրանցումը, դրա համար հիմք ծառայած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված սեփականության իրավունքի գրանցումը, դրա համար հիմք ծառայած 14.05.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, և հաստատել գրանցման վկայականներն անուժ լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2010 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն: Վճռվել է «Հայցը բավարարել մասնակիորեն` վտարել Լիանա Դոքմանյանին և նրա ընտանիքի անդամներ Կարապետ և Հակոբ Դոքմանյաններին Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, Ա. Հովհաննիսյան փողոց, 26-րդ շենքի թիվ 7 բնակարանից: Մերժել հայցը` վարձավճարի բռնագանձման պահանջով: Հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն. մասնակիորեն` Վարուժան Ղահրամանյանի մասով, անվավեր ճանաչել 14.05.2009 թվականին Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի վերաբերյալ, և այդ մասով Լիանա Դոքմանյանին ճանաչել 03.10.2004 թվականին մահացած Լևոն Ղահրամանյանի գույքի ժառանգ: Մերժել պահանջը` 23.06.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Մերժել պահանջը` Սուսաննա Տարաևայի անվամբ Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կարճել քաղաքացիական գործի վարույթը` նույն բնակարանի վերաբերյալ Սուսաննա Տարաևային տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով: Մերժել պահանջը` Էմմա Ալեքսանյանի և Վարուժան Ղահրամանյանի անվամբ Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 26.05.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կարճել քաղաքացիական գործի վարույթը նույն բնակարանի վերաբերյալ Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2010 թվականի վճռի դեմ Կարապետ և Լիանա Դոքմանյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2010 թվականի վճիռը հետևյալ մասերով` «Հայցը բավարարել մասնակիորեն. վտարել Լիանա Դոքմանյանին և նրա ընտանիքի անդամներ Կարապետ Դոքմանյանին, Հակոբ Դոքմանյանին Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, Ա. Հովհաննիսյան փողոցի 26-րդ շենքի (նախկին 9-րդ շենք) թիվ 7 բնակարանից: Հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն. մերժել պահանջը` 2009 թվականի հունիսի 23-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Մերժել պահանջը` Սուսաննա Տարաևայի անվամբ Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Մերժել պահանջը` Էմմա Ալեքսանյանի և Վարուժան Ղահրամանյանի անվամբ Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 2009 թվականի մայիսի 26-ին կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Լիանա և Կարապետ Դոքմանյաններից համապարտ կարգով հօգուտ Սուսաննա Տարաևայի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի փոխհատուցում, և այդ մասերով գործն ուղարկել նոր քննության: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2010 թվականի վճիռը մնացած մասերով թողնել օրինական ուժի մեջ»:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 24.05.2011 թվականի վճռով վճռվել է. «Հակընդդեմ հայցվորներ Կարապետ Դոքմանյանի և Լիանա Դոքմանյանի հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն: Անվավեր ճանաչել մասնակիորեն անվավեր ճանաչված` 14.05.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի հիման վրա Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի 1/4-րդ բաժնի նկատմամբ Վարուժան Ղահրամանյանի անվամբ 2009 թվականի մայիսի 26-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Մասնակիորեն` Վարուժան Ղահրամանյանի մասով, անվավեր ճանաչել Էմմա Ալեքսանյանի, Վարուժան Ղահրամանյանի և Սուսաննա Տարաևայի միջև 23.06.2009 թվականին կնքված և «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից վավերացված` Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի առուվաճառքի թիվ 2773 պայմանագիրը: Անվավեր ճանաչել Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի անվամբ 24.06.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Որպես 23.06.2009 թվականին կնքված և «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից վավերացված` Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի առուվաճառքի թիվ 2773 պայմանագրի անվավերության հետևանք` Վարուժան Ղահրամանյանին պարտավորեցնել առուվաճառքի պայմանագրով վաճառողներ Էմմա Ալեքսանյանի և Վարուժան Ղահրամանյանի կողմից ստացված 9.000.000 ՀՀ դրամ գումարի 1/4-րդը` 2.250.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնել Սուսաննա Տարաևային: Թույլատրել Սուսաննա Տարաևային կատարելու իր սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի 3/4-րդ բաժնի նկատմամբ: Թույլատրել Լիանա Դոքմանյանին կատարելու իր սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի 1/4-րդ բաժնի նկատմամբ: Թիվ ԵԱՆԴ/1402/02/09 քաղաքացիական գործի վարույթի մասն ըստ Կարապետ ու Լիանա Դոքմանյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Սուսաննա Տարաևայի, Վարուժան Լևոնի Ղահրամանյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` գրանցման վկայականների անուժ լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, կարճել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Կարապետ ու Լիանա Դոքմանյանների հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել: Հայցվոր Սուսաննա Տարաևայի հայցը` Կարապետ Դոքմանյանին և Լիանա Դոքմանյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժել: Թիվ ԵԱՆԴ/1402/02/09 քաղաքացիական գործի վարույթի մասն ըստ հայցի Սուսաննա Տարաևայի ընդդեմ Կարապետ Դոքմանյանի և Լիանա Դոքմանյանի` վարձավճար բռնագանձելու պահանջի մասին, կարճել` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ առկա լինելու հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2011 թվականի որոշմամբ Դատարանի 24.05.2011 թվականի վճռի դեմ Սուսաննա Տարաևայի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ Կարապետ և Լիանա Դոքմանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է: Որոշվել է «Դատարանի 24.05.2011 թվականի թիվ ԵԱՆԴ/1402/02/09 վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել. Սուսաննա Տարաևայի հայցապահանջը բավարարել մասնակիորեն. Լիանա և Կարապետ Դոքմանյաններին վտարել Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9 շենքի թիվ 7 բնակարանից: Լիանա և Կարապետ Դոքմանյանների հակընդդեմ հայցապահանջը բավարարված մասով մերժել: Մնացած մասով վճիռը թողնել անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիանա Դոքմանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Տարաևան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով հաստատվել է այն փաստը, որ Լիանա Դոքմանյանը, 2004 թվականից բնակվելով վիճելի բնակարանում, փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգությունը, ինչը նշանակում է, որ անկախ վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից, Լևոն Ղահրամանյանի մահից հետո Լիանա Դոքմանյանը բնակարանի նկատմամբ ունեցել է բաժնային սեփականության իրավունք: Այսինքն` Էմմա Ալեքսանյանի և Վարուժան Ղահրամանյանի կողմից վիճելի բնակարանի օտարմամբ այդ բնակարանի` Լիանա Դոքմանյանին սեփականության իրավունքով պատկանող մասը նրա տիրապետությունից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով, քանի որ Էմմա Ալեքսանյանը և Վարուժան Ղահրամանյանը Լիանա Դոքմանյանի մասը վաճառելու իրավունք չեն ունեցել: Ավելին, Լիանա Դոքմանյանը որևէ մեկին չի լիազորել և գրավոր համաձայնություն չի տվել բնակարանի իր մասը վաճառելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Լիանա Դոքմանյանը վիճելի բնակարանի 1/4 մասի սեփականատեր է, Լիանա և Կարապետ Դոքմանյաններին վտարել է վիճելի բնակարանից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2011 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գնահատել է այն փաստական հանգամանքը, որ Լիանա Դոքմանյանը տեղյակ է եղել, որ Էմմա Ալեքսանյանը ցանկացել է վաճառել բնակարանը և այդ մասին հայտնել է նաև գործի քննության ընթացքում: Այսինքն` բնակարանը Լիանա Դոքմանյանի տիրապետումից դուրս է եկել նրա իմացությամբ, հետևաբար Սուսաննա Տարաևան բարեխիղճ ձեռք բերող է, որից բնակարանը չի կարող հետ պահանջվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Լևոն Ղահրամանյանի և Էմմա Ալեքսանյանի ամուսնությունը գրանցվել է 31.12.1959 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 72):

2. 20.10.1959 թվականին ծնված Վարուժան Ղահրամանյանի ծնողներն են հայրը` Լևոն Ղահրամանյան, մայրը` Էմմա Ղահրամանյան (Ալեքսանյան) (հատոր 1-ին, գ.թ. 73):

3. 05.11.1961 թվականին ծնված Լիանա Ղահրամանյանի ծնողներն են հայրը` Լևոն Ղահրամանյան, մայրը` Էմմա Ղահրամանյան (Ալեքսանյան) (հատոր 1-ին, գ.թ. 75):

4. 04.07.1992 թվականին գրանցվել է Կարապետ Դոքմանյանի և Լիանա Ղահրամանյանի ամուսնությունը, ամուսնությունից հետո Լիանա Ղահրամանյանը կրում է Դոքմանյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 74):

5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 11.02.2004 թվականի թիվ 1284218 վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորք համայնքի Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 05.02.2004 թվականի թիվ 481 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-85 մատյանի թիվ 91 համարի տակ գրանցվել է Լևոն Ղահրամանյանի և Էմմա Ալեքսանյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 79):

6. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի թիվ Ա` 004161 մահվան վկայականի համաձայն` Լևոն Ղահրամանյանը մահացել է 03.10.2004 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 80):

7. 13.05.2009 թվականին Կենտրոն նոտարական գրասենյակ ներկայացված դիմումով Էմմա Ալեքսանյանը և Վարուժան Ղահրամանյանը հայտնել են, որ «03.10.2004 թվականին մահացել է առաջինիս ամուսին, երկրորդիս հայր Լևոն Ղահրամանյանը, որի մահից հետո մնացել է անշարժ գույք: Խնդրում ենք Ձեզ տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Բացի մեզանից այլ ժառանգներ չկան» (հատոր 1-ին, գ.թ. 85):

8. 14.05.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 03.10.2004 թվականին մահացած Լևոն Ղահրամանյանի գույքի (Երևանի Նոր Նորք համայնքի Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի 1/2-րդ բաժնի) նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում կինը` Էմմա Ալեքսանյանը, որդին` Վարուժան Ղահրամանյանը (հատոր 1-ին, գ.թ. 86):

9. 23.06.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Էմմա Ալեքսանյանը և Վարուժան Ղահրամանյանը վաճառել, իսկ Սուսաննա Տարաևան 9.000.000 ՀՀ դրամով գնել է Երևանի Նոր Նորք համայնքի Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 87):

10. Կադաստրի 24.06.2009 թվականի թիվ 2477806 վկայականի համաձայն` Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-08-4-119 մատյանի թիվ 122 համարի տակ, Երևանի Նոր Նորք համայնքի Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ գրանցվել է Սուսաննա Տարաևայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 88):

11. Էմմա Ալեքսանյանը մահացել է 16.08.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք օրենքի և այլ իրավական ակտի հիման վրա կարող են հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ բաժնային սեփականության իրավունքով, երբ սեփականության իրավունքում բաժինները որոշված են, մի քանի անձանց պատկանող գույքի տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը պետք է իրականացվի բոլոր մասնակիցների` սեփականատերերի կողմից: Առանձին մասնակցի կամ մասնակիցների կողմից գույքի տնօրինման գործարք կնքելու իրավունքը պայմանավորված է բոլոր սեփականատերերի համաձայնության առկայությամբ: Ի տարբերություն ընդհանուր համատեղ սեփականության, որտեղ բաժինները որոշված չեն, բաժնային սեփականության դեպքում սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է տնօրինել սեփականության իրավունքի իր բաժինը առանձին, անկախ մյուս սեփականատերերի համաձայնության առկայությունից:

Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ բաժնային սեփականության մասնակիցների կողմից տրվող համաձայնությունը ենթադրում է գույքի, ներառյալ սեփականության իրավունքում իր բաժնի տնօրինմանը հավանություն տալու կամքի արտահայտություն և միաժամանակ մեկ կամ մի քանի սեփականատերերին գույքի տնօրինման պայմանագիր կնքելու լիազորության տրամադրում: Նման կերպ բաժնային սեփականության մասնակիցները ստեղծում են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: Հետևաբար բաժանային սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ պայմանագիր կնքելու լիազորության տրամադրումը պետք է տրվի օրենքով սահմանված կարգով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդված):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`

1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,

2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,

3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ` գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տես` Լաուրա Ամիրյանի հայցն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է` նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

i

Նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Սույն գործով Դատարանը Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի (ներկայումս` Ա. Հովհաննիսյան փողոց 26 շենք) թիվ 7 բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ Վարուժան Ղահրամանյանի անվամբ 26.05.2009 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, Վարուժան Ղահրամանյանի մասով Էմմա Ալեքսանյանի, Վարուժան Ղահրամանյանի և Սուսաննա Տարաևայի միջև 23.06.2009 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի թիվ 2773 պայմանագիրը, Սուսաննա Տարաևայի անվամբ նույն բնակարանի նկատմամբ 24.06.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցի պահանջները բավարարելիս և անվավերության հետևանքներ կիրառելիս, ինչպես նաև Սուսաննա Տարաևայի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2010 թվականի թիվ ԵԱՆԴ/1402/02/09 վճռով մասնակիորեն` Վարուժան Ղահրամանյանի մասով, անվավեր է ճանաչվել վիճելի բնակարանի վերաբերյալ 2009 թվականի մայիսի 14-ին Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, և այդ մասով Լիանա Դոքմանյանը ճանաչվել է 2004 թվականի հոկտեմբերի 03-ին մահացած Լևոն Ղահրամանյանի գույքի ժառանգ: Այդ մասով վճիռը չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ: Նշվածից հետևում է, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի 1/4 բաժինը սեփականության իրավունքով պատկանել է Լիանա Դոքմանյանին, այլ ոչ թե Վարուժան Ղահրամանյանին: Մինչդեռ Սուսաննա Տարաևան 23.06.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վիճելի բնակարանն ամբողջությամբ, 9.000.000 ՀՀ դրամի հատուցմամբ ձեռք է բերել Էմմա Ալեքսանյանից և Վարուժան Ղահրամանյանից: Այսինքն` Սուսաննա Տարաևան բնակարանի 1/4 բաժինը հատուցմամբ ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից` Վարուժան Ղահրամանյանից», «Լիանա Դոքմանյանը չի լիազորել կամ որևէ գրավոր համաձայնություն չի տվել եղբորը` Վարուժան Ղահրամանյանին, որպեսզի վերջինս վաճառի սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի 1/4 բաժինը, ուստի Վարուժան Ղահրամանյանի կողմից նշված բնակարանի 1/4 բաժնի օտարմամբ այդ գույքը դուրս է եկել Լիանա Դոքմանյանի տիրապետումից վերջինիս կամքից անկախ պատճառներով», «Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի 3/4 բաժինը բաժնային սեփականության իրավունքով պատկանել է Էմմա Ալեքսանյանին և նա` որպես բաժնային սեփականության մասնակից, իրավունք է ունեցել իր բաժինը վաճառել: Նման պայմաններում Էմմա Ալեքսանյանի, Վարուժան Ղահրամանյանի և Սուսաննա Տարաևայի միջև 23.06.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը պետք է անվավեր ճանաչվի միայն Վարուժան Ղահրամանյանի մասով»: Միաժամանակ Դատարանը պատճառաբանել է, որ «որպես գործարքի անվավերության հետևանք` անհրաժեշտ է անվավեր ճանաչել մասնակիորեն անվավեր ճանաչված 14.05.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի հիման վրա Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ Վարուժան Ղահրամանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, մասնակիորեն` Վարուժան Ղահրամանյանի մասով անվավեր ճանաչել Էմմա Ալեքսանյանի, Վարուժան Ղահրամանյանի և Սուսաննա Տարաևայի միջև 23.06.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև պետք է անվավեր ճանաչել Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի անվամբ 24.06.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Ինչ վերաբերում է մասնակիորեն անվավեր ճանաչված 14.05.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության վկայագրի հիման վրա Էմմա Ալեքսանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Էմմա Ալեքսանյանի, Վարուժան Ղահրամանյանի և Սուսաննա Տարաևայի միջև 23.06.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ամբողջությամբ, նաև` Էմմա Ալեքսանյանի մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հակընդդեմ հայցվորների պահանջին, ապա այդ մասով նրանց պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ 14.05.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի մասնակիորեն` Վարուժան Ղահրամանյանի մասով անվավեր ճանաչումը նման իրավաբանական հետևանքների չի հանգեցնում», «Անդրադառնալով հայցվոր Սուսաննա Տարաևայի` Կարապետ և Լիանա Դոքմանյաններին Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի, 2-րդ հատվածի 9-րդ շենքի թիվ 7 բնակարանից վտարելու վերաբերյալ պահանջին, ապա այն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ նշված բնակարանի 1/4 բաժինը սեփականության իրավունքով պատկանում է Լիանա Դոքմանյանին, և վերջինս հանդիսանում է այդ բնակարանի բաժնային սեփականատեր»:

Վերաքննիչ դատարանը Սուսաննա Տարաևայի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելիս, իսկ Լիանա և Կարապետ Դոքմանյանների վերաքննիչ բողոքը մերժելիս և դատական ակտը փոփոխելիս պատճառաբանել է` «Լիանա Դոքմանյանի` բնակարանը Սուսաննա Տարաևայից` որպես բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքը չի կարող իրացվել, քանի որ բացակայում է այդ իրավունքի իրացման բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը: Բնակարանը Լիանա Դոքմանյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքին համապատասխան: Նման դիրքորոշման հիմնավոր լինելը հավաստվում է Լիանա Դոքմանյանի` սույն գործի քննության ընթացքում տրված ցուցմունքներով, որոնցով վերջինս ընդունել է այն փաստական հանգամանքները, որ ինքն իմացել է Էմմա Ալեքսանյանի` վիճելի բնակարանը վաճառելու ցանկության մասին: Լիանա Դոքմանյանը, չառարկելով բնակարանի վաճառքին, այլ նաև նպաստելով դրա շուտ վաճառվելուն, դրանով իսկ հայտնել է իր համաձայնությունը բնակարանն օտարելու հարցում», «Լիանա Դոքմանյանի` բնակարանն օտարելու վերաբերյալ համաձայնության առկայության փաստը հավաստվում է սույն գործով տրված ցուցմունքներով, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի տրամաբանությամբ ևս համարվում են ապացույցներ: Լիանա Դոքմանյանի և Էմմա Ալեքսանյանի բաժնային սեփականությունը հանդիսացող բնակարանը Սուսաննա Տարաևային օտարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչը նշանակում է, որ այդ գործարքի անվավերության հիմքերը բացակայում են: Բացի այդ, Լիանա Դոքմանյանի իրավունքը ժառանգական զանգվածի նկատմամբ ճանաչվել է ժառանգությունն ընդունած այլ ժառանգների կողմից օրենքով սահմանված կարգով գույքը բարեխիղճ ձեռքբերողին օտարելուց հետո, ինչից հետևում է, որ վերջինս չի կարող պահանջել ժառանգական զանգվածը բնեղենով: Այսպիսով, նշվածից բխում է, որ համապատասխանաբար չի կարող անվավեր ճանաչվել նաև Սուսաննա Տարաևայի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և նման պայմաններում վերջինիս պահանջը` Կարապետ և Լիանա Դոքմանյաններին վտարելու մասով ենթակա է բավարարման»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Սուսաննա Տարաևան հանդիսանում է վիճելի գույքի սեփականատեր (հիմք` 24.06.2009 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական), և հակընդդեմ հայցվորների կողմից այն տիրապետվում է ապօրինի, և վերջիններիս կողմից չի ներկայացվել այլ ապացույց դրա` օրինական հիմքերով տիրապետելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Լիանա Դոքմանյանի ժառանգ հանդիսանալուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես նշվել է սույն որոշման վերոգրյալ պատճառաբանություններում, այն իր տիրապետումից դուրս է եկել իր իսկ կամահայտնությամբ», «Սուսաննա Տարաևան հանդիսանում է վիճելի անշարժ գույքի բարեխիղճ ձեռքբերող, ինչպիսի հիմքի առկայությամբ դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսացող անշարժ գույքի օտարման գործարքը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը չեն կարող անվավեր ճանաչվել, հետևաբար հակընդդեմ հայցապահանջն առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասով ենթակա է մերժման ամբողջությամբ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լիանա Դոքմանյանը վիճելի բնակարանի 1/4 մասի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ժառանգական գույքի նշված մասը փաստացի տիրապետելու եղանակով` անկախ իրավունքի պետական գրանցումից, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վարուժան Ղահրամանյանը վիճելի գույքն օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն գույքի օտարմամբ Լիանա Դոքմանյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով: Այսինքն` գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից:

Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Լիանա Դոքմանյանն իմացել է բնակարանը վաճառելու ցանկության մասին և տվել է իր համաձայնությունը, ապա Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի վերաբերյալ վերը նշված պատճառաբանությունները հիմք ընդունելով, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ բնակարանը վաճառելու ցանկության մասին տեղեկացված լինելու հանգամանքը դեռևս չի փաստում, որ Լիանա Դոքմանյանը տվել է բնակարանի, ներառյալ` սեփականության իրավունքում իր բաժինը օտարելու լիազորություն: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ Վարուժան Ղահրամանյանը և ո՛չ էլ Էմմա Ալեքսանյանը լիազորված չեն եղել վիճելի բնակարանի` Լիանա Դոքմանյանին սեփականության իրավունքով պատկանող 1/4 մասն օտարելու համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2010 թվականի վճռի 2.1 կետով Վարուժան Ղահրամանյանի մասով անվավեր է ճանաչվել Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի վերաբերյալ 14.05.2009 թվականին Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, և այդ մասով Լիանա Դոքմանյանը ճանաչվել է 03.10.2004 թվականին մահացած Լևոն Ղահրամանյանի գույքի ժառանգ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված մասը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ թողնվել է օրինական ուժի մեջ, գտնում է, որ Էմմա Ալեքսանյանի, Վարուժան Ղահրամանյանի և Սուսաննա Տարաևայի միջև 23.06.2009 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը Վարուժան Ղահրամանյանի մասով կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով մասնակիորեն անվավեր է, ուստի մասնակիորեն անվավեր է նաև տվյալ պայմանագրից ծագած` Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի անվամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-08-4-119 մատյանի թիվ 122 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Նշված եզրահանգման հիմքով Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Դատարանն իրավացիորեն կիրառել է Վարուժան Ղահրամանյանի մասով անվավեր ճանաչված գործարքի անվավերության հետևանքներ:

Ինչ վերաբերում է Լիանա և Կարապետ Դոքմանյաններին վիճելի բնակարանից վտարելու Սուսաննա Տարաևայի պահանջը բավարարելուն ուղղված Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի իր գույքը հետ պահանջելու ուրիշի ապօրինի տիրապետումից: Ընդ որում, գույքի ապօրինի տիրապետումն առկա է ցանկացած պարագայում, երբ տիրապետումը հիմնված չէ օրենքի կամ պայմանագրի վրա (տե՛ս ըստ հայցի Էդվարդ Քառյանի ընդդեմ Գագիկ Ղազարյանի, Աիդա Խոջյանի, Տաթևիկ Ղազարյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՏԴ3/0019/02/08 որոշումը):

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լիանա Դոքմանյանը Երևանի Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, 9-րդ շենքի թիվ 7 բնակարանի 1/4 մասը տիրապետում է օրենքի ուժով, հետևաբար Սուսաննա Տարաևայի հայցը ենթակա է մերժման:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.05.2011 թվականի վճռին:

2. Սուսաննա Տարաևայից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.04.2012
N ԵԱՆԴ/1402/02/09
Որոշում