Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով տնտեսական համագործակցության ոլորտում Պայմանավորվող կողմերի պետությունների միջև միջազգային համաձայնագրերի դրույթները,

ուշադրություն դարձնելով, որ Լեհաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամ է,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը` Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունն ուղղված է լինելու.

1) տնտեսական ներուժի օգտագործմանը երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար,

2) երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը մասնավորապես առևտրաշրջանառության, ներդրումների, նորամուծությունների և տնտեսական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում,

3) հարաբերությունների զարգացմանն էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի մասնավորապես հետևյալ ձևերով.

1) Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների կամ Պայմանավորվող կողմերի պետությունների` տնտեսավարող սուբյեկտներ միավորող կազմակերպությունների միջև կապերին աջակցում,

2) մի Պայմանավորվող կողմի տնտեսավարող սուբյեկտների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օբյեկտների կառուցում, վերակառուցում, ինչպես նաև տեխնոլոգիական արդիականացում ներառող նախագծերի իրականացմանն աջակցություն կամ Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների համատեղ մասնակցություն իրենց կամ երրորդ երկրների տարածքում,

3) նավթի ու գազի, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտներում նախագծերի իրականացմանն աջակցություն,

4) փոխգործակցություն արտոնագրման և ստանդարտացման բնագավառում,

5) աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը մասնավորապես համապատասխան կազմակերպությունների համագործակցության ամրապնդման միջոցով,

6) աջակցություն խորհրդատվական, իրավաբանական, բանկային և տեխնիկական ծառայությունների զարգացմանը, այդ թվում` այնպիսիների, որոնք նպաստում են մի Պայմանավորվող կողմի պետության տնտեսավարող սուբյեկտների կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրականացվող կամ համատեղ կերպով Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց կամ երրորդ պետությունների տարածքում իրականացվող ներդրումային նախագծերի իրագործմանը,

7) տնտեսության և առևտրի ոլորտում փորձի փոխանակման տարատեսակ ձևերին, այդ թվում` մասնագետների և տեխնիկական անձնակազմի փոխանակմանը, ինչպես նաև կրթության կազմակերպմանն աջակցություն և դրանց նախաձեռնում,

8) աջակցություն տոնավաճառների, ցուցահանդեսների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, որոնք ուղղված են համագործակցության փոխադարձ հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը,

9) զբոսաշրջիկների փոխանակության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կնպաստեն, որ տնտեսավարող սուբյեկտները ստեղծեն ներկայացուցչություններ և մասնաճյուղեր:

2. Ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ստեղծման և գործունեության վարման սկզբունքները որոշվում են այն Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում դրանք իրականացնում են գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան կերպով կիրականացնեն տեղեկության փոխանակում հետևյալ ոլորտներում.

1) տնտեսական և ներդրումային գործունեության իրականացման պայմանները կարգավորող օրենսդրության, ստանդարտացման, արտոնագրման, հավաստագրերի, կոնցեսիաների և թույլտվությունների տրամադրման պայմանների, մտավոր և արտադրական սեփականության, հեղինակային և դրա հետ կապված իրավունքների պաշտպանության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում,

2) Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի հաստատմանը նպաստող միջոցառումների, այդ թվում` ցուցահանդեսների, տոնավաճառների և տնտեսական առաքելությունների կազմակերպման ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Տնտեսական համագործակցության զարգացմանն օժանդակելու նպատակով Պայմանավորվող կողմերը ստեղծում են տնտեսական համագործակցության հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով:

2. Հանձնաժողովի խնդիրներն են, մասնավորապես.

1) տնտեսական համագործակցության վիճակի գնահատման պարբերական իրականացումը,

2) տնտեսական համագործակցության զարգացումը սահմանափակող խնդիրների տարորոշումը և դրանց վերացման նպատակով համապատասխան միջոցների առաջարկումը,

3) տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը,

4) սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող վիճելի հարցերի քննարկումը:

3. Հանձնաժողովը կազմված է հայկական և լեհական մասերից, որոնք գլխավորում են նախագահները: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է իր մասի նախագահին: Նախագահներից յուրաքանչյուրը նշանակում է այդ մասի տեղակալին, քարտուղարին և մյուս անդամներին: Առանձին հարցերի քննարկման համար Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կարող է ստեղծել աշխատանքային խմբեր` որոշելով դրանց խնդիրները:

4. Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ` հերթականությամբ Հայաստանի Հանրապետությունում և Լեհաստանի Հանրապետությունում: Նախագահներից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող է գումարվել Հանձնաժողովի արտահերթ նիստ կամ կազմակերպվել նախագահների հանդիպում:

5. Հանձնաժողովի նիստը ձևակերպվում է հայերեն, լեհերեն և ռուսերեն արձանագրությունով, որոնք ստորագրում են երկու մասերի նախագահները: Արձանագրությունը ներառում է Հանձնաժողովի նիստերի ընթացքում ընդունված որոշումները:

6. Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է համաձայն իր սահմանած աշխատակարգի:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության կամ Լեհաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին նրանց անդամակցությունից:

2. 1996 թվականի ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Գործընկերության և համագործակցության մասին Համաձայնագիրը, որը գործընկերություն է հաստատում, մի կողմից, Եվրոպական Ընկերակցությունների ու նրանց անդամ պետությունների և, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև, իր բոլոր հետագա փոփոխություններով և լրացումներով առավելություն ունի սույն Համաձայնագրով կարգավորվող հարցերի առնչությամբ:

3. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Լեհաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրա անդամակցությունից Եվրոպական միությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի գործողության արդյունքում ծագած վեճերը, որոնք առնչվում են դրա կիրառմանը կամ մեկնաբանմանը, կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել առանձին արձանագրություններով ձևակերպվող փոփոխություններ և լրացումներ, որոնք դրա անբաժանելի մասերն են և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է մինչև դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մի Պայմանավորվող կողմի գրավոր ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից վեց ամիս լրանալը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի մարտի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների ծագման դեպքում որոշիչ կլինի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. հունիսի 16-ին:

 

 

pin
12.03.2010
Միջազգային պայմանագիր