Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լատվիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով, որ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառությունը լուրջ սպառնալիք են Կողմերի պետությունների անվտանգությանը, երկու պետությունների ժողովուրդների առողջությանը և բարեկեցությանը, վնաս են հասցնում երկու պետությունների քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային զարգացմանը,

ընդունելով ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ համագործակցության հարցերի հետ կապված գործողությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, հաշվի առնելով երկու պետությունների օրենսդրությունները,

հաշվի առնելով իրենց պետությունների սահմանադրական հիմունքները և իրավական համակարգերը և հարգելով ինքնիշխանություն ունենալու` պետությունների անօտարելի իրավունքը,

հաստատելով այն պարտավորությունները, որոնք բխում են միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են իրենք, ինչպես նաև ուշադրության առնելով Միավորված ազգերի կազմակերպության մարմինների և նրա մասնագիտացված գործակալությունների որոշումները ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, համագործակցում են հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի ոլորտում այն դեպքերում, երբ հանցագործությունների կանխման և բացահայտման համար պահանջվում է երկու Կողմերի իրավասու մարմինների փոխգործակցությունը:

2. Կողմերը համագործակցում են.

1) ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների, ներառյալ ահաբեկչության ֆինանսավորումը.

2) կազմակերպված հանցավորության.

3) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության.

4) հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի, անձի կյանքի ու առողջության և շրջակա միջավայրի համար սպառնալիք ներկայացնող` պայթուցիկ, վտանգավոր ու թունավոր նյութերի, ռադիոակտիվ և կենսաբանական նյութերի ապօրինի շրջանառության.

5) պատանդներ գերի վերցնելու, մարդկանց առևանգման և նրանց առևտրի.

6) անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` փոխպատվաստման նպատակով մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի.

7) տնտեսության, ֆինանսների, հարկահավաքության և ձեռնարկատիրության բնագավառներում հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման).

8) կեղծ դրամանիշերի, ֆինանսական գործիքների, անկանխիկ վճարման միջոցների պատրաստման և իրացման.

9) մաքսանենգության.

10) սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` տրանսպորտային միջոցների հափշտակության.

11) բարոյականության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական շահագործման (հատկապես` երեխաների).

12) անօրինական միգրացիայի հետ կապված հանցագործությունների.

13) բնական միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների (եթե նշված հակաիրավական արարքները շոշափում են երկու Կողմերի պետությունների շահերը).

14) մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետ կապված հանցագործությունների.

15) կոռուպցիայի.

16) համակարգչային հանցագործությունների դեմ պայքարում:

3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում հանձնման և քրեական գործերով իրավական օգնության մասին հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների միջև ուղիղ կապերի և պայմանավորվածությունների միջոցով:

Լատվիական Կողմի իրավասու մարմիններն են.

Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը,

Լատվիայի Հանրապետության պետական ոստիկանությունը,

Լատվիայի Հանրապետության անվտանգության ոստիկանությունը,

Լատվիայի Հանրապետության պետական սահմանապահ պահպանությունը,

Լատվիայի Հանրապետության` կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի բյուրոն,

Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայությունը,

Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Հայկական Կողմի իրավասու մարմիններն են.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ տեղեկացնում են իրենց իրավասու մարմինների ցանկերում փոփոխությունների մասին:

3. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում արդյունավետ փոխգործակցություն ապահովելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները միմյանց միջև հաստատում են ուղղակի կապեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է մասնավորապես հետևյալ ձևերով.

1) օպերատիվ գործունեության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկատվության փոխանակում, այդ թվում`

ա) ծրագրվող կամ կատարված ահաբեկչական գործողությունների, դրանցում ներգրավված անձանց և կազմակերպությունների, կատարման մեթոդների և օգտագործվող տեխնիկական սարքավորումների ու միջոցների,

բ) ահաբեկչական գործողություններ նախատեսող, կատարող կամ կատարած ահաբեկչական կազմակերպությունների և խմբավորումների, դրանց կառուցվածքների և մասնակիցների,

գ) կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց, քրեական կազմակերպությունների և խմբավորումների կառուցվածքի, առանձին անձանց և խմբավորումների հարաբերությունների, հանցագործությունների կատարման հանգամանքների (հատկապես հանցագործության կատարման ժամանակի, վայրի և մեթոդի մասին), ձեռնարկված միջոցների, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ մանրամասների մասին,

դ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության հետ կապված բոլոր հանցագործությունների մասին, որոնք կատարվել են կամ կատարման են նախապատրաստվում մյուս Կողմի տարածքում,

ե) մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի տեղափոխման կամ ապօրինի տեղափոխման փորձերի հետ կապված փաստերի մասին,

զ) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց մասին,

է) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության մեջ մտնելու աղբյուրների հայտնաբերման ձևերի ու մեթոդների և այդ ապօրինի շրջանառությունը կանխելու միջոցների մասին,

ը) տեղափոխման ժամանակ թմրամիջոցները, հոգեներգործուն նյութերը և դրանց բաղադրատարրերը թաքցնելու համար կիրառվող ձևերի և դրանց հայտնաբերման մեթոդների մասին,

թ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման)` հայտնաբերված փաստերի ու ձևերի մասին.

2) Կողմերի հայցերի համաձայն` ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության հետ կապված գործերով օպերատիվ միջոցառումների անցկացում.

3) աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում` համատեղ աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, կոնֆերանսների և սեմինարների անցկացման միջոցով.

4) ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ու վերջիններիս չարաշահմանը դիմակայելու ոլորտում օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի տեքստերի, ինչպես նաև դրանց կատարման մասին նյութերի և մեթոդական հանձնարարականների փոխանակում.

5) աջակցություն կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման գործում, այդ թվում` ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներում ստաժավորումների կազմակերպման միջոցով.

6) խորհրդատվական օգնության ցուցաբերում, ինչպես նաև աջակցություն բարդ փորձաքննությունների անցկացման գործում.

7) անհրաժեշտության դեպքում ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի հետազոտության նմուշների ու արդյունքների փոխանակում.

8) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրատարրերի շրջանառության վերահսկման խնդրի վերաբերյալ վիճակագրական տվյալների և հատուկ հրապարակումների փոխանակում:

2. Կողմերը կարող են համագործակցություն իրականացնել այլ ձևերով, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրի նպատակներին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը և տեղեկատվության տրամադրումը կատարվում է Կողմերից մեկի նախաձեռնությամբ կամ Կողմերից մեկի իրավասու մարմնի հայցի հիման վրա: Աջակցության մասին հայցը փոխանցվում է գրավոր, այդ թվում` տեղեկատվության հաղորդման տեխնիկական միջոցների կիրառմամբ:

2. Տեղեկատվության հաղորդման տեխնիկական միջոցների կիրառման ժամանակ, ինչպես նաև ստացված հայցի իսկության կամ բովանդակության առնչությամբ կասկածներ ծագելու դեպքում հայցվող իրավասու մարմինը կարող է գրավոր հաստատում խնդրել հայցող իրավասու մարմնից:

3. Անհետաձգելի դեպքերում կարող է ընդունվել բանավոր հայց, սակայն եռօրյա ժամկետում այն պետք է հաստատվի գրավոր:

Հայցը պարունակում է`

հայցվող իրավասու մարմնի անվանումը,

հայցող իրավասու մարմնի անվանումը,

հայցի հիմնավորումը,

հայցի բովանդակությունը,

հայցի կատարման ցանկալի ժամկետը,

հայցի կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

4. Հայցը ստորագրվում է իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ նրանց կողմից լիազորված այլ անձանց կողմից և հաստատվում է հայցող մարմնի` զինանշանի պատկերով կնիքով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Հայցի կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հայցվող իրավասու մարմինը համարում է, որ հայցի կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ կարևոր շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև` կարող է հանգեցնել Կողմերի պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտմանը:

2. Հայցի կատարումը կարող է մերժվել նաև, եթե այն գործողությունը, որի առնչությամբ ստացվել է հայցը, հայցվող իրավասու մարմնի պետության օրենսդրությամբ հանցագործություն չէ:

3. Հայցի կատարումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հայցվող իրավասու մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է հայցող իրավասու մարմնին` նշելով մերժման պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Հայցվող իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայցի արագ և հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար: Հայցը կատարվում է այն ստանալու օրվանից առավելագույնը երեսուն օրը չգերազանցող ժամկետում, ընդ որում` հնարավորության սահմաններում հաշվի են առնվում հայցի կատարման մասին հայցող իրավասու մարմնի ցանկությունները` նրա նշած ժամկետի առնչությամբ:

2. Հայցվող իրավասու մարմինն անհապաղ ծանուցում է հայցող իրավասու մարմնին հայցի կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը երկար ժամանակով հետաձգող հանգամանքների մասին:

3. Եթե հայցի կատարումը հայցվող իրավասու մարմնի իրավասության մեջ չէ, նա հայցը փոխանցում է համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին անհապաղ ծանուցում է հայցող իրավասու մարմնին:

4. Հայցվող իրավասու մարմինն իրավունք ունի խնդրելու լրացուցիչ տվյալներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հայցի պատշաճ կատարումն ապահովելու համար:

5. Հայցը կատարելիս կիրառվում է հայցվող իրավասու մարմնի պետության օրենսդրությունը:

6. Հայցվող իրավասու մարմինը կարող է հայցող իրավասու մարմնի լիազորված ներկայացուցիչներին թույլատրել հայցի կատարման ժամանակ ներկա գտնվել իր պետության տարածքում, եթե դա չի հակասում իր պետության օրենսդրությանը:

7. Եթե հայցվող իրավասու մարմինը համարում է, որ հայցի անհապաղ կատարումը կարող է խանգարել իր պետությունում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, նա կարող է հետաձգել հայցի կատարումը կամ դա կապել այն պայմաններին հետևելու հետ, որոնք հայցող իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո սահմանվել են որպես անհրաժեշտ: Եթե հայցող իրավասու մարմինը համաձայն է առաջարկվող պայմաններով նրան աջակցություն ցուցաբերել, նա պետք է հետևի այդ պայմաններին:

8. Հայցվող իրավասու մարմինը, հայցող իրավասու մարմնի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հայցը ստանալու փաստի, դրա բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու փաստի գաղտնիությունն ապահովելու համար:

9. Եթե հայցը կատարելիս հնարավոր չէ պահպանել գաղտնիությունը, հայցվող իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է հայցող իրավասու մարմնին, որն էլ որոշում է` արժե արդյոք նման պայմաններով կատարել հայցը:

10. Հայցվող իրավասու մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում հայցող իրավասու մարմնին տեղեկացնում է հայցի կատարման արդյունքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության շրջանակներում մի Կողմի իրավասու մարմիններից մյուս Կողմի իրավասու մարմիններին փոխանցվող անձնական բնույթի տեղեկությունների (այսուհետ` տեղեկություններ) պաշտպանության նպատակով և անձնական բնույթի տեղեկությունների պաշտպանության մասին ազգային օրենսդրությանը համապատասխան` գործում են հետևյալ պայմանները.

1. Մի Կողմի իրավասու մարմինները, որոնք, ի պատասխան իրենց հայցի, ստացել են տեղեկություններ, դրանք հաղորդած իրավասու մարմիններին տեղեկացնում են դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը կարող են տեղեկություններ տրամադրել միայն Կողմերի իրավասու մարմիններին: Ստացված տեղեկությունները մի Կողմի իրավասու մարմինների կողմից կարող են փոխանցվել այլ հաստատությունների միայն դրանք տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնությամբ:

3. Տեղեկություններ փոխանցող Կողմը պարտավոր է վստահ լինել դրանց ճշգրտության, ինչպես նաև դրանք հաղորդելու անհրաժեշտության և ենթադրվող նպատակներին դրանց համապատասխանության վերաբերյալ: Այն դեպքում, երբ փոխանցվել են սխալ կամ փոխանցման ոչ ենթակա տեղեկություններ, դրանք փոխանցած մի Կողմի իրավասու մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դրանք ստացած մյուս Կողմի իրավասու մարմնին: Ընդ որում` տեղեկություններ ստացած իրավասու մարմինը պարտավոր է ուղղումներ կատարել սխալ տեղեկություններում կամ անհապաղ ոչնչացնել փոխանցման ոչ ենթակա տեղեկությունները:

4. Անձը, ում մասին տեղեկությունները հաղորդվում են մյուս Կողմին` հաղորդող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, իր խնդրանքով տեղեկացվում է այդ տեղեկությունների և դրանց` նախատեսվող կիրառման մասին: Ելնելով պետական անվտանգության և հասարակական կարգի շահերից` այդ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել:

5. Կողմերի միջև տեղեկությունների փոխանակման ժամանակ դրանք հաղորդող իրավասու մարմինը, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, սահմանում է դրանց ոչնչացման առավելագույն ժամկետները: Չնայած դրան` հաղորդված տեղեկությունները պետք է ոչնչացվեն դրանց անհրաժեշտությունը վերանալուն պես, ինչպես նաև սույն Համաձայնագրի գործողությունն ավարտվելուց հետո: Կողմերի իրավասու մարմինները միմյանց անհապաղ ծանուցում են ստացված տեղեկությունները ոչնչացնելու և այդ ոչնչացման պատճառների մասին:

6. Կողմերի իրավասու մարմինները պարտավոր են արձանագրել տեղեկությունների հաղորդումը, ստացումը և ոչնչացումը:

7. Կողմերի իրավասու մարմինները պարտավոր են իրականացնել հաղորդված տեղեկությունների պաշտպանությունը չլիազորված անձանց համար դրանց չարտոնված հասանելիությունից և իրավունք չունեն դրանք փոփոխելու կամ հրատարակելու:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և տեղեկությունների գաղտնիությունը, եթե հաղորդող Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և տեղեկությունները, առանց դրանք տրամադրած իրավասու մարմնի գրավոր համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով քան այն նպատակներն են, ինչի համար հայցվել և տրամադրվել են:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերից մեկի ստացած տեղեկատվությունը և տեղեկությունները երրորդ կողմի փոխանցելու համար պահանջվում է դրանք տրամադրած իրավասու մարմնի նախնական գրավոր համաձայնությունը, եթե միայն այդ տեղեկությունները հանրամատչելի չեն հայցվող Կողմի պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՈՒղարկվող հայցերը և դրանց կից փաստաթղթերը, որոնք ուղարկվում են սույն Համաձայնագրին համապատասխան, կազմվում են անգլերենով կամ ռուսերենով, եթե Կողմերի իրավասու մարմիններն այլ բան չեն պայմանավորվում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի իրավասու մարմիններն ազգային օրենսդրության շրջանակներում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ, որոնք նախատեսում են վերահսկվող մատակարարման մեթոդի պատշաճ կիրառում` հանցագործությունների կատարմանը մասնակցող անձանց հայտնաբերելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Կողմերի իրավասու մարմինները փոխադարձ պայմանավորվածությամբ անցկացնում են խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության համակարգման և դրա արդյունավետության բարձրացման նպատակով:

2. Կողմերի իրավասու մարմինները կարող են ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, անցկացնել փորձագետների հանդիպումներ և իրենց լիազորությունների շրջանակներում կնքել համաձայնագրեր` գործունեության համակարգման և սույն Համաձայնագրի կատարման արդյունավետությունը ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի միջև վիճելի հարցերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված, լուծվում են Կողմերի իրավասու մարմինների միջև` խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերի իրավասու մարմիններն իրենք են կրում սույն Համաձայնագիրը կատարելու ընթացքում ծագող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի սահմանվում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի իրավունքները և պարտավորությունները` ստանձնած այլ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանց պետությունները, եթե միայն սույն Համաձայնագրով չեն սահմանվում Կողմերի իրավասու մարմինների համագործակցության համար առավել բարենպաստ պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումը Կողմերից մեկի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

3. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

 

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի դեկտեմբերի 10-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լատիշերեն և ռուսերեն, ընդ որում` երեք տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ ծագելու դեպքում առավելություն ունի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. հոկտեմբերի 29-ին:

 

 

pin
10.12.2009
Միջազգային պայմանագիր