Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ...

 

 

020.1036.130712

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 հուլիսի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2012 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն (Պայմանագիր) ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին` Սանկտ Պետերբուրգում:

2. Պայմանագրի նպատակն է` ապրանքների ազատ տեղաշարժմանը նպաստելու համար ստեղծել ազատ առևտրի գոտի, ինչպես նաև սահմանել առևտրային ռեժիմի առանձնահատկությունները և կարգավորել դրա կիրառման հետ կապված հարաբերությունները:

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- չկիրառել մաքսային տուրքեր կամ մաքսային տուրքերին համարժեք այլ վճարներ այն ապրանքի արտահանման նկատմամբ, որը նախատեսված է մյուս կողմի մաքսային տարածքի համար, և/կամ մյուս կողմի մաքսային տարածքում առաջացած ապրանքի ներմուծման համար` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 1-ին հավելվածում.

- Պայմանագրի մյուս կողմերի հետ փոխադարձ առևտրում չբարձրացնել մաքսատուրքերի դրույքաչափերը Պայմանագրի 1-ին հավելվածում նշված ապրանքների նկատմամբ.

- եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, մաքսատուրքեր չկիրառել այն ձևով, որը կհանգեցնի երրորդ երկրների և կողմերի միջև խտրականության աճի.

- տնտեսական, վիճակագրական և այլ ցուցանիշներից կախված` Պայմանագրի 1-ին հավելվածում նշված ապրանքների նկատմամբ տուրքերի դրույքաչափերի, բացառությամբ ապրանքի մաքսային արժեքի, փոփոխման մեխանիզմ նախատեսելու դեպքում չփոփոխել այդ մեխանիզմն այն ձևով, որը կհանգեցնի սակագնային պաշտպանման մակարդակի բարձրացմանը.

- չփոփոխել Պայմանագրի 2-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված տուրքերի սահմանման և կիրառման եղանակներն ու կարգը, այնպես, որ դա բերի տուրքի չափի բարձրացմանը Հայաստանի Հանրապետության կողմից Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվող տուրքի չափի համեմատ, առանց մատուցվող ծառայությունների արժեքի ավելացման, եթե միայն նման փոփոխությունն ուղղված չէ մատուցվող ծառայությունների արժեքի մակարդակի առավել ամբողջական արտացոլմանը.

- Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք Պայմանագրի մյուս մասնակիցների կողմից արտահանման ժամանակ, երրորդ երկրների մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների արտահանման համեմատ, արտահանման մաքսատուրքի զրոյական կամ նվազեցված դրույքաչափեր կիրառելու դեպքում արգելել տվյալ ապրանքների չթույլատրված վերաարտահանումը.

- չսահմանել և/կամ չպահպանել Պայմանագրի մյուս կողմերի տարածքի համար նախատեսված ցանկացած ապրանքի ներմուծման կամ վերջիններիս տարածքից արտահանման ժամանակ որևէ արգելքներ և սահմանափակումներ` բացառությամբ նրանց, որոնք թույլատրվում են Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի XI հոդվածով, այդ թվում` նշված հոդվածի պարզաբանման ծանոթություններով, ինչպես նաև Պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածներով.

- կողմերից ծագած և դրանց միջև ապրանքային շրջանառության մեջ գտնվող ապրանքների ծագման երկրի որոշման համար ղեկավարվել 2009 թվականի նոյեմբերի 20-ի` Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Ապրանքների ծագման երկրի կանոններով.

- հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ բացառել այդ միջոցների ազդեցությունը մյուս կողմի տարածքից ծագած ապրանքի վրա, պայմանով, որ տվյալ ապրանքի ներմուծումը կիրականացվի այնպիսի քանակներով և պայմաններով, որոնք չեն վնասում և/կամ չեն առաջացնում Հայաստանի Հանրապետության արդյունաբերությանը վնաս պատճառելու վտանգ.

- ապրանքների փոխադարձ առևտուր իրականացնելու շրջանակներում չպահպանել գործող սահմանափակումները և չսահմանել նոր սահմանափակումներ ապրանքների մատակարարման համար միջազգային փոխանցումների և վճարների նկատմամբ, բացի Պայմանագրի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերից.

- երաշխավորել, որ ներմուծման նկատմամբ, ներառյալ` Պայմանագրի 14-րդ հոդվածին համապատասխան կիրառվելիք սահմանափակումները, Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված, պահպանված և ավելացված վճարները և փոխանցումները չլինեն ավելի զգալի, քան դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արժութային պահուստների լուրջ կրճատման անխուսափելի վտանգի կանխման կամ Հայաստանի Հանրապետության արժութային պահուստների տրամաբանական աճի տեմպի վերականգնման համար.

- ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների նկատմամբ կիրառել Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի XXI հոդվածի նորմերը:

4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ծավալման համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 հուլիսի 2012 թվականի

ՍԴՈ-1036

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.07.2012
N ՍԴՈ-1036
Որոշում