Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով երկու երկրների հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին տեղեկության լայն և ազատ փոխանակման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից,

հաշվի առնելով լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների մյուս աշխատողների իրավական պաշտպանվածությունն ապահովելու և նրանց մասնագիտական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով 1948 թվականի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» և 1966 թվականի «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային պակտի դրույթներով,

ցանկանալով նպաստել Եվրոպայում անվտանգության և համագործակցության մասին 1975 թվականի խորհրդակցության Եզրափակիչ ակտի, տեղեկատվության ու հումանիտար ոլորտներում համագործակցությանն առնչվող ԵԱՀԿ այլ փաստաթղթերի դրույթների իրականացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով`

«օտարերկրյա թղթակիցներ» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցների (գործակալությունների, թերթերի, ամսագրերի, այլ տպագիր պարբերականների, հրատարակչությունների, ռադիոյի, հեռուստատեսության) թղթակիցներ, որոնք հավատարմագրվում են Ռուսաստանի Դաշնությունում, և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցների թղթակիցներ, որոնք հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետությունում,

«հավատարմագրող պետություն» տերմինը նշանակում է պետություն, որտեղ հավատարմագրված է օտարերկրյա թղթակիցը,

«լիազորված մարմիններ» տերմինը նշանակում է պետական կենտրոնական մարմիններ, որոնք իրականացնում են հավատարմագրող պետության տարածքում օտարերկրյա թղթակիցների գործունեության և հավատարմագրման հարցերի կարգավորումը:

2. Որպես օտարերկրյա թղթակից կարող են հավատարմագրվել հավատարմագրող պետության քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հավատարմագրող պետությունում օտարերկրյա թղթակիցների իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը սահմանվում և կարգավորվում են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած նորմերով, հավատարմագրման պետության օրենսդրությամբ և սույն Համաձայնագրի դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը լիազորված մարմինների միջոցով ազգային օրենսդրության շրջանակներում ամեն կերպ նպաստում են, որպեսզի օտարերկրյա թղթակիցները անաչառ տեղեկություն ձեռք բերեն և տարածեն հավատարմագրող պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի մասին, պահպանեն լրագրողական էթիկայի համընդհանուր ճանաչում գտած նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը լիազորված մարմինների միջոցով ազգային օրենսդրության շրջանակներում ապահովում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ օտարերկրյա թղթակիցների ազատ մուտքը տեղեկատվական պաշտոնական աղբյուրներ, ինչպես նաև օտարերկրյա թղթակիցների` տեղեկատվական աղբյուրի գաղտնիության իրավունքի պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը լիազորված մարմինների միջոցով նպաստում են իրենց երկրներում լրատվական կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը, ինչպես նաև ապահովում են պաշտոնական մամուլի ասուլիսները և այլ նման միջոցառումների բաց լինելը օտարերկրյա թղթակիցների համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Օտարերկրյա թղթակիցներին, փոխադարձության հիման վրա, ազգային օրենսդրության պահանջները հաշվի առնելով, տրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքով ազատ տեղաշարժի իրավունք, բացառությամբ այն շրջանների և օբյեկտների, որտեղ այցելելու համար սահմանված է հատուկ կարգ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը լիազորված մարմինների միջոցով ապահովում են օտարերկրյա թղթակիցների` իրենց նյութերը, ռադիո տեղեկատվությունը, տեսատեղեկատվությունը և հեռուստատեղեկատվությունը ազատ, առանց որևէ գրաքննության հաղորդելու իրավունքների պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը լիազորված մարմինների միջոցով քննարկում են օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների թղթակցական կետերի բացման և օտարերկրյա թղթակիցների հավատարմագրման մասին դիմումները, իրենց ազգային օրենսդրության և ընդունված կարգին համապատասխան, դիմումից երկու ամիս չգերազանցող ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը լիազորված մարմինների միջոցով, անհրաժեշտության դեպքում, ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցություն են ցուցաբերում հավատարմագրված օտարերկրյա թղթակիցներին և նրանց ընտանիքներին` բնակտարածության, թղթակցական կետերի տեղակայման համար տարածքների ձեռքբերման կամ վարձակալման գործում, ինչպես նաև անկանխատեսված դեպքերում օգնություն են տրամադրում (տարերային աղետ, դժբախտ պատահար և այլն):

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի համապատասխան մարմինները և կազմակերպությունները զերծ կմնան սահմանափակող միջոցների ձեռնարկումից, այդ թվում` այնպիսի, ինչպիսին օտարերկրյա թղթակցին` իր ներկայացրած մարմնին տված տեղեկատվության բովանդակության համար հավատարմագրումից զրկելը կամ նրան հավատարմագրման պետությունից վտարելը, բացառությամբ նրա կողմից հավատարմագրման պետության օրենսդրության կամ սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը պարբերաբար դիտարկում են սույն Համաձայնագրի կատարման ընթացքը:

Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի լիազորված մարմինների կողմից բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով:

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են մտցվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին դիվանագիտական ճանապարհով վերջին գրավոր ծանուցագրի ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա կիրառման դադարեցման իր մտադրության մասին ոչ ուշ, քան համապատասխան ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 28-ից:

 

 

pin
25.09.2000
Միջազգային պայմանագիր