Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1994 թվականի ապրիլի 15-ի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրի և Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ի Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրության դրույթներով,

ձգտելով տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացմանը, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և բարեխիղճ մրցակցության պայմանների սահմանմանը,

նկատի ունենալով միջազգային առևտրի հանրաճանաչ նորմերը և կանոնները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ընդհանուր սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

«անուղղակի հարկեր» - ավելացված արժեքի հարկ և ակցիզ (ակցիզային հարկ կամ ակցիզային գանձում),

«զրոյական դրույքաչափ» - ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վրա անուղղակի հարկերի զրո տոկոսի հավասար դրույքաչափը, որը համարժեք է հարկումից ազատմանը կամ անուղղակի հարկերի փոխհատուցմանը և հարկատուի համար նշանակում է գալիք վճարումների հաշվին վճարած հարկերի համար հաշվառման իրավունք կամ նրանց փոխհատուցում,

«նշանակման երկիր» - պետություն, որի մաքսային տարածք ապրանքները ներմուծվում են սպառման նպատակով,

«տնտեսվարող սուբյեկտներ» - Կողմերի պետությունների հարկատուներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագրի առարկան է հանդիսանում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների սահմանումը` Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև արտաքին առևտրական գործառնությունները իրականացնելիս:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ապրանքների արտահանման ժամանակ հարկման սկզբունքը

 

Արտահանման մաքսային ռեժիմի տակ գտնվող ապրանքները, որոնք արտահանվում են մի Կողմի պետության մաքսային տարածքից և ներմուծվում են մյուս Կողմի պետության մաքսային տարածք, հարկվում են անուղղակի հարկերով զրոյական դրույքաչափով` Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:

Սույն կանոնը չի տարածվում բնական գազի և նավթի վրա, ներառելով կայուն գազային կոնդենսատը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ապրանքների ներմուծման ժամանակ հարկման սկզբունքը

 

Մի Կողմի պետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները, որոնք արտահանվել են մյուս Կողմի պետության մաքսային տարածքից, հարկվում են անուղղակի հարկերով նշանակման երկրում` վերջինի ազգային օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի կիրառման

կարգը

 

1. Ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի կիրառման կարգը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ: Մինչ տվյալ արձանագրության գործողության մեջ մտնելը ծառայությունները անուղղակի հարկերով հարկվում են Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ հետևյալ ծառայությունների.

ա) մի Կողմի պետության մաքսային տարածքից մյուս Կողմի պետության մաքսային տարածք արտահանվող ապրանքների փոխադրման և սպասարկման ծառայությունները, ներառյալ առաքման, բարձման, բեռնաթափման և փոխաբեռնման ծառայությունները,

բ) տարանցիկ ապրանքների փոխադրման և սպասարկման ծառայությունները, այն պայմանով, որ ապրանքների առաքման կամ նշանակման կետերը գտնվում են Կողմերի պետությունների տարածքներում, ներառյալ առաքման, բարձման, բեռնաթափման և վերաբեռնման ծառայությունները,

գ) մի Կողմի պետության մաքսային տարածքից մյուս Կողմի պետության մաքսային տարածք ուղիղ և հակադարձ ուղղություններով ուղևորների և բեռների փոխադրման ծառայությունները:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում թվարկված ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով այն պետությունում, որի հարկատուները մատուցում են այնպիսի ծառայություններ` Կողմերի սահմանած կանոններին համապատասխան` ծառայությունների մատուցման փաստի հաստատման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հսկողություն ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման

նկատմամբ

 

1. Ապրանքների տեղափոխման, հաշվառման իրականացման և տեղեկատվության փոխանակման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերը կօգտագործեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության Ապրանքային անվանացանկը (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ):

2. Կողմերի պետությունների մաքսային տարածքներ ներմուծվող ապրանքներից անուղղակի հարկերը գանձվում են նշանակման երկրի մաքսային կամ հարկային մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համաձայնագրի կատարումը

 

1. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերի իրավունքը կիրառելու անհրաժեշտ միջոցներ ներքին արտադրողների և ազգային շուկայի շահերի պաշտպանության համար` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

2. Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների ճանապարհով:

3. Կողմերը, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություններ կանցկացնեն սույն Համաձայնագրի իրագործման ընթացքի գնահատման և նրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակահարմարության համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարումը

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կկատարեն անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով:

Արձանագրություններն ուժի մեջ են մտնում նրանց ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ Կողմերի վերջին ծանուցումն ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Համաձայնագրի գործողության ժամկետը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1994 թվականի ապրիլի 15-ի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրով և 1994 թվականի ապրիլի 15-ի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրությամբ նախատեսված ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ` Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման տարուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը, հերթական ժամկետի ավարտից առնվազն 6 ամսից առաջ, դիվանագիտական ուղիներով, գրավոր չծանուցի նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 20-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
20.10.2000
Միջազգային պայմանագիր