Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման և տնտեսական ինտեգրացման խորացման, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար հնարավորությունների հաստատման և բարեխիղճ մրցակցության համար պայմանների ստեղծման,

կողմնորոշվելով միջազգային առևտրի համընդհանուր ընդունված կանոններով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ընդհանուր սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները`

«անուղղակի հարկեր» - ավելացված արժեքի հարկ և ակցիզներ (ակցիզային հարկ կամ ակցիզային գանձույթ),

«զրոյական դրույքաչափ» - ապրանքների (աշխատանքների) զրո տոկոս դրույքաչափով հարկում, ինչը հարկատուի համար նշանակում է նախկինում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների համար հաշվանցման կամ բյուջեից փոխհատուցման իրավունք,

«ապրանքներ» - ցանկացած գույք (ներառյալ էներգիայի բոլոր տեսակները), ոչ նյութական ակտիվներ, ինչպես նաև փոխադրամիջոցներ, բացառությամբ այն բոլոր փոխադրամիջոցների, որոնք օգտագործվում են ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումների համար, ներառյալ բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ տրանսպորտային սարքավորումները,

«աշխատանք» - գործունեություն, որի արդյունքներն ունեն նյութական արտահայտություն և կարող են իրացվել կազմակերպության և (կամ) ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարման համար,

«արտահանում» - Կողմերի մաքսային տարածքներից ապրանքների դուրս բերում առանց հետագայում հետ բերելու պարտավորության, մյուս Կողմի պետության մաքսային տարածքում աշխատանքների իրականացում,

«ներմուծում» - Կողմերի մաքսային տարածքներ ապրանքների ներկրում առանց հետագայում դուրս բերման պարտավորության, Կողմերի պետության մաքսային տարածքներում աշխատանքների իրականացում,

«կեղծ արտահանում» - ապրանքների (աշխատանքների) ձևական փաստաթղթային ձևակերպում, որպես մի Կողմի մաքսային տարածքից արտահանվող, որի ժամանակ այդ Կողմի մաքսային տարածքից ապրանքների (աշխատանքների) փաստացի դուրս բերում տեղի չի ունենում,

«նշանակման երկրի սկզբունք» - մի Կողմի պետության մաքսային տարածքից արտահանման ժամանակ ակցիզային հարկով չհարկում և ավելացված արժեքի հարկով հարկելիս զրոյական դրույքաչափի կիրառում (ինչը հավասարազոր է ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ ազատման) և ներմուծման ժամանակ մյուս Կողմի պետության ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափով անուղղակի հարկերով հարկում,

«իրավասու մարմիններ» - հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե, Բելառուսի Հանրապետության պետական հարկային կոմիտե:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Գանձման սկզբունքն արտահանման ժամանակ

 

Կողմերից ոչ մեկը անուղղակի հարկերով չի հարկի մյուս Կողմի պետության տարածք արտահանվող ապրանքները (աշխատանքները):

Սույն կանոնը նշանակում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկում (ինչը հավասարազոր է ամբողջությամբ ազատման), ինչպես նաև արտահանվող ապրանքների ակցիզային հարկից ազատում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Գանձման սկզբունքը ներմուծման ժամանակ

 

Մի Կողմի պետության մաքսային տարածք ներմուծված ապրանքները (աշխատանքները), որոնք արտահանված են մյուս Կողմի պետության մաքսային տարածքից, հարկվում են անուղղակի հարկերով, ներմուծողի երկրում` ըստ նշանակման վայրի սկզբունքի, նրա օրենսդրության համապատասխան: Անուղղակի հարկերով գանձումը իրականացվում է մաքսային մարմինների կողմից այդ Կողմի պետության մաքսային տարածք ապրանքների ներկրման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ապրանքների (աշխատանքների) տեղաշարժի և անուղղակի հարկերի

վճարման նկատմամբ վերահսկողությունը

 

Ապրանքների (աշխատանքների) ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի հավաքումը ամբողջությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև կեղծ արտահանումից խուսափելու համար Կողմերի պետության մաքսային և հարկային մարմինները մշակում և գործողության մեջ են դնում Կողմերի պետության մաքսային սահմաններով ապրանքների (աշխատանքների) տեղաշարժի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Վիճահարույց հարցերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ բոլոր վեճերն ու տարաձայնությունները Կողմերի միջև կլուծվեն իրավասու մարմինների միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Փոփոխություններ և լրացումներ կատարելը

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Տեղեկության փոխանակումը

 

Կողմերը կփոխանակեն սույն Համաձայնագրում նշված հարկերի վերաբերյալ Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններում փոփոխությունների և լրացումների մասին տեղեկությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի առնչությունը միջազգային պայմանագրերին

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքների ու պարտավորությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Եզրափակիչ դրույթներ

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից հետո տասնհինգերորդ օրը:

Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը Կողմերից որևէ մեկի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի ծանուցումը ստանալուց վեց ամիս անց, եթե միայն այդ ծանուցումը մինչ այդ ժամկետի լրանալը Կողմերի միջև համաձայնությամբ հետ չվերցվի:

Սույն Համաձայնագիրը կկիրառվի ուժի մեջ մտնելուց հետո առաքված ապրանքների (աշխատանքների) նկատմամբ:

 

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 20-ից:

 

 

pin
31.10.2000
Միջազգային պայմանագիր