Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,

հենվելով իրենց ժողովուրդների միջև գոյություն ունեցող կապերի, բարեկամական հարաբերությունների և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա,

համոզված լինելով, որ իրենց միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների շահերին և լավագույնս կնպաստի դրանց համակողմանի զարգացմանը և բարգավաճմանը,

համարելով, որ երկու պետությունների պատմական ճակատագրերը և բարեկեցությունը անքակտելիորեն կապված են խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում,

ցանկանալով զարգացնել հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս բնագավառներում, երկուստեք փոխըմբռնման ու վստահության խորացման նպատակով,

ձգտելով համագործակցել Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում և լի վճռականությամբ պահպանել ԱՊՀ շրջանակներում երկու պետությունների կողմից ստորագրված փաստաթղթերում, մասնավորապես 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրում պարունակվող պարտավորությունները,

հաստատելով իրենց նվիրվածությունը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, Հելսինկիի եզրափակիչ ակտի, նոր Եվրոպայի համար Փարիզի խարտիայի և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության մյուս փաստաթղթերի դրույթներին,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Բարձր պայմանավորվող կողմերը իրենց հարաբերությունները հիմնում են փոխադարձ հարգանքի, վստահության ու համաձայնության վրա` միաժամանակ ղեկավարվելով պետական ինքնիշխանության, իրավահավասարության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ներառյալ տնտեսական ու ճնշման այլ եղանակները, վեճերը խաղաղ կարգավորելու, մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները հարգելու, միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու սկզբունքներով, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Բարձր պայմանավորվող կողմերը կնպաստեն սպառազինությունների սահմանափակման ու զինաթափման գործընթացի շարունակմանը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում Միավորված ազգերի կազմակերպության դերի ամրապնդմանը, Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծմանը, ամբողջ աշխարհում վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների ընդունմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՊՀ-ի խաղաղարար դերի ամրապնդմանը նպաստող մեխանիզմների և ինստիտուտների հաստատմանը:

Բարձր պայմանավորվող կողմերը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա կգործադրեն բոլոր հնարավոր ջանքերը իրենց շահերը շոշափող իրավիճակների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Երբ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որը, Բարձր պայմանավորվող կողմերից մեկի կարծիքով, սպառնալիք է առաջացնում խաղաղության համար, խախտում կամ շոշափում է իր անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շահերը, նա կարող է անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով դիմել մյուս Բարձր պայմանավորվող կողմին: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերը և չափը, որը մի Բարձր պայմանավորվող կողմը կցուցաբերի մյուս Բարձր պայմանավորվող կողմին` պաշտպանությունն ապահովելու, ծագած իրավիճակի հաղթահարմանը նպաստելու և խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ձեռնպահ մնալ մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողության կամ միջոցառման մասնակցելուց կամ դրան աջակցելուց և թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի ի վնաս մյուս Բարձր պայմանավորվող կողմի անվտանգության շահերի:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Բարձր պայմանավորվող կողմերը, ինքնուրույն լուծելով ազգային անվտանգության և ռազմական կառուցման ապահովման հարցերը, համագործակցություն կիրականացնեն այդ բնագավառներում և սույն Պայմանագրի և այլ համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա կսահմանեն փոխգործակցության ձևերը:

Բարձր պայմանավորվող կողմերը համագործակցությունը կզարգացնեն նաև մաքսային գործի, ռազմական և երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների արտահանման ու ներմուծման նկատմամբ հսկողության բնագավառում երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Բարձր պայմանավորվող կողմերից մեկի` մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարածքում բնակվող քաղաքացիների իրավական կարգավիճակը կապահովվի նրա պետության քաղաքացիներին հավասար` բնակության վայրի պետության օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

Բարձր պայմանավորվող կողմերը, իրենց ազգային իրավունքի նորմերին և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, կհամագործակցեն միմյանց տարածքներում բնակվող իրենց քաղաքացիների իրավունքներն իրականացնելու, նրանց օգնություն և աջակցություն ցուցաբերելու հարցերում և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն իրենց տարածքներում բնակվող քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` փոխադարձ այցելությունների առավել բարենպաստ ռեժիմ ստեղծելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, ինչպես նաև նոր Եվրոպայի համար Փարիզի խարտիային և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության մյուս փաստաթղթերին համապատասխան, հաստատում է, որ իր տարածքում մշտապես բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հարգումը հանդիսանում է խաղաղության, կայունության և ժողովրդավարության էական գործոն:

Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են Հայաստանի Հանրապետությունում բելառուս ազգային փոքրամասնությանը և Բելառուսի Հանրապետությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքը` անհատապես կամ կոլեկտիվ ազատորեն արտահայտելու, պահպանելու և զարգացնելու իրենց էթնիկական, մշակութային կամ լեզվական ինքնատիպությունը` չենթարկվելով բռնաձուլման որևէ փորձի:

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ձեռնարկել համապատասխան միջոցներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային, ռասայական, էթնիկական, մշակութային կամ կրոնական անհանդուրժողականության, թշնամության, ատելության կամ խտրականության վրա հիմնված ցանկացած գործողությունների կանխման և խափանման համար, ներառյալ օրենսդրական ակտերի ընդունումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Բարձր պայմանավորվող կողմերը կնպաստեն իրենց ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը և իրենց քաղաքացիների միջև կապերի ընդլայնմանը ինչպես անհատական հիմունքներով, այնպես էլ պետական, հասարակական և այլ կազմակերպությունների գծով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող մյուս Բարձր պայմանավորվող կողմի պետական գույքի, իրավաբանական անձանց և քաղաքացիների գույքի իրավական ռեժիմը կարգավորվում է գույքի գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված միջազգային պայմանագրով:

Եթե Բարձր պայմանավորվող կողմերից մեկը հայտարարում է մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող գույքը իրեն պատկանելու մասին, որի նկատմամբ հավակնություններ են ներկայացնում երրորդ անձինք կամ պետությունները, ապա մյուս Բարձր պայմանավորվող կողմը նման գույքը պահելու և պահպանելու համար պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մինչև դրա պատկանելության մասին հարցի վերջնական լուծումը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Բարձր պայմանավորվող կողմերը, կարևոր նշանակություն տալով երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, կփոխգործակցեն անցկացվող տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, կնպաստեն երկու պետությունների միջև փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:

Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց համար բարենպաստ տնտեսական, ֆինանսական և իրավական պայմաններ կապահովեն ձեռնարկատիրական ու տնտեսական այլ գործունեության նպատակով, ներառյալ փոխադարձ կապիտալ ներդրումների խթանումն ու պաշտպանությունը:

Բարձր պայմանավորվող կողմերը փոխշահավետության հիման վրա կնպաստեն տնտեսավարող սուբյեկտների միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանը նախ և առաջ ժամանակակից գիտատար արտադրանքի մշակման և արտադրության դեպքում, այդ թվում` համագործակցության միջպետական և միջճյուղային համալիր ծրագրերի ձևավորման ճանապարհով:

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են տնտեսական վնաս հասցնել մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը էներգետիկայի, ռեսուրսները խնայող տեխնոլոգիաների կիրառման, տրանսպորտի, ինֆորմատիկայի ու կապի, հեռուստահաղորդակցությունների և ռադիոհաղորդակցությունների բնագավառներում` նպաստելով այդ բնագավառներում ստեղծված համալիրների ու միասնական համակարգերի պահպանմանը, արդյունավետ օգտագործմանն ու զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը առանձին միջազգային պայմանագրերով սահմանվող պայմաններով կնպաստի մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարանցիկ գործողությունների իրականացմանը իր տարածքում գտնվող գետային նավահանգիստների և օդանավակայանների, երկաթուղային և ավտոմոբիլային ցանցի և գլխավոր խողովակաշարերի միջոցով:

Բարձր պայմանավորվող կողմերի տարածքներով ուղևորների և բեռների տարանցում իրականացնելու պայմաններն ու կարգը սահմանվում են առանձին միջազգային պայմանագրերով` ազգային օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային նորմերին ու կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը կրթության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում` խրախուսելով ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև ուղղակի կապերը, համատեղ ծրագրերի ու մշակումների իրականացումը հատկապես առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում: Բարձր պայմանավորվող կողմերը կփոխգործակցեն գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման բնագավառում, ինչպես նաև կխրախուսեն գիտնականների, դասախոսների, փորձնակների, ասպիրանտների և ուսանողների փոխանակումները:

Բարձր պայմանավորվող կողմերը փոխադարձաբար ճանաչում են կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը առանձին միջազգային պայմանագրերով սահմանվող կարգով:

Բարձր պայմանավորվող կողմերը կիրականացնեն գիտատեխնիկական տեղեկատվության լայն փոխանակում, ինչպես նաև կհամագործակցեն մտավոր սեփականության իրավունքների պահպանման բնագավառում` հաշվի առնելով իրենց ազգային օրենսդրությունները և միջազգային պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Բարձր պայմանավորվող կողմերը համակողմանիորեն կնպաստեն մշակույթի, զբոսաշրջության ու սպորտի տարբեր բնագավառներում համագործակցության հետագա զարգացմանը, կնպաստեն համատեղ մշակութային միջոցառումների իրականացմանը, բոլոր մակարդակներում ստեղծագործական միությունների և կոլեկտիվների, մշակույթի հաստատությունների, գրականության և արվեստի գործիչների միջև ուղղակի շփումների ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում` այդ բնագավառներում կադրերի պատրաստմանը:

Բարձր պայմանավորվող կողմերը պետական աջակցություն կցուցաբերեն Բելառուսի Հանրապետությունում բնակվող հայերի ազգային-մշակութային ինքնատիպության պահպանմանն ու զարգացմանը և Հայաստանի Հանրապետությունում բնակվող բելառուսների, մասնավորապես` հասարակական, ազգային-մշակութային միավորումներին` մշակութային-լուսավորչական, հրատարակչական գործունեությունում, մայրենի լեզվի ուսուցմանը, գեղարվեստական կոլեկտիվների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Բարձր պայմանավորվող կողմերը սերտ համագործակցություն կիրականացնեն շրջակա միջավայրի պաշտպանության ու բարելավման, անդրսահմանային աղտոտումների կանխման, արդյունավետ և ռեսուրսները խնայող բնօգտագործման, էկոլոգիապես մաքուր արտադրությունների ոլորտի ընդլայնման, բարձրարդյունավետ բնապահպանական ու բնավերականգնողական միջոցառումների իրականացման բնագավառներում:

Բարձր պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, այդ բնագավառներում կհամագործակցեն տարածաշրջանային և գլոբալ, այդ թվում` պետական և հասարակական մակարդակներով` էկոլոգիական անվտանգության և իրազեկման միջազգային համընդգրկուն համակարգի ստեղծման նպատակով:

Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն կցուցաբերեն բնական և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը առողջապահության, սոցիալական պաշտպանության և սոցիալական ապահովման, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների բնագավառներում` առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն իրավախախտումների, այդ թվում` կազմակերպված հանցավորության, կաշառակերության, միջազգային ահաբեկչության, ապօրինի ֆինանսական գործառնությունների, թմրանյութերի անօրինական շրջանառության, հոգեներգործող, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, զենքի և զինամթերքի, տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկության անվտանգության դեմ ուղղված գործողությունների, մաքսանենգության, մշակութային արժեքների ապօրինի արտահանման դեմ պայքարի միջոցառումներում:

Բարձր պայմանավորվող կողմերը կիրականացնեն այդ բնագավառներում ունեցած փորձի և օպերատիվ տեղեկությունների փոխանակում, կանցկացնեն դրա հետ կապված համատեղ միջոցառումներ միջազգային համագործակցության շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Բարձր պայմանավորվող կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հարցերով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարծիքների փոխանակման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Բարձր պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով անհրաժեշտության դեպքում կկնքեն առանձին երկկողմ միջազգային պայմանագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են նրանք հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Պայմանագրի մեկնաբանման ու կիրառման հետ կապված վեճերը Բարձր պայմանավորվող կողմերի միջև ենթակա են կարգավորման խորհրդակցությունների ու բանակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրը:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Պայմանագիրը կնքվում է տասը տարով և ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ հաջորդ հնգամյա ժամանակահատվածների համար, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը չհայտնի Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին` այդ մասին առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցելով մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

 

Կատարված է 2001 թվականի մայիսի 26-ին Երևան քաղաքում` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն ու ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվություն ունի ռուսերեն տեքստը:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 14-ից:

 

 

pin
26.05.2001
Միջազգային պայմանագիր