Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ընդլայնել տնտեսական համագործակցությունը` ի շահ երկու պետությունների,

ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների կողմից իրականացվող ներդրումների համար,

ընդունելով, որ, սույն Համաձայնագրին համապատասխան, ներդրումների իրագործմանն աջակցելը և փոխադարձ պաշտպանությունը կնպաստեն երկու պետություններում գործարար նախաձեռնության զարգացմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրում օգտագործված ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1. «Ներդրումներ» - այն գույքի բոլոր տեսակները, որը մի Պայմանավորվող կողմի պետության ներդրողի կողմից ներդրվում կամ վերաներդրվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում օրենսդրությանը համապատասխան, տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է`

ա) շարժական և անշարժ գույք և այլ գույքային իրավունքներ, ինչպիսիք են հիպոթեքը, գրավը, գրավի իրավունքը և նմանատիպ իրավունքները,

բ) բաժնեմասերը, բաժնետոմսերը, պարտատոմսերը, փայերը և ընկերություններում մասնակցության այլ ձևերը,

գ) դրամական միջոցների կամ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ ցանկացած տնտեսական արժեք ունեցող պահանջի իրավունքը,

դ) մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքները (ինչպիսիք են` հեղինակային իրավունքը, գյուտի իրավունքը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, ապրանքանշանները կամ սպասարկման նշանները, ֆիրմային անվանումները, ապրանքների ծագման նշումները), «նոու-հաուն» և «գուդվիլը», ինչպես նաև երկու Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությամբ ընդունվող նման այլ իրավունքները,

ե) կոնցեսիաները, որոնք տրամադրվում են այն Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում են ներդրումներ, ներառյալ բնական պաշարների հետախուզման, մշակման, արդյունահանման և շահագործման իրավունքը:

Գույքի ներդրման կամ վերաներդրման ձևի ոչ մի իրավական փոփոխություն չի ազդի դրանց որպես ներդրումներ բնույթի վրա, պայմանով, որ այդ փոփոխությունները չեն հակասի համապատասխան Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը:

2. «Եկամուտ» - որևէ ներդրման արդյունքում ստացված գումարները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթը, շահաբաժինը, տոկոսները, գույքի արժեքի աճի արդյունքում ստացված եկամուտները, ռոյալթիի համար վճարումները և ներդրումներից ստացված այլ եկամուտները:

3. «Ներդրողները» յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության համար նշանակում է`

ա) ֆիզիկական անձինք, որոնք, Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենսդրությանը համապատասխան հանդիսանում են նրա քաղաքացիները և ներդրումներ են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում,

բ) իրավաբանական անձինք, որոնք ստեղծվել կամ հիմնվել են Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենսդրության համաձայն, ունեն գտնվելու վայր այդ պետության տարածքում և ներդրումներ են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:

4. «Տարածք» - համապատասխան պետության տարածքը, որը ներառում է ցամաքը, ներքին ջրերն և ընդերքը, որոնց նկատմամբ այդ Պայմանավորվող կողմի պետությունը միջազգային իրավունքին համապատասխան իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ որի իրավազորության ներքո է այն գտնվում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում կստեղծի բարենպաստ պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների համար` իրենց ներդրումների իրականացման համար և կթույլատրի այդ ներդրումները իր պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումներին անփոփոխ կտրամադրվի արդար և իրավահավասար ռեժիմ, ինչպես նաև իրավական պաշտպանություն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` սույն Համաձայնագրին համապատասխան:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է`

անհիմն կամ խտրական միջոցների կիրառմամբ չխոչընդոտել մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների կողմից իր պետության տարածքում ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը,

կատարել ցանկացած պարտավորություն, որը ստանձնվել է մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների ներդրումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում կտրամադրի`

ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների ներդրումների և եկամուտների համար ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր պետության կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումների և եկամուտների համար,

բ) մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողներին` իրենց ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման հարցերում ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին:

2. Սույն հոդվածի դրույթները չպետք է այնպես մեկնաբանվեն, որ պարտավորեցնեն մի Պայմանավորվող կողմին մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողների վրա տարածել ցանկացած ռեժիմի առավելությունները, զեղչերն ու արտոնությունները, որոնք բխում են ցանկացած`

ա) գոյություն ունեցող կամ ապագայում հնարավոր` ազատ առևտրի, մաքսային միության, ընդհանուր շուկայի մասին կամ այլ նմանատիպ միջազգային համաձայնագրից, ներառյալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության այլ ձևերը, որոնց մասնակից է կամ կարող է ապագայում մասնակցել Պայմանավորվող կողմերի պետություններից յուրաքանչյուրը,

բ) միջազգային համաձայնագրից, որը լրիվ կամ գլխավորապես վերաբերում է հարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՕՏԱՐՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում չեն կարող ենթարկվել ռեկվիզիցիայի, օտարման, ազգայնացման կամ այլ գործողությունների, որոնք հետևանքներով համարժեք են և տանում են դեպի օտարերկրյա ներդրողի սեփականության իրավունքի կամ նրա ներդրումների վերահսկման կամ էական առավելության զրկման (այսուհետ` օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գործողությունները ձեռնարկվում են` ելնելով պետական կամ հասարակական շահերից, օրենսդրությանը համապատասխան, առանց խտրականության և համապատասխան փոխհատուցում ապահովելով:

2. Այսպիսի փոխհատուցումը կազմում է օտարվող ներդրումների շուկայական արժեքը օտարման իրականացմանը կամ դրա հանրորեն հայտնի դառնալուն անմիջապես նախորդող պահի դրությամբ` կախված նրանից, թե որն է առաջինը տեղի ունեցել: Շուկայական արժեքը որոշվում է համընդհանուր ընդունված միջազգային պրակտիկային համապատասխան և ներառում է LIBOR հիմքի վրա հաշվարկված տոկոսադրույք` այն արժույթի նկատմամբ, որով իրականացվել էր ներդրումը` օտարման պահից մինչև վճարման օրը ընկած ժամանակահատվածի համար: Փոխհատուցումը կվճարվի Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան, առանց անհիմն ուշացման, այն արժույթով, որով իրականացվել էին սկզբնական ներդրումները, և ազատորեն կփոխանցվի մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք:

3. Կորուստներ կրած ներդրողները իրավունք ունեն, օտարում իրականացնող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը համապատասխան և սույն հոդվածում շարադրված սկզբունքների համաձայն, այդ Պայմանավորվող կողմի պետության դատական ատյանում գործի օպերատիվ քննարկման և համապատասխան ներդրումների գնահատման վերլուծության:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

Մի Պայմանավորվող կողմի պետության ներդրողների նկատմամբ, որոնց ներդրումները վնասներ են կրել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում տեղի ունեցած պատերազմի կամ այլ զինված ընդհարման, հեղափոխության, պետական արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ նմանատիպ այլ հանգամանքների հետևանքով վերջին Պայմանավորվող կողմի կողմից կտրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նա տրամադրում է իր պետության ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին այն բանում, ինչը վերաբերում է վերականգնմանը, վնասների հատուցմանը, փոխհատուցմանը կամ այլ կարգավորմանը: Այդ կապակցությամբ կատարվող վճարումները կարող են փոխանցվել առանց սահմանափակումների:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱԶԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողներին համապատասխան ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր միջոցների ազատ փոխանցում և մասնավորապես, բայց ոչ բացառապես`

ա) եկամուտների, ինչպես դա սահմանված է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետում,

բ) երկու Պայմանավորվող կողմերի կողմից որպես ներդրումներ ճանաչվող փոխառությունների մարման դիմաց վճարվող միջոցների,

գ) ներդրումների կառավարմանը առնչվող ծախսերը հոգալու համար նախատեսված միջոցների,

դ) ներդրումների պահպանման կամ ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական և լրացուցիչ գումարների,

ե) ներդրումների վաճառքից կամ դրա ամբողջական կամ մասնակի լուծարումից ստացվող միջոցների, ներառյալ գույքի արժեքի հնարավոր աճը,

զ) սույն Համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցումների,

է) վեճերի կարգավորման արդյունքում վճարվող գումարների:

2. Սույն հոդվածով նախատեսված միջոցների փոխանցումը կիրականացվի առանց ուշացման, ազատ փոխարկելի արժույթով, այն Պայմանավորվող կողմի պետության արժութային կարգավորման կանոններին համապատասխան, որի տարածքում իրականացվել են ներդրումները, եթե համապատասխան ներդրողի և Պայմանավորվող կողմի միջև չկա այլ համաձայնություն:

3. Սույն հոդվածով նախատեսված վճարումների իրականացման համար արժույթի փոխանակումն իրականացվում է ըստ փոխանցման օրվա դրությամբ գործող շուկայական փոխարժեքի` համապատասխան Պայմանավորվող կողմի պետության արժութային կարգավորման կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

 

Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից լիազորված կազմակերպությունը, որը ներդրողին վճարում է կատարում նրա կողմից` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում նրա ներդրումների կապակցությամբ ոչ առևտրային ռիսկից երաշխիքների տրամադրման հիման վրա, իրավունք կունենա սուբրոգացիայի սկզբունքի ուժով օգտվելու ներդրողի իրավունքներից նույն ծավալով, ինչպես ներդրողը: Այդ իրավունքները կիրականացվեն վերջին Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորինս կլուծվեն դիվանագիտական ուղիներով` բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը չկարողանան լուծել որևէ վեճ վերոհիշյալ ձևով բանակցություններ սկսելու պահից վեց ամսվա ընթացքում, ապա այդ վեճը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է փոխանցվել արբիտրաժային դատարան` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

3. Արբիտրաժային դատարանը կստեղծվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար հետևյալ ձևով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնշանակի դատարանի մեկ անդամ, իսկ այդ երկու անդամները Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ կնշանակեն դատարանի նախագահին: Նա պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, որի հետ երկու Պայմանավորվող կողմերը պահպանում են դիվանագիտական հարաբերություններ: Դատարանի անդամները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահը` երեք ամսվա ընթացքում` հաշված այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կծանուցի վեճը արբիտրաժային դատարան փոխանցելու իր մտադրության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետներում անհրաժեշտ նշանակումները չկատարվեն, ապա այլ պայմանավորվածության բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ իրականացնելու խնդրանքով: Եթե Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացի կամ այլ պատճառներով չի կարող կատարել նշված գործառույթը, անհրաժեշտ նշանակումների իրականացումը կառաջարկվի Միջազգային դատարանի փոխնախագահին: Եթե Միջազգային դատարանի փոխնախագահը ևս հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի պետության քաղաքացի կամ այլ պատճառներով չի կարող կատարել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումների իրականացումը կառաջարկվի Միջազգային դատարանի` նրան ըստ ավագության պաշտոնով հաջորդող անդամին, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից ոչ մեկի պետության քաղաքացի:

5. Արբիտրաժային դատարանը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը կլինի վերջնական և պարտադիր երկու Պայմանավորվող կողմերի համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կկրի իր կողմից նշանակված դատարանի անդամի գործունեության և արբիտրաժային վարույթում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի, ինչպես նաև վեճի քննության հետ կապված ցանկացած այլ ծախս հավասար կբաշխվի Պայմանավորվող կողմերի միջև: Սակայն դատարանը իրավունք ունի այլ որոշում ընդունել ծախսերի վերաբերյալ: Մնացած բոլոր հարցերում դատարանն ինքն է սահմանում իր աշխատանքի կանոնակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՂԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել Պայմանավորվող կողմերից մեկի և մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողի միջև` տվյալ ներդրողի ներդրումների առնչությամբ, կլինի վեճի կողմերի միջև խորհրդակցությունների առարկա` այն բարեկամաբար կարգավորելու նպատակով:

2. Եթե վեճը կարգավորելու անհրաժեշտության մասին դիմումի ներկայացումից հետո վեց ամսվա ընթացքում այդ խորհրդակցությունները չհանգեցնեն վեճի լուծմանը, ներդրողն իրավունք ունի իր հայեցողությամբ վեճը լուծելու համար այն փոխանցել`

ա) այն Պայմանավորվող կողմի պետության իրավասու դատարան, որի տարածքում իրականացվել են ներդրումները,

բ) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)` պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիային համապատասխան, կամ քարտուղարություն (ICSID)` Օժանդակ ընթացակարգերի կանոններին համապատասխան.

գ) «ad hoc» արբիտրաժային դատարան, որը, եթե վեճի կողմերը այլ կերպ չհամաձայնվեն, պետք է ստեղծվի և գործի, Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոնակարգին (UNCITRAL) համապատասխան:

3. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը արբիտրաժային վարույթի կամ արբիտրաժային որոշման կատարման ընթացքում չպետք է իր պաշտպանության համար հղում կատարի իր ինքնիշխանության կամ այն հանգամանքի վրա, որ մյուս Պայմանավորվող կողմի պետության ներդրողը, որևէ ապահովագրական պոլիսին կամ այլ երաշխիքին համապատասխան, ստացել է լրիվ կամ մասնակի փոխհատուցում:

4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է փորձի դիվանագիտական ուղիներով կարգավորել այն վեճը, որը ներկայացվել է միջազգային արբիտրաժի քննությանը:

5. Արբիտրաժային որոշումը կլինի վերջնական և պարտադիր վեճի երկու կողմերի համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է նման որոշումը կատարել իր օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենսդրությունը կամ գոյություն ունեցող կամ հետագայում կնքվող միջազգային պայմանագրերը, որոնց մասնակից են երկու Պայմանավորվող կողմերը, պարունակում են ընդհանուր կամ հատուկ կանոններ, որոնց համաձայն մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները օգտվում են առավել բարենպաստ ռեժիմից, քան այն, որը սահմանվում է սույն Համաձայնագրով, ապա այդ կանոնները գերակայող են սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրը կկիրառվի բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք իրականացվել են Պայմանավորվող կողմերից մեկի պետության ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն, ինչպես մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, այնպես էլ դրանից հետո, սակայն չի կիրառվի ներդրումների վերաբերյալ ցանկացած վեճի նկատմամբ, որը ծագել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները կանցկացնեն խորհրդակցություններ սույն Համաձայնագրի կատարման առնչությամբ ցանկացած հարցով: Այդ խորհրդակցությունները կանցկացվեն Պայմանավորվող կողմերից մեկի առաջարկությամբ, դիվանագիտական ուղիներով համաձայնեցված վայրում և ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերը կարող են գրավոր փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրությունների տեսքով:

Այդպիսի արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը գրավոր կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին իր կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական համապատասխան ընթացակարգերը կատարելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու ծանուցումներից վերջինի ստացման օրվանից հաշված 30 օր լրանալուց հետո:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է տասը տարի ժամկետով: Այդ ժամանակաշրջանը լրանալուց հետո այն ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակաշրջանով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն տասներկու ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը իրականացված և դրա գործողության տակ ընկնող ներդրումների նկատմամբ, սույն Համաձայնագրի մյուս բոլոր հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան սույն Համաձայնագրի դադարեցման ժամկետից հետո հաջորդ տաս տարվա ընթացքում:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման հարցում տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 10-ից:

 

 

pin
26.05.2001
Միջազգային պայմանագիր