Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով 1997 թվականի օգոստոսի 29-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» Պայմանագրով և 2000 թվականի սեպտեմբերի 26-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին» Հռչակագրով,

հաշվի առնելով, որ միջպետական ինտեգրումը հանդիսանում է տնտեսական զարգացման կարևորագույն տարրերից մեկը,

օգտագործելով աշխատանքի միջազգային բաժանման, արտադրության մասնագիտացման և կոոպերացման, փոխշահավետ առևտրի առավելությունները` իրենց պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին հասնելու համար,

ելնելով իրավահավասար և փոխշահավետ առևտրատնտեսական ու արտադրական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման, դրանց երկարաժամկետ ու կայուն բնույթ տրամադրելու, երկու պետությունների տնտեսական ներուժի օգտագործման և իրենց ժողովուրդների բարեկեցության բարձրացման անհրաժեշտությունից,

մեծ նշանակություն տալով տնտեսական բարեփոխումների իրականացման ներդաշնակեցմանը, ապրանքների և ծառայությունների, ներդրումների և աշխատուժի ազատ տարանցմանը փուլային անցման համար պայմանների ստեղծմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Բարձր պայմանավորվող կողմերը իրագործում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թվականի երկարաժամկետ տնտեսական համագործակցության» Ծրագիրը (այսուհետ` Ծրագիր):

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Բարձր պայմանավորվող կողմերի տնտեսական համագործակցությունը իրականացվում է երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև, անկախ սեփականության ձևից և ենթակայությունից, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհով, յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակցում են պետությունները:

Բարձր պայմանավորվող կողմերը ձգտում են իրենց պետություններում սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղությունների համաձայնեցմանը և տնտեսական գործունեության կանոնակարգման ոլորտում նորմատիվաիրավական դաշտի ներդաշնակեցմանը:

Բարձր պայմանավորվող կողմերը աջակցություն են ցուցաբերում երկու պետությունների տարածքներում ներդրումային ծրագրերի իրագործման, համատեղ ինտեգրացված կառույցների և ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծման և սեփականաշնորհմանը փոխադարձ մասնակցության հարցերում` յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն:

Բարձր պայմանավորվող կողմերը պատասխանատվություն չեն կրում տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունների համար, որոնք բխում են համաձայնագրերից և կոնտրակտներից` կնքված սույն Պայմանագրի կատարման շրջանակներում դրա գործողության ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ծրագրի իրագործման ընթացքի հետ կապված հարցերի քննարկումը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան փոփոխությունների ու լրացումների կատարումը կատարվում է առնվազն տարին մեկ անգամ` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996-1997թթ. առևտրատնտեսական համագործակցության մասին» 1996 թվականի մայիսի 28-ի Համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն:

Ծրագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ձևակերպվում են սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման երկկողմ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Պայմանագիրը չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերի կողմից դրա համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման ստացվելու օրվանից և կգործի մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Բարձր պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այս դեպքում Պայմանագիրը դադարեցնում է իր գործողությունը նման ծանուցում ստանալու օրվանից 6 ամիս անց:

Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը չի շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են սույն Պայմանագրի կատարման շրջանակներում դրա գործողության ընթացքում կնքված համաձայնագրերից և կոնտրակտներից:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ մտել 2002 թվականի մարտի 29-ից:

 

Հավելված

 

«Հայաստանի Հանրապետության և

Ռուսաստանի Դաշնության միջև

մինչև 2010 թվականի երկարաժամկետ տնտեսական

համագործակցության մասին» Պայմանագրին կից

 

ԾՐԱԳԻՐ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև (այսուհետ` Կողմեր) տնտեսական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է պատմականորեն ձևավորված սերտ և բազմակողմ արտադրական և գիտատեխնիկական կապերով, համատեղ ռազմավարական շահերով:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թվականի երկարաժամկետ տնտեսական համագործակցության Ծրագիրը (այսուհետև` Ծրագիր) մշակված է` ելնելով 1997 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» Պայմանագրի և 2000 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» Հռչակագրի դրույթներից:

 

1. Ծրագրի հիմնական նպատակները և խնդիրները

 

Ծրագիրը մշակված է Կողմերի տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության հաստատման և խորացման նպատակով, դրա հիման վրա Կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերություններում նկատելի առաջընթացի և ապրանքաշրջանառության աճի ապահովման համար:

Ծրագրում նախանշված նպատակները իրագործվում են հետևյալ ճանապարհներով.

երկու երկրների տնտեսության կառուցվածքային վերակառուցման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների մերձեցում,

Կողմերի տնտեսավարող սուբյեկտների գործունեության հավասար հնարավորությունների և երաշխիքների ստեղծման համար ինստիտուցիոնալ վերափոխումների համակարգում,

համագործակցության հաստատում անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացմանը (լվացման) հակազդելու բնագավառում,

միջպետական և տարածաշրջանային համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների հստակեցում, այդ ուղղություններով դրանց պետական աջակցության համակարգի ստեղծում,

նպատակային միջպետական նախագծերի և տնտեսական համագործակցության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացման համար ինտեգրացված ենթակառուցվածքների ձևավորում,

ձեռնարկությունների արտադրական կոոպերացիայի հետագա զարգացում,

արտաքին առևտրի քաղաքականության և երրորդ երկրների շուկաներում արտաքին առևտրային գործունեության համակարգման մեխանիզմի ստեղծում,

չվճարումների և փոխադարձ պարտքերի մարման խնդրի լուծում, առևտրավճարային հարաբերությունների ներդաշնակեցման ապահովում,

մաքսային գործունեության տարբեր ոլորտներում մաքսային գերատեսչությունների համագործակցության հստակ ձևերի սահմանում,

բարեխիղճ մրցակցության չափանիշների համաձայնեցում, անբարեխիղճ գործողությունների դադարեցման և վնասի փոխհատուցման պահանջների ներկայացման կարգի սահմանում,

համագործակցություն ֆոնդային շուկաների և ապահովագրական ծառայությունների շուկայի զարգացման բնագավառում:

 

2. Տնտեսական և ֆինանսական համագործակցության զարգացում

 

Ծրագրով նախատեսվում է առաջնահերթ միջոցների շարքում իրականացնել նորմատիվաիրավական դաշտի ներդաշնակեցում և միասնականացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում Կողմերի տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով:

Հիմնական ուշադրություն է դարձվելու օրենսդրության ներդաշնակեցմանը այն ոլորտներում, որոնք կանոնակարգում են վարկային կազմակերպությունների գործունեությունը, ֆինանսական ինստիտուտների համագործակցության զարգացումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գնային քաղաքականության կանոնակարգումը, փոխադարձ ներդրումների և արտադրական կոոպերացիայի պաշտպանության պայմանները, առևտրային վեճերի լուծման միասնական կանոնների ձևավորումը, սպառողական ապրանքների և ծառայությունների շուկայի իրավիճակի համատեղ տեղեկատվական համակարգի ստեղծումը:

Նախատեսվում է իրականացնել միջոցառումներ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ոլորտում տեղեկատվական փոխգործունեության ընդլայնման և մեթոդաբանության համաձայնեցման, մաքսային ընթացակարգերի կատարելագործման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, արտադրանքների և ծառայությունների նորմատիվ պահանջներին համապատասխանության հաստատման նպատակով:

Նախատեսվում է առանձնացնել համագործակցության առաջնային ուղղությունները գործունեության առանձին ոլորտներում, այդ թվում` փոխշահավետ միջճյուղային համագործակցություն վառելիքաէներգետիկ և ռազմաարդյունաբերական համալիրների, գունավոր մետալուրգիայի, շինարարության, կապի և տեղեկատվության, թեթև արդյունաբերության բնագավառներում:

 

3. Ծրագրի իրագործման ղեկավարումը

 

Ծրագրի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը, որը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1995-1996թթ. առևտրատնտեսական համագործակցության մասին» 1996 թվականի մայիսի 28-ի Համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ` Միջկառավարական հանձնաժողով), կհաստատի Ծրագրին կից միջոցառումները (այսուհետ` Միջոցառումներ):

Միջոցառումները պարունակում են առաջարկների մշակումներ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ համագործակցության հեռանկարային նախագծերի և հարցերի, այդ թվում` Կողմերի տնտեսավարող սուբյեկտների փոխգործողության բնագավառում:

Միջկառավարական հանձնաժողովը իր նիստերի ընթացքում իրականացնում է Ծրագրի և Միջոցառումների կատարման ուսումնասիրություն:

Միջկառավարական հանձնաժողովը.

համակարգում է Ծրագիրը և Միջոցառումները իրականացնող պետական մարմինների գործունեությունը, հսկում է միջոցառումների կատարումը,

անհրաժեշտության դեպքում Ծրագրում և Միջոցառումներում առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել,

կազմակերպում է Ծրագրի և Միջոցառումների իրականացման հետ կապված միջկառավարական համաձայնագրերի նախագծերի նախապատրաստումը, իրականացնում է հսկողություն փոխադարձ համագործակցության հեռանկարային ուղղություններում համատեղ նախագծերի և ծրագրերի իրագործման նկատմամբ:

Ծրագրով և Միջոցառումներով նախանշված համագործակցության հարցերի և նախագծերի մշակման համար Միջկառավարական հանձնաժողովը կարող է ստեղծել մշտական կամ ժամանակավոր բնույթի աշխատանքային խմբեր:

Աշխատանքային խմբերը Ծրագրի և Միջոցառումների իրագործումը իրականացնում են հետևյալ ճանապարհներով.

Ծրագրի և Միջոցառումների համապատասխան բաժինների իրագործման համակարգում և մոնիտորինգ` աշխատանքային խմբերի ազգային մասերի մակարդակով,

Ծրագրի և Միջոցառումների բաժինների կատարման արդյունքների հիման վրա համաձայնեցված առաջարկների ձևավորում` անհրաժեշտության դեպքում միջկառավարական մակարդակով քննարկելու և որոշում ընդունելու համար,

Ծրագրի և Միջոցառումների կատարման իրագործման և համակարգման հարցերին առնչվող միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման կազմակերպում,

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ համագործակցության իրավիճակի մասին ամենամյա զեկույցների նախապատրաստում` դրա հետագա զարգացման և կատարելագործման առաջարկներով:

Ծրագրի և Միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Կողմերի շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների հաշվին:

 

 

pin
15.09.2001
Միջազգային պայմանագիր