Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼ ...

 

 

i

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

տնտեսական և առևտրական խոչընդոտների վերացման նպատակով,

ձգտելով զարգացնել համագործակցությունը ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան,

հասկանալով դրանց նշանակությունը մարդու կյանքի և առողջության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության գործում,

ղեկավարվելով երկու Կողմերի տնտեսական շահերով,

երկու երկրներում գործող օրենսդրության շրջանակներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Փոխըմբռնման հուշագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, պայմանավորվում են իրականացնել համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են.

ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգային կամ եվրոպական ստանդարտներին` գիտատեխնիկական համագործակցության զարգացման և առևտրի բնագավառում խոչընդոտների հաղթահարմանն աջակցելու համար,

փոխադարձաբար մատակարարվող արտադրանքների նորմատիվ փաստաթղթերի ներդաշնակեցման համատեղ աշխատանքների իրականացում,

չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացվող չափման միջոցների փորձարկումների, տեսակի հաստատման արդյունքների և հավատարմագրված ստուգաչափում (կալիբրովկա) իրականացնող լաբորատորիաների կողմից կատարված ստուգաչափման (կալիբրովկայի) արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում,

ֆիզիկական մեծությունների ազգային և աշխատանքային էտալոնների ստեղծման, կատարելագործման, բաղդատման և ստանդարտ նմուշների մշակման և արտադրման համատեղ աշխատանքների իրականացում,

հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև փոխադարձաբար մատակարարվող արտադրանքների փորձարկման և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համաձայնության եկան ստանդարտացման ազգային մարմինների կողմից հրատարակվող նորմատիվ փաստաթղթերի, տեղեկատվության, պարբերական հրատարակությունների փոխանակման մասին, այն է`

ազգային ստանդարտների քարտագրացուցակներ, ազգային ստանդարտներ, նորմեր և ընթացակարգեր,

ընդհանուր տեղեկատվություն և հրատարակություններ սերտիֆիկացման, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման վերաբերյալ, ինչպես նաև պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքների ցանկեր,

տեղեկատվություն և նյութեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում փորձագետների ուսուցման և որակավորման բարելավման ծրագրերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը սահմանում են փոխադարձաբար մատակարարվող արտադրանքների, գործող նորմատիվ փաստաթղթերի և նորմատիվ փաստաթղթերին ապրանքի համապատասխանության սերտիֆիկատների օրինակների ցանկը և տեղեկացնում այդ մասին իրենց իրավասու մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման ապահովման համար Կողմերը իրենց լիազոր մարմիններ են նշանակում.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը,

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից` Իրանի Իսլամական Հանրապետության ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտին:

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի համաձայնեցված դրույթների իրականացման համար 4-րդ հոդվածում նշված մարմինները, անհրաժեշտության դեպքում, կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր, արձանագրություններ և այլն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն ապահովում են սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ստացվող փաստաթղթերի և տեղեկատվության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիության մասին:

Համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկատվությունը Կողմերից յուրաքանչյուրը կարող է ազատ օգտագործել, եթե մյուս Կողմը չի նշել դրա գաղտնիության մասին: Այդ տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմին միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կհամագործակցեն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման զանազան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ` աջակցելով միմյանց այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամագրվելուն կամ մասնակցելուն, որոնց անդամ է Կողմերից մեկը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում փորձի փոխանակման, խորհրդատվությունների անցկացման և մասնագետների ուսուցման համար իրականացնելու են մասնագետների պատվիրակությունների փոխայցելություններ:

Փոխայցելությունների պայմանները սահմանվելու են Կողմերի իրավասու մարմինների միջև կնքվող առանձին համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի կիրառման և դրույթների մեկնաբանման հետ կապված որևէ վիճելի հարց կամ տարաձայնություն Կողմերի միջև լուծվելու է փոխադարձ խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Փոխըմբռնման հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

Արձանագրությունները կազմում են սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնելու 13-րդ հոդվածում սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը չի հակասում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում երրորդ երկրների հետ Կողմերի կնքած այլ Համաձայնագրերին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման համար ֆինանսավորումը կիրականացվի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետների համար, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի իր ցանկությունը վերջինիս գործողությունը դադարեցնելու մասին ոչ ուշ, քան գործողության ժամկետի լրանալուց 6 (վեց) ամիս առաջ:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով կծանուցեն միմյանց դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագիրը` իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի գրավոր ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 22-ից:

 

 

pin
27.10.2001
Միջազգային պայմանագիր