Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.08.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.01.1998  -ից մինչեւ   01.08.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 06.07.00 թիվ ՀՕ-82 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «20» հուլիսի 1993թ. Հ.Ն-0910-I

 

i

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և արժեթղթերի շուկայի մասնակիցների գործունեության կարգավորման և վերահսկման հիմնական դրույթները:

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Արժեթուղթը` փաստաթուղթ է, որը վկայում է այն թողարկող և ձեռք բերող անձանց միջև գույքային կամ փոխառության առնչությամբ սահմանված փոխհարաբերությունների մասին:

2. Արժեթղթերի սերտիֆիկատը` շրջանառության մեջ արժեթղթերին փոխարինող փաստաթուղթ է, որը հավաստում է դրանում նշված որոշակի քանակի արժեթղթերի տիրապետման մասին:

3. Ներդրողը (ինվեստորը)` ֆիզիկական անձ է, կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտ է, որը հանդիսանում է արժեթղթերի սեփականատեր կամ նրա կողմից լիազորված անձ:

4. Արժեթղթերի շուկան` արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության առնչությամբ առաջացող փոխհարաբերությունների համակարգ է:

5. Արժեթղթերի թողարկումը (էմիսիան)` շրջանառության մեջ արժեթղթեր բաց թողնելու և դրանց առաջին իրացման գործառնությունն է:

6. Արժեթղթերի շրջանառությունը` արժեթղթերի սեփականատերերի փոփոխությունն է ինչպես արժեթղթերի առուծախի միջոցով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օտարման այլ եղանակներով:

7. Ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերը` այն արժեթղթերն են, որոնց սեփականատերերի փոփոխումը չի վերահսկվում դրանք թողարկողի կողմից, այլ կարող է հաշվառվել դիվիդենտ տալու նպատակով:

8. Սահմանափակ իրավունքով արժեթղթերը` այն արժեթղթերն են, որոնց սեփականատերերի փոփոխումը կատարվում է դրանք թողարկողի մասնակցությամբ կամ վերահսկվում` վերջինիս կողմից:

9. Արժեթղթերի թողարկման ազդագիրը` արժեթղթերի իրացման թույլտվություն ստանալու համար արժեթղթեր թողարկողի կողմից ներկայացվող փաստաթուղթն է, որում հաստատագրված են թողարկողի գործունեության, նրա պարտավորությունների, արժեթղթերի թողարկման նպատակի, ներդրողների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև` այլ տեղեկություններ:

10. Արժեթղթերի տեղաբաշխումը` արժեթղթերի առաջին օտարումն է վաճառքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և թողարկողի (էմիտենտի) կանոնադրությանմբ նախատեսված այլ ձևերով:

11. Արժեթղթերի բաց տեղաբաշխումը` արժեթղթերի տեղաբաշխումն է անհայտ ներդրողների շրջանում:

12. Արժեթղթերի փակ տեղաբաշխումը` արժեթղթերի տեղաբաշխումն է հայտնի ներդրողների շրջանում:

13. Գաղտնապահական տեղեկատվությունը` արժեթղթեր թողարկողին և նրա թողարկած արժեթղթերին վերաբերող այն տեղեկատվությունն է, որի օգտագործումը կարող է հասցնել ներդրողի, արժեթղթեր թողարկողի կամ շուկայի մասնակիցների շահերին:

i

14. Պետական լիազորված մարմինը` արժեթղթերի շուկայի կարգավորումը և վերահսկումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն է:

 

Հոդված 2. Արժեթղթերի տեսակները

 

Սույն օրենքի դրույթները տարածվում են հետևյալ արժեթղթերի վրա.

բաժնետոմսեր,

պարտատոմսեր,

սեփականաշնորհման պետական արժեթղթեր,

ավանդային սերտիֆիկատներ,

մուրհակներ,

առևտրային արժեթղթեր,

այլ արժեթղթեր:

 

Հոդված 3. Արժեթղթերի կիրառման օժանդակ ոլորտները

 

Արժեթղթերը կարող են օգտագործվել վարկատուի պարտականությունների մարման համար` վարկատուի և արժեթղթերի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, արժեթղթերը կողմերի համաձայնությամբ, որպես պարտավորությունների ապահովման միջոց կարող են գրավի առարկա լինել:

 

ԲԱԺԻՆ 2
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ (ԷՄԻՍԻԱՆ)

 

Հոդված 4. Արժեթղթեր թողարկողները (էմիտենտները)

 

i

Արժեթղթեր թողարկող (էմիտենտը) այն իրավաբանական անձն է, որն արժեթղթերի շրջանառության մեջ է բաց թողնում իր անունից և պարտավորություն է կրում այդ արժեթղթերը ձեռք բերողների առջև:

Մուրհակներ և այլ արժեթղթեր թողարկող կարող են լինել նաև անհատ ձեռներեցները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից արժեթղթեր թողարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

Իշխանության տեղական մարմինների անունից արժեթղթեր թողարկում են այդ մարմինները կամ վերջիններիս կողմից լիազորված կազմակերպությունները:

Այլ թողարկումների անունից արժեթղթեր թողարկում են արժեթղթեր թողարկող սուբյեկտները, ինչպես նաև վերջիններիս կողմից լիազորված կազմակերպությունները:

Արժեթղթերի թողարկմամբ պայմանավորված իրավունքները և պարտականություններն առաջանում են ներդրողի կամ նրա լիազորած անձի կողմից արժեթղթերի ձեռք բերման պահից:

Արժեթղթեր թողարկողի լուծարման դեպքում առևտրային և այլ արժեթղթերի փոխհատուցման իրավունք ունեն հաջորդաբար մուրհակների, գույքի կամ արժեթղթերի գրավի դիմաց թողարկված և այլ պարտատոմսերի, արտոնյալ բաժնետոմսերի և հասարակ բաժնետոմսերի սեփականատերերը:

Արժեթղթեր թողարկողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արժեթղթերի թողարկման վերաբերյալ իր որոշմամբ կամ ազդագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման համար:

Արժեթուղթը անբաժանելի է: Եթե մի արժեթուղթ պատկանում է մի քանի անձանց, ապա նրանք բոլորը միասին համարվում են մեկ սեփականատեր և իրենց ներկայացուցչի միջոցով կարող են օգտվել արժեթղթերի թողարկմամբ պայմանավորված իրավունքներից: Արտարժույթով արտահայտված արժեթղթերի թողարկմամբ պայանավորված պարտավորությունները կարող են կատարվել արտարժույթով կամ Հայաստանի Հանրապետության արժույթով:

Եթե պարտավորությունների կատարումը նախատեսված Հայաստանի Հանրապետության արժույթով, որը պարտադիր պետք է նշված լինի արժեթղթերի թողարկման որոշմամբ կամ ազդագրում, ապա հաշվարկները կատարվում են վճարման օրը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով, եթե այլ բան չի նախատեսված արժեթղթերի թողարկման որոշմամբ:

 

Հոդված 5. Արժեթղթերում ներդրողները (ինվեստորներ)

 

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական կառավարման մարմինները, ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում, օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ որպես ներդրողներ, եթե արժեթղթեր թողարկողի ազդագրում չկան սահմանափակումներ:

 

Հոդված 6. Արժեթղթերի թողարկման ընդհանուր պայմանները

 

i

Արժեթղթեր (սերտիֆիկատները) կարող են թողարկվել մեկ կամ մի քանի լեզուներով, ազատ կամ սահմանափակ շրջանառության իրավունքով:

Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերը կարող են թողարկվել Հայաստանի Հանրապետության արժույթով կամ արտարժույթով:

Հայաստանի Հանրապետությունում թողարկվող արժեթղթերը կամ դրանց սերտիֆիկատները պետք է ձևավորված և պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միասնական ստանդարտներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում թողարկվող այն արժեթղթերը կամ դրանց սերտիֆիկատները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միասնական ստանդարտների, համարվում են անվավեր:

Արժեթղթերը թողարկվում ինչպես անվանական, այնպես էլ` ըստ ներկայացնողի:

Անվանական արժեթղթերի վաճառքը կամ այլ եղանակով օտարումն ենթակա է պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև թողարկողի կողմից սահմանված կարգով:

Ըստ ներկայացնողի արժեթղթերը թողարկվում են միայն ազատ շրջանառության իրավունքով:

Սույն օրենքի 2 հոդվածում նշված արժեթղթեր (բացառությամբ մուրհակների և այլ արժեթղթերի) թողարկողը արժեթղթերի թողարկման իրավունք է ձեռք բերվում իր կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ:

Պետական ձեռնարկությունները, կազմակերպությունները կարող են թողարկել պարտատոմսեր, մուրհակներ, առևտրային և այլ արժեթղթեր, ընդ որում, պարտատոմսերի և առևտրային արժեթղթերի համար նրանց անհրաժեշտ է ստանալ կառավարման վերադաս մարմնի համաձայնությունը:

 

Հոդված 7. Արժեթղթերի թողարկման ազդագիրը

 

Ազատ շրջանառության իրավունքով բաժնետոմսեր, պարտատոմսեր, սերտիֆիկատներ, առևտրային արժեթղթեր թողարկողները, պարտավոր են պետական լիազորված մարմնին ներկայացնել այդ արժեթղթերի թողարկման ազդագիրը:

Նշված արժեթղթերի սահմանափակ շրջանառության, ինչպես նաև մուրհակների և այլ արժեթղթերի ազատ կամ սահմանափակ շրջանառության դեպքում ազդագրեր չեն ներկայացվում:

Սեփականաշնորհման պետական արժեթղթերը, պետական պարտատոմսերը, մուրհակները և այլ արժեթղթերը թողարկվում են ազատ շրջանառության իրավունքով:

Արժեթղթերի թողարկման ազդագրի կառուցվածքին և բովադակությանը վերաբերող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արժեթղթեր թողարկող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության են կրում թողարկման ազդագրում զետեղված տեղեկությունների ճշտության համար:

 

Հոդված 8. Արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցումը

 

Սույն օրենքի 7 հոդվածի 1-ին մասում նշված ազատ շրջանառության բոլոր արժեթղթերի թողարկման ազդագրերը պետք է գրանցված լինեն պետական լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մուրհակները և այլ արժեթղթերը թողարկվում են առանց ազդագրի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ազդագրերի հիման վրա թողարկված արժեթղթերի ազատ շրջանառությունն արգելվում է:

Ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման համար թողարկողը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է պետական լիազորված մարմնին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումը,

արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումը արժեթղթի թողարկման մասին,

արժեթղթի թողարկման ազդագիրը:

Եթե արժեթղթեր թողարկողը պետական հիմնարկ, ձեռնարկություն կամ կազմակերպություն է, ապա վերոհիշյալ փաստաթղթերից բացի պարտավոր է ներկայացնել արժեթղթի թողարկման վերաբերյալ իր վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը:

i

Պետական լիազորված մարմինը կատարում է արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցում, որի դիմաց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվում է տուրք:

Պետական լիազորված մարմինը պարտավոր է գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը վերոհիշյալ փաստաթղթերի ստացման օրվանից սկսած 30 օրվա ընթացքում, եթե թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը կատարել է թողարկման ազդագրի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

Արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցումը պետական լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել, եթե արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը խախտել է սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի պահանջները:

Պետական գրանցման մերժումն այլ պատճառներով, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:

Եթե արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը բոլոր փաստաթղթեր ներկայացնելու օրվանից սկսած 45 օրվա ընթացքում գրավոր պաշտոնական մերժում չի ստանում, ապա արժեթղթերի թողարկման ազդագիրը համարվում է գրանցված:

Գրանցված արժեթղթերի թողարկման ազդագիրը թողարկողի կողմից ենթակա է հրապարակման երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում:

Արժեթղթերի ազատ շրջանառությունը կարող է իրականացվել դրանց թողարկման ազդագրի հրապարակման օրվանից սկսած 10 օրից ոչ շուտ:

 

Հոդված 9. Ազատ շրջանառության իրավունքով արժեթղթեր թողարկողների հաշվետվությունը

 

Ազատ շրջանառության իրավունքով արժեթղթեր թողարկողները տարեկան հաշվետվությունները պարտավոր են հրապարակել Հայաստանի Հանրապետության 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունը ներկայացնելու օրվանից սկսած ոչ ուշ, քան մեկ ամսում:

 

ԲԱԺԻՆ 3
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

 

Հոդված 10. Արժեթղթերի տեղաբաշխման ձևերը

 

Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է կամավոր հիմունքներով, բացառությամբ պետական արժեթղթերը բանկային համակարգում տեղաբաշխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դեպքերի:

Արժեթղթերի տեղաբաշխումը կարող է իրականացվել հետևյալ եղանակով.

արժեթղթերի բաց տեղաբաշխմամբ` անվանական արժեքով բաժանորդագրությամբ կամ աճուրդային վաճառքով,

արժեթղթերի փակ տեղաբաշխմամբ` նախապես հայտնի և թողարկման որոշմամբ նշված ներդրողների անվանացանկին համապատասխան` արժեթղթերի անվանական արժեքով վաճառքի ձևով կամ նրանց արժեթղթեր վաճառելու իրավունք տալով:

Արժեթղթերի բաժանորդագրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կատարում է արժեթղթեր թողարկողը կամ վարջինիս կողմից լիազորված անձը:

Արժեթղթերի տեղաբաշխումն աճուրդային վաճառքի ձևով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կատարում է արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:

 

Հոդված 11. Արժեթղթերի տեղաբաշխման երաշխավորները

 

Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետական կառավարման մարմինները կամ իրավաբանական անձինք կարող են հանդես գալ որպես արժեթղթերի տեղաբաշխման երաշխավորներ հետևյալ պայմաններով.

արժեթղթեր գնելու միջոցով,

նախօրոք նշված ժամկետում չիրացված արժեթղթեր գնելու պարտավորությամբ:

 

ԲԱԺԻՆ 4
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ

 

ՀՈԴՎԱԾ 12. Արժեթղթերի շուկայի մասնակիցները

 

Արժեթղթերի շուկայի մասնակիցներն են` ֆոնդային բորսաները, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներ, ինվեստիցիոն ընկերությունները, ինվեստիցիոն ֆոնդերը, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակները, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակները, լիազորված բանկերը, թողարկման կազմակերպությունները, անկախ ինվեստիցիոն բրոքերներն ու դիլերները:

Ֆոնդային բորսան կամ ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է` հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերության ձևով, որը սահմանված որոշակի տեղում և ժամկետներում, իր կողմից հաստատված կանոններով, կազմակերպում է արժեթղթերով հրապարակային սակարկություններ և կատարում` արժեթղթերի գնանշում:

Ինվեստիցիոն ընկերությունը` արժեթղթերի թողարկմամբ, տեղաբաշխմամբ, վերավաճառքով զբաղվող և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է` հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերության ձևով:

Ինվեստիցիոն ֆոնդը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է` հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերության ձևով, որն իրականացնում է ներդրողների դրամական միջոցների հավաքագրում և արժեթղթերում այդ միջոցների ներդրում:

Թողարկման կազմակերպությունը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է, որն արժեթղթեր թողարկողի կողմից լիազորված է կազմակերպելու և իրականացնելու արժեթղթերի թողարկումը:

Ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակը` ձեռնարկություն է, որը իրականացնում է արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ:

Ինվեստիցիոն բրոքերային գրասենյակը` ձեռնարկություն է, որն իր կամ այլ անձանց անունից և հաշվին իրականացնում է արժեթղթերի առուծախ:

Անկախ ինվեստիցիոն բրոքերը` անհատ ձեռներեց է, որն իր անունից այլ անձանց հաշվին, այլ անձանց անունից և իր հաշվին կամ այլ անձանց անունից և վերջիններիս հաշվին իրականացնում է արժեթղթերի առուծախ:

Անկախ ինվեստիցիոն դիլերը` անհատ ձեռներեց է, որն իր անունից և իր հաշվին իրականացնում է արժեթղթերի առուծախ:

Լիազորված բանկերն արժեթղթերի տեղաբաշխումը և վերավաճառքը իրականացնող բանկեր են:

Արժեթղթերի շուկայի մասնակիցներն իրենց գործունեությամբ ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և իրենց հիմնադիր փաստաթղթերով:

 

Հոդված 13. Արժեթղթերի առևտրի պայմանները

 

Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի առուծախն իրականացվում է ազատ գներով` արժեթղթերի շուկայի կանոններին համապատասխան:

Ձեռք բերվող արժեթղթերի դիմաց վճարելու ձևը` լրիվ կամ տարաժամկետ վճարմամբ, որոշվում է արժեթղթեր թողարկողի կողմից թողարկման ազդագրով, իսկ շրջանառության մեջ գտնվող արժեթղթերի դեպքում` կողմերի համաձայնությամբ:

Արժեթղթերով կատարվող գործարքը համարվում է օրինական, եթե այն ձևակերպված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արժեթղթերով կատարվող այն գործարքները, որոնք իրականացվել են գաղտնապահական տեղեկատվության օգտագործմամբ, արբիտրաժի կամ դատարանի կողմից անվավեր են ճանաչվում:

Ներդրողն իրավունք չունի ձեռք բերել որևէ թողարկողի հասարակ բաժնետոմսերի այնպիսի քանակություն, որը նշված է թողարկման ազդագրում և որի չափը վերահսկվում է հակամենաշնորհային օրենսդրությամբ:

 

Հոդված 14. Արժեթղթերի շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները

 

i

Իրավաբանական անձը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության բանկերի, իրավունք չունի Հայաստանի Հանրապետության տարածքում հանդես գալ որպես ֆոնդային բորսա, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակ, թողարկման կազմակերպություն, ինվեստիցիոն ընկերություն, ինվեստիցիոն ֆոնդ, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակ և կատարելու դրանց բնորոշ գործունեություն, եթե չունի համապատասխան լիցենզիա:

Ֆիզիկական անձն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղվել արժեթղթերով միջնորդական գործունեությամբ, եթե չունի համապատասխան լիցենզիա:

Արժեթղթերի շուկայի մասնակիցների գործունեության լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԲԱԺԻՆ 5
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Հոդված 15. Բաժնետոմսեր

 

Բաժնետոմսը բաժնետիրական ընկերության կողմից թողարկվող արժեթուղթ է, որը վկայում է ներդրողի կողմից այդ ընկերության սեփականության որևէ մասի սեփականատերը լինելու և, որպես կանոն, եկամտի որոշակի մասնաբաժին ստանալու իրավունքի մասին, որը նախատեսվում է արժեթղթեր թողարկողի ազդագրում:

Բաժնետոմսերը կարող են լինել հասարակ կամ արտոնյալ (այսուհետև` արտբաժնետոմս):

Հասարակ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն մասնակցել դրանք թողարկող բաժնետիրական ընկերության կառավարմամբ:

Բաժնետոմսերի թողարկման որոշմամբ արտբաժնետոմսերի սեփականատերերին կարող են տրվել դրանք թողարկող բաժնետիրական ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Բաժնետոմսերը կարող են լինել վերադարձվող և անժամկետ:

Վերադարձվող բաժնետոմսեր թողարկողը դրանք հետգնելու իրավունք ունի: Այդպիսի բաժնետոմսերի հետգնումը կատարվում է դրանց անվանական արժեքով` մարման օրվա դրությամբ նախատեսված և չվճարված շահաբաժինները ներառյալ:

Անժամկետ բաժնետոմսերն ենթակա չեն մարման, քանի դեռ բաժնետոմսեր թողարկող սուբյեկտը չի վերակազմավորվել կամ չի լուծարվել:

Արտբաժնետոմսերը կարող են լինել` հաստատագրված շահաբաժնով, փոփոխական կուրսով, կուտակման և փոխարկելի:

Հաստատագրված շահաբաժնով արտբաժնետոմսի սեփականատերն իրավունք ունի արտբաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ ստանալ հաստատագրված շահաբաժին` արտահայտված դրամով կամ տոկոսադրույքով:

Փոփոխական կուրսով արտբաժնետոմսի շահաբաժնի կամ տոկոսադրույքի փոփոխությունը սահմանվում է դրա թողարկման որոշմամբ` ֆինանսական որևէ ցուցանիշի մեծության փոփոխման հիման վրա:

Կուտակման արտբաժնետոմսը նախատեսում է չվճարված շահաբաժինների կուտակում դրա թողարկման որոշման մեջ նշված ժամկետում, որի լրանալուց հետո կուտակված գումարը ենթակա է վճարման մյուս բոլոր տեսակի բաժնետոմսերի նկատմամբ առաջնահերթության կարգով:

Փոխարկելի արտբաժետոմսերն այլ արժեթղթերի հետ ենթակա են փոխանակման դրանց թողարկման որոշմամբ սահմանված կարգով:

Բաժնետոմսերում ներդրումները կարող են իրականացվել դրամական ձևով, իսկ դրանց տեղաբաշխման ժամանակ` դրամով գնահատված գույքի կամ գույքային իրավունքի միջոցով:

Բաժնետոմսերի ձեռքբերումը կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ վճարմամբ:

Եթե բաժնետոմսը ձեռք է բերվում տարաժամկետ վճարմամբ, ապա բաժնետոմսի գնորդին տրվում է ժամանակավոր վկայական, որը փոխարինվում է բաժնետոմսով ամբողջ գումարը մուծելուց հետո:

Բաժնետոմսի գնորդը դրա թողարկումով պայմանավորված իրավունքները ձեռք է բերում միայն նախատեսված ամբողջ գումարը մուծելուց հետո, եթե այլ բան չի նախատեսված բաժնետոմսերի թողարկման որոշմամբ:

Շահաբաժինների վճարումը կատարվում է շահույթից` օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր մյուս վճարները մուծելուց հետո, բաժնետոմսեր թողարկողի կողմից որոշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

 

Հոդված 16. Պարտատոմսեր

 

Պարտատոմսը արժեթուղթ է, որը վավերացնում է ներդրողի կողմից կատարված դրամական միջոցների ներդրումը և պարտատոմս թողարկողի պարտավորությունները` կապված պարտատոմսի սեփականատիրոջը սահմանված ժամկետներում գումարների կամ տոկոսադրույքների վճարման և ներդրված գումարի վերադարձման հետ, ինչպես նաև պարտատոմսի թողարկման որոշմամբ նախատեսված այլ պայմաններ:

Պարտատոմսեր թողարկողը դրանք հետգնելու իրավունք ունի: Պարտատոմսերի հետգնումն իրականացվում է դրանց անվանական արժեքով` մարման օրվա դրությամբ նախատեսված և չվճարված գումարները ներառյալ:

Պարտատոմսը կարող է լինել նպատակային: Այդ դեպքում դրա սեփականատիրոջը թողարկման որոշմամբ տրվում է որոշակի ապրանքներ ձեռք բերելու կամ որոշակի ծառայություններից օգտվելու իրավունք:

Պարտատոմսը կարող է թողարկվել այն թողարկողի գույքի կամ արժեթղթերի գրավադրմամբ:

Պարտատոմսը կարող է լինել` կուտակման, փոխարկելի, վերադարձնելի և փոփոխական կուրսով:

Կուտակման պարտատոմսը` ենթադրում է վճարների կուտակում թողարկման որոշմամբ նշված ժամկետի ընթացքում:

Փոխարկելի պարտատոմսը` ենթակա է փոխանակման այլ արժեթղթերի հետ` փոխարկելի պարտատոմսի թողարկման որոշմամբ սահմանված կարգով:

Վերադարձնելի պարտատոմսով դրա սեփականատերն իրավունք ունի այն մարման ներկայացնել թողարկման որոշմամբ սահմանված գներով և ժամկետներում:

Փոփոխական կուրսով պարտատոմսի տոկոսադրույքի փոփոխությունը սահմանվում է պարտատոմսի թողարկման որոշմամբ ընտրված ֆինանսական որևէ ցուցանիշի մեծության փոփոխման հիման վրա:

Պարտատոմս թողարկողի կանոնադրական ֆոնդի ձևավորման կամ լրացման նպատակով պարտատոմս թողարկելն արգելվում է:

Պարտատոմսերի ձեռքբերումը կարող է կատարվել միանվագ կամ տարաժամկետ վճարմամբ:

Եթե պարտատոմսը ձեռք է բերվում տարաժամկետ վճարմամբ, ապա պարտատոմսի գնորդին տրվում է ժամանակավոր վկայական, որը փոխարինվում է պարտատոմսով ամբողջ գումարը մուծելուց հետո:

Գնորդը պարտատոմսի թողարկմամբ պայմանավորված իրավունքներ ձեռք է բերում միայն նախատեսված ամբողջ գումարը մուծելուց հետո, եթե այլ բան չի նախատեսված պարտատոմսի թողարկման որոշմամբ:

Պետական պարտատոմսը արժեթուղթ է, որը վավերացնում է դրա սեփականատիրոջ կողմից պետական բյուջե կատարած դրամական միջոցների ներդրումը և հաստատագրված եկամուտներ ստանալու իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում պետական պարտատոմսեր կարող են թողարկել միայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները:

Պետական պարտատոմսերը թողարկվում են միայն որպես ըստ ներկայացնողի` մինչև 25 տարի ժամկետով:

 

Հոդված 17. Սեփականաշնորհման պետական արժեթղթեր

 

Սեփականաշնորհման պետական արժեթուղթը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված արժեթուղթ է, որով պետական պարտավորություններ են սահմանվում դրանք ձեռք բերող անձանց նկատմամբ սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի իրագործման ընթացքում:

Սեփականաշնորհման պետական արժեթղթեր պետությունից ձեռք բերելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Սեփականաշնորհման պետական արժեթղթերը պետության կողմից հետ չեն վերցվում:

 

Հոդված 18. Ավանդային սերտիֆիկատներ

 

Ավանդային սերտիֆիկատը վարկատու կազմակերպության փաստաթուղթ է, որը հավաստում է միջոցների ավանդադրումը և դրա դիմաց սերտիֆիկատների թողարկմամբ պայմանավորված որոշակի տոկոսի չափով եկամուտ ստանալու` ներդրողի իրավունքը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդային սերտիֆիկատներ կարող են թողարկվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության այլ բանկերի կողմից, իսկ տեղաբաշխումը` օտարերկրյա բանկերի կողմից:

Հայաստանի Հանրապետությունում կարող են թողարկվել և շրջանառության մեջ դրվել արժեթղթեր հանդիսացող նաև այլ սերտիֆիկատներ:

 

Հոդված 19. Մուրհակներ

 

Մուրհակը արժեթուղթ է, որը վավերացնում է մուրհակատուի կողմից դրամական պարտավորության կատարումը մուրհակում նշված ժամկետում:

Թողարկման ենթակա են մուրհակների հետևյալ տեսակները.

հասարակ մուրհակ,

փոխանցվող մուրհակ:

 

Հոդված 20. Առևտրային արժեթղթեր

 

Առևտրային արժեթուղթը դրամական միջոցների կարճատև ներդրումը հավաստող փաստաթուղթ է, որի սեփականատերը ձեռք է բերում արժեթղթերի թողարկման որոշմամբ սահմանված որոշակի իրավունքներ:

Առևտրային արժեթղթեր թողարկվում են մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Այն դեպքում, երբ առևտրային արժեթղթի սեփականատերն այն մարման է ներկայացնում սահմանված ժամկետից շուտ, ապա նրան պետք է վերադարձվի դրա անվանական արժեքից ոչ պակաս գումար, եթե թողարկման որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Առևտրային արժեթղթերի թողարկման որոշմամբ պայմանավորված վճարները կատարվում են արժեթղթեր թողարկողի շահույթից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ պարտադիր վճարները մուծելուց հետո:

 

Հոդված 21. Այլ արժեթղթեր

 

Այլ արժեթղթեր են հանդիսանում` Ֆյուչերային, Ֆորվարդային ու օպցիոն պայմանագրերը և այլն:

Ֆյուչերային պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը պարտավորվում է (սովորաբար որոշակի գրավի դիմաց) սահմանված քանակով, հաստատագրված գներով և ժամկետներում մյուս կողմից ձեռք բերել կամ նրան վաճառել որևէ ապրանք, այդ թվում` արժեթուղթ կամ արժույթ:

Ֆորվարդային պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը պարտավորվում է (սովորաբար որոշակի գրավի դիմաց) սահմանված ժամկետներում մյուս կողմից գործարքի կնքման պահին շուկայում ձևավորված գնով ձեռք բերել կամ նրան վաճառել որևէ ապրանք, այդ թվում` արժեթուղթ կամ արժույթ:

Օպցիոն պայմանագիրը արժեթուղթ է, որով մի կողմը (սովորաբար որոշակի գրավի դիմաց) մյուս կողմին իրավունք է տալիս սահմանված ժամկետով և իր անունից ձեռք բերել կամ վաճառել որոշակի քանակի ապրանք, արժույթ և արժեթուղթ, այդ թվում` Ֆյուչերային կամ Ֆորվարդային պայմանագիր:

 

ԲԱԺԻՆ 6
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

i
Հոդված 22. Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման պետական լիազորված մարմնի իրավասությունները

 

Սույն օրենքի 2 հոդվածում նշված արժեթղթերի թողարկման և շրջանառության պետական կարգավորումն ու վերահսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որն իրավասու է`

գրանցել ազատ վաճառքի ենթակա` սույն օրենքի 7 հոդվածի 1-ին մասում արժեթղթերի ազդագրերը.

լիցենզավորել արժեթղթերի շուկայում ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը.

վերահսկել արժեթղթերով կատարվող գործառնությունների օրինականությունը.

մշակել արժեթղթերի շուկայի գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել շրջանառության մեջ արժեթղթեր ունեցող թողարկողների, արժեթղթերի շուկայում ծառայություններ մատուցող սուբյեկտների վերաբերյալ տեղեկություններ.

հաշվառել հակամենաշնորհային օրենսդրության համապատասխան խոշոր ներդրում հանդիսացող գործարքները.

i

վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառող արժեթղթերի միասնական պետական գրանցամատյանը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատժամիջոցներ կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնք խախտել են արժեթղթերի շրջանառության` օրենսդրությամբ սահմանված պայմանները:

Պետական լիազորված մարմինը արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման և արժեթղթերի պետական գրանցման համար գանձում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական լիազորված մարմնի գործողությունները շահագրգիռ անձանց կողմից կարող են գանգատարկվել արբիտրաժային կամ` դատական կարգով:

(փոփ. 27.12.97 օրենք)

 

Հոդված 23. Պատասխանատվությունը արժեթղթերի շրջանառության մասին օրենսդրության խախտման համար

 

Արժեթղթեր թողարկողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում `

արժեթղթերի թողարկման ազդագրում եղած միտումնավոր ապատեղեկատվության համար.

պետական մարմնի կողմից չգրանցված իր արժեթղթերի ազատ կամ բաց տեղաբաշխման համար.

Հայաստանի Հանրապետության մամուլում արժեթղթերի թողարկման ծրագրի հրապարակումից մեկ շաբաթից շուտ դրանք ազատ շրջանառության մեջ դնելու դեպքում.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվության ներկայացման կարգի խախտման համար.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում:

Պետական լիազորված մարմինն իրավասու է միջնորդ հանդիսացող սուբյեկտներին տրված լիցենզիան չեղյալ համարել` պետական լիազորված մարմնի կողմից չգրանցված ազդագրերի հիման վրա արժեթղթերով գործարքներ կատարելու, ինչպես նաև արժեթղթերի շուկային վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի խախտման դեպքերում:

Արժեթղթերի շուկայի մասնակցին բնորոշ գործունեություն իրականացնող, համապատասխան լիցենզիա չունեցող սուբյեկտը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերով միջնորդական գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան լիցենզիա չունեցող ֆիզիկական անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ 08.09.1993
N ՀՕ-82 օրենք