Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2012 թվականի թիվ 9

 

i

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 4-րդ մասերում նշված փորձաքննությունը նշանակելու, ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու կամ փորձաքննության անցկացման ժամկետները կետանցելու դեպքում ապահովագրական ընկերությունը կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոն (այսուհետ` Բյուրո) տուժողին կամ նրա իրավահաջորդին յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարում է տույժ`

1) ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումն ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում` ապահովագրական հատուցման գումարի 0.1 տոկոսի չափով,

2) փորձաքննություն նշանակելու, ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշումներն ընդունելու կամ փորձաքննության անցկացման ժամկետները կետանցելու դեպքում` վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագրով տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0.1 տոկոսի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցեր են առաջացել կապված նշված դրույթներում տուժող հասկացության միատեսակ ընկալման հետ, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստացել է դիմումներ դրանք պարզաբանելու ակնկալիքով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հարկ է համարել պարզաբանել դրանք:

Վերը նշված դրույթների պարզաբանման նպատակով անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալին.

1. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` տուժող (տուժած անձ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով Օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ, որը Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք: Տուժող են համարվում նաև սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված` անձի մահվան դեպքում օրենքի համաձայն վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք:

2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը նախատեսում են փորձաքննություն (այդ թվում` լրացուցիչ փորձաքննություն և կրկնակի փորձաքննություն և փորձագետ) նշանակելու և անցկացնելու, փորձաքննության արդյունքների մասին ծանուցելու, ինչպես նաև ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշումներ ընդունելու և դրանք ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին) ուղարկելու ժամկետների վերաբերյալ դրույթները:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

4. Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում:

Օրենքի և Օրենսգրքի այս դրույթների ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել հետևյալը.

. Ապահովագրական ընկերությունը պարտավորություն է ստանձնում թե՛ ապահովագրական հատուցում վճարելու, թե՛ այդ հատուցման վճարումը մերժելու դեպքում կայացնել որոշում և ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին) տեղեկացնել իր կողմից կայացված որոշման մասին: Այսինքն` որոշում կայացնելը և կայացված որոշման մասին անձին տեղեկացնելը չի կապվում վերջինիս հատուցում վճարելու կամ չվճարելու հետ:

. Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) հանդես է գալիս որպես պարտապան, իսկ որպես պարտատեր հանդես է գալիս հենց այն անձը, ում վերաբերյալ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) օրենքի հիման վրա պարտավորություն է ստանձնել ընդունել ապահովագրական հատուցում վճարելու կամ վճարումը մերժելու, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշում` անկախ այն հանգամանքից, թե այդ անձը ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հատուցման իրավունք ունեցող անձ է, թե` ոչ:

. Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումի մերժումը ինքնին չի նշանակում, որ անձը տուժող չէ: Այս առումով պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ այդպիսի մերժումից հետո անձը կարող է տուժող համարվել, այդ թվում` դատարանի (Ֆինանսական համակարգի հաշտարարի) որոշման համաձայն:

. Ապահովագրական ընկերության (Բյուրոյի) կողմից տուժողին կամ նրա իրավահաջորդին յուրաքանչյուր կետանցված օրվա համար տույժ վճարելու պարտականությունը նախատեսվել է Օրենքում` նպատակ ունենալով ապահովագրական ընկերություններին (Բյուրոյին) զերծ պահել կամայական գործելակերպից, ապահովել վերջիններիս պատասխանատվության բարձր զգացումը: Այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձը, ում նկատմամբ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) որոշում կայացնելու կամ որոշակի գործողությունների հետ կապված փորձաքննություն նշանակելու և անցկացնելու պարտականություններ է ստանձնել (անգամ, եթե վերջինս տուժող չի հանդիսանում), պետք է հնարավորություն ունենա հստակ պատկերացնել իր նկատմամբ կատարվող գործողությունների ժամկետները: Հետևաբար` ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) օրենքով նախատեսված իր պարտավորության կատարման կետանցի դեպքում պարտավոր է տույժ վճարել իր պարտատիրոջը, այսինքն` այն անձին, ով դիմել է իրեն և ում նկատմամբ ընկերությունը (Բյուրոն) օրենքի հիման վրա կրում է սահմանված ժամկետներում ապահովագրական հատուցում վճարելու, հատուցման վճարումը մերժելու, փորձաքննություն նշանակելու կամ անցկացնելու մասին որոշում կայացնելու պարտավորություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

Ապահովագրական ընկերության (Բյուրոյի) կողմից փորձաքննություն նշանակելու կամ անցկացնելու, ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը վճարվում է այն անձին, ով դիմել է ապահովագրական ընկերություն (Բյուրո) ապահովագրական հատուցում ստանալու կամ փորձաքննություն նշանակելու համար: Այլ անձի անունից լիազորագրով հանդես գալու դեպքում նշված տույժը վճարվում է լիազորագիր տվողին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.09.2012
N 9
Պաշտոնական պարզաբանում