Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿ ...

 

 

020.1048.190912

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 169.8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արտակ Ղազարյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Ղազարյանի` 02.04.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Դիմողի ներկայացուցիչն է փաստաբան Կ. Թումանյանը, իսկ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներն են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, աշխատավարձի իրավունքի իրացման հարաբերություններ կարգավորող ՀՀ օրենսդրական ակտերը, միջազգային համաձայնագրերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը» վերտառությամբ 169.8-րդ հոդվածը սահմանում է.

«Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը»:

Հիշյալ հոդվածում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել 26.12.02 ՀՕ-499-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն, 27.11.08 ՀՕ-202-Ն ՀՀ օրենքներով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ըստ գործում առկա նյութերի` ՀՀ աշխատանքի գլխավոր պետական տեսուչի 2009 թ. փետրվարի 4-ի թիվ 40/1 հանձնարարագրով ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատակիցները «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ում կատարել են ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում 13.02.2009 թ. կազմվել է արձանագրություն ու ստուգման ակտ և արձանագրվել է, որ հիշյալ ՍՊԸ-ի կողմից խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է` աշխատողներին վերջնահաշվարկի օրը հաշվարկվել, սակայն չի վճարվել առ 13.02.2009 թ. ընդհանուր առմամբ 7.820.605 ՀՀ դրամ վերջնահաշվարկի գումար, և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ում առկա է ընդհանուր գումարով` 35.159.373 ՀՀ դրամ հաշվարկված և չվճարված աշխատավարձ, որն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Տեսչության պետի տեղակալը 03.03.2009 թ. կայացրել է թիվ 30 որոշումը, որով «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանին, որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել է վարչական տույժի:

ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը 19.03.2009 թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Ղազարյանի` հօգուտ պետական բյուջեի` 8.789.843 ՀՀ դրամ վարչական տուգանք գանձելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ: Արտակ Ղազարյանը 20.04.2009 թ. ներկայացրել է հակընդդեմ հայց` ՀՀ աշխատանքի պետական տեսչության` վարչական տույժ նշանակելու մասին 03.03.2009թ. թիվ 30 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանի` 27.04.2009 թ. որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, և հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ: ՀՀ վարչական դատարանի` 07.07.2011 թ. վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Հիշյալ դատական ակտը Արտակ Ղազարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, որի` 15.11.2011 թ. որոշմամբ Արտակ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վարչական դատարանի` 07.07.2011 թ. վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 15.11.2011 թ. որոշումը Արտակ Ղազարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի` 11.01.2012 թ. որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

3. Վիճարկելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այդ նորմն առաջին հերթին հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքի բաղկացուցիչ մաս կազմող իրավական որոշակիության սկզբունքին: Մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի մի շարք իրավանորմեր` դիմող կողմը գտնում է, որ աշխատողին սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելու կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելու կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելու դեպքերում նյութական պատասխանատվություն է կրում ընկերությունը կամ կազմակերպությունը, քանի որ աշխատողը որոշակի աշխատանք է կատարում ընկերության կամ կազմակերպության համար, և աշխատողի նկատմամբ նրա իրավունքները խախտող գործողություն կամ անգործություն է կատարում ընկերությունը, այլ ոչ թե տնօրենը:

Միևնույն ժամանակ, դիմող կողմը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտում կատարող սուբյեկտ կարող է լինել միայն ֆիզիկական անձը, իսկ օրենսդիրը նույն օրենսգրքի 169.8-րդ հոդվածում նշված «գործատու» հասկացության ներքո նկատի է ունեցել միայն ընկերության կամ կազմակերպության տնօրենին կամ անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձին: Այդ իսկ պատճառով նշված վարչական ներգործության միջոցը կիրառվում է միայն տնօրենների նկատմամբ: Դիմող կողմը գտնում է, որ վիճարկվող նորմի կիրառման համար նախատեսված չէ արարքի կատարման որևէ ձև, այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածն իր բնույթով տուգանք է նախատեսում մեղքի բացակայության պայմաններում, հետևաբար, անձին զրկում է նշված նորմով սահմանված գործողությունների կամ անգործության հետ իր վարքագծի համապատասխանեցման հնարավորությունից: Վիճարկվող հոդվածը շարադրված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն, տվյալ պարագայում ընկերության և կազմակերպության տնօրենին, համատեղել դրա հետ իր վարքագիծը, մասնավորապես, կատարել իր լիազորություններից բխող այնպիսի գործողություններ, որոնց չկատարման համար կարող է վրա հասնել վարչական ներգործության միջոցը:

Դիմողը գտնում է նաև, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և ՄԻԵԿ-ին կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածին: Մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք իրավանորմեր` դիմողը եզրահանգում է, որ անձի սեփականության իրավունքն իր կամքին հակառակ դատական կարգով կարող է դադարեցվել, եթե նա ունի այլ սուբյեկտի նկատմամբ որոշակի չկատարված գույքային պարտավորություններ, կամ` բռնագրավման միջոցով, եթե նա կատարել է որոշակի հանցագործություն: Այս դեպքում դիմողը որևէ անձի նկատմամբ չունի որևէ պարտավորություն և չի կատարել որևէ հանցագործություն, հետևաբար, վիճարկվող նորմի ուժով դիմողի սեփականության իրավունքը դադարեցնելու հիմքերը հակասահմանադրական են: Վկայակոչելով ՄԻԵԿ-ին կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասը` դիմողը նշում է, որ սույն դեպքում չի կարող անձի նկատմամբ նշանակվածը համարվել տուգանք, քանի որ անձի նկատմամբ տույժը կարող է նշանակվել միայն մեղքի առկայության պայմաններում: Բացի դրանից, ըստ դիմող կողմի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածը, որով նախատեսված է տուգանքը` որպես վարչական տույժի տեսակ, 2002թ. դեկտեմբերի 11-ին ուժը կորցրած է ճանաչվել, հետևաբար, ՀՀ օրենսդրությունը վարչական տույժի նման տեսակ չի նախատեսում:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը և ՄԻԵԿ-ի 7-րդ հոդվածին: Մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք դրույթներ` դիմողը գտնում է, որ իր նկատմամբ նշանակվել է տույժ, որը պետք է դիտարկել, հավասարեցնել և գնահատել որպես «քրեական մեղադրանք»: Հետևաբար, այն պետք է լիներ քրեական օրենքի հիման վրա, սակայն քրեական օրենքն առանց մեղքի պատասխանատվություն չի նախատեսում:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 22-րդ հոդվածի երրորդ պարբերությանը և 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին` հետևյալ հիմնավորումներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը պատասխանատվության սուբյեկտ է դիտում ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև պաշտոնատար անձանց: Մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ, 52-րդ և 57-րդ հոդվածները` պատասխանող կողմը գտնում է, որ իրավաբանական անձի իրավասուբյեկտությունն իրականացնում է ոչ թե իրավաբանական անձը, որպես այդպիսին, այլ նրա մարմինները, քանի որ այն քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով: Կազմակերպության կառավարման մարմինները, այդ թվում` գործադիր տնօրենը, իրականացնում են պատասխանատու գործառույթներ իրենց իրավասության շրջանակներում և իրենց աշխատանքով պայմանավորում են կազմակերպության գործունեության արդյունավետությունը: Այդ պատճառով էլ օրենսդիրը վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկում խախտում թույլ տված անձին, որը կարող է լինել թե' անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, թե' իրավաբանական անձի կառավարման մարմինը: Տվյալ դեպքում, օրենսդիրը վարչական իրավախախտման սուբյեկտ է դիտում այն անձին, ով պատասխանատու է աշխատավարձ հաշվարկելու և վճարելու համար:

Ըստ պատասխանող կողմի` դիմողը կամայական մեկնաբանության է ենթարկել վիճարկվող հոդվածը: Պատասխանողը գտնում է, որ թեև մեղքի ձևը նշված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի նորմերում, սակայն դա չի նշանակում, որ անձը վարչական պատասխանատվության է ենթարկվում առանց մեղքի: Վկայակոչելով օրենսգրքի 9-րդ, 19-րդ և 32-րդ հոդվածները, պատասխանողը նշում է, որ մեղքը վարչական իրավախախտման հիմնական և պարտադիր տարր է, որը հաշվի է առնվում տույժ նշանակելիս:

Պատասխանողը գտնում է նաև, որ դիմողը, ըստ էության, վիճարկում է ոչ թե վիճարկվող հոդվածի սահմանադրականությունը, այլ իր նկատմամբ կայացված ակտի իրավաչափությունը, հետևաբար` դիմումում բարձրացված հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը: Այնուամենայնիվ, անդրադառնալով վիճարկվող հոդվածի` ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխանությանը, պատասխանողը գտնում է, որ գործող իրավակարգավորման պայմաններում ապահովվում են նշված հոդվածով նախատեսված` սեփականատիրոջ կողմից իր գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորության իրականացման երաշխիքները:

Ըստ պատասխանողի` վիճարկվող հոդվածի` ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը հակասելու վերաբերյալ փաստարկները հիմնազուրկ են, քանի որ վերոհիշյալ օրենսգրքի 9-րդ հոդվածում վարչական իրավախախտումը բնորոշվում է որպես մեղավորությամբ կատարված արարք, և դիմողը, ըստ էության, այստեղ ևս բարձրացնում է իր նկատմամբ կիրառված դատական ակտի իրավաչափության հարց:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է.

- ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով երաշխավորված արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակության բացահայտումը և այդ իրավունքի իրացումն երաշխավորող միջոցների բնութագիրը,

- անձի` աշխատավարձի իրավունքի խախտմանն ուղղված գործողությունների (անգործության) անիրավաչափության և դրանց իրավական հետևանքի սահմանման օրենսդրական կարգավորումը,

- վիճարկվող նորմում նախատեսված զանցանքի սուբյեկտի, սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի առանձնահատկությունների բացահայտումը` ելնելով Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով հարաբերությունների իրավակարգավորման ընդհանուր տրամաբանությունից:

Արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքը որպես անձի` իր և իր ընտանիքի կենսագործունեությունն ապահովող սոցիալ-տնտեսական կարևոր միջոց, երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով, ինչպես նաև միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով (ՄԱԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում կնքված` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր, Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիա, Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին կոնվենցիա, Գյուղատնտեսության մեջ նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին կոնվենցիա և այլն), որոնց համաձայն յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք: Այն հիմնարար իրավունք է, որից սկզբունքորեն հետևում է, որ, նախ` աշխատավարձն արդարացիորեն պետք է համապատասխանի կատարված աշխատանքի ծավալին ու որակին (մասնագիտական համապատասխան չափանիշներին), և երկրորդ` ցածր չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: Վերջինիս դեպքում այդ չափի սահմանումը վերապահված է բացառապես օրենքին: Միաժամանակ, ներպետական օրենսդրության խնդիրն է նաև համապատասխան իրավակարգավորմամբ երաշխավորել նվազագույն աշխատավարձի իրավունքի գործադրման անհրաժեշտ պայմանները, այդ թվում` պաշտպանությունն ամեն տեսակ ոտնձգությունից:

Արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները ՀՀ-ում կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով (ՀՕ-124-Ն), «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-66-Ն), օրենսդրության այլ ակտերով, այդ թվում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Դրանցում նախատեսված են մի շարք իրավադրույթներ, որոնք կազմելով համակարգային ամբողջականություն` կոչված են ապահովելու ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմի երաշխավորված իրացումը, ինչպես նաև ստեղծելու կայուն սոցիալ-իրավական և տնտեսական նախապայմաններ անձի արժանապատիվ կենսագործունեության համար: Այդ իրավանորմերի համալիր ուսումնասիրությունը վկայում է, որ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքի իրացման երաշխավորումը նաև սահմանադրաիրավական և միջազգային իրավական կարևոր նախապայման է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին համապատասխան անձի նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի և օրենքով նախատեսված աշխատանքային այլ իրավունքների երաշխավորված գործադրման, պաշտպանության, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում իրավահավասարության, սոցիալական արդարության սկզբունքի հաստատման ու իրացման համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքի իրացումն ըստ դրա սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակության` երաշխավորելի է մի շարք պարտադիր իրավապայմանների առկայության պայմաններում, մասնավորապես.

- աշխատավարձի ամսական նվազագույն չափը, ինչպես նաև աշխատանքի վարձատրության նվազագույն պայմանները պետք է սահմանվեն օրենքով, իսկ օրենքով նախանշված առանձին դեպքերում` նաև կոլեկտիվ պայմանագրով,

- յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքային պայմանագրով նախատեսված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ ցածր աշխատավարձի իրավունք,

- յուրաքանչյուր ոք ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք,

- յուրաքանչյուր աշխատող ունի իր և իր ընտանիքի համար մարդկային արժանապատվությանը հարիր գոյություն ապահովող արդար ու նպաստավոր վարձատրության իրավունք,

- յուրաքանչյուր աշխատող ոչ իր մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում ստանալու իրավունք ունի,

- գործատուի կողմից աշխատավարձի հաշվարկումն ու վճարումը կատարվում է օրենքով նախանշված սկզբունքներով որոշված ժամկետներում և կարգով,

- գործատուն պատասխանատու է աշխատավարձի ժամանակին և ամբողջությամբ վճարման, ինչպես նաև վերջինիս կետանցման համար,

- գործատուն պատասխանատու չէ, եթե աշխատավարձ չի վճարվել ոչ իր մեղքով:

Այսպիսով, արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքը երաշխավորելի է, եթե գործատու իրավասուբյեկտների կողմից ապահովվեն վերոթվարկյալ իրավապայմանները (կատարվեն պարտականությունները), որոնցից շեղումն ըստ այդ իրավապայմանների կհանգեցնի պատասխանատվության: Այդ նպատակին են ծառայում, նախ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ, 179-րդ (3-րդ մաս) և 198-րդ հոդվածների դրույթները: Կարգավորելով աշխատանքի և նվազագույն աշխատավարձի իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններ` օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է «... տուգանք (տուժանք) բռնագանձելով», 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն աշխատողի ժամավճարի չափը կամ ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի չափից, իսկ նույն օրենսգրքի 198-րդ հոդվածն աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարման դեպքերում նախատեսում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Իրավակարգավորիչ նույնպիսի նպատակին է միտված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` սույն գործով վիճարկվող նորմը, համաձայն որի` վարչական պատասխանատվության են ենթակա գործատուի հետևյալ գործողությունները (անգործությունը).

- աշխատավարձ չհաշվարկելը և չվճարելը,

- ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը չվճարելը,

- նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձ սահմանելը,

- նվազագույն աշխատավարձի մեծությանը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը:

Միաժամանակ, գործատուն ազատվում է աշխատավարձ չվճարելու համար պատասխանատվությունից, եթե այն պայմանավորված է աշխատողի` օրենքով նախատեսված իր պարտականության չկատարմամբ, մասնավորապես, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այսպիսով, ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոհիշյալ, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող նորմերն իրենց իրավակարգավորման առարկայով կազմում են համակարգային ամբողջություն, որոնց բովանդակային վերլուծությունը վկայում է, որ արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները կարգավորելիս օրենսդիրն ելել է իրավական այն մեկնակետից, համաձայն որի` աշխատավարձի հաշվարկման և վճարման հետ կապված գործատու-իրավասուբյեկտների վերոթվարկյալ գործողություններն (անգործությունը) իրենցից հասարակական վտանգավորություն են ներկայացնում, երբ խախտվում են Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված` անձի աշխատանքային իրավունքները (աշխատավարձի իրավունքը), իսկ վտանգավորության աստիճանի տեսանկյունից ենթակա են վարչաիրավական ներգործության միջոցի: Այսպիսով, սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի գործողություններն (անգործությունը) օրենսդրի կողմից իրավախախտում (ոչ իրավաչափ) որակելը հետապնդում է արդարացի, հետևաբար` նաև սահմանադրաիրավական նպատակ, որն իր հերթին կոչված է նաև ապահովելու սահմանադրական օրինականության անխախտելիությունը:

 

6. Անդրադառնալով վիճարկվող նորմերի սահմանադրականության, դրանց իրավական միակերպ և որոշակի ընկալման վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներին` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վեճի առարկա խնդիրը դիտարկել համակարգային իրավակարգավորման բովանդակային առանձնահատկությունների բացահայտման տեսանկյունից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձի իրավունքի, դրա խախտման սուբյեկտիվ դրսևորումների, առաջացած իրավական հետևանքի և այդ իրավունքի պաշտպանության հետ կապված հարաբերությունները ՀՀ իրավական համակարգում ենթարկված են սահմանադրաիրավական և օրենսդրական համալիր կարգավորման (աշխատանքային, վարչաիրավական և վարչադատավարական): Մասնավորապես, եթե նվազագույն աշխատավարձի (աշխատավարձի) սահմանադրական իրավունքի իրացման հետ կապված գործատու-իրավասուբյեկտի և աշխատողի փոխադարձ իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման ընդհանուր պայմանները կարգավորված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, իսկ նվազագույն աշխատավարձի չափը սահմանված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով, ապա գործատուի կողմից աշխատողին աշխատավարձի հաշվարկման ու վճարման հետ կապված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում առաջացած հետևանքների իրավակարգավորման հարցերը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, իսկ այդ հետևանքներով պայմանավորված հարկադրանքի կիրառման դատական ընթացակարգը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Հետևաբար, իրավական այդ ակտերի համապատասխան նորմերի իրավական բովանդակության մեկնաբանմամբ է նաև պայմանավորված վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը:

Նկատի ունենալով սույն գործով վեճի առարկա խնդրում «գործատու», «մեղք» «տուգանք» եզրույթների իրավական բովանդակության բացահայտման և ճշգրիտ մեկնաբանման կարևորությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը»: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ «գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը»: Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ գործատուներն իրենց աշխատանքային իրավունքները և պարտականություններն իրականացնում են «իրենց մարմինների միջոցով ... գործատուի կանոնադրության և նրա հաստատած (ընդունած) իրավական ակտերի հիման վրա»:

Այսպիսով, աշխատողի աշխատավարձի իրավունքի խախտման դեպքում առաջացած վարչական պատասխանատվության կամ զանցանքի սուբյեկտի իրավական ինքնությունը, զանցանքի սուբյեկտիվ կողմը որոշելու համար անհրաժեշտ է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոհիշյալ նորմերը համադրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի սույն գործով վիճարկվող նորմի, ինչպես նաև օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթների հետ: Արդյունքում` ակնհայտ է, որ վերջիններում, որպես վարչական իրավախախտում կատարած անձի (կամ զանցանքի սուբյեկտի) օրենսդիրը նկատի ունի բացառապես գործատու-ֆիզիկական անձին, որը մի դեպքում` դիտավորությամբ, մեկ այլ դեպքում անզգուշությամբ զանցանք կատարելիս «գիտակցել է», «կանխատեսել է» իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը: Հետևաբար, անհիմն են դիմող կողմի պնդումներն այն մասին, թե որպես պատասխանատվության ենթակա գործատու պետք է հանդես գա իրավաբանական անձը: Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքի (ընդունված` 06.12.1985 թ.)` իրավաբանական անձինք օժտված չեն վարչական զանցանքի սուբյեկտի հատկանիշներով: Հետևաբար, օրենսգրքի վիճարկվող նորմի իմաստով պատասխանատու սուբյեկտ հանդես գալ կարող է միայն ֆիզիկական այն անձը, ով իրավաբանական անձ հանդիսացող գործատուի կանոնադրության (իրավական այլ ակտի) հիման վրա իրականացնում է գործատուին բնորոշ աշխատանքային համապատասխան իրավունքներ ու պարտականություններ, այդ թվում` կապված աշխատավարձի հաշվարկման ու վճարման հետ:

Հատկանշական է, որ իրավաբանական անձ և ֆիզիկական անձ-գործատու սուբյեկտիվ հարաբերությունների իրավակարգավորման նույնպիսի սկզբունք է ամրագրված ՀՀ օրենսդրության այլ ակտերով, մասնավորապես` տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կարգավորող: Այսպես, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-252) 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից, որի ներքո ըստ նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի` հասկացվում է գլխավոր տնօրենը, նախագահը և այլք: Մասնավորապես, գործադիր մարմինն է ընկերության անունից իրականացնում գործատուի աշխատանքային լիազորությունները (կնքում աշխատանքային պայմանագրեր և հսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ): Այսինքն` տվյալ դեպքում իրավաբանական անձի գլխավոր տնօրենն է (նախագահն է) պատասխանատվություն կրում ընկերության աշխատողների աշխատանքային իրավունքների (այդ թվում` աշխատավարձի իրավունքի) պահպանման համար:

Ինչ վերաբերում է դիմող կողմի առաջադրած զանցանքի սուբյեկտիվ կողմի` մեղքի դրսևորման առանձնահատկություններին, ապա յուրաքանչյուր դեպքում աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող մարմնի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդված) խնդիրն է պարզել վարչաիրավական պատասխանատվության ենթակա իրավասու անձի մեղքը, դրա դրսևորման ձևը (դիտավորությունը կամ անզգուշությունը) և աստիճանը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32, 33 և 34-րդ հոդվածներ):

Անդրադառնալով վիճարկվող նորմի իմաստով կիրառման ենթակա վարչական տույժի տեսակին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «տուգանքը», որպես այդպիսին, նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածում (1-ին մասի 2-րդ կետ): Այն որպես հարկադրանքի միջոց նախատեսված է օրենսգրքի նորմերի ճնշող մեծամասնությունում, այդ թվում` վիճարկվող նորմում: Այդ նորմերի համադրված վերլուծությունը միանշանակ վկայում է, որ «տուգանքը» դրսևորվում է որպես պատասխանատու իրավասուբյեկտից հիշյալ օրենսգրքով սահմանված չափով (կայուն գումարի կամ նվազագույն աշխատավարձի հաշվարկային չափի նկատմամբ բազմապատիկ ցուցիչով արտահայտված) դրամական միջոցների (ՀՀ դրամով) հարկադիր բռնագանձմամբ: Ինքնին, պետական (վարչական) հարկադրանքի այդ տեսակի առկայությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում` սահմանադրականության խնդիր չի հարուցում: Տուգանքի այդպիսի տեսակը և չափը սահմանելն օրենսդիր մարմնի իրավասության խնդիրն է, իսկ դրա կիրառումը (բռնագանձումը)` որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության միջոց, իրականացնում է իրավասու դատարանը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդված, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդված): Սահմանադրական դատարանը կարևորում է, որ անձի իրավունքների (այդ թվում` ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 2-րդ մասում երաշխավորված) պաշտպանության օրենքով սահմանված միջոցներով (ընթացակարգով) անվերապահ երաշխավորվի ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջների կատարումը, տվյալ դեպքում` ինչպես վարչական պատասխանատվության ենթարկված անձի, այնպես էլ անձի` աշխատավարձի իր խախտված իրավունքի պաշտպանության (վերականգնման) խնդրում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում այդպիսի երաշխիքներն առկա են:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունման, խորհրդային իրավակարգավորումների հատվածական փոփոխությունների ոչ նպատակահարմարության և առկա իրավակարգավորման շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը` ելնելով միջազգային ժամանակակից փորձի ուսումնասիրման արդյունքներից: Մասնավորապես, դա վերաբերում է իրավակարգավորումների հայեցակարգային ամբողջականության և միասնականության երաշխավորմանը, վարչաիրավական հարաբերություններում իրավասուբյեկտության շրջանակների որոշակիացմանը, իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու խնդրի համակարգային կանոնակարգմանը, վարչական պատասխանատվության` իրավական պատասխանատվության այլ տեսակներից (քաղաքացիական, քրեական) սահմանազատելու իրավական չափանիշների առավել հստակեցմանը և մի շարք այլ սկզբունքային` հայեցակարգային նշանակության հարցերին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 սեպտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1048

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.09.2012
N ՍԴՈ-1048
Որոշում