Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0541/02/11

    դատարանի որոշում                                                2012թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0541/02/11

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`       Ն. Տավարացյան

                      Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Աննման Միքաելյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կաղզվան» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է Ընկերության վարչության շենքի մոտ` Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող 20,9 քմ կրպակի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Կոոպերատիվի սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա.Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.02.2012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.11.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոոպերատիվի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 149.8-րդ, 220-րդ և 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, մասնավորապես` հաշվի չի առել այն հանգամանքը, որ կողմերի միջև, սկսած 2004 թվականից, դատական կարգով քննվել են վիճելի գույքի` որպես ժամանակավոր օբյեկտ տեղադրված տաղավարի հետ կապված տարբեր դատական վեճեր, և ներկայումս էլ Կոոպերատիվը և նրա նախագահը, նույն տաղավարի նկատմամբ ներկայացնելով նոր` որպես նոր ստեղծված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ, արհեստականորեն խոչընդոտում են Ընկերության` որպես սեփականատիրոջ, հողի նկատմամբ իրավունքների իրականացումը:

ՀՀ Երևան քաղաքի Ժողովրդական պատգամավորների Արաբկիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.09.1991 թվականի թիվ 15/17 արձանագրության քաղվածքի համաձայն` գործադիր կոմիտեն որոշել է հարգել Կոոպերատիվի խնդրանքը և թույլատրել Բաղրամյան պողոտայի վերջնամասում` մետրոյի վարչության շենքի մոտ, տեղադրել առևտրագնման տաղավար: Միաժամանակ նույն որոշմամբ նախատեսվել է նաև առաջին իսկ պահանջի դեպքում տաղավարի տեղափոխության պայմանը: Նշվածից հետևում է, որ Կոոպերատիվի կողմից կրպակի տեղադրումը և օգտագործումը կրել են ժամանակավոր բնույթ և տեղադրման համար իրավական հիմք հանդիսացած թույլտվություններով Կոոպերատիվի համար ծագել է ժամանակավոր կրպակ տեղադրելու և օգտագործելու, այլ ոչ թե նոր գույք ստեղծելու իրավունք:

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի հիմքով բեկանելով դատական ակտը, նշել է, որ «Դատարանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող 20,9 քմ կրպակը որպես անշարժ գույք լինելը չի սահմանել որպես ապացուցում պահանջող փաստ, Կոոպերատիվի վրա չի դրել այդ փաստի ապացուցման պարտականությունը»: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը պարզել է հայցի առարկան ու հիմքը, պարզաբանել է կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը, սահմանել է ապացույցներ ներկայացնելու ժամկետները և որոշել ապացույցների հետազոտման կարգը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.11.2011 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը ճիշտ որոշում է կայացրել, և վճռաբեկ բողոքը չի պարունակում այնպիսի դատական սխալների մասին հիմնավորված փաստարկներ, որոնք կարող են հիմք ծառայել որոշումը բեկանելու համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելու մասին բողոքում բերված փաստարկները հիմնավորված չեն: Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հանգել է ճիշտ եզրակացության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 09.06.2009 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման մասին թիվ 2468560 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեի 0,19459 հա հողամասի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը և 0,038736 հա հողամասի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 44-51).

2) Երևան քաղաքի Ժողովրդական պատգամավորների Արաբկիրի Շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.09.1991 թվականի թիվ 15/17 արձանագրության քաղվածքի համաձայն` գործադիր կոմիտեն որոշել է հարգել Կոոպերատիվի խնդրանքը և թույլատրել Բաղրամյան պողոտայի վերջնամասում` մետրոյի վարչության շենքի մոտ, ժամանակավորապես տեղադրել առևտրագնման տաղավար` 4 մ x 2,5 մ չափերի: Նույն որոշման 4-րդ կետով նախատեսվել է, որ առաջին իսկ պահանջի դեպքում տաղավարը ենթակա է տեղափոխության (հատոր 1-ին, գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.

i

Նոր ստեղծված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքը հայցվորի կողմից մատնանշելու դեպքում ով է կրում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան` որպես նոր ստեղծված գույք լինելու փաստի ապացուցման պարտականությունը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Նշված հոդվածի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով գույքի տարբեր տեսակների ստեղծման առանձնահատկությունները, վերոնշյալ հոդվածի 1-ին կետով որպես նոր ստեղծված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պարտադիր պայման է նախատեսել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դրա պատրաստումը կամ ստեղծումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրողը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Սույն գործի փաստերի համաձայն` ըստ ՀՀ Երևան քաղաքի Ժողովրդական պատգամավորների Արաբկիրի Շրջանային խորհրդի գործադիր կողմիտեի 26.09.1991 թվականի թիվ 15/17 արձանագրության քաղվածքի` գործադիր կոմիտեն որոշել է հարգել Կոոպերատիվի խնդրանքը և թույլատրել Բաղրամյան պողոտայի վերջնամասում` մետրոյի վարչության շենքի մոտ, տեղադրել 4 մ և 2,5 մ չափերի առևտրագնման տաղավար` միաժամանակ սահմանելով առաջին իսկ պահանջի դեպքում տաղավարի տեղափոխության պայման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը պարտավոր էր ապացուցել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ կրպակը իրավական ակտերի պահանջների պահպանմամբ կառուցված անշարժ գույք է, որի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ծագել է իր սեփականության իրավունքը:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, հայցապահանջի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորի կողմից չի ներկայացվել կրպակի` իրավական ակտերի պահանջների պահպանմամբ կառուցված անշարժ գույք լինելը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանն անհիմն կերպով վճռի հիմքում դրել է կրպակի` անշարժ գույք չլինելու փաստը, դատաքննության ընթացքում չեն պարզվել գործով ապացուցման ենթակա փաստերը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, նախնական դատական նիստում անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողություններին, այդ թվում` կողմերի միջև ապացույցների բաշխման պարտականությանը, ապացույցները ներկայացնելու ժամկետներին և ապացույցների հետազոտման կարգին, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված և լսելով կողմերի կարծիքը` միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ, որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին (նախնական դատական նիստի արձանագրման համառոտագրում, գ.թ. 97-98):

Դատարանը, գործում եղած բոլոր ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի վերաբերյալ, հետևաբար այդ փաստի չապացուցման բացասական հետևանքները կրում է փաստի ապացուցման պարտականությունը կրողը, տվյալ դեպքում` Կոոպերատիվը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ դատաքննության ընթացքում չեն պարզվել գործով ապացուցման ենթակա փաստերը, որի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի պահանջները, անհիմն են:

Բացի այդ, գործի փաստական հանգամանքների համադրումից հետևում է, որ Կոոպերատիվի կողմից կրպակի տեղադրումը և օգտագործումը կրել են ժամանակավոր բնույթ, և տեղադրման իրավական հիմք հանդիսացած թույլտվություններով վերջինիս համար ծագել է կրպակը ժամանակավոր տեղադրելու և օգտագործելու, այլ ոչ թե նոր գույք ստեղծելու իրավունք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.11.2011 թվականի վճռին:

2. «Կաղզվան» արտադրական կոոպերատիվից հօգուտ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2012
N ԵԱՔԴ/0541/02/11
Որոշում