Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳ ...

 

 

020.1058.131112

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 նոյեմբերի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Ալավերդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 29.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի հուլիսի 9-ին:

2. Նշված Համաձայնագրի նպատակն է բարեփոխել և արդիականացնել հարկային վարչարարությունը, որպեսզի`

1) բարձացվի հարկային պարտավորությունների կամավոր կատարումը,

2) կրճատվի հարկերից խուսափումը,

3) կրճատվեն հարկային պարտավորությունների կատարման ծախսերը,

4) բարձրացվի վարչական արդյունավետությունը:

3. Համաձայնագրի համաձայն` Միջազգային զարգացման ընկերակցությունը համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 7.800.000 Փոխառության Հատուկ Իրավունքներին (այսուհետ` ՓՀԻ) համարժեք գումարի չափով վարկ, որը կազմում է շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը կավարտվի 2016թ. ապրիլի 30-ին: Վարկի մարումն սկսվում է 2017թ. հունվարի 15-ից և ավարտվում 2037թ. հուլիսի 15-ին:

4. Ծրագիրը բաղկացած է հետևյալ 4 մասերից`

Մաս Ա` Ինստիտուցիոնալ զարգացում և փոփոխությունների կառավարում

Խորհրդատուի ծառայությունների տրամադրում ՊԵԿ-ին հարկային հոսքերի վերլուծության և կազմակերպչական վերակազմավորման պլանի մշակման համար և սարքավորումների ձեռքբերում հարկային վարչարարության կենտրոնների համար:

Մաս Բ` ՈՒժեղացված գործառնություններ

Խորհրդատուի ծառայությունների տրամադրում ՊԵԿ-ին և ապրանքների և տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) համակարգերի և ծրագրային ապահովման տրամադրում հարկային ծառայության կենտրոններին, որոնք հարկատուներին մատուցում են մի շարք ծառայություններ:

Մաս Գ` SS ենթակառուցվածքներ և համակարգերի արդիականացում

Ապրանքների տրամադրում ՊԵԿ-ին հարկերի կառավարման համապարփակ և ինտեգրված համակարգի ստեղծման նպատակով Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների թարմացման համար:

Մաս Դ` Ծրագրի կառավարում

Գործառնական ծախսերի և ԱՖԾԿԿ և ՊԵԿ-ին խորհրդատուների ծառայությունների տրամադրում Ծրագրի իրականացմանը և կառավարմանն աջակցելու համար, և տեխնիկական օժանդակության, ներառյալ ուսուցման, տրամադրում:

5. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները`

. չառհանված ֆինանսավորման մնացորդի դիմաց կիսամյակային մուծումներով Ընկերակցությանը վճարել պարտավորության վճար` տարեկան առավելագույնը կես տոկոս (1%-ի 1/2-ը) դրույքաչափով (հոդվ. II, կետ 2.03),

. վարկի առհանված հաշվեկշռի դիմաց Ընկերակցությանը վճարել սպասարկման տարեկան վճար` 1%-ի 3/4-ին հավասար դրույքաչափով, ինչպես նաև տարեկան տոկոսավճար` մեկ քառորդ տոկոսին (1,25 %) հավասար դրույքաչափով (հոդվ. II, կետեր 2.04 և 2.05),

. տոկոսագումարները վճարել հետևյալ ժամկետներում` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին (հոդվ. II, կետ 2.06),

. կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, սկսած 2017 թվականի հունվարի 15-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ը, մարել Վարկի վերադարձման ենթակա հիմնական գումարի 1,65 %-ը, իսկ սկսած 2027թ. հուլիսի 15-ից և ներառյալ 2037թ. հուլիսի 15-ը 3,35 % (հոդվ. II., կետ 2.07 և Առդիր 3),

. հայտարարել ՀՀ հանձնառությունը Ծրագրի նպատակներին և այդ նպատակով ծրագիրն իրականացնել ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով` սերտորեն համագործակցելով և համակարգելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ, Ընդհանուր պայմանների IV Հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև առանց Համաձայնագրի Բաժին 3.01 դրույթների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ-ն և Ընկերակցությունը կպայմանավորվեն այլ կերպ ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի համաձայն Համաձայնագրի 2-րդ Առդիրի դրույթների (հոդվ. III, կետեր 3.01 և 3.02),

. Ծրագրի իրականացման ամբողջական պատասխանատվությունը դնել ՊԵԿ-ի վրա, ինչպես նաև ապահովել, որպեսզի ՊԵԿ-ն իրականացնի Ծրագիրը համաձայն Ծրագրի իրականացման պլանի և Գործառնական ձեռնարկի, որոնք ենթակա են հաստատման ՀՀ-ի կողմից Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, բավարար են Բանկի համար, և բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը կհամաձայնի այլ կերպ, չփոփոխել կամ չհրաժարվել Ծրագրի իրականացման պլանի և Գործառնական ձեռնարկի որևէ դրույթից, եթե ըստ Ընկերակցության նման փոփոխությունը կամ հրաժարումը կարող են նշանակալի և բացասական ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման կամ դրա նպատակներին հասնելու վրա (Առդիր 2, Բաժին I., կետ «Ա», ենթակետ 1),

. Ծրագրի պատշաճ վերահսկողության, համակարգման և իրականացման ապահովման նպատակով Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ստեղծել Ղեկավար խորհուրդ, որի անդամները և լիազորությունները կլինեն բավարար Բանկի համար, որից հետո այն կպահպանվի Ծրագրի ողջ ընթացքում և պատասխանատու կլինի Ծրագրի հետ կապված առանցքային որոշումների կայացման, Ծրագրի ընդհանուր իրականացման առաջընթացի մշտադիտարկման, ռազմավարական հարցերի վերաբերյալ ուղղորդման և Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման համար, ինչպես նաև երաշխավորել, որ Ծրագրի ընդհանուր կառավարման նպատակով ՊԵԿ-ը, Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, կնշանակի Ծրագրի տնօրեն, որը պատասխանատու կլինի համաձայն Ծրագրի մշակման նպատակի` Ծրագրի իրականացման և Ծրագրի իրականացման մեջ ներգրավված ՊԵԿ համապատասխան վարչությունների համակարգման համար (Առդիր 2, Բաժին I., կետ «Ա», ենթակետ 2),

. ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի համաձայն Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների (Առդիր 2, Բաժին I., կետ «Բ»):

Սույն Համաձայնագրի ուսումնասիրման արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, ավելին` դրանք ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով սահմանված` յուրաքանչյուր անձի հարկեր, տուրքեր մուծելու և պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունից: Սույն Համաձայնագրի դրույթների իրականացմամբ կապահովվի նաև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված` պետության հիմնական խնդիրների իրականացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 նոյեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1058

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.11.2012
N ՍԴՈ-1058
Որոշում