Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 240 ...

 

 

040.1395.121112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1395-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետով հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Գորիսի պետական համալսարանն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության (ավագ դպրոց) կազմակերպում.

2) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

3) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

4) Գորիսի պետական համալսարանի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1395-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 6-ի

N 2400-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳՊՀ) կրթական, գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, ճարտարագիտական, հասարակագիտական կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության մակարդակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

2. ԳՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. ԳՊՀ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական, գիտահետազոտական և մշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում է սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

4. ԳՊՀ-ն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության (ավագ դպրոց) կազմակերպում.

2) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

3) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

4) ԳՊՀ-ի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

5. ԳՊՀ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, խորհրդանշան:

6. ԳՊՀ-ի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «ԳՊՀ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «Գօսուդառստվեննիյ ունիվեռսիտետ Գօռիսա» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա.

4) ռուսերեն կրճատ` «ԳՈՒԳ» ԳՆԿՕ.

5) անգլերեն լրիվ` «Goris State University» state non-commercial organization.

6) անգլերեն կրճատ` «GSU» SNCO:

7. ԳՊՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գորիս-377830, Ավանգարդ 2:

 

II. ԳՊՀ-Ի ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

8. ԳՊՀ-ի հիմնական խնդիրներն են`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն տալու միջոցով.

2) սովորողին ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.

3) գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

4) գիտության, կրթության, տնտեսության և մշակույթի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների, ստեղծագործական ու մշակութային գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացներում.

5) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

6) կրթության որակի ապահովման և վերահսկման համապատասխան համակարգի ներդրումը.

7) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, ժամանակակից մասնագիտությունների ու մասնագիտացումների ներդրումը.

8) կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցութայնության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

9) հասարակության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և գիտամշակութային մակարդակի բարձրացումը.

10) սովորողների մեջ մասնագիտական բարձր որակների, պատշաճ վարքի ու վարվելակերպի, քաղաքացիական կեցվածքի և հայրենասիրության ստեղծագործական ունակությունների արմատավորումը.

11) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

9. Առաջադրված խնդիրներին համապատասխան ԳՊՀ-ն իրավասու է`

1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր.

2) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական և առարկայական ծրագրեր, հրատարակելու ուսումնական և գիտական գրականություն.

3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի և կարգի ընտրության հարցերը.

4) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.

6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու ԳՊՀ-ի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.

8) սահմանելու և շնորհելու ԳՊՀ-ի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.

9) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

10) իր կնքած պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ.

11) վարձակալության տալու իր գույքը, կառավարելու իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշելու դրանց օգտագործման ուղղությունները` ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը.

12) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

10. ԳՊՀ-ում արգելվում են հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

 

III. ԳՊՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. ԳՊՀ-ի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:

12. ԳՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ԳՊՀ-ի խորհրդի, ԳՊՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

13. Հիմնադիրը`

1) սահմանում է ԳՊՀ-ի`

ա. անվանումը,

բ. գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները,

գ. կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը.

2) հաստատում է ԳՊՀ-ի կանոնադրությունը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, իր անունից առաջադրում է ԳՊՀ-ի խորհրդի անդամներ.

4) հաստատում է ԳՊՀ-ի ռեկտորի ընտրության արդյունքները.

5) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

14. Լիազոր պետական մարմինը`

1) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

3) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

4) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները.

5) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

15. ԳՊՀ-ի խորհուրդը`

1) քննարկում և հաստատում է ԳՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը.

2) հաստատում է ԳՊՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է ԳՊՀ-ի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է ԳՊՀ-ի ռեկտորին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություն ԳՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգը:

16. ԳՊՀ-ի խորհուրդը ձևավորվում է ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

17. ԳՊՀ-ի խորհուրդը կազմված է 24 անդամից`

1) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից` իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ԳՊՀ-ի գիտական խորհրդում.

3) ԳՊՀ-ի ռեկտորը չի կարող լինել ԳՊՀ-ի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 6-ը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների և մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները` յուրաքանչյուրից մեկական անդամ: ԳՊՀ-ի խորհրդի անդամ կարող են առաջադրվել բարձր առաջադիմությամբ սովորողները.

5) ԳՊՀ-ի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին.

6) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 6-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձանցից.

7) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 6-ը լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված գործիչներից, ինչպես նաև ԳՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից:

18. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա ԳՊՀ-ի խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. ԳՊՀ-ի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Խորհրդի նախագահը չի կարող լինել ԳՊՀ-ում հաստիքային աշխատող կամ սովորող: ԳՊՀ-ի խորհրդի նախագահը ԳՊՀ-ում համատեղության կարգով կարող է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:

20. ԳՊՀ-ի խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

21. ԳՊՀ-ի խորհրդի անդամների իրավասությունը, նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են ԳՊՀ-ի խորհրդի աշխատակարգով:

22. ԳՊՀ-ի խորհրդի նիստը գումարվում է առնվազն տարեկան մեկ անգամ:

23. ԳՊՀ-ի խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազոր մարմնի, ԳՊՀ-ի ռեկտորի, ԳՊՀ-ի խորհրդի կամ ԳՊՀ-ի գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: ԳՊՀ-ի խորհրդի կամ ԳՊՀ-ի գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ողջամիտ ժամկետում և օրակարգով:

24. ԳՊՀ-ի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը:

25. ԳՊՀ-ի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ այլ բան չի նախատեսվում:

26. ԳՊՀ-ի գիտական խորհուրդը լուծում է ԳՊՀ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

27. ԳՊՀ-ի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

28. ԳՊՀ-ի գիտական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

29. ԳՊՀ-ի գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ` որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպես նաև ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

3) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ԳՊՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.

4) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.

5) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԳՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

6) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ԳՊՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

7) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.

8) ԳՊՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ԳՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

9) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ԳՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

10) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

30. ԳՊՀ-ի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 35-ը, որի առնվազն 35 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), ԳՊՀ-ի գլխավոր հաշվապահը, արհեստակցական կազմակերպության նախագահը, իրավախորհրդատուն, ֆակուլտետների, մասնաճյուղերի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան:

31. ԳՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԳՊՀ-ի ուսանողական խորհուրդը:

32. ԳՊՀ-ի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

33. ԳՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը, աշխատանքի կարգը սահմանում է ԳՊՀ-ի գիտական խորհուրդը:

34. ԳՊՀ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ԳՊՀ-ի աշխատանքի արդյունքների համար:

35. ԳՊՀ-ի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ԳՊՀ-ի խորհրդում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

36. ԳՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

37. ԳՊՀ-ի ռեկտորը`

1) ղեկավարում է ԳՊՀ-ի կրթական, գիտական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է ԳՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է ԳՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԳՊՀ-ի խորհրդին.

5) ԳՊՀ-ի խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԳՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.

6) ապահովում է ԳՊՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

7) ԳՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.

8) ԳՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, ԳՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, այլ ներքին իրավական ակտեր.

9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԳՊՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է ԳՊՀ-ի հաստիքացուցակը, աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.

10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԳՊՀ-ի գործունեությանն առնչվող այլ հրամաններ.

11) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է պրոռեկտորներին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

12) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորում.

13) կնքում է աշխատանքային պայմանագրեր ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.

14) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

15) տալիս է ԳՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԳՊՀ-ի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:

38. ԳՊՀ-ի ռեկտորն առանց լիազորագրի գործում է ԳՊՀ-ի անունից, ներկայացնում է նրա շահերը պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ԳՊՀ-ի գույքն ու ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է:

39. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են ԳՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

40. ԳՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ԳՊՀ-ի ռեկտորի հրամանով: ԳՊՀ-ի խորհրդի և ԳՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ԳՊՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր:

 

IV. ԳՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

41. ԳՊՀ-ն կրթական, գիտական և մշակութային հաստատություն է, որի միասնությունն ապահովվում է`

1) կրթական և գիտահետազոտական գործընթացներին իր բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

2) ԳՊՀ-ի խորհրդի, ԳՊՀ-ի գիտական խորհրդի որոշումները, ռեկտորի հրամանները և կարգադրությունները` բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների պարտադիր կատարմամբ:

42. ԳՊՀ-ն ինքնուրույն է իր կառուցվածքը ձևավորելու գործում:

43. ԳՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներ են ֆակուլտետը, ամբիոնը և այլ ստորաբաժանումներ:

44. ԳՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԳՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:

45. ԳՊՀ-ի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:

46. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը, որոնք իրենց իրավասության սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը:

47. Ֆակուլտետն իրականացնում է ուսումնական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներ, մշակում է իր հաստիքացուցակը` ըստ սահմանված չափանիշների, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

48. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական, գիտական ու այլ օժանդակ ստորաբաժանումներից:

49. Ֆակուլտետի խորհրդի` որպես ֆակուլտետի կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհուրդը կազմված է ի պաշտոնե և ընտրովի անդամներից: Ֆակուլտետի խորհրդի ի պաշտոնե անդամների թիվը չի կարող գերազանցել խորհրդի կազմի 50 տոկոսը: Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի անդամներ են:

50. Ֆակուլտետի խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

51. Ֆակուլտետի խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվաքանակի:

52. Ֆակուլտետի խորհուրդը ԳՊՀ-ի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում նրա ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը:

53. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան:

54. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

55. Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն:

56. ԳՊՀ-ի ֆակուլտետի դեկանի պաշտոնին թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և դեկանին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է դեկանի ընտրության ընթացակարգով:

57. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական և այլ գործունեությունը.

2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված և ֆակուլտետի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

58. Ամբիոնը ֆակուլտետի կրթական և գիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

59. Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները:

60. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:

61. ԳՊՀ-ի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ԳՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

62. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով` 5 տարի ժամկետով, համալսարանի գիտական խորհրդում` ամբիոնի կարծիքն ստանալուց հետո:

63. ԳՊՀ-ի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ԳՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգով:

64. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը ԳՊՀ-ի, ֆակուլտետի, համալսարանական ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:

65. ԳՊՀ-ի ամբիոնը կարող է լինել նաև համահամալսարանական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին: Ամբիոնի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է իր կանոնադրությամբ:

66. Ամբիոնի կրթական և գիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

67. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:

 

V. ԳՊՀ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

68. Սովորողների` ԳՊՀ-ի ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

69. ԳՊՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

70. ԳՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: ՈՒսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

71. ԳՊՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով:

72. ԳՊՀ-ի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:

73. ԳՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

74. ԳՊՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

75. ԳՊՀ-ի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

76. ԳՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ԳՊՀ-ի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

77. ԳՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

78. ԳՊՀ-ի գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներ.

3) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններ.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 

VI. ԳՊՀ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

79. ԳՊՀ-ի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական համակազմ, գիտական աշխատողներ), վարչական, ուսումնաօժանդակ, տնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական և այլ տարակարգերի:

80. ԳՊՀ-ի սովորողներն են ուսանողները և ասպիրանտները:

81. ԳՊՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ԳՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրով և այլ ներքին իրավական ակտերով:

82. ԳՊՀ-ի աշխատողներն իրավունք ունեն`

1) ընտրելու և ընտրվելու ԳՊՀ-ի պաշտոններում և կառավարման մարմիններում, ընդգրկվելու և մասնակցելու ԳՊՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԳՊՀ-ի կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով.

2) մասնակցելու ԳՊՀ-ի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը.

3) ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.

4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում.

5) ԳՊՀ-ի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան` օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև համալսարանի սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների, ուսումնաարտադրական բազաների, մարզաառողջարանային ճամբարի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու ԳՊՀ-ի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը.

7) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.

8) ստանալու դրամական հատուցում աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.

9) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ դրամական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԳՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.

11) ըստ նախասիրությունների` կազմակերպելու և մասնակցելու ԳՊՀ-ում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

83. ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

84. ԳՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համաձայն սույն կանոնադրության և գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման կարգի:

85. ԳՊՀ-ի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԳՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել ԳՊՀ-ի ղեկավար մարմինների օրինական որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, ոչ պակաս, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում:

86. ԳՊՀ-ի սովորողներն իրավունք ունեն`

1) սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԳՊՀ-ում կարդացվող դասախոսություններին.

3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԳՊՀ-ում` ըստ սահմանված կարգի.

6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու ԳՊՀ-ի կառավարման մարմինների աշխատանքներում.

8) օգտվելու ԳՊՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

9) ըստ նախասիրությունների` մասնակցելու ԳՊՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

10) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

11) բողոքարկելու ԳՊՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԳՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.

14) ծանոթանալու ԳՊՀ-ի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերին.

15) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

16) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

17) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում` ԳՊՀ-ի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

18) սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

19) ուսման բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԳՊՀ-ի սահմանած կարգով.

20) ԳՊՀ-ի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

87. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու ԳՊՀ-ում:

88. Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:

89. ԳՊՀ-ի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ԳՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատար վերաբերվել ԳՊՀ-ի գույքին.

6) բարձր պահել ԳՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձավճարը: ՈՒսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել ԳՊՀ-ից:

90. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում սույն կանոնադրությամբ, այլ ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ԳՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ԳՊՀ-ից հեռացվելը` ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

91. ԳՊՀ-ի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց շնորհվում է որակավորման աստիճան և տրվում է ԳՊՀ-ի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով: Ավարտական փաստաթղթի առկայությունը պարտադիր է ԳՊՀ-ում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար:

92. Հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է ԳՊՀ-ի` սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

93. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԳՊՀ-ի` սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

94. ԳՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԳՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: ՈՒսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԳՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԳՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

95. ԳՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը ԳՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: ՈՒսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

 

VII. ԳՊՀ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

96. ԳՊՀ-ի գույքը կազմված է ԳՊՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքից և հիմնադրի կողմից ԳՊՀ-ին ամրացված գույքից:

97. ԳՊՀ-ի սեփականությունը, բացի կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող գույքից, ձևավորվում է ԳՊՀ-ի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

98. ԳՊՀ-ին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան է հատկացվում անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

99. ԳՊՀ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: ԳՊՀ-ն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

100. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

101. Ամրացված գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

102. Ամրացված գույքի այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները ԳՊՀ-ի սեփականությունն են: Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

103. ԳՊՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի ստեղծման աղբյուրներն են`

1) ԳՊՀ-ին սեփականության իրավունքով հանձնված գույքը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները.

3) ԳՊՀ-ի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքները.

4) այն միջոցները, որոնք գոյանում են ԳՊՀ-ին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներից.

5) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, նվիրված և կտակված գույքը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

104. ԳՊՀ-ն իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

105. ԳՊՀ-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

106. ԳՊՀ-ի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

 

VIII. ԳՊՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

107. ԳՊՀ-ի վերակազմակերպումը և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: ԳՊՀ-ի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1395-Ն
Որոշում