Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0006/04/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0006/04/10

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Աղաբաբյանի, Գագիկ Տեր-Հարությունյանի, Ռուզան Սեդրակյանի, Կարինե Տոնոյանի, Գագիկ Նազարյանի, Ռոբերտ Բաղդասարյանի, Սամվել Ստեփանյանի, Սամվել Խալաթյանի, Մարտին Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2012 թվականի որոշման դեմ` Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2011 թվականի որոշման վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2010 թվականի վճռով Արայիկ Բաղդասարյանը ճանաչվել է սնանկ:

Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը 23.07.2010 թվականին դատարան է ներկայացրել իր կողմից կազմված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, այն կողմերին ուղարկելու վերաբերյալ գրությունը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 20.07.2010 թվականի թիվ 135 համարում տպագրված հայտարարությունը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ հաստատել է Արայիկ Բաղդասարյանի պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության.

1. Լևոն Ղազարյան 49.000.000 ՀՀ դրամ` որպես ապահովված արտահերթ,

2. Դատական ծախսեր (պետական տուրք) 100.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «դ» հերթ,

3. Հասմիկ Աղաբաբյան 43.520.107 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

4. Գագիկ Տեր-Հարությունյան 95.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

5. Լևոն Ղազարյան 60.500.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

6. Ռոբերտ Բաղդասարյան 128.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

7. Ռուզան Սեդրակյան 8.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

8. Կարինե Տոնոյան 6.364.800 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

9. Գագիկ Նազարյան 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

10. Մարտին Բաղդասարյան 12.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

11. Սամվել Ստեփանյան 28.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

12. Սամվել Խալաթյան 28.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

13. Արամ Մանուկյան 47.564.383 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

14. Տիգրան Կարապետյան 31.976.712 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

15. Հայկ Մարտիրոսյան 36.121.918 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

16. Յուրի Ապրեսյան 52.500.000 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

17. Անի Խաչատրյան 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

18. Հրաչյա Հունանյան 30.000.000 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2012 թվականի որոշմամբ Լևոն Ղազարյանի, Անի Խաչատրյանի, Հրաչյա Հունանյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Յուրի Ապրեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերջինս 52.500.000 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Արայիկ Բաղդասարյանի` սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հասմիկ Աղաբաբյանը, Գագիկ Տեր-Հարությունյանը, Ռուզան Սեդրակյանը, Կարինե Տոնոյանը, Գագիկ Նազարյանը, Ռոբերտ Բաղդասարյանը, Սամվել Ստեփանյանը, Սամվել Խալաթյանը և Մարտին Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 2-րդ կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Յուրի Ապրեսյանն իր առաջին` 14.500.000 ՀՀ դրամի ուշացված պահանջը դատարան է ներկայացրել 26.07.2010 թվականին և խնդրել է այդ պահանջով բաց թողնված ժամկետը հարգելի համարել 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում հիվանդ լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Յուրի Ապրեսյանի հիվանդության և բուժման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքը: Այսպես` Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի որոշումը և հարգելի համարել պահանջ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը` հիմք ընդունելով հիշյալ տեղեկանքը: Մինչդեռ նշված տեղեկանքը տրվել է ռուսերեն լեզվով և նշում չի պարունակում, թե ում ներկայացնելու համար է տրվում, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով չէր կարող` որպես ապացույց, գնահատվել դատարանի կողմից:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 219-րդ հոդվածի 3-րդ կետը, 228-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 82-րդ, 85-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

14.500.000 ՀՀ դրամի ուշացված պահանջը ներկայացնելիս Յուրի Ապրեսյանը ոչինչ չի նշել այն մասին, որ ունի այլ պարտավորագիր, որը կներկայացնի լրացուցիչ: Մինչդեռ առաջին պահանջը ներկայացնելուց 3 օր անց Յուրի Ապրեսյանը ներկայացրել է 38.000.000 ՀՀ դրամի նոր ուշացված պահանջ` առանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդության: Հետևաբար, եթե Վերաքննիչ դատարանը 14.500.000 ՀՀ դրամի դեպքում արժանահավատ էր համարում Յուրի Ապրեսյանի պատճառաբանությունը, որ մինչև 23.07.2010 թվականը նա հիվանդ է եղել, ապա մյուս 38.000.000 ՀՀ դրամի ուշացված պահանջն ընդգրկելով «է» հերթում` Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչպիսի հարգելի պատճառներ են դրա համար հիմք հանդիսացել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.10.2011 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2010 թվականի վճռով Արայիկ Բաղդասարյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 29-31):

2. Համաձայն` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 15.06.2010 թվականի համարում տպագրված հայտարարության` սույն գործով պահանջները ներկայացնելու ժամկետ է համարվել 2010 թվականի հունիսի 15-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 75):

3. Պահանջատեր Յուրի Ապրեսյանը 26.07.2010 թվականին սնանկ ճանաչված Արայիկ Բաղդասարյանի նկատմամբ ներկայացրել է 14.500.000 ՀՀ դրամի պահանջ` միաժամանակ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը` ներկայացնելով 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում հիվանդության և բուժման մեջ գտնվելու մասին տեղեկանք: Տեղեկանքը տրվել է ռուսերեն լեզվով ««ՈՒլտրամեդ» լեչեբնօ-դիագնօստիչեսկիյ ցենտր»-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 181, 183):

4. 28.07.2010 թվականին Յուրի Ապրեսյանը Արայիկ Բաղդասարյանի նկատմամբ կրկին ներկայացրել է պահանջ` 38.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 191): Սույն գործում առկա չէ որևէ միջնորդություն նշված պահանջը ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով` ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Յուրի Ապրեսյանի ներկայացրած` 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում վատառողջ լինելու վերաբերյալ տեղեկանքը, վերջինիս 52.500.000 ՀՀ դրամի չափով ընդգրկել է Արայիկ Բաղդասարյանի` սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Դատարանի վճիռը բեկանելու հիմք հանդիսացած հիշյալ տեղեկանքը, գտնում է, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված թույլատրելիության պահանջին, քանի որ տրված է ռուսերեն լեզվով: Այսինքն` Վերաքննիչ դատարանը շրջանցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը հայերեն տարվելու պահանջը, ընդունել, գնահատման է արժանացրել և ապա Դատարանի վճռի բեկանման հիմքում է դրել մի փաստաթուղթ, որը կազմված չէ հայերենով` այդպիսով խախտելով դատավարությունը հայերեն վարելու վերոգրյալ սկզբունքը:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Յուրի Ապրեսյանին ««ՈՒլտրամեդ» լեչեբնօ-դիագնօստիչեսկիյ ցենտր»-ի կողմից տրված տեղեկանքը չի համարվում թույլատրելի ապացույց, հետևաբար, այն չէր կարող հիմք հանդիսանալ Դատարանի որոշումը Յուրի Ապրեսյանի մասով բեկանելու համար:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների, բավարարվում են «է» հերթում, իսկ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները, համաձայն նույն օրենքի 83-րդ հոդվածի, բավարարվում են «ը» հերթում:

i

Նույն օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ և կարող են բավարարվել օրենքի 82-րդ հոդվածի «ը» ենթակետում` բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները համարում է հարգելի: Միայն այս դեպքում սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Ընդ որում օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է գործը քննող դատարանի` պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատական նիստ հրավիրելու և պատճառների հարգելիության քննարկման արդյունքում որոշում կայացնելու պարտականությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 28.07.2010 թվականին Յուրի Ապրեսյանի կողմից ներկայացված 38.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը ևս ընդգրկել է Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում:

Մինչդեռ, սույն գործում առկա փաստերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ գործում առկա չէ 28.07.2010 թվականին Յուրի Ապրեսյանի կողմից Արայիկ Բաղդասարյանի նկատմամբ 38.000.000 ՀՀ դրամի չափով ներկայացված պահանջի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ որևէ միջնորդություն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն այդ մասով բողոքը բավարարելիս չի պատճառաբանել, թե ինչ փաստեր են հիմք հանդիսացել բաց թողնված ժամկետը այդ պահանջի մասով ևս հարգելի համարելու և այն պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթ ընդգրկելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը):

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բացակայում են փաստական հանգամանքները հիմնավորող այն ապացույցները, որոնց հիման վրա կարող էր հարգելի ճանաչվել Յուրի Ապրեսյանի` 38.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2012 թվականի որոշման` Յուրի Ապրեսյանի 52.500.000 ՀՀ դրամի չափով պահանջը Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում ընդգրկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2011 թվականի որոշմանը:

2. Յուրի Ապրեսյանից հօգուտ Հասմիկ Աղաբաբյանի, Գագիկ Տեր-Հարությունյանի, Ռուզան Սեդրակյանի, Կարինե Տոնոյանի, Գագիկ Նազարյանի, Ռոբերտ Բաղդասարյանի, Սամվել Ստեփանյանի, Սամվել Խալաթյանի և Մարտին Բաղդասարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ԵՄԴ/0006/04/10
Որոշում