Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 187-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0443/02/11

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0443/02/11

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Շուշան և Լիլիթ Դավթյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Գասոյանի ընդդեմ Մարգար, Հրանիկ, Հակոբ, Շուշան, Վարդան և Լիլիթ Դավթյանների, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Գասոյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող Մարգար, Հրանիկ, Հակոբ, Շուշան, Վարդան և Լիլիթ Դավթյանների անվամբ սեփականության իրավունքով գրանցված 0,33 հա մակերեսով սեփականաշնորհված հողամասի նկատմամբ` որպես հետևանք անվավեր ճանաչելով վերջիններիս սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 30.03.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.07.2012 թվականի որոշմամբ Տիգրան Գասոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.03.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Շուշան և Լիլիթ Դավթյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Գասոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չէ Տիգրան Գասոյանի կողմից վիճելի հողամասի տիրապետման բարեխղճությունը հաստատող որևէ ապացույց, գործով հիմնավորված չէ, որ այդ գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա նշված գույքն իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով պատասխանողները ոչ գրավոր, ոչ բանավոր և ոչ էլ իրենց գործողություններով չեն հրաժարվել վիճելի հողամասից, իսկ 09.02.2001 թվականի լիազորագիրը տրվել է հողամասն օտարելու նպատակով, և դրանում չկա սեփականատերերի կողմից իրենց սեփականությունից հրաժարվելու մասին որևէ պայման: Ավելին, նշված լիազորագիրը տրվել է ոչ թե Տիգրան Գասոյանին, այլ վերջինիս մորը, ընդ որում, հողամասի սեփականատերերից մեկը` Վարդան Դավթյանը, չի ստորագրել այդ լիազորագիրը: Բացի այդ, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման հիմք չի կարող դիտվել նաև վիճելի հողամասը Տիգրան Գասոյանի կողմից մշակվելու և վարձավճարները նրա կողմից վճարվելու վերաբերյալ Գյուղապետարանի տեղեկանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 13.07.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.03.2012 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն արդարացիորեն եկել է այն եզրահանգման, որ Դատարանի կողմից գնահատման չեն ենթարկվել 09.02.2001 թվականին Մարգար, Հրանիկ, Հակոբ, Շուշան և Լիլիթ Դավթյանների կողմից վիճելի հողամասը վաճառելու համար Անժիկ Մաթևոսյանին լիազորելու և այդ լիազորագիրը Տիգրան Գասոյանի մոտ գտնվելու հանգամանքները, որոնք բավարար հիմք են գնահատման ենթարկելու գույքը ձեռք բերողի համոզումը, որ նա այդ գույքը ձեռք է բերում կամ ձեռք է բերելու օրինական հիմքով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև Գյուղապետարանի տեղեկանքին, համագյուղացիների հայտարարություններին, ինչպես նաև վկաների ցուցմունքներին, որոնց Դատարանը բավարար ուշադրություն չի դարձրել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 30.05.2000 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0310957 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող 0,33 հա մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարգար, Հրանիկ, Հակոբ, Վարդան, Լիլիթ և Շուշան Դավթյաններին (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2) 09.02.2001 թվականի լիազորագրի համաձայն` Մարգար, Հրանիկ, Հակոբ, Լիլիթ և Շուշան Դավթյանները լիազորել են Անժիկ Մաթևոսյանին լինելու իրենց ներկայացուցիչը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանումում և ՀՀ Մասիսի նոտարական գրասենյակում, վաճառելու իրենց սեփականաշնորհված հողամասը, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում, գինն ըստ իր հայեցողության, ստորագրելու իրենց փոխարեն, կատարելու այդ հանձնարարությունից բխող բոլոր գործողությունները: Լիազորագիրը տրվել է 3 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) Գյուղապետարանի կողմից 17.08.2011 թվականին, 01.11.2011 թվականին և 19.08.2011 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Տիգրան Գասոյանը մշակում է Մարգար Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Խարբերդ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,33 հա մակերեսով հողամասը, վճարում է հողամասի վարձավճարները, ինչպես նաև 2001 թվականից մուծել է ոռոգման ջրի վարձերը: Մարգար Դավթյանը վաճառել է նշված գյուղի սեփական բնակելի տունը և շուրջ տասը տարուց ավելի բացակայում է գյուղից (հատոր 1-ին, գ.թ. 20, 22, 23):

4) Վարդան Դավթյանի 31.02.2012 թվականի դիմումի համաձայն` վերջինս չի հրաժարվել ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող իր սեփական հողատարածքից, քանի որ չկա ոչ մի փաստաթուղթ կամ իրավական պայմանագիր առուվաճառքի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 110):

5) 12.03.2012 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի համաձայն` Հրանիկ (մահացած` 06.05.2006 թվականին) և Մարգար (մահացած` 14.03.2011 թվականին) Դավթյանների գույքի` ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող 3.300 քմ մակերեսով հողամասի 1/6-ական մասերի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում որդին` Հակոբ Դավթյանը և դուստրը` Անահիտ Դավթյանը (հատոր 1-ին, գ.թ. 106-107):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` Միխաել Սիմոնյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ իր և ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ անշարժ գույքի դիմաց Տիգրան Գասոյանի կողմից անշարժ գույքի սեփականատերեր Մարգար, Հրանիկ, Հակոբ, Վարդան, Լիլիթ և Շուշան Դավթյաններին 400 ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ գրավոր պատշաճ ապացույց Դատարանին չի ներկայացվել, ուստի անշարժ գույքի տիրապետման բարեխղճության վավերապայմանը սույն դեպքում բացակայում է:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, նշել է, որ Մարգար, Հրանիկ, Հակոբ, Լիլիթ և Շուշան Դավթյանների կողմից Անժիկ Մաթևոսյանին ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող իրենց սեփականաշնորհված հողամասը վաճառելու համար լիազորելը, ինչպես նաև այդ լիազորագրի բնօրինակները Տիգրան Գասոյանի մոտ գտնվելու հանգամանքներն ինքնին բավարար հիմք էին գնահատման ենթարկելու գույքը ձեռք բերողի համոզումը, որ նա այդ գույքը ձեռք է բերում կամ ձեռք է բերելու օրինական հիմքով: Ընդ որում, գործով ներկայացված բազմաթիվ ապացույցների, այն է` վերը նշված լիազորագրի, Լիլիթ Վարդանյանի կողմից արված հայտարարության, դրանց բնօրինակները հայցվորի մոտ լինելու փաստը, ինչպես նաև Գյուղապետարանի տեղեկանքները, վկաների ցուցմունքները, համագյուղացիների հայտարարություններն ու վճարման անդորրագրերն ինքնին բավարար են արձանագրելու փաստն այն մասին, որ հայցվորն ունեցել է բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2001 թվականի լիազորագրով Մարգար, Հրանիկ, Հակոբ, Լիլիթ և Շուշան Դավթյաններն ընդամենը լիազորել են Անժիկ Մաթևոսյանին վաճառել վիճելի հողամասը, ինչը որևէ կերպ չէր կարող նշված անշարժ գույքն իր փաստացի տիրապետմանն անցնելու ժամանակ հայցվորին բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ ինքն այն ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես սեփականություն, առավել ևս այն դեպքում, երբ լիազորագիրը տրվել է ոչ թե հայցվորին, այլ նրա մորը, իսկ վիճելի հողամասի սեփականատերերից Վարդան Դավթյանն ընդհանրապես լիազորագիր չի տվել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված լիազորագրի, Լիլիթ Վարդանյանի կողմից արված հայտարարության և դրանց բնօրինակները հայցվորի մոտ լինելու փաստը ևս չի կարող հիմնավորել հայցվորի տիրապետման բարեխղճությունը, քանի որ նշված փաստաթղթերը տրվել են վիճելի հողամասը վաճառելու կապակցությամբ և առանց որևէ խոչընդոտի հայցվորի մոր կողմից կարող էին փոխանցվել նրան: Ընդ որում, վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորող ապացույցներ չեն կարող հանդիսանալ նաև Վերաքննիչ դատարանի կարևորած մյուս ապացույցները` Գյուղապետարանի տեղեկանքները, վկաների ցուցմունքները, համագյուղացիների հայտարարություններն ու վճարման անդորրագրերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վեճի առարկա հողամասը հայցվորի կողմից բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելու վավերապայմանի առկայությունը հաստատված է համարել առանց համապատասխան ապացույցների, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչումը մերժելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2012 թվականի վճռին:

2. Տիգրան Գասոյանից հօգուտ Շուշան և Լիլիթ Դավթյանների բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ԱՎԴ2/0443/02/11
Որոշում